Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ          Քաղաքացիական գործ թիվ 3-1711 (ՏԴ)

    Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան                                2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-1787/2006 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ծառայության բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Տիգրան Անտոնյանի` 994.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հարկային տեսչությունը պահանջել է պատասխանողից բռնագանձել 02.05.2006 թվականի դրությամբ պետական տուրքի, սոցիալական ապահովագրության վճարների և եկամտահարկի գծով հաշվարկված 994.500 ՀՀ դրամ պարտքը:

ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` պետական տուրքի գծով 649.500 ՀՀ դրամ բռնագանձելու մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ հոդվածները, չի կիրառել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա: Նշված օրենքի դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատեր Տիգրան Անտոնյանի վրա, քանի որ նա ունի չկատարված այլ պարտավորություններ, մասնավորապես պետական տուրքի գծով:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճռի` հայցը մերժելու մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Տիգրան Անտոնյանն անհատ ձեռնարկատեր է:

2) 02.05.2006 թվականի դրությամբ անհատ ձեռնարկատեր Տիգրան Անտոնյանի պարտքը եկամտահարկի գծով 2004-2005 թվականների նվազագույն եկամտահարկի հաշվարկով կազմել է 76.400 ՀՀ դրամ, որից 60.000 ՀՀ դրամն ապառք, 16.400 ՀՀ դրամը տույժ:

3) Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով անհատ ձեռնարկատեր Տիգրան Անտոնյանի 2003-2005 թվականների պարտքը կազմել է 268.600 ՀՀ դրամ, որից 180.000 ՀՀ դրամն ապառք, 88.600 ՀՀ դրամը տույժ, իսկ պետական տուրքի գծով 2002-2003 թվականների պարտքը կազմել է 649.500 ՀՀ դրամ:

4) 76.400 ՀՀ դրամ եկամտահարկը և 268.600 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը համարվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ և դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժեր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը սահմանում է, որ օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա:

Նշված դրույթը մասնավորեցնում է այն հարկատեսակները, որոնց վրա տարածվում են օրենքով նշված արտոնությունները, և ամրագրում է, որ այն տարածվում է միայն այդ հարկատեսակների գծով նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա: Նշված Օրենքը որևէ ձևով չի սահմանափակում դրա կիրառումը միաժամանակ այլ հարկատեսակների գծով պարտավորություն ունեցող անձանց վրա:

Այսպես, Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Տիգրան Անտոնյանի 76.400 ՀՀ դրամ և 268.600 ՀՀ դրամ հարկային պարտավորություններն առաջացել են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներից, ինչպես նաև դրանք չվճարելու հետևանքով հաշվարկված տույժերից: Հետևաբար, նշված օրենքով սահմանված արտոնությունը տարածվում է նաև անհատ ձեռնարկատեր Տիգրան Անտոնյանի նկատմամբ:

i

Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և հարկային օրենսդրության պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության:

Ինչ վերաբերում է Ծառայության բողոքի պատճառաբանություններին այն մասին, որ Օրենքի դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատեր Տիգրան Անտոնյանի վրա, քանի որ նա ունի չկատարված այլ պարտավորություններ, մասնավորապես պետական տուրքի գծով, հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե նույնիսկ Օրենքի 1-ին հոդվածի մեկնաբանությունն առաջացնում է երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով օրենքի նշված դրույթի կիրառման ժամանակ հարկային մարմինները, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուժով, պարտավոր են այն կիրառել հարկ վճարողի, տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Տիգրան Անտոնյանի օգտին:

ՀՀ տնտեսական դատարանի կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները չկիրառելու մասին բողոքի հիմքի փաստարկներն անհիմն են ինչպես վերը նշված հիմնավորումներով, այնպես էլ դրանք սույն գործով առաջացած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չլինելու պատճառաբանությամբ:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 28.06.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1711(ՏԴ)
Որոշում