Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-1824 (ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                       2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-1674\2006 թ.

Նախագահող դատավոր` Գ. ՂԱՐԻԲՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 2006 թվականի հունիսի 2-ի վճռի դեմ ըստ «Փրինթինֆո» ՀՁ ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) դիմումի` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության 1-ին բաժնի (այսուհետ` նաև Ծառայություն)` ակտն անվավեր ճանաչելու, հաշիվներն ապասառեցնելու և առգրավված գույքը վերադարձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով ՀՀ տնտեսական դատարան ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 2006 թվականի մարտի 23-ի թիվ 1102889 ակտը, ապասառեցնել «Հայգյուղփոխբանկում» և «Արցախբանկում» սպասարկվող Ընկերության հաշիվները և վերադարձնել առգրավված գույքը:

ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

Ընկերությունը սույն վճռաբեկ բողոքին ներկայացրել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը:

Սույն պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Ընկերությունում ստուգումն ընդգրկել է 2005 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի մարտի 22-ն ընկած ժամանակահատվածը, հետևաբար ընկերության կողմից խախտումը կատարվել է 2006 թվականի առաջին եռամսյակում: Մինչդեռ, դատարանը վճռով հաստատված է համարել այն փաստը, որ ակտում նկարագրված չէ խախտման կոնկրետ ժամանակը:

Դատարանի վճռում արձանագրված է, որ համապատասխան փաստաթղթերին հղում կատարված չէ: Ստուգողները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչություն է ներկայացրել 2006 թվականի հունվար ամսվա հաշվետվությունը, տուգանքը նշանակելիս հիմք են ընդունել 2006 թվականի հունվար ամսվա համար հարկային մարմնին ներկայացված իրացման շրջանառությունից բխող հարկային պարտավորություններն արտացոլող տվյալները, հետևաբար ստուգողները չեն խախտել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջները:

Խախտումն արձանագրելու համար հիմք են ընդունվել և ակտում նշվել ընկերության ներքին հաշվառման մատյանները, որոնք ստուգողների կողմից վերցվել են ընկերության տարածքում գործունեություն իրականացնող և ընկերությունում հրամանագրված աշխատակցից: Այդ փաստաթղթերին էլ ակտում հղում է կատարվել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2006 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները

 

2005 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի մարտի 22-ը ընկած ժամանակահատվածը շատ ավելի երկար ժամանակահատված է, քան եռամսյակը, հետևաբար վճռաբեկ բողոքի այն փաստարկը, թե ստուգումն ընդգրկել է 2005 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի մարտի 22-ն ընկած ժամանակահատվածը, հետևաբար ընկերության կողմից խախտումը կատարվել է 2006 թվականի առաջին եռամսյակում, անհիմն է:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան մեկնաբանելու դեպքում պարզ է դառնում, որ այն նախատեսում է նշում` խախտման օրվա, ամսվա, թվականի վերաբերյալ` միաժամանակ հղում կատարելով համապատասխան փաստաթղթերին:

Համապատասխան փաստաթղթերին հղում կատարած լինելու և դրանով 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի պահպանումը իր կողմից ապահոված լինելը հարկային ծառայությունը հիմնավորել է անօրինական կերպով ստուգվող սուբյեկտի ստորաբաժանումից վերցված սևագիր մատյանի կամ աշխատանքային բլոկնոտի մատնանշմամբ: Ստուգվող ընկերությունը` լինելով ամսեկան ավելացված արժեքի հարկի հաշվարկ ներկայացնող ձեռնարկություն, ստուգումը սկսելու դրությամբ ներկայացրել էր 2006 թվականի հունվար, փետրվար ամիսների հաշվետվությունները: Այս փաստով հիմնավորվում է 2006 թվականի (առաջին եռամսյակը) ժամանակահատվածի խախտման համար տույժի ենթարկելու անօրինականությունը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետի խախտումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 01.03.2006 թվականի թիվ 1102889 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների` (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում, որն ընդգրկել է 01.01.2005 թվականից մինչև ստուգման ավարտն ընկած ժամանակահատվածը:

Ստուգման արդյունքում 22.03.2006 թվականին կազմվել է թիվ 1102889 ակտը, որով վճարման է առաջադրվել 1.489,4 հազար ՀՀ դրամ գումար, որպես ՀՀ կառավարության 1997 թվականի թիվ 314 որոշմամբ նախատեսված տուգանք:

2) Ակտի կազմման հիմք են հանդիսացել ընկերության աշխատակցից վերցված այսպես կոչված «ներքին հաշվառման փաստաթղթերը», որի վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, դրանք չեն կնքվել և դրանց կրկնօրինակները տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին չեն հանձնվել:

3) Ստուգման ակտը բողոքարկվել է հարկային պետական ծառայության բողոքարկման հանձնաժողովին, որի 14.04.2006 թվականի որոշմամբ այն թողնվել է անփոփոխ:

4) Ստուգվող ընկերությունը հանդիսացել է ամսեկան ավելացված արժեքի հարկի հաշվարկ ներկայացնող կազմակերպություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով Վճռաբեկ բողոքը` նշված հիմքերի սահմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

Սույն գործով վիճարկվող ստուգման ակտում չի նկարագրված խախտման կոնկրետ ժամանակը, չի կատարված հղում համապատասխան փաստաթղթերին:

Բողոք բերած անձի այն փաստարկը, թե քանի որ ստուգումն ընդգրկել է մինչև 2006 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածը, ապա դա նշանակում է, որ խախտումները տեղի են ունեցել 2006 թվականի առաջին եռամսյակում, անհիմն է, քանի որ դրանք հիմնված են միայն բողոք բերած անձի ենթադրությունների վրա: Տեսականորեն խախտումը կարող էր տեղի ունեցած լինել որևէ ստուգման ժամանակահատվածի որևէ փուլում:

Բացի այդ, Ընկերությունը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկի ամսեկան հաշվարկ ներկայացնող կազմակերպություն ստուգումն սկսելու դրությամբ արդեն իսկ ներկայացրած է եղել 2006 թվականի հունվար և փետրվար ամիսների հաշվետվությունները: Իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` նույն հոդվածում նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակահատվածում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետի համաձայն` ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Ընդ որում, փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին:

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

Պատասխանողի կողմից չեն պահպանվել վերոհիշյալ նորմերի պահանջները, քանի որ ակտի հիմքում դրված, այսպես կոչված «ներքին հաշվառման փաստաթղթերի» առգրավման վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմվել, դրանք չեն կնքվել և դրանց կրկնօրինակները տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին չեն հանձնվել: Հետևաբար, այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքի պահանջների խախտմամբ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակ բողոքի հիմքում դրված փաստարկների` վիճարկվող ակտում և պատասխանողի գործողություններում առկա են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջների խախտումները, հետևաբար բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1824(ՏԴ)
Որոշում