Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ ԵՎ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-311 (Ա)

    Ավան և  Նոր Նորք համայնքների                                2007 թ.

առաջին ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-991

Նախագահող դատավոր` Ս. ՈՒզունյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Պապիկ Միքայելյանի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Աիդա Գրիգորյանի ընդդեմ Հմայակ Միքայելյանի` բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 2-991 քաղաքացիական գործով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 10.02.2005 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Հայցվորը դիմելով դատարան` պահանջել է ճանաչել իր և իր որդի Ալբերտ Միքայելյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Ն. Դումանի 1 շենքի թիվ 78 բնակարանի նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 10.02.2005 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պապիկ Միքայելյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ և 133-րդ հոդվածների պահանջը:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` հաշտության համաձայնությունը կնքում են կողմերը: Մինչդեռ որպես կողմ Պապիկ Միքայելյանը գործով ներգրավված չի եղել:

Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը Պապիկ Միքայելյանին չի պարզաբանվել դրա դատավարական հետևանքները: Դատարանը չպետք է հաստատի հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն` կողմերի հաշտության համաձայնությունը հաստատվելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը): Մինչդեռ վճռում հաշտության համաձայնության բառացի տեքստը շարադրված չէ:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-31-րդ հոդվածների, 93-րդ հոդվածի 1-ին մասի, 95-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նշված պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը գործի դատաքննությանը Պապիկ Միքայելյանին չի ներգրավել` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հայցապահանջը կապված է եղել վերջինիս բնակարանի հետ:

Պ. Միքայելյանին ոչ հայցադիմումի և ոչ էլ դրան կից փաստաթղթերի պատճենները չեն ուղարկվել, ինչի պատճառով վերջինս զրկվել է հայցի դեմ առարկություններ ներկայացնելու իր դատավարական իրավունքից:

3) Սույն գործով առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնք դատարանի վճռի վերանայման հիմք են հանդիսանում:

Նշված պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Բողոք բերած անձն իմացել է պարտավորագրի մասին, սակայն չի իմացել դրա բովանդակության մասին:

Դատարանի վճռի մասին բողոք բերած անձն իմացել է հարկադիր կատարողի մոտ 13.11.2006 թվականին:

Նշված հանգամանքները, ըստ բողոք բերած անձի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն սույն վճռի վերանայման հիմք են:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 10.02.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 10.02.2005 թվականի արձանագրային որոշմամբ Պապիկ Միքայելյանը սույն գործով ներգրավվել է որպես պատասխանող:

2) Գործի քննության ընթացքում կողմերը, ներկայացնելով Պապիկ Միքայելյանի դիմումը, համաձայն որի` վերջինս խոստացել է բնակարանը վաճառելու դեպքում վեց ամսյա ժամկետում Ալբերտ Միքայելյանի համար (պատասխանող Հմայակ Միքայելյանի որդու) գնել բնակարան, միջնորդել են հաստատել հաշտության համաձայնություն և գործի վարույթը կարճել:

3) Համաձայն իրավունքների պետական գրանցման 22.07.2003 թվականի թիվ 1707463 վկայականի` Երևան քաղաքի Ն. Դումանի թիվ 1 շենքի 78 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Պապիկ Միքայելյանին (գ.թ. 14-16):

4) 10.02.2005 թվականին դատարան ներկայացված դիմումով Պապիկ Միքայելյանը հայտնել է, որ խոստանում է բնակարանը վաճառելու դեպքում վեցամսյա ժամկետում Ալբերտ Հմայակի Միքայելյանի համար գնել բնակարան (գ.թ. 28):

5) Մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնություն դատարանին չի ներկայացվել:

