Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵ ...

 

 

020.0818.280709

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414.1 ՀՈԴՎԱԾԻ 2.1-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հուլիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սիլվա Ասատրյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 2.1-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ս. Ասատրյանի` 14.04.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 414.1 հոդվածը, որպես օրենսգրքի լրացում, ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. հուլիսի 7-ին` ՀՕ-152-Ն օրենքով: Նշված հոդվածի դրույթները փոփոխվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007թ. փետրվարի 21-ին, 2007 թվականի նոյեմբերի 28-ին և 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` համապատասխանաբար` ՀՕ-93-Ն, ՀՕ-270-Ն, ՀՕ-237-Ն օրենքներով:

Սահմանադրական դատարանն իր` 2007թ. ապրիլի 11-ի ՍԴՈ-691 որոշմամբ, քննության առնելով օրենսգրքի 414.1. հոդվածի (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանադրականության հարցը, նշված հոդվածի 2-րդ մասը` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս), 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Ազգային ժողովի կողմից 28.11.2007թ. ընդունված` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածով, սահմանադրական դատարանի նշված որոշման արդյունքում, օրենսգրքի 414.1 հոդվածը լրացվել է 2.1-րդ մասով, որը սահմանում է. «Սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված»:

Դիմողը սահմանադրական դատարանում վիճարկում է օրենսգրքի 414.1 հոդվածի (2007թ. նոյեմբերի 28-ի լրացումներով) 2.1-րդ մասի սահմանադրականությունը:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ Ս. Ասատրյանը մեղավոր է ճանաչվել Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 12.10.2007թ. դատավճռով: Վերջինս բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 18.06.2008թ. դատավճռով Ս. Ասատրյանի վերաբերյալ դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման: Նշված դատավճռի դեմ 21.11.2008թ. դիմողի կողմից բերվել է վճռաբեկ բողոք` նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով: ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2008թ. թիվ ՎԲ-82/08 որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ չկան հիմքեր եզրակացնելու, որ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին:

i

3. Դիմողը վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը բարձրացնում է երկու հիմնական առումներով: Նախ, նշված դրույթը, չնայած սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին, թույլ է տալիս օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնել առանց պատճառաբանության, ինչն «արդեն իսկ հակասում է սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 և ՍԴՈ-691 որոշումներին, Սահմանադրության 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածներին, ինչպես նաև 6 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, այդ թվում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 2-րդ մասի համադրմամբ, դրանցով էլ Սահմանադրության 3 հոդվածին»:

Երկրորդ, վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշումները պատճառաբանելու պահանջի կատարման առնչությամբ ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկան վիճարկվող դրույթի իրավական անորոշության արդյունք է, ինչը դրսևորվում է նրանում, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը չի սահմանել վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության չափանիշները: Ըստ դիմողի` որպես վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության չափանիշներ պետք է հանդես գան վճռաբեկ դատարանի պարտականություններին ուղղված այնպիսի օրենսդրական պահանջներ, ինչպիսիք են` ա) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ այն նյութական և դատավարական նորմերի նշումը, որոնց խախտման հիմքով բերվել է վճռաբեկ բողոքը, բ) առերևույթ դատական սխալի բացակայության հիմնավորումը, գ) ծանր հետևանքի բացակայության հիմնավորումը, դ) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն չունենալու հիմնավորումը, ե) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին չհակասելու հիմնավորումը, զ) «էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» հասկացությունների հստակեցումը:

Դիմողը խնդրում է օրենսգրքի 414.1 հոդվածի 2.1-րդ մասում ամրագրված դրույթը` իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր «...այնքանով, որքանով նշված դրույթը վճռաբեկ դատարանին չի պարտավորեցնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պատճառաբանելու, թե ինչու առկա չէ ծանր հետևանքը, կամ ինչու բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ ինչու վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) չի հակասում վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, ինչպես նաև այնքանով, որքանով վիճարկվող դրույթը` օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 1-ին կետերով նախատեսված հիմքի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը պատճառաբանված որոշմամբ վերադարձնելու պահանջ չի սահմանում»:

4. Պատասխանողի պնդմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանման պարտադիր պայմանը լիարժեքորեն երաշխավորվել է: Պատասխանող կողմը մատնանշում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի ՀՀ օրենքի 72 հոդվածով օրենսգրքի 414.1 հոդվածի լրացումը 2.1-րդ մասով, որը սահմանում է. «Սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված»:

i

Միաժամանակ, պատասխանող կողմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության խնդրին` ՍԴՈ-765 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել վիճարկվող հոդվածի 2-րդ մասը` «բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, գտնում է, որ հիշյալ որոշումը հավասարապես տարածվում է նաև քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված համանման հարաբերությունների նկատմամբ:

Պատասխանող կողմը հետևություն է անում, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 2.1-րդ մասով ամրագրված` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, դրույթը սահմանադրականության խնդիր չի առաջացնում հետևյալ հիմնավորմամբ` ա) օրենսդիրը վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշումների ընդունման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելիս առաջնորդվել է վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի օրենսդրական ապահովման և նրա հայեցողական լիազորությունների իրացման երաշխավորման անհրաժեշտությամբ, բ) օրենսդիրը հստակորեն սահմանել է այն պայմանը, այն է` որոշման պատճառաբանված լինելը, որի պարագայում վճռաբեկ դատարանը կարող է միայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնել, գ) վիճարկվող դրույթի բովանդակությունից բխում է, որ պատճառաբանված որոշումը պարտավորեցնում է վճռաբեկ դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, ապահովելու վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման ընդունման հայեցողական լիազորության իրավաչափ իրականացումը»:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթին համարժեք և նույնաբովանդակ դրույթ էր ամրագրված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասում: Ինչպես վիճարկվող դրույթում, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված դրույթում օրենսդիրը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանման պահանջը չէր տարածում այն որոշումների վրա, որոնցում վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքն այն է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը` այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր` «բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով:

Նշված որոշման պատճառաբանական մասում սահմանադրական դատարանը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Իր ՍԴՈ-690 որոշման մեջ սահմանադրական դատարանը պատճառաբանվածության պարտադիր պահանջը կապում է ոչ թե վճռաբեկ բողոքի ընդունելիության այս կամ այն կոնկրետ հիմքի հետ, այլ` բացառապես բոլոր հիմքերի հետ: Նման պահանջն ինքնանպատակ չէ, և դրա նպատակն է ապահովել վճռաբեկ բողոքը վերադարձնելիս դատարանի հայեցողական լիազորության իրավաչափ և օրինական իրականացումը, ինչպես նաև դատական ակտի նկատմամբ անձի վստահության ապահովումը:

Ելնելով վերոգրյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի նման որոշման առկայության պայմաններում ՀՀ Ազգային ժողովն օժտված չէ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքերից որևէ մեկը «արտոնյալ» վիճակում դնելու հայեցողությամբ, և չի կարող սահմանել, որ այդ հիմքի վկայակոչումն «ինքնաբավ է» ու դրա առկայության հիմնավորման կարիք չկա: ՈՒստի, անկախ նրանից, թե օրենսդիրը վճռաբեկ բողոքի ընդունելիության ինչ հիմքեր կսահմանի, դրանցից բոլորը և յուրաքանչյուրը ենթակա