Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-496 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-3098/2006 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)` վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 06-3098/2006 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Զոյա Ծատրյանի ընդդեմ Ընկերության` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իրեն վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 21-ի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի հոկտեմբերի 27-ի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը և 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը իր վճռում չի անդրադարձել այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը ամրագրում է, որ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը: Մինչդեռ նշված դրույթի պահանջը գործատուի կողմից պատշաճ կատարվել է:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործատուի մոտ անաշխատունակությունը հաստատող փաստաթուղթ չի եղել, ավելին` դատարանին են ներկայացվել ապացույցներ, որ հայցվորը ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված ժամանակահատվածում ներկայացել է աշխատանքի և կատարել է իր աշխատանքային պարտականությունները: ՈՒստի, քանի դեռ հայցվորի կողմից նրա ժամանակավոր անաշխատունակության փաստը հաստատող փաստաթղթի` ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բնօրինակը չի ներկայացվել Ընկերությանը, ակնհայտ է, որ վերջինս որպես գործատու չի խախտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի պահանջները:

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Ընկերությունը 2005 թվականի հոկտեմբերի 3-ից գործում է կազմակերպական նոր կառուցվածքով, և հայցվորի նախկին պաշտոնն ու կառուցվածքային միավորը գոյություն չունեն, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքը` խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածը:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1970 թվականից Զոյա Ծատրյանը աշխատել է կապի համակարգում որպես հեռախոսավարուհի:

2) Ընկերությունը տնօրենների խորհրդի 27.09.2005 թվականի թիվ 537 որոշմամբ 2005 թվականի հոկտեմբերի 3-ից գործում է կազմակերպական նոր կառուցվածքով, որի հետևանքով այն կառուցվածքային միավորը, որտեղ աշխատել է հայցվորը, ներկայիս գործող վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի:

3) 2006 թվականի մայիսի 25-ին Զոյա Ծատրյանը ծանուցվել է 2006 թվականի ապրիլի 29-ից աշխատանքից ազատման և Ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագրի լուծման մասին:

4) Ընկերության տնօրենների խորհրդի 2006 թվականի մայիսի 25-ի թիվ 924-Կ հրամանով Զոյա Ծատրյանն ազատվել է աշխատանքից, և լուծվել է նրա հետ կնքված թիվ 9323 աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշվել է վերջնահաշվարկ կատարել և ծանուցման ժամկետանց 56 օրվա համար վճարել տուժանք:

5) Գործում առկա թիվ 056872 անաշխատունակության թերթիկի համաձայն` Զոյա Ծատրյանը 18.05.2006 թվականից մինչև 29.05.2006 թվականը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:

6) Գործում առկա Ընկերության 04.10.2006 թվականի տեղեկանքի և աշխատաժամանակի տեղեկագրի համաձայն` Զոյա Ծատրյանը մինչև 2006 թվականի մայիսի 29-ը ներկայացել է աշխատանքի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը կայանում է հետևյալում` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի խախտումը կհանգեցնի արդյոք աշխատանքային պայմանագրի լուծման կապակցությամբ ընդունած իրավական ակտի անվավերությանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը:

Ընկերությունը հայցվորին ծանուցել է աշխատանքից ազատելուց ընդամենը չորս օր առաջ` խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ծանուցման ժամկետը:

Միևնույն ժամանակ Ընկերության գլխավոր տնօրենի 2006 թվականի մայիսի 25-ի թիվ 924-Կ հրամանում նախատեսվում է պատասխանողին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճարել նրա միջին ժամային աշխատավարձը 56 օրվա համար:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տե՛ս, օրինակ` Նունե Մանուկյանն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության, քաղաքացիական գործ թիվ 3-34 (ՎԴ), 26.01.2007 թվական աշխատանքում վերականգնելու պահանջով), մասնավորապես նշելով, որ տվյալ դեպքում տուժանքի գումարի վճարումը ազատում է պատասխանողին տվյալ նորմի խախտման հետ կապված հետագա որևիցե պատասխանատվությունից:

Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուի պարտականության չկատարման միակ իրավական հետևանք է հանդիսանում նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված տուժանքի վճարումը և չի կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծման կապակցությամբ ընդունած իրավական ակտի անվավերության:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` արգելվում է գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի արգելքը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ աշխատողը, լինելով ժամանակավոր անաշխատունակության վիճակում, չի տեղեկացրել գործատուին այդ մասին, դեռ ավելին` անաշխատունակության թերթիկում նշված ժամանակահատվածում ներկայացել է աշխատանքի: Նշված պատճառաբանության հիման վրա Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ տվյալ դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտը օրինական է և չի հակասում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին:

Դատաքննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչը պնդել է, որ համապատասխան անաշխատունակության թերթիկը դատարան ներկայացնելու փոխարեն այն պետք է Ընկերությանը ներկայացներ, սակայն այդ փաստը դատարանի կողմից չի գնահատվել:

Նշված հետևություններին հանգելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Ընկերության ներկայացուցիչը համապատասխան թերթիկի բացակայության վերաբերյալ դատարանում գործի քննության ժամանակ ապացույց է ներկայացրել:

Բողոքի այս հիմքի պատճառաբանությունից ուղղակիորեն բխում է, որ Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել գործում առկա ապացույցները:

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքի սույն հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք դատարանը պետք է վերականգնի աշխատողին իր նախկին պաշտոնում այն դեպքում, երբ Ընկերության գործող վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է հայցվորը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Ընկերությունը դատարանին ներկայացրել է բավարար ապացույցներ, որոնք հաստատում են հայցվորի նախկին հաստիքի ստեղծման անհնարինությունը: Հետևաբար, տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատողին աշխատանքում չվերականգնելու դեպքը:

Դատարանի կողմից Ընկերության վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է:

Նման դեպքերում դատարանի կողմից վերոգրյալ հոդվածի չկիրառումը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք:

Նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակման: Այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ` կոնկրետ գործի փաստերից ելնելով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-496(ՎԴ)
Որոշում