6) Դատարանը նախքան հաշտության համաձայնության հաստատումը կողմերին չի պարզաբանել դրա դատավարական հետևանքները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքի առաջին հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն` կողմերի հաշտության համաձայնությունը հաստատվելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

i

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի` կողմերի միջև կայացած հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Դատարանը նախքան հաշտության համաձայնության հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Սույն գործով դատարանը որպես կողմերի միջև կնքված հաշտության համաձայնություն է ընդունել Պապիկ Միքայելյանի դիմումը, համաձայն որի` վերջինս խոստացել է բնակարանը վաճառելու դեպքում վեցամսյա ժամկետում Ալբերտ Միքայելյանի համար գնել բնակարան: Դատարանին մեկ փաստաթղթի ձևով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության գրավոր տեքստ չի ներկայացվել:

Դատարանին ներկայացված` Պապիկ Միքայելյանի դիմումը չի կարող համարվել կողմերի միջև սահմանված կարգով կնքված հաշտության համաձայնություն, քանի որ այն ստորագրվել է միայն Պապիկ Միքայելյանի կողմից և չի բավարարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով հաշտության համաձայնության բովանդակությանն ու ձևին առաջադրվող պահանջներին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ և 133-րդ հոդվածների պահանջների խախտումն առկա է:

2) Բողոքի երկրորդ հիմքը հիմնավոր է մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ:

Բողոք բերած անձի այն փաստարկը, թե Պ. Միքայելյանը դատարանի կողմից որպես պատասխանող չի ներգրավվել, անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` դատարանի 10.02.2005 թվականի արձանագրային որոշմամբ վերջինս որպես պատասխանող ներգրավվել է գործի քննությանը:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ և 95-րդ հոդվածների խախտման վերաբերյալ պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանը այն հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության համաձայն` հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև վերը նշված հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Սույն գործով դատարանը 10.02.2005 թվականի արձանագրային որոշմամբ Պապիկ Միքայելյանին ներգրավել է քաղաքացիական գործի քննությանը որպես պատասխանող և նույն օրը` 10.02.2005 թվականին վճիռ է կայացրել, կողմին հնարավորություն չտալով հայցադիմումին ծանոթանալու և դրա դեմ երկշաբաթյա ժամկետում առարկություններ ներկայացնելու իր դատավարական իրավունքներից:

ՈՒնենալով հայցադիմումին ծանոթանալու և դրա վերաբերյալ գրավոր պատասխանը երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնելու իրավական հնարավորություն, անձը ողջամտորեն կարող էր դատարանից ակնկալել իր գործի քննության նշանակում առնվազն այդ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո: Ավելին, նույն հոդվածով սահմանված դրույթը անձին իրավունք է վերապահում ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ: Սա ևս հիմնավորում է այն եզրակացությունը, որ դատարանը պարտավոր է դատական նիստ նշանակել ոչ շուտ, քան այդ երկշաբաթյա ժամկետի լրանալը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ և 95-րդ հոդվածների պահանջները, պատասխանողին զրկել է իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել է անձի` Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը» (արդար դատաքննության իրավունք): Վճռաբեկ դատարանն այս հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 17.11.2006 թվականի թիվ 3-1894 (ՏԴ) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդիմպեքս» ՍՊԸ-ի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին):

2) Բողոքի երրորդ հիմքն անհիմն է, հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են մասնավորապես`

1) գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց.

2) գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից բողոքում վկայակոչված հանգամանքները, սույն գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ չեն կարող հանդիսանալ, քանի որ Պ. Միքայելյանը ստորագրելով դատարանին ուղղված դիմումը` մինչև այն ստորագրելը դրա բովանդակությանը ծանոթանալու իրական հնարավորությունն ունեցել է, այսինքն նշված հանգամանքը կարող էր հայտնի լինել վերջինիս:

Դատարանի վճռի առկայության մասին հարկադիր կատարողից իմանալու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում, քանի որ պատասխանողը մասնակցել է դատական նիստին, որում հրապարակվել է վերոհիշյալ վճիռը:

Վերը նշված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր, իսկ երկրորդ հիմքը մասնակիորեն հիմնավոր համարելով, դրանց առկայությունը բավարար հիմք է համարում Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 10.02.2005 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի ուժով բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 10.02.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-311(Ա)
Որոշում