Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 305-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 305-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 275-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-1628(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-2250/2006 թ.

Նախագահող դատավոր` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ

դատավորներ` Ա. ԽԱՌԱՏՅԱՆ

Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Սարգսյանի, Կարեն Արշակյանի և Արա Ղուլյանի վճռաբեկ բողոքն ըստ Ֆլորա Միքայելյանի, Դմիտրի Սիմոնյանի հայցի ընդդեմ Արա Ղուլյանի, Արթուր Սարգսյանի, Կարեն Արշակյանի, երրորդ անձինք` Նոր-Նորք նոտարական տարածքի նոտարի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր-Նորք տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), ՀՀ պաշտպանության նախարարության` բնակարանի նվիրատվության, առուվաճառքի գործարքներն ու դրանց հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և նախկին վիճակը վերականգնելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Ա. Ղուլյանի և Կ. Արշակյանի միջև 10.07.2002 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 15.08.2002 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, Կ. Արշակյանի և Ա. Ղուլյանի միջև 03.03.2003 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Ա. Ղուլյանին 28.03.2003 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, Ա. Ղուլյանի և Ա. Սարգսյանի միջև 16.02.2005 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Ա. Սարգսյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը և վերականգնել Ֆ. Միքայելյանի սեփականության իրավունքը Երևանի Մոլդովական փողոցի 50/1 շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 17.04.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողներ Ա. Ղուլյանը, Կ. Արշակյանը և Ա. Սարգսյանը:

Հայցվորները ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չեն ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը, 275-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասը, 332-րդ հոդվածը և 337-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք իրենց պնդումները հիմնավորել են հետևյալ փաստարկներով:

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ֆ. Միքայելյանը Ա. Ղուլյանին լիազորագիրը տվել է սեփական կամքով անձամբ ներկայանալով նոտարիատ և ստորագրելով նոտարի կազմած լիազորագիրը, որով Ֆ. Միքայելյանը Ա. Ղուլյանին տվել է բնակարանն իր հայեցողությամբ տնօրինելու անսահմանափակ իրավունքներ: Քանի որ լիազորագիրը տրվել է, և բնակարանը վաճառվել է Ֆ. Միքայելյանի գիտությամբ և կամքով, նրա կամքից դուրս գույք չի օտարվել և տիրապետումից դուրս չի եկել:

Կ. Արշակյանի հետ պայմանագիրը կնքվել է, իսկ լիազորագիրը տրվել է Ֆ. Միքայելյանի կողմից և նրա անվամբ: Հետևաբար, քանի որ նշված գործարքն իրականացվել է Ֆ. Միքայելյանի կամքով, ապա սույն և հետագա բոլոր գործարքներն օրինական են:

Կ. Արշակյանի և Ա. Ղուլյանի միջև կնքված 10.07.2002 թվականի թիվ 2-3024 առուվաճառքի պայմանագրի առաջին տողում նշված է Ֆ. Միքայելյանի անունը և հաստատված է, որ պայմանագիրը կնքված է նրա անունից, նրա կողմից: Ֆ. Միքայելյանի կամքից անկախ նրա կարգավիճակը չի փոփոխվել:

Քանի որ Ֆ. Միքայելյանը քրեական գործով հանդես է եկել որպես վկա, այլ ոչ որպես տուժող, նշանակում է ինքն իրավունք չունի հայցադիմում ներկայացնելու Ա. Ղուլյանի դեմ, քանի որ հանցագործությամբ իրեն վնաս չի պատճառվել: Իսկ քանի որ վնասը հանցագործությամբ չի պատճառվել, ապա դրա վրա կարող է տարածվել հայցային վաղեմության ժամկետը:

Ֆ. Միքայելյանի իրավունքները չեն խախտվել, քանի որ նա բոլոր գործողությունները կատարել է սեփական կամքով, առանց բռնության և հարկադրանքի, իր համաձայնությամբ:

Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս միայն հիմնվել է քրեական գործով կայացված դատական ակտերի դրույթների վրա, հաշվի չառնելով, որ քննում է քաղաքացիական գործ:

2) Վերաքննիչ դատարանի վճիռը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի 12.06.2005 թվականի թիվ ՔՎԲ-37205 որոշմանը:

Բողոք բերած անձինք իրենց պնդումը հիմնավորում են հետևյալ փաստարկով:

Վճռաբեկ դատարանի 12.06.2005 թվականի թիվ ՔՎԲ-37205 որոշման համաձայն, Ա. Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել և չի կարող դասվել գույքային պատասխանատվություն կրող անձանց թվին, հետևաբար Ֆ. Միքայելյանը և Դ. Սիմոնյանը չեն կարող սույն գործով նրա դեմ ներկայացնել որևէ բնույթի հայցապահանջ, հատկապես` բնակարանային:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 28.09.2005 թվականի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 01.11.2005 թվականի դատավճիռներով և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի 16.12.2005 թվականի որոշմամբ հաստատվել է, որ Ա. Ղուլյանը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով այն ժամանակ դեռևս անչափահաս Դ. Սիմոնյանի հետ և տեղեկանալով, որ նրա մայրը` Օֆելյա Ենգիբարյանը ԱՄՆ-ից գումար է ուղարկել մյուս հայցվոր Ֆ. Միքայելյանին` որդու համար բնակարան գնելու նպատակով, որով Ֆ. Միքայելյանն իր անվամբ գնել է Երևանի քաղաքի Մոլդովական փողոցի 50/1 շենքի թիվ 6 բնակարանը և այն կտակել Դ. Սիմոնյանին, բնակարանը խարդախությամբ հափշտակելու նպատակով, հանդես գալով որպես Կադաստրի աշխատակից, հորդորել է Օ. Ենգիբարյանին, որպեսզի վերջինս հանձնարարի Պ. Միքայելյանին տալ իրեն լիազորագիր` բնակարանը Դ. Սիմոնյանի անվամբ ձևակերպելու համար: Ստանալով բնակարանի նկատմամբ տարբեր բնույթի գործարքներ կատարելու իրավունքը հաստատող լիազորագիրը Ա. Ղուլյանը Կ. Արշակյանից 10.07.2002 թվականին վերցրել է 4.000 ԱՄՆ դոլար և որպես գումարի վերադարձման միջոց նրա հետ կնքել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Կ. Արշակյանի և նրա կնոջ` Աստղիկ Գրիգորյանի անվամբ 15.08.2002 թվականին տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում Ա. Ղուլյանը սպիտակ թղթով ծածկելով սեփականատերերի անունները, պատճենահանելով և որպես սեփականատեր նշելով Դ. Սիմոնյանի անունը և ներկայացնելով նրան, վստահեցրել է, որ բնակարանի սեփականատերը նա է: 03.03.2003 թվականին Ա. Ղուլյանը վերադարձրել է Կ. Արշակյանին ունեցած 4.000 ԱՄՆ դոլար պարտքը և նույն օրը թիվ 682 նվիրատվության պայմանագրով բնակարանը ձևակերպել է իր անվամբ, իսկ 28.03.2003 թվականին ստացել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Այնուհետև Ա. Ղուլյանը երեք անգամ գրավադրել է բնակարանը «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից ստանալով գումարներ, իսկ 16.02.2005 թվականին բնակարանը 12.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Արթուր Սարգսյանին: Կատարած հանցագործության համար Ա. Ղուլյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել:

2) ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի 16.12.2005 թ. որոշմամբ դատավճիռը պատժի մասով թողնվել է անփոփոխ, իսկ քաղաքացիական հայցի մասով բեկանվել և թողնվել է առանց քննության` պահանջը հետագայում քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու նպատակով:

