Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 225...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 225-ՐԴ, 274-278- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-1830 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-2454/2006 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Ա. Խառատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

2006 թվականի սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Օ. Մովսեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2006 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի Լևոն Համբարձումյանի ընդդեմ Շենգավիթի թաղապետարանի (այսուհետ` Թաղապետարան) և Օֆելյա Մովսեսյանի` Թաղապետարանի թիվ 256 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, իրեն մշտական գրանցելուն պարտավորեցնելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Օֆելյա Մովսեսյանի ընդդեմ Լևոն Համբարձումյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Լ. Համբարձումյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 բնակարանն Օ. Մովսեսյանին նվիրելու մասին Շենգավիթի թաղապետի 10.08.2005 թվականի թիվ 256 որոշումը, պարտավորեցնել իրեն մշտական գրանցելու նշված բնակարանում և ճանաչել այդ բնակարանի համասեփականատեր:

Դիմելով դատարան` Օ. Մովսեսյանը խնդրել է Երևանի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 սեփական բնակարանից վտարել Լ. Համբարձումյանին:

Դատարանի որոշմամբ վերը նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 08.11.2005 թվականի վճռով Լևոն Համբարձումյանի դիմումը մերժվել է, իսկ Օֆելյա Մովսեսյանի հայցը բավարարվել է` որոշվել է Լևոն Համբարձումյանին վտարել վիճելի բնակարանից:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.07.2006 թվականի վճռով Լ. Համբարձումյանի դիմումը բավարարվել է մասնակի` Թաղապետարանի 10.08.2005 թվականի թիվ 256 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու մասով, իսկ Օ. Մովսեսյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օ. Մովսեսյանը:

Լ. Համբարձումյանի և Թաղապետարանի կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, 105-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 225-րդ, 274-278-րդ, 609-րդ, 660-րդ, 669-րդ, 674-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող բնակարանը հանդիսացել է համայնքի սեփականությունը, բնակարանի վարձակալի մահից հետո նշված բնակարանում մշտապես բնակվող և չափահաս միակ անձը հանդիսացել է Օ. Մովսեսյանը: Շենգավիթի թաղապետը 10.08.2005 թվականի թիվ 256 որոշմամբ Երևանի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 բնակարանը նվիրաբերել է Օ. Մովսեսյանին որպես բնակարանի նկատմամբ իրավունք ունեցող միակ անձի:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը, ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ հաստատված անձնագրային համակարգի կանոնադրության 43-րդ կետի և Շենգավիթ համայնքի ավագանու 17.05.2002 թ. թիվ 56 որոշման 3-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ հաստատված անձնագրային համակարգի կանոնադրության 43-րդ կետի համաձայն` մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու ցանկությամբ կատարվում է նշում փաստացի բնակության վայրի մասին:

Շենգավիթ համայնքի ավագանու 17.05.2002 թվականի թիվ 56 որոշման 3-րդ կետի համաձայն` բնակարանն օտարվում է տվյալ բնակարանի բնակիչների անունով, որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

Լ. Համբարձումյանը Երևանի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 բնակարանի վարձակալ չի հանդիսացել, բնակարանում չի բնակվել, նշված հասցեում հաշվառված է փաստացի, հետևաբար նա բնակարանի նկատմամբ որևէ իրավունք ձեռք բերել չի կարող, քանի որ քաղաքացու անձնագրում «փաստացի բնակվում է» գրառումը տվյալ հասցեում հաշվառում չի նշանակում, իսկ քաղաքացին դրա հիման վրա բնակիչ չի կարող համարվել:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 53-րդ, 54-րդ, 55-րդ, 218-րդ, և 220-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է նրանով, որ Վերաքննիչ դատարանը վեճը չի լուծել օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա, ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ, վճռով չի հիմնավորել գործի քննությամբ պարզված հանգամանքները, ապացույցները, օբյեկտիվ հետևությունները, ինչպես նաև չեն նշվել օրենքները և այլ իրավական ակտերը:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2006 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մինչև 1997 թվականը Երևանի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 բնակարանի վարձակալ է հանդիսացել Լ. Համբարձումյանի մայրը` Մարուշ Համբարձումյանը: 1959 թվականից նշված հասցեում փաստացի հաշվառմամբ բնակվել է Լևոն Համբարձումյանը, որը 1996 թվականին դատապարտվելու պատճառով դուրս է գրվել բնակարանի հաշվառումից: 2000 թվականին կրկին հաշվառվել է վիճելի հասցեում, հաշվառումից հանված չէ ու բնակվում է նշված բնակարանում:

