Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                Քաղաքացիական գործ թիվ 3-445 (Ա)

    Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռ                         2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-2537/2004 թ.

Նախագահող դատավոր` Վ. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` դատարան) թիվ 2-2537 քաղաքացիական գործով 15.11.2004 թվականին կայացված վճռի դեմ` ըստ «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) դիմումի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` դիմողը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Վանաձորի Մյասնիկյան փողոցի 2ա հասցեում գտնվող 5200 քմ հողամասի նկատմամբ:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 15.11.2004 թվականի թիվ 2-2537 վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 67-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով վաճառք, այնինչ իրականում աճուրդ, վաճառք կամ օտարում տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել մրցույթ` վեճի առարկա հողամասը օգտագործման տրամադրելու նպատակով, ինչի արդյունքում 28.09.1995 թվականին կնքվել է վարձակալության, այլ ոչ թե` օտարման պայմանագիր:

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դրույթը: Դատարանը վճիռ է կայացրել Վանաձորի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` առանց վերջիններիս դատաքննությանը մասնակից դարձնելու:

2) Դատարանը վճիռ կայացնելիս չի կիրառել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 8 մանկապարտեզը հանդիսացել է անավարտ շինարարության օբյեկտ: Վերոհիշյալ օրենքի համաձայն` պետական ձեռնարկության գույքը առանց գնման իրավունքի տրվում է վարձակալության նախապատվության իրավունքով` աշխատավորական կոլեկտիվին, իսկ մրցույթով կամ աճուրդով` նաև այլ անձանց: Առանց գնման իրավունքի վարձակալության են տրամադրվում վերադաս նախարարությունների, գերատեսչությունների կամ պետական կառավարման տեղական մարմինների որոշմամբ ստեղծված մրցութային կամ աճուրդային հանձնաժողովները: Աճուրդով վարձակալության իրավունք է տրամադրվում այն դեպքերում, երբ վարձակալից չի պահանջվում կատարել որևէ պայման: Աճուրդի առարկա է հանդիսանում վարձակալական վճարի չափը:

Հետևաբար, վեճի առարկա անշարժ գույքը չէր կարող վաճառված լինել դիմումատուին, այն կարող էր տրված լինել միայն վարձակալության:

3) Սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է հանդիսանում Վանաձորի քաղխորհրդի գործկոմի 31.08.1995 թվականի թիվ 28 կարգադրությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Տվյալ կարգադրության համաձայն վիճելի գույքը նախատեսվել է տրամադրել վարձակալության, այլ ոչ թե` վաճառել, ինչը հայտնի է եղել գործին մասնակցող անձանց, սակայն նրանցից անկախ պատճառներով չի ներկայացվել դատարան:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 15.11.2004 թվականի թիվ 2-2537 վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վանաձորի պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և ընկերության միջև 28.09.1995 թվականին կնքվել է պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` 4500 քմ մակերեսով տարածքը տրամադրվել է ընկերությանը 10 տարի ժամկետով` արդյունաբերական ապրանքների շուկա կազմակերպելու համար:

2) Վանաձորի պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 24.10.1996 թվականի թիվ 15/1 որոշման հիման վրա հաստատվել է Վանաձորի գործադիր կոմիտեի 31.08.1995 թվականի թիվ 28 կարգադրությամբ Մյասնիկյան փողոցի թիվ 2/ա հասցեում գտնվող թիվ 8 մանկապարտեզի տարածքում տրամադրված արդյունաբերական ապրանքների վաճառքի համար բացօթյա շուկայի տարածքի չափերը` 5200 քմ մակերեսով:

3) 04.11.1996 թվականին վերոհիշյալ 5200 քմ հողատարածքի նկատմամբ ընկերությանը տրվել է հողի օգտագործման իրավունքի պետական ակտ:

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 06.10.2004 թվականի թիվ 18-1418 գրությամբ մերժվել է սեփականության իրավունքի գրանցումը` սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով:

5) Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 15.11.2004 թվականի թիվ 2-2537 վճռի հիման վրա կատարվել է սեփականության իրավունքի գրանցում վերոհիշյալ 5200 քմ հողամասի նկատմամբ, և տրվել է թիվ 0259528 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

6) Վանաձորի պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 31.08.1995 թվականի թիվ 28 կարգադրությամբ կարգադրվել է թիվ 8 մանկապարտեզի շինարարության համար նախատեսված տարածքը ժամանակավոր (10 տարի ժամկետով) տրամադրել արդյունաբերական ապրանքների վաճառքի համար բացօթյա շուկա կազմակերպելու համար (ներկայացվել է բողոքին կից):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` պետության սեփականության հողամասերն օտարվում են աճուրդով: Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ նույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով:

