Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵ ...

 

 

118.0123.240798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

7 մայիսի 1998 թ. թիվ 123

 

i

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու մասին» թիվ 587 որոշման 4-րդ կետի հանձնարարականի, հրամայում եմ.

 

1. Հաստատել «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, գնահատման, իրացման և ոչնչացման կարգի մասին» հրահանգը (կցվում է):

2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված լիազորված կազմակերպության իրավասությունները վերապահել «ՖԷՆ գույքի իրացման գործակալություն» պետական բաժնետիրական ընկերությանը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«_____» ________________ 1998 Թ.

 

ԹԻՎ _________ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը հաստատված է ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. դեկտեմբերի 16-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու մասին» թիվ 587 որոշման և բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած դրամական և նյութական արժեքների հաշվառման, գնահատման, իրացման և ոչնչացման աշխատանքների կանոնակարգման նպատակով:

1.2. Սույն հրահանգի գործողությունը տարածվում է հետևյալ գույքի (այդ թվում փող, արժեթղթեր) վրա.

ա) դատարանների կողմից կայացված դատավճիռների հիման վրա հօգուտ պետության բռնագրավված գույքը, բացառությամբ,

. այն գույքի, որից դատավճռի համաձայն պետք է բավարարվի տուժողին հասցված վնասը.

. ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անբաժանելի գույքի, որը բռնագրավման է ենթակա դատապարտյալին հասանելիք մասով.

բ) դատարանի վճռով տիրազուրկ ճանաչված գույքը.

գ) ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքը.

 

2. ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

2.1. Բռնագրավված գույքը ֆինանսական մարմիններին հանձնելու մասին դատարանների կողմից ուղարկված ծանուցումների համաձայն, բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի ընդունման, հաշվառման վերցնելու, իրացնելու և բռնագրավման մասով դատավճիռների կատարման մասին դատարաններին տեղեկությունների հաղորդման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, վերջինս այն իրականացնում է գույքը իրացնող կազմակերպության միջոցով (այսուհետ Կազմակերպություն ):

2.2.Գույքի բռնագրավման մասին ծանուցման հետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ուղարկվում դատավճռի, կատարողական թերթի պատճեն, փորձագետի եզրակացությունը և գույքը ի պահ հանձնելու փաստաթղթերի պատճեն:

2.3. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած դրամը և արտարժույթը, դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, ակրեդիտիվներ, վճարման քարտեր և այլն) ստանում, հաշվառում և դատավճիռների, վճիռների կատարման մասին դատարաններին տեղեկություններ են հաղորդում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքները:

2.4. ՀՀ դրամը և արտարժույթը դատական կատարածու (հարկադիր կատարողի) կողմից կանխիկ հանձնվում են համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքներ` պետական բյուջեի «Բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքեր» հաշվին փոխանցելու համար:

2.5. Վճարային փաստաթղթերը տեղական գանձապետական բաժանմունքների կողմից իրացվում են դրանց սպասարկող բանկերի միջոցով` ստացման պահից 30 օրվա ընթացքում: Սույն կարգի իմաստով վճարային փաստաթղթերի իրացում է համարվում դրանք վաճառելը կամ վճարման ներկայացնելը, և ստացված դրամական միջոցները պետբյուջե հաշվեգրելը: Բանկերը վճարման փաստաթղթերը ներկայացնում են դրանք սպասարկող բանկերին կամ դրանցով պարտապան անձին: 30 օրվա ընթացքում վճարային փաստաթղթերը չիրացնելու, ինչպես նաև վճարման ներկայացված վճարային փաստաթղթերի վճարումը պարտապան անձի կողմից մերժվելու դեպքում տեղական գանձապետական բաժանմունքը այդ մասին անհապաղ գրավոր ծանուցում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, որը 30 օրվա ընթացքում կարող է հայց ներկայացնել պարտապան անձի դեմ:

