Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Հայաստանի Հանրապետության                             ԵՔՐԴ/0299/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0299/01/08

Նախագահող դատավոր` Հ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

ք. Երևանում

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ա. Ղավալյանի պաշտպան, հավատարմագրված փաստաբան Արա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2007 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

2. 2008 թվականի մարտի 24-ին Անուշ Սանասարի Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

3. 2008 թվականի հունիսի 19-ին Անուշ Ղավալյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և 2008 թվականի հունիսի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

4. Երևանի քրեական դատարանը 2008 թվականի հուլիսի 8-ին «քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշում է կայացրել, որով անդրադառնալով նաև Ա. Ղավալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին` որոշել է Ա. Ղավալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ:

5. Որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք:

i

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2008 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Երևան քաղաքի քրեական դատարանը 2008 թվականի հուլիսի 8-ի «քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշման մեջ անդրադարձել է նաև Ա. Ղավալյանին կալանքի տակ պահելու խնդրին և որոշում կայացրել ընտրված խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու մասին:

8. Պաշտպանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացվել է 2008 թվականի հուլիսի 8-ի «քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշման դեմ մասնակի` խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասով:

9. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացվել է` պատճառաբանելով, որ նշված որոշման` վերաքննության կարգով բողոքարկվելու ընթացակարգ դատավարության օրենսգրքով սահմանված չէ, հետևաբար այն չի ընդգրկվում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների ցանկում:

 

Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոք բերող անձը նշում է, որ վերաքննության կարգով բողոքարկվել է Երևանի քրեական դատարանի կողմից 2008 թվականի հուլիսի 8-ի կայացված` «քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշումը մասնակիորեն` Ա. Ղավալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասով, որը քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննության կարգով ենթակա է բողոքարկման:

11. Ըստ բողոք բերող անձի` վերաքննիչ դատարանը քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների նկատմամբ կիրառել է սահմանափակ մեկնաբանում և որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումներ դիտարկել բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ընթացքում կայացված որոշումները, որոնք վերաբերում են առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումներին:

Բողոքաբերը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից չի բխում այն, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումները պետք է կայացված լինեն բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ընթացքում: Ըստ նրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումների` վերաքննության կարգով բողոքարկման համար օրենսդիրն ամրագրել է միայն հետևյալ պայմանների առկայությունը`

1. բողոքարկման ենթակա են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումները,

2. բողոքարկվող որոշումները պետք է կայացված լինեն առաջին ատյանի դատարանի կողմից:

Բողոք բերած անձը նշում է, որ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողություն իրականացնելիս դատարաններն այլ որոշում, մասնավորապես ընտրված խափանման միջոցը փոփոխելու իրավասությամբ օժտված չեն: Այնինչ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումներ են հանդիսանում առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Ըստ բողոք բերող անձի` սրանով ևս փաստվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման իրավունքը չի կարելի նեղ մեկնաբանման ենթարկել և սահմանափակել միայն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտով:

12. Ըստ բողոք բերող անձի` կամայականորեն վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցնում է դատարանի մատչելիության իրավունքի խախտմանը, որը նախատեսված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը հրաժարվել է արդարադատության իրականացումից` բողոքում ներկայացված հարցերը թողնելով առանց ըստ էության քննության: Ընդ որում, բողոքաբերի կարծիքով, դատարանի նման որոշումը չի եղել օրինական և չի հիմնվել օրենքով նախատեսված առանց քննության թողնելու հիմքերի վրա, ինչի արդյունքում Անուշ Ղավալյանը զրկվել է դատարանի կողմից իր գործի ըստ էության քննության իրավունքից:

13. Բողոքաբերը նշում է նաև, որ վերաքննիչ դատարանը իր որոշմամբ ոչ միայն սահմանափակել է Անուշ Ղավալյանի` դատարանի մատչելիությունը, որի ասպեկտներից մեկն է վերադասության կարգով բողոքների դատական քննության իրավունքը, այլև խախտել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները, քանի որ նախ` ըստ էության չքննելով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը` չի ապահովել կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացումը, և երկրորդ` այդ հարցը չի քննել ողջամիտ ժամկետում և չի կատարել անհապաղ որոշում կայացնելու իր պարտականությունը:

14. Ըստ բողոք բերած անձի` վերաքննիչ դատարանը խախտել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջն առ այն, որ յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: Սույն պարագայում Վերաքննիչ դատարանը խախտել է Ա. Ղավալյանի` Կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, քանի որ իր նկատմամբ կայացված` կիրառված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն ընձեռել է միայն տեսականորեն: Այդ իրավունքի իրականացումը գործնականորեն չի ապահովվել:

15. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրում է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն` քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը, իսկ քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս նաև դատական կազմի մյուս դատավորները հետազոտում են գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

1. դատական քննության նշանակելու մասին.

2. քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.

3. քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.

4. գործը մեղադրողին վերադարձնելու մասին.

5. քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

6. ինքնաբացարկի մասին:

17. Գործը դատական քննության նշանակելու մասին որոշման կայացման կարգը սահմանվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի երկրորդ մասով, որի համաձայն` դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվեն` մեղադրյալի մասին նշում, քրեական օրենքը, որի խախտումը վերագրվում է մեղադրյալին, որոշում` խափանման միջոցները և պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին, որոշումներ` դատավարության մասնակիցների հարուցած միջնորդությունների, բացարկների և այլ հայտարարությունների առթիվ, որոշում` դատարանի կազմի մասին, որոշում` մեղադրյալի ընտրած կամ վերջինիս համար նշանակված անձին որպես պաշտպան թույլատրելու մասին, դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը, տեղեկություններ` դատական քննության տեղի և ժամանակի մասին, որոշում` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին, որոշում` դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին:

18. Վերոնշյալ հոդվածի բովանդակությունից երևում է, որ գործը դատական քննության նշանակելու փուլում առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլ որոշումների, որոշում է կայացնում նաև մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, իսկ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում` դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի կապակցությամբ: Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը փաստաթղթային ձևակերպման առումով ներառվում է գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ, սակայն ըստ էության հանդիսանում է ինքնուրույն դատավարական որոշում:

Այլ կերպ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի իմաստով այն դատավարական ձևի շրջանակներում արտահայտում է դատարանի դիրքորոշումը` անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, իսկ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում` դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի վերաբերյալ:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքում նախատեսված դեպքերում խուզարկության, առգրավման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները:

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են ինչպես մինչդատական, այնպես էլ դատական քննության փուլում կայացվող որոշումները: Վճռաբեկ դատարանը համաձայն չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա այն ձևակերպման հետ, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասում խոսքը գնում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ընթացքում կայացված որոշումներին, որոնք վերաբերում են կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, փոփոխելուն կամ վերացնելուն (...)»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ մոտեցումը հակասում է ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը որևէ փուլային սահմանափակում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար: Քրեադատավարական օրենքն ամրագրում է միայն նշված որոշումների` առաջին ատյանի դատարանի կողմից կայացված լինելու փաստը, հետևաբար Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում դատական քննության ընթացքում կայացված` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումների` 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով բողոքարկման իրավունքի սահմանափակումը նախաքննության ավարտման պատճառաբանությամբ:

21. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոխվի դրա իմաստը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, մինչդեռ սույն գործով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի` Անուշ Ղավալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշումը: Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կայացված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

22. Վճռաբեկ բողոքի հեղինակը նշում է նաև, որ վերաքննիչ դատարանը իր որոշմամբ խախտել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները, քանի որ նախ` ըստ էության չքննելով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը` չի ապահովել կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացումը, և երկրորդ` այդ հարցը չի քննել ողջամիտ ժամկետում և չի կատարել անհապաղ որոշում կայացնելու իր պարտականությունը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունը ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննությանը ներկայանալու երաշխիքներով», իսկ 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

Ինչպես նշվեց վերևում, ՀՀ ներպետական քրեադատավարական օրենսդրությունը որևէ կերպ չի սահմանափակում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման հնարավորությունը` անկախ այն հանգամանքից` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե գործը դատական քննության նախապատրաստելու փուլում է այն կայացվել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երաշխիքը հիմք է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը բավարարված համարելու համար:

23. Վճռաբեկ բողոքի հեղինակը նշում է նաև, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ խախտել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջը, ըստ որի` յուրաքանչյուր ոք, ում` սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: Եվրոպական դատարանը իր մի շարք որոշումներում (29 նոյեմբերի 1988 թ., Brogan and Others v. The United Kingdom, գանգատ թիվ 11209/84, 11234/84, 11266/84, 11386/85, կետ 68, 25 մայիսի 1993 թ. Brannigan and McBridge v. The United Kingdom, գանգատ թիվ 14553/89, 14554/89, կետ 76) արտահայտել է այն մոտեցումը, որ 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներն ավելի խիստ են, քան 13-րդ հոդվածի պահանջները: 5-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պահանջները հանդիսանում են որպես 13-րդ հոդվածի lex specialis նորմ, որը կիրառվում է 5-րդ հոդվածի կապակցությամբ: «ԵՎ քանի որ չկա ավելի խիստ պահանջի` 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, Դատարանը անհրաժեշտ չի համարում քննել կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները բավարարվել են, թե` ոչ (...): Նման գործերով միայն պետք է պարզել, թե արդյոք կա 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում»: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չի խախտվել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները:

24. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ քրեական դատարանը, առանց քննության թողնելով անձի նկատմամբ կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքը, կայացրել է ըստ էության ճիշտ որոշում: Սակայն դատարանը ճիշտ չի պատճառաբանել այդ որոշումը: Բողոքը պետք է առանց քննության թողնվեր ոչ թե այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեադատավարական օրենքը չի նախատեսում նշված որոշման բողոքարկման ընթացակարգ, այլ այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որն ընդհանրապես ենթակա չէ բողոքարկման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N ԵՔՐԴ/0299/01/08
Որոշում