Դատարանը, կիրառելով վերոհիշյալ նորմերը, սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, քանի որ եկել է եզրահանգման, որ ծագել է ընկերության սեփականության իրավունքը: Այսպես, դատարանը` սխալ գնահատելով գործում առկա Վանաձորի պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 24.10.1996 թվականի թիվ 15/1 որոշումը, եկել է եզրակացության, որ ընկերությունը գնել է Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 5200 քմ հողամասը: Այնինչ, տվյալ որոշմամբ ընդամենը նախատեսվել է ընկերությանը տալ հողօգտագործման անձնագիր, ինչն առաջացնում է ընկերության վարձակալության (օգտագործման) իրավունք:

Հետևաբար, դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հողամասի վաճառք տեղի չի ունեցել, հողամասը տրամադրվել է ընկերությանը վարձակալության իրավունքով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (այսինքն` ունի հետադարձ ուժ), եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: ՀՀ հողային օրենսգրքի վկայակոչված նորմերը չեն նախատեսում հնարավորություն հողի նկատմամբ վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի նկատմամբ կիրառել աճուրդի միջոցով անշարժ գույքի օտարման հետ կապված նորմերը: Այդ իսկ պատճառով հիմնավոր է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ կիրառման մասին բողոքի փաստարկը:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողը դատարան դիմելու պահին չի հանդիսացել սեփականատեր վեճի առարկա գույքի նկատմամբ, հետևաբար` չպարզելով և գործի քննությանը մասնակից չդարձնելով վիճելի գույքի սեփականատիրոջը, դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են պետական ձեռնարկության և անավարտ շինարարության օբյեկտի հասկացությունները տվյալ օրենքի իմաստով:

Վերոհիշյալ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական ձեռնարկությունը սեփականության իրավունքով պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ձեռնարկությունն է կամ դրանց միավորումը կամ գույքային համալիր հանդիսացող և կազմակերպական-իրավական տեսակետից մեկուսացված, իսկ ֆունկցիոնալ առումով` ինքնուրույն գործելու հնարավորություն ունեցող ստորաբաժանումն է, ինչպես նաև կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անավարտ շինարարության օբյեկտը պետական (իշխանության տեղական մարմինների) սեփականություն կամ պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող բաժնեմաս հանդիսացող`

ա) սահմանված կարգով հաստատված նախագիծ և հատկացված հողատարածություն ունեցող օբյեկտն է, որում շինմոնտաժային աշխատանքները չեն սկսած.

բ) օբյեկտն է, որում իրականացվել են կամ իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ և որը սահմանված կարգով գործարկված կամ կոնսերվացված չէ.

գ) օբյեկտն է, որը սահմանված կարգով կոնսերվացված է:

Մինչդեռ, դատարանի վճռով ճանաչվել է սեփականության իրավունք ոչ թե ձեռնարկության կամ անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ, այլ` 5200 քմ հողամասի նկատմամբ: Գործով ապացուցված չէ, որ վեճի առարկա հողամասի վրա առկա է մանկապարտեզի կիսակառույց շենք և վերջինիս հետ մեկտեղ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով կազմում են մեկ ամբողջություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտման վերաբերյալ բողոքի պատճառաբանությունները:

3) վճռաբեկ բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանն աննպատակահարմար է համարում անդրադառնալ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի ներկայացրած հանգամանքը` որպես նոր երևան եկած հանգամանք որակելը կամ չորակելը սույն գործով չի առաջացնում որևէ իրավական հետևանք, քանզի բողոքի առաջին հիմքով տրված պատճառաբանությունների արդյունքում արձանագրված է իրավունքի մասին վեճի առկայությունը, ինչն էլ իր հերթին ստորև բերվող պատճառաբանություններով հիմք է հանդիսանում սույն գործի քննությունն ավարտող դատական ակտ կայացնելուն:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է այն հարցին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն գործին մասնակից չդարձված անձանց` նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքին (տես` Էմմա Սողոմոնյան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման, 30.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2377 (ՎԴ), (պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջով)):

Այսպիսով, բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու հիմք է հանդիսանում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` հայցն առանց քննության թողնելու լիազորությունը:

Ի նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի միասնական կիրառման ապահովման անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում սույն որոշմամբ անդրադառնալ նշված նորմով սահմանված «վեճ է ծագել իրավունքի մասին» հասկացության իրավաբանական բովանդակությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:

Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ:

Դատարանը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է եղել վեճ սեփականության իրավունքի մասին, ինչի հետևանքով սույն գործի դատական քննության ժամանակ առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հայցն առանց քննության թողնելու հիմքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն` Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 15.11.2004 թվականի թիվ 2-2537 վճիռը բեկանելու մասով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 15.11.2004 թվականի թիվ 2-2537 վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-445(Ա)
Որոշում