2.6. Բռնագրավված մշակութային արժեքները դատական կատարածուն հանձնում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Մշակութային արժեքների պահպանության վարչությանը` համապատասխան եզրակացություն տալու նպատակով:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից` թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ կազմակերպություններին պահպանության չտրված կամ համապատասխան այլ կազմակերպություններին չհանձնված մշակութային արժեքները տասնօրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով իրացնելու համար:

Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ կազմակերպություններին պահպանության տրված մշակութային արժեքների ցուցակը կցվում է հանձնման-ընդունման ակտին:

2.7. Անշարժ գույքը դատական կատարածուի կողմից հանձնման-ընդունման ակտով հանձնվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, վերջինիս հանձնարարությամբ Կազմակերպությունը անշարժ գույքի կադաստրում գրանցում է սեփականատիրոջ փոփոխությունը:

 

3. ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

3.1. Գույքը տիրազուրկ է ճանաչվում դատարանի վճռով, որը կայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված դիմումի (հայցի) հիման վրա: Գույքը տիրազուրկ ճանաչելու մասին դիմումը ներկայացվում է ոչ շուտ, քան այն հաշվառման վերցնելու օրվանից 1 տարի հետո:

 

4. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

4.1. Օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ժառանգման իրավունքով գույքը պետությանն անցնելու դեպքում նոտարական գրասենյակը այդ մասին ծանուցում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4.2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հանձնարարությամբ, ժառանգության նկատմամբ պետության իրավունքի մասին վկայականի ստացումից հետո տասնօրյա ժամկետում, հրավիրված տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի հետ միասին Կազմակերպությունը ստուգում է ժառանգական գույքի առկայությունը, հանձնման-ընդունման ակտով ստանում այն և ներկայացնում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

 

5. ՊԵՏՈՒԹՅԱՆՆ Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

5.1. Պետությանն ի սեփականություն անցած և իրացման ենթակա գույքի մեկնարկային գինը որոշվում է ըստ դատարանի որոշման, դատավճռի սահմանված գնի, եթե գործով առկա է փորձագետի եզրակացությունը:

5.2. Եթե պետությանն ի սեփականություն անցած և իրացման ենթակա գույքի վերաբերյալ փորձագետի կողմից տրված եզրակացության պահից անցել է 2 ամիս և այդ ընթացքում նվազել է տվյալ գույքի գինը, ապա այն ապրանքատեսակների համար, որոնց մասին տեղեկություն կարող է ստացվել ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից, հիմք է ընդունվում տրված մանրածախ գների վերաբերյալ տեղեկատվությունը 20 % նվազեցմամբ:

5.3. Այն ապրանքատեսակների, (բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերության) որոնց գների վերաբերյալ ՀՀ վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից չի տրվում համապատասխան գնացուցակ, ապա ապրանքների գները որոշվում է համաձայն տվյալ ապրանքների վաճառքով զբաղվող Երևան քաղաքում 5-10, Շիրակի և Լոռվա մարզերում առնվազն 5, իսկ մյուս մարզերում 3 կազմակերպությունների կողմից տրված գների հիման վրա հաշվարկված միջին գնի 20 % նվազեցմամբ:

Բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և նրանց կից օժանդակ շինությունների մեկնարկային գինը որոշվում է ըստ գույքահարկի հարկման բազայի, որը ստացվում է տվյալ գույքի գտնվելու վայրի հարկային տեսչությունից:

5.4. Անհրաժեշտության դեպքում գույքի գնահատումը իրականացնում է մասնագիտացված կազմակերպությունը:

5.5. Գույքի գնահատումը մասնագիտացված կազմակերպության կողմից կատարվելու դեպքում` ծախսերը կատարվում են իրացնող կազմակերպության հաշվին` մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագրին համապատասխան:

5.6. Վիճակախաղի շահած տոմսերի արժեքը որոշվում է նրանց ընկած շահումների արժեքի չափով, եթե չեն անցել շահումները ստանալու ժամկետները:

5.7. Փոստային շրջանառության մեջ գտնվող չմարված փոստային նամականիշները գնահատվում են անվանական արժեքով:

5.8. Ոչ վճարային արժեթղթերի (բաժնետոմսեր, պարտատոմսեր) արժեքը որոշվում է դրանց իրացման պահին` հաշվի առնելով ֆոնդային բորսայի գնանշումները:

 

6. ՊԵՏՈՒԹՅԱՆՆ Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ

 

6.1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից իրացման տրված պետությանն ի սեփականություն անցած գույքի վաճառքը կազմակերպվում է ուղղակի գործարքի (առուծախի պայմանագիր) կնքման, կոմիսիոն հիմունքներով կամ աճուրդային վաճառքի ձևով:

6.2. Կոմիսիոն հիմունքներով գույքի վաճառքի ժամանակ Կազմակերպությունը կարող է կոմիսիոներին կոմիսիոն վարձատրություն վճարել գույքի գնահատված գնի մինչև 5 %-ի չափով:

6.3. Ուղղակի գործարքի միջոցով կամ կոմիսիոն հիմունքներով գույքը չվաճառվելու դեպքում գույքի վաճառքը կատարվում է աճուրդային (դասական կամ հոլանդական) վաճառքով` (աճուրդի կազմակերպման կարգը կցվում է թիվ 1 հավելվածում), հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից (ապրանքային, ֆոնդային բորսաներ):

6.4. Պետությանն ի սեփականություն անցած գույքի վաճառքը նախ կատարվում է դասական աճուրդով: Առաջին աճուրդի անցկացման ժամանակ մեկնարկային գին է համարվում գույքի գնահատված արժեքը: Աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում ոչ շուտ քան 7 և ոչ ուշ քան 21 օր հետո անց է կացվում կրկնաճուրդ: Կրկնաճուրդը սկսվում է աճուրդային վաճառքի հանված գույքի առաջին աճուրդի մեկնարկային գնի 20 % նվազեցմամբ:

6.5. Կրկնաճուրդով չվաճառվելու դեպքում գույքի վաճառքը իրականացվում է աճուրդի հոլանդական եղանակով, որը անց է կացվում կրկնաճուրդը չկայացած հայտարարվելուց հետո 15 օրվա ընթացքում: Հոլանդական աճուրդով գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվում կրկնաճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը: Հոլանդական աճուրդի դեպքում գույքի գինը կարող է իջեցվել նախորդ մեկնարկային գնի մինչև 60 %-ը:

6.6. Բաժնետոմսերը և պարտատոմսերը իրացվում են արժեթղթերի ֆոնդային բորսայի միջոցով, եթե ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը որոշում չի կայացնում դրանք որպես պետության սեփականություն պահելու վերաբերյալ:

6.7. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և գույքի վաճառքը իրականացնող կազմակերպությունների հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով:

 

7. ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7.1. Պետությանն ի սեփականություն անցած գույքը չվաճառվելու դեպքում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը որոշում է կայացնում այն որպես պահեստամասեր իրացնելու կամ սահմանված կարգով ոչնչացնելու մասին:

7.2. Այն գույքը, որը ըստ իր վիճակի չի կարող իրացվել սույն հրահանգով սահմանված կարգով, հանձնվում է երկրորդական հումքի հավաքմամբ զբաղվող կազմակերպություններին:

7.3. Թանկարժեք մետաղները` ոսկին, արծաթը, պլատինը և պլատինի խմբի մետաղները, անմշակ և մշակված թանկարժեք բնական քարերը (ալմաստներ, ադամանդներ, սուտակներ, ռուբիններ, զմրուխտներ, շափյուղաներ, բնական մարգարիտ), կիսաթանկարժեք քարերը կարող են վաճառքի առարկա հանդիսանալ, եթե ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը որոշում չի ընդունում դրանք պետական գանձարան հանձնելու մասին: (Վերոհիշյալ տեսականու իրացման կարգը թիվ 2 հավելվածում):

7.4. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը իրավունք ունի գույքի վաճառքը իրականացնող կազմակերպությունից ցանկացած ժամանակ պահանջել դադարեցնել գույքի վաճառքը մասամբ կամ ամբողջովին, բացառությամբ այն դեպքերի, երբ սկսվել են աճուրդները:

7.5. Զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը մինչև «Զենքի մասին» ՀՀ օրենքի ընդունումը չեն կարող վաճառվել սույն հրահանգով սահմանված կարգով և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացվում են համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին` վերջիններիս կողմից ներկայացված հայտերի համաձայն և նրանց հատկացվելիք բյուջետային ֆինանսավորման հաշվին:

7.6. Գույքի իրացումից ստացված միջոցները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դրանք ստանալու պահից 3 օրվա ընթացքում հաշվեգրում է պետական բյուջե:

 

8. ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՉԻՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

8.1. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի ընդունումը, դրանց իրացումից ստացված դրամական միջոցների հաշվառումը, ինչպես նաև չիրացված գույքի ոչնչացումը կազմակերպում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, վերջինիս հանձնարարությամբ աշխատանքները իրականացնում է կազմակերպությունը:

8.2. Յուրաքանչյուր դեպքում հանձնման-ընդունման ակտի ստորագրման հետ միաժամանակ հաշվառման գրքում Կազմակերպությունը գրանցում է ակտի հերթական համարը, նշվում թե ինչ ապրանքներ են ստացվել, ինչ մարմիններից են նրանք ստացվել և այդ մասին գրավոր հայտնում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշելով հանձնող մարմնի տվյալները, գույքի վերաբերյալ տեղեկությունները և գույքի պահեստավորման (ի պահ հանձնման) վայրը:

8.3. Գույքի հանձնման-ընդունման յուրաքանչյուր ակտի նկատմամբ տարվում է առանձին գործ, որտեղ պահվում են գույքի գնահատման ակտերը, այն վերգիրից հանելու կամ վերադարձնելու հետ կապված փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ գործի հետ կապված բոլոր գրագրությունները:

8.4. Գույքի հանձնումից հետո առանձնացված կարգով տարվում է հաշվառում, թե նշված գույքը երբ է իրացվել, ինչ կարգով, ում կողմից, ինչքան գումար է առաջացել գույքի վաճառքից, երբ է նշված գումարը փոխանցվել պետական բյուջե:

8.5. Գույքի հանձնման հետ կապված բլանկները, պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

8.6. Չիրացված գույքը, եթե հնարավոր չէ այն իրացնել նաև որպես երկրորդական հումք ոչնչացվում է սահմանված կարգով: Այդ նպատակով կազմվում է հանձնաժողով, որը ոչնչացման ենթակա գույքը հանձնում է համապատասխան կազմակերպություններին և ապահովում է նշված գույքի ոչնչացումը:

Գույքի ոչնչացման ակտում նշվում է իրավական հիմքը, որի հիման վրա այն դարձել է պետության սեփականությունը, գույքի նկարագիրը, այն ոչնչացնող կազմակերպությունը: Ոչնչացման ակտը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Կազմակերպության հաշվին:

Պարտադիր կարգով ոչնչացման են ենթարկվում վիճակախաղի շահած և չշահած տոմսերը, սեփականաշնորհման սերտիֆիկատները: Նշված փաստաթղթերի ոչնչացման մասին ակտում նշվում են դրանք թողարկողի ռեկվիզիտները, սերիան, համարը: Նշված փաստաթղթերը ոչնչացվում են այրման միջոցով:

 

9. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

9.1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերահսկողություն է իրականացնում սույն Հրահանգի 1.2 կետում նշված գույքի հաշվառման, գնահատման, իրացման և ոչնչացման աշխատանքների ընթացքի նկատմամբ, այդ թվում հանձնվող գույքի և փաստաթղթերի ամբողջականության, լրիվության, ինչպես նաև նշված աշխատանքների համար սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

«____» _____________ 1998 Թ.

