Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 265-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-608 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                        2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3761

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

դատավորներ` Կ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճռի դեմ ըստ հայցի Հերիքնազ Կարապետյանի ընդդեմ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի` ազատման հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին թիվ 06-3761 քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Հայցվորը դիմելով դատարան, խնդրել է իր մասով անվավեր ճանաչել 01.07.2005 թվականի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ազատման հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում` որպես տարրական դասարանների դասվար:

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.12.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ, 342-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Հայցվորը 1975 թվականից աշխատել է պատասխանող կազմակերպությունում: 01.07.2005 թվականի թիվ 24 հրամանով Հերիքնազ Կարապետյանն ազատվել է աշխատանքից` դասաժամերի կրճատման և համապատասխան մասնագիտական կրթություն չունենալու հիմքով: Ազատման հրամանը Հ. Կարապետյանը ստացել է 07.07.2005 թվականին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ. Կարապետյանը 07.07.2005 թվականին ստանալով աշխատանքից ազատման մասին 01.07.2005 թվականի հրամանը, դատարան է դիմել 29.11.2005 թվականին, դատաքննության ընթացքում պատասխանող կողմը գրավոր միջնորդությամբ խնդրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորը հայցային վաղեմության ժամկետը բաց է թողել տարբեր պետական մարմինների դիմելու պատճառով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի հիմքով նշված ժամկետի բաց թողումը հարգելի է ճանաչել և այն վերականգնել է: Սակայն Հ. Կարապետյանին հասցեագրված ՀՀ կրթության և գիտության նախարարության 07.10.2005 թվականի գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ հայցվորը ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀՀ կրթության և գիտության նախարարություն դիմել է 2005 թվականի սեպտեմբեր ամսին, այսինքն` ազատման հրամանը ստանալուց մեկ ամիս լրանալուց հետո:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.12.2005 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 01.07.2005 թվականի հրամանով Հերիքնազ Կարապետյանը 01.07.2006 թվականին ազատվել է աշխատանքից: Ազատման հրամանը Հ. Կարապետյանը ստացել է 07.07.2005 թվականին:

2) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հասցեագրված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 07.11.2005 թվականի թիվ Կ-427/183 գրությամբ տնօրենին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերանայել 01.07.2005 թվականի հրամանը և Հերիքնազ Կարապետյանին վերականգնել նախկին աշխատանքում:

3) Հայցվորն իր իրավունքների պաշտպանության համար դատարան է դիմել 27.11.2005 թվականին:

4) 29.12.2005 թվականի թիվ 271 գրավոր միջնորդությամբ պատասխանողը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով հայցապահանջը մերժել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դիմելու դատարան:

Սույն գործի փաստերի համաձայն` Հերիքնազ Կարապետյանն աշխատանքից ազատվել է տնօրենի 01.07.2005 թվականի հրամանով: Նշված հրամանը Հերիքնազ Կարապետյանը ստացել է 07.07.2005 թվականին, մինչդեռ իր իրավունքների պաշտպանության հայցով դատարան դիմել է 27.11.2005 թվականին, այսինքն` 01.07.2005 թվականի հրամանը ստանալուց չորս ամիս հետո` բաց թողնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված դատարան դիմելու վաղեմության ժամկետը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը կիրառելի չէ, հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

Տվյալ դեպքում աշխատանքային օրենսդրությամբ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ կապված վեճերով աշխատողին տրված է համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում դատարան դիմելու իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված` աշխատանքային վեճերով դատարան դիմելու մեկամսյա ժամկետը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի իմաստով հայցային վաղեմության ժամկետ չի կարող համարվել, քանի որ այն ըստ էության, սահմանում է դատարան դիմելու իրավունքի իրականացման ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետն ընդամենն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է ակնկալել իր իրավունքների դատական պաշտպանություն: Այդ ժամկետը չի սահմանափակում դատարան դիմելու հայցվորի իրավունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմությունը կարող է կիրառվել միայն պատասխանողի համապատասխան միջնորդության հիման վրա, մինչդեռ աշխատանքային վեճերով դատարան դիմելու` աշխատանքային օրենսգրքով սահմանված մեկամսյա ժամկետը գործում է ուղղակիորեն, անկախ պատասխանողի կողմից միջնորդություն ներկայացված լինելու հանգամանքից, և այդ ժամկետի բացթողումը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք է հանդիսանում:

Գործում առկա` ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթական վարչության 07.10.2005 թվականի թիվ 3122Կ-2276 գրությամբ հիմնավորվում է, որ Հ. Կարապետյանի կողմից ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը դիմում-բողոքներ ներկայացվել են 16.09.2005 թվականին, այսինքն` դարձյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո: Նշված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում Հ. Կարապետյանին առաջարկվել է 01.07.2005 թվականի հրամանը բողոքարկել Գեղարքունիքի մարզպետին կամ դատարան: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթական վարչության 07.10.2005 թվականի թիվ 3122Կ-2276 գրության հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 07.11.2005 թվականի թիվ Կ-427/183 գրությամբ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերանայել 01.07.2005 թվականի հրամանը և Հ. Կարապետյանին վերականգնել նախկին աշխատանքում:

Փաստորեն Հ. Կարապետյանի կողմից վիճելի հրամանը ի սկզբանե վիճարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով դատարան դիմելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտից հետո: Այսինքն` մինչև ժամկետի բացթողնման պատճառ հանդիսացող հանգամանքների առաջանալը, հայցվորն արդեն բաց էր թողել դատարան դիմելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, հետևաբար կորցրել է տվյալ հրամանը դատարանում վիճարկելու իրավական հնարավորությունը, իսկ վեճը ենթակա չի եղել դատարանում քննության:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքն ի հայտ է եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով գործի վարույթը կարճելու հիմքը ի հայտ է եկել ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում, որպիսի պայմաններում քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճիռը պետք է բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-608(ՎԴ)
Որոշում