3) Ա.Ղուլյանին Ֆ. Միքայելյանի կողմից 04.07.2002 թվականին տրվել է լիազորագիր` իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 50/1 շենքի թիվ 6 բնակարանը իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և կառավարելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը` նշված հիմքերի սահմաններում, վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

i

Նույն օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հայցը բավարարել է` այն պատճառաբանությամբ, որ վիճելի բնակարանը Ֆ. Միքայելյանի տիրապետումից դուրս է եկել հափշտակության արդյունքում և սեփականատիրոջ կամքից անկախ, հետևաբար անկախ Ա. Սարգսյանի բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքից, բոլոր դեպքերում, Ֆ. Միքայելյանը իրավունք ունի նրանից հետ պահանջել իր գույքը:

Սակայն, գործի փաստերն ուսումնասիրելով, Վճռաբեկ դատարանը պարզեց, որ վիճելի բնակարանի տնօրինման անսահմանափակ իրավունքներ նախատեսող 04.07.02 թվականին տրված լիազորագիրը Ֆ. Միքայելյանի կողմից պատասխանող Ա. Ղուլյանին տրվել է կամավոր, իսկ վերջինիս և Կ. Արշակյանի միջև կնքված 10.07.2002 թվականի թիվ 2-3024 առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Ֆ. Միքայելյանի անունից, նրա կողմից տրված վավեր լիազորագրի հիման վրա` տվյալ գործարքի կնքման համար օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանը Ֆ. Միքայելյանի տիրապետումից դուրս է եկել վերջինիս կամքով, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված է ապացույցների թույլատրելիությունը, ըստ որի գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն օրենքին հակասող գործարքները անվավեր են, եթե օրենքը չի սահմանում, որն նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Սույն գործով Ֆ. Միքայելյանի կողմից պատասխանող Ա. Ղուլյանին տրված լիազորագիրը օրենքի ուժով չեն կարող գնահատվել որպես առոչինչ գործարքներ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի ուժով նման գործարքը վիճահարույց է և կարող է անվավեր ճանաչվել դատարանի կողմից:

Գործում առկա` 04.07.02 թվականին Ֆ. Միքայելյանի կողմից պատասխանող Ա. Ղուլյանին տրված լիազորագիրը դատական կարգով վիճարկելու և այն անվավեր ճանաչելու մասին որևէ ապացույց գործում բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի սույն հիմքի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս հիմնվել է ոչ միայն Ա. Ղուլյանի վերաբերյալ քրեական գործի նյութերի վրա, այլ հետազոտել և գնահատել է բազմաթիվ այլ ապացույցներ: Նշված փաստարկի անհիմն լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրակացությունը անուղղակիորեն հաստատվում է նաև սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի այն փաստարկով, ըստ որի` բողոք բերած անձի կարծիքով բողոքարկվող վճիռը հակասում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից նշված քրեական գործով կայացված որոշմանը:

Վճռաբեկ դատարանը, միևնույն ժամանակ, հիմնավոր է համարում բողոքի սույն հիմքի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի, 332-րդ հոդվածի և 337- րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները, քանի որ վեճի առարկա գործարքների հետևանքով ծագած հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գործարքներին վերաբերող նորմերով, հետևաբար սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասը, 332-րդ հոդվածը և 337-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի են:

3) Բողոքն երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի այս փաստարկը չի գնահատում որպես բողոքի հիմք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե վերանայվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտին: Հետևաբար, բողոք բերած անձի այս պատճառաբանությունը պետք է գնահատել որպես բողոքի ընդունելիությունը հիմնավորող փաստարկ:

Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է և ենթարկվում է միայն սահմանադրությանը և օրենքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերանայվող դատական ակտի հակասելը Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշմանը ինքնին ստորադաս դատարանի վերանայվող դատական ակտը բեկանելու հիմք չէ, այլ ընդամենը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից մեկն է:

Բողոքի երկրորդ հիմքում տեղ գտած` հայցվորի կողմից իր դեմ որևէ հայց ներկայացնելու իրավունքի բացակայության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ անձի արդար դատաքննության իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1628(ՎԴ)
Որոշում