ԹԻՎ _________ ՀՐԱՀԱՆԳԻ

 

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են աճուրդ կազմակերպելու և անցկացնելու ձևերը, գնորդների մասնակցության պայմանները, գույքի սեփականության իրավունքի ձևակերպումը:

2. Սույն հավելվածի համաձայն աճուրդի առարկա են հանդիսանում, բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքը:

3. Իբրև Վաճառող հանդես է գալիս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից լիազորված կազմակերպությունը, այսուհետ` «Վաճառող»:

4. Վաճառողը կազմակերպում է աճուրդների անցկացումը, մասնավորապես որոշում է հայտերի ընդունման ձևը, ձևակերպում է Գնորդի սեփականության իրավունքը գույքի նկատմամբ, հաշվետվություն է տալիս գույքը վաճառքի ներկայացնող կազմակերպությանը (եթե վերջինս Վաճառողը չէ):

5. Աճուրդներն անցկացնում է Վաճառողի կողմից կազմված հանձնաժողովը, որը պետք է բաղկացած լինի առնվազն 3 անդամից:

6. Սույն հավելվածով սահմանված աճուրդները կարող են անցկացվել ինչպես բաց, այնպես էլ փակ ձևով:

7. Աճուրդներին ներկայացված գույքի վաճառքը կազմակերպվում է գնացուցակի հիման վրա, լոտային կարգով, որտեղ նշված է` գույքի անվանումը, նկարագիրը, քանակը, միավորի գինը:

8. Աճուրդային վաճառքի տվյալները գրանցվում են գրանցամատյանում:

 

II. ԲԱՑ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

9. Իբրև գնորդ կարող են հանդես գալ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձինք, ձեռնարկությունները, այսուհետ «Գնորդ»:

10. Բաց աճուրդով գույքի վաճառքը կատարվում է Գնորդների կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ, որոնք իրենց առաջարկությունները հայտարարում են հրապարակայնորեն:

11. Բաց աճուրդին մասնակցել ցանկացող Գնորդը ձեռք է բերում գնացուցակ և Գնորդի հերթական համարով քարտ:

12. Աճուրդը կարող է սկսվել առնվազն 3 Գնորդի առկայության դեպքում:

 

III. ԲԱՑ ԱՃՈՒՐԴԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Աճուրդը անցկացնում է աճուրդավարը, որը հայտարարում է գնացուցակում նշված հերթական լոտը և գնի բարձրացման նվազագույն քայլի մեծությունը:

14. Բաց աճուրդը կարող է կազմակերպվել ինչպես դասական, այնպես էլ հոլանդական եղանակներով:

15. Դասական աճուրդին մասնակցող Գնորդը հայտնում է նշված լոտը գնելու իր ցանկությունը` բարձրացնելով իր հերթական համարով քարտը:

Յուրաքանչյուր Գնորդ կարող է վաճառվող լոտի միավորի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով:

Աճուրդավարը աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել առավելագույն գինն առաջարկողը, որից հետո տվյալ լոտի համար աճուրդը դադարեցվում է:

16. Եթե մի կամ մի քանի լոտերի համար պետք է կիրառվի հոլանդական աճուրդի պայմանները, ապա դա նախօրոք հայտարարվում է: Հոլանդական աճուրդի դեպքում մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև գնորդներից մեկը քարտը բարձրացնելով, վավերացնում է լոտի վաճառքի միավորը հայտարարված գնով գնելու իր համաձայնությունը: Այդ դեպքում Վաճառողն ինքն է որոշում միավորի նվազագույն գինը, համաձայն իր նորմատիվ ակտերի:

Գնի իջեցման ժամանակ միաժամանակ մեկից ավել գնման ցանկության դեպքում աճուրդը վերանվանվում է դասականի և գործում են դասական աճուրդի կանոնները:

17. Վաճառողի ցանկությամբ առանձին լոտերի վրա կարող է դրվել սպրէդ (առավելագույն և նվազագույն վաճառքի գներ): Աճուրդի ընթացքում ձևավորող գները սպրէդի սահմաններից անցնելու դեպքում աճուրդը կասեցվում է:

18. Եթե աճուրդի հաղթողը հրաժարվում է իր գնվածից, ապա նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից և դուրս է հրավիրվում աճուրդի անցկացման վայրից: Այդ դեպքում տվյալ լոտի վաճառքը սկսվում է նորից:

19. Եթե աճուրդավարի կողմից լոտի մեկնարկային գինը երեք անգամ հայտարարելուց հետո գնելու առաջարկություն չի լինում, ապա այդ լոտը հանվում է աճուրդից և նրա համար հայտարարվում է աճուրդը չկայացված:

20. Հաղթողը, աճուրդը ավարտելուց հետո պարտավոր է գրանցվել աճուրդային հանձնաժողովի մոտ և ստանալ բոլոր փաստաթղթերը:

 

IV. ՓԱԿ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

21. Իբրև Գնորդ փակ աճուրդին կարող են մասնակցել Վաճառողի կողմից սահմանված սահմանափակ (ըստ վաճառվող ապրանքների ձեռք բերման թույլտվություն) անձինք, այսուհետ` «Գնորդ»:

22. Աճուրդին մասնակցելու իրավունք ստացած Գնորդը, աճուրդի հայտարարված օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում աճուրդային հանձնաժողով է ներկայացնում հայտ` փակ ծրարով, որի մեջ նշվում են`

ա) այն լոտի (լոտերի) համարները, որոնք Գնորդը ցանկանում է գնել.

բ) այն առավելագույն գինը, որով Գնորդը պատրաստ է վճարել լոտի միավորի համար.

գ) Գնորդի անունը, ազգանունը և անձնագրի տվյալները:

 

V. ՓԱԿ ԱՃՈՒՐԴԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Հանձնաժողովը, սահմանված ժամկետում հայտերը ընդունելուց հետո կազմում է արձանագրություն, որի մեջ գրանցվում է ներկայացված հայտերի թիվը: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները:

24. Աճուրդային հանձնաժողովը արձանագրություն կազմելուց հետո, Գնորդների կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ բացում է ծրարները, և դրանց միջից հանում հայտերը:

25. Գնորդի հայտը կարող է ճանաչվել անվավեր, եթե նա հայտը չի ներկայացրել սահմանված ժամկետում և կարգով:

26. Հայտերի մեջ նշված տեղեկությունները գրանցվում են հատուկ արձանագրությունում:

27. Լոտի նկատմամբ մեկից ավել հետաքրքրություն առաջանալու դեպքում բավարարվում է բարձր գին առաջարկող հայտը:

28. Արձանագրությունը կազմելուց և հաղթողներին պարզելուց հետո, հանձնաժողովը հայտարարում է գնումների մասին և կատարում սեփականության իրավունքի ձևակերպում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

 

«____» _____________ 1998 Թ.

ԹԻՎ _________ ՀՐԱՀԱՆԳԻ

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԱՆՄՇԱԿ ԵՎ ՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ, ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Սույն հավելվածի հիմնական խնդիրն է բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած թանկարժեք մետաղների, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի ընդունման, պահպանման, փոխադրման, գնահատման, հաշվառման, վերագնահատման և իրացման գործունեության կանոնակարգումը համաձայն հրահանգի:

Հավելվածը սահմանում է`

ա) թանկարժեք մետաղների, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք

քարերի և դրանցից պատրաստված իրերի ընդունումը:

բ) թանկարժեք մետաղների, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք

քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանումը և փոխադրումը:

գ) թանկարժեք մետաղների, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք

քարերի և դրանցից պատրաստված իրերի հաշվառումը:

դ) թանկարժեք մետաղների, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք

քարերի և դրանցից պատրաստված իրերի գնահատումը և վերագնահատումը:

ե) թանկարժեք մետաղների, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք

քարերի և դրանցից պատրաստված իրերի իրացումը:

2. Թանկարժեք մետաղների, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք

քարերի և դրանցից պատրաստված իրերի ընդունումը

2.1. Պետությանն ի սեփականություն անցած թանկարժեք մետաղների, անմշակ

և մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից

պատրաստված իրերի (այսուհետ «արժեքներ»), ընդունումը կատարվում է

դատարանի կողմից կայացված դատավճռի, վճռի, (տիրազուրկ ճանաչելու մասին)

ինչպես նաև նոտարական գրասենյակի կողմից տրված ժառանգության իրավունքի

վկայագրի հիման վրա:

2.2. Դատարանի դատավճռի, վճռի հիման վրա պետությանն ի սեփականություն

անցած արժեքների ընդունումը կատարվում է փորձագետի կողմից տրված

եզրակացության առկայության դեպքում:

2.3. Արժեքների ընդունման ժամանակ տրվում է նախնական քննության

ընթացքում կազմված գույքի վերգրի պատճենը կամ դատական կատարածուի կողմից

կազմված և դատարանի կողմից հաստատված վերգրման ակտի երկրորդ օրինակը:

2.4. Արժեքների ընդունման ժամանակ անհրաժեշտ է կշեռքի և այլ չափիչ

սարքավորումների առկայությունը: Թվարկված արժեքները ընդունվում են բնեղեն

վիճակում համաձայն ակտի` Թիվ .....-ից, թիվ .....-ը, ընդունող

կազմակերպության, հանձնող կազմակերպության և Մետաղափորձարկման

հսկողության ազգային պալատի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի

ներկայությամբ:

2.5. Ընդունման-հանձնման ակտը կազմվում է 2 օրինակից, ստորագրվում

հանձնող և ընդունող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից,

այնուհետև հաստատվում ղեկավարների կողմից:

2.6. Ընդունման-հանձնման ակտին կցվում է Մետաղափորձարկման հսկողության

ազգային պալատի կողմից տրված եզրակացությունը, որը հաստատում է արժեքների

իսկությունը:

2.7. Ստուգման ժամանակ անհամապատասխանությունների առկայության դեպքում

կողմերից մեկի պահանջով կարող է կատարվել կրկին փորձաքննություն

հրավիրված փորձագետի միջոցով, որի կողմից տրվում է լրացուցիչ

եզրակացություն:

3. Արժեքների պահպանումը և փոխադրումը

3.1. Արժեքները պետք է պաշտպանվեն հափշտակումից, հրդեհից և

վնասվածքներից:

3.2. Արժեքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական

բանկի կողմից սահմանված կարգին համապատասխան` չհրկիզվող պահարաններում,

մետաղական արկղներում կամ սեյֆերում, որոնք պետք է կնքված կամ զմրսված

լինեն նյութական պատասխանատու անձի կողմից:

3.3. Սույն արժեքների փոխադրումը կատարվում է նյութական պատասխանատու

անձի միջոցով, գերատեսչական մեքենայով, ինկասացիոն կարգով:

3.4. Արժեքների դուրսգրումը առանց նյութական պատասխանատու անձի

թույլտվության արգելվում է:

4. Արժեքների հաշվառումը

4.1. Արժեքների հաշվառումը կատարվում է հաշվառման գրքի (մատյանի) և

քարտերի միջոցով, որոնք համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

4.2. Մինչ գրառումներ կատարելը` հաշվառման գրքի (մատյանի) բոլոր

էջերը համարակալվում և կարվում են: Գրքի (մատյանի) վերջին էջի

դարձերեսին պատասխանատու անձի և գլխավոր հաշվապահի ստորագրություններից

հետո արվում է գրառում. «Այս գրքում (մատյանում) համարակալված և կարված

է ...... էջ»: Ստորագրությունները վավերացվում են համապատասխան կնիքով:

4.3. Յուրաքանչյուր անվանման համար բացվում են նոր քարտեր, որտեղ

նշվում են բոլոր տվյալները, որոնք բնութագրում են այդ արժեքները.

ա) թանկարժեք մետաղների համար` մետաղի անվանումը (ոսկի, արծաթ, պլատին

և այլն...), մետաղի տեսակը (ձուլակտոր, լար, ժապավեն, թիթեղ և

այլն...), իրի չափերը (ժապավենի կամ թիթեղի լայնությունը, բարձրությունը,

լարի տրամագիծը ...), հարգը կամ թանկարժեք մետաղի տոկոսային

պարունակությունը ձուլակտորում;

բ) անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի համար`

անվանումը, տաշվածքը, որակը, քանակը, չափը;