2) Վիճելի բնակարանում 1981 թվականից բնակվում է նաև Լ. Համբարձումյանի կինը` Օ. Մովսեսյանը:

3) Երևանի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 բնակարանը հանդիսացել է Շենգավիթ համայնքի սեփականությունը, որը Շենգավիթի թաղապետի 10.08.2005 թվականի թիվ 256 որոշմամբ նվիրաբերվել է Օ. Մովսեսյանին` որպես բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող միակ անձի: Բնակարանի նկատմամբ Օ. Մովսեսյանի սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 22.08.2005 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն` համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքը ճանաչելուն, 31-րդ հոդվածը` սեփականությունը տիրապետելու, օգտագործելու տնօրինելու և կտակելու իրավունքին, 105-րդ հոդվածը` համայնքի լիազորություններին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը` սեփականատիրոջ իրավունքի հասկացությանը և բովանդակությանը, 225-րդ հոդվածը` բնակելի տարածության օգտագործման իրավունքին, 274-րդ հոդվածը` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու իրավունքին, 275-րդ հոդվածը` բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու իրավունքին, 276-րդ հոդվածը` ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելիս հաշվարկներին, 277-րդ հոդվածը` տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, 278-րդ հոդվածը` սեփականատեր չհամարվող տիրապետողի իրավունքների պաշտպանությանը, 609-րդ հոդվածը` վարձատուին, 660-րդ հոդվածը` բնակելի տարածության վարձակալության պայմանագրին, 669-րդ հոդվածը` ժամանակավոր բնակիչներին, իսկ 674-րդ հոդվածը` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում վարձակալին փոխարինելուն, հետևաբար սույն իրավահարաբերություններում կիրառելի չեն, քանի որ սույն վեճը վերաբերում է համայնքի սեփական գույքը` բնակարանը, թաղապետի որոշմամբ, այդ բնակարանում հաշվառված անձի իրավունքի խախտմամբ, նվիրատվությամբ օտարելուն և որևէ կապ չունեն Օ. Մովսեսյանի` թաղապետի որոշմամբ ձեռք բերված սեփականության, վարձակալության, բնակելի տարածության օգտագործման ու գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավունքների հետ:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Շենգավիթ համայնքի ավագանու 17.05.2002 թվականի թիվ 56 որոշմամբ համաձայնություն է տրվել Շենգավիթ համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր բնակարանների նվիրաբերությամբ օտարելուն: Որոշմամբ սահմանվել է նաև, որ բնակարանի օտարումը կատարվում է բնակարանի վարձակալի կողմից թաղապետարան ուղղված դիմումի հիման վրա, այդ բնակարանի բնակիչ հանդիսացող, լրիվ գործունակ անձանց գրավոր համաձայնությամբ, իսկ բնակարանը օտարվում է տվյալ բնակարանի բնակիչների անունով, որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

Գործի նյութերով հաստատված է, որ քաղաքացի Լ. Համբարձումյանին 05.10.2000 թվականին տրված ՀՀ քաղաքացու թիվ AE 0595389 անձնագրում վիճելի հասցեն գրանցված է որպես վերջինիս փաստացի բնակության վայր:

Սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ 1982 թվականի բնակարանային օրենսգրքի դրույթները, որի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե բնակարանի վարձակալի ընտանիքի անդամները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի հասցեում քաղաքացի Լ. Համբարձումյանի հաշվառման բնույթից ու տեսակից անկախ (մշտական հաշվառում, ժամանակավոր հաշվառում, փաստացի բնակության կամ գտնվելու վայրի մասին նշում և այլն), Երևանի Մանանդյան փողոցի 26 շենքի թիվ 5 բնակարանը Շենգավիթ համայնքի ավագանու 17.05.2002 թվականի թիվ 56 որոշման 2-րդ կետով սահմանված կարգով կարող էր օտարվել միայն այդ բնակարանի բնակիչ հանդիսացող, լրիվ գործունակ անձանց (այդ թվում` Լ. Համբարձումյանի) գրավոր համաձայնությամբ: Հետևաբար, վերը նշված բնակարանն Օ. Մովսիսյանին նվիրելու վերաբերյալ Շենգավիթի թաղապետի 10.08.2005 թվականի որոշումը չի բխում համայնքի ավագանու 17.05.2002 թվականի թիվ 56 որոշման 2-րդ կետի պահանջներից, քանի որ բնակարանն օտարվել է առանց Լ. Համբարձումյանի գրավոր համաձայնության:

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ:

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 53-րդ, 54-րդ, 55-րդ, 218-րդ և 220-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, վճռում նշված են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները և այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2006 թվականի վճիռը թողնել անփոփոխ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1830(ՎԴ)
Որոշում