գ) թանկարժեք մետաղից, անմշակ և մշակված թանկարժեք, կիսաթանկարժեք

քարերից պատրաստված իրերի գծով` յուրաքանչյուր առարկայի մանրամասն

նկարագիրը, այն մետաղի և նրա վրա գտնվող քարերի անվանումը, որից

պատրաստված է իրը, հարգը, կշիռը, չափը, երկարությունը, որակը...:

4.4. Մուտքագրման և բացթողման գործառնությունների գրառումը արժեքների

գրքում (մատյանում) ու քարտերում կատարվում է ամեն մուտքագրումից և

բացթողումից հետո, դուրս գրելով այդ արժեքների մնացորդը:

4.5. Գիրքը (մատյանը) պահպանվում է գլխավոր հաշվապահի մոտ, որը տրվում

է պատասխանատու անձանց ստորագրության հիման վրա:

5. Արժեքների գնահատումը և վերագնահատումը

5.1. Արժեքների մեկնարկային գինը որոշվում է ըստ դատարանի դատավճռով

սահմանված գնի, եթե գործով առկա է փորձագետի եզրակացությունը:

5.2. Ժառանգական իրավունքով պետությանն անցած արժեքների դեպքում,

արժեքների մեկնարկային գինը որոշվում է փորձագետի եզրակացության հիման

վրա:

5.3. Անհրաժեշտության դեպքում կատարվում է արժեքների վերագնահատում:

5.4. Պետությանն ի սեփականություն անցած և իրացման ենթակա արժեքների

վերագնահատումը իրականացվում է ինչպես Մետաղափորձարկման հսկողության

ազգային պալատի կամ հրավիրված փորձագետի կողմից, այնպես էլ աճուրդների

արդյունքներով, հրահանգով սահմանված կարգով:

5.5. Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս արժեքների

նվազագույն վաճառքի գինը սահմանելու համար հիմք են ընդունվում

հանրապետությունում գործող շուկայական և Լոնդոնյան թանկարժեք մետաղների

բորսայի վերջին շաբաթվա տվյալները` մեկ տրոյական ունցիա քիմիապես մաքուր

մետաղի գները` արտահայտված ամերիկյան դոլարով և դրանց դրամով

արտահայտված փոխարժեքը, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ պահին մեկ

ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքի:

5.6. Քիմիապես մաքուր մետաղի գները վաճառքի գործառնությունների

իրականացման ժամանակ վերահաշվառվում են թանկարժեք մետաղների մաքրության

աստիճանին համապատասխան:

6. Արժեքների իրացումը

6.1. Արժեքները վաճառքի առարկա են հանդիսանում, եթե ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարությունը որոշում չի ընդունում դրանք պետական

գանձարանին հանձնելու մասին: Արժեքները իրացվում են ինչպես ուղղակի

պայմանագրերի և կոմիսիոն վաճառքի, այնպես էլ աճուրդների միջոցով

(համաձայն հրահանգի):

6.2. Թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից և թանկարժեք մետաղներից

(ջարդոնից), ինչպես նաև կիսապատրաստուկներից կարող է կատարվել

պատվերների տեղաբաշխում, մասնագիտացված կազմակերպություններին, իրացումը

հեշտ կատարելու նպատակով: Արժեքները, որոնք առանց նախնական վերանորոգման

չեն կարող իրացվել միջնորդային առևտրական ցանցի միջոցով, կարող են տրվել

համապատասխան պետական կամ ոչ պետական ձեռնարկություններին` վերանորոգման

համար:

6.3. Թանկարժեք մետաղների ծախսերը վերանորոգման, մշակման, պատրաստման

համար, ինչպես նաև քարերի օգտագործումը ձևակերպվում է ակտով: Ակտը

ստորագրվում է երկկողմ կազմված հանձնաժողովի և հաստատվում

կազմակերպությունների ղեկավարների կողմից:

6.4. Սահմանված կարգով չիրացված արժեքները հանձնվում են ՀՀ ֆինանսների

և էկոնոմիկայի նախարարության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից

պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «24» ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980157

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.05.1998
N 123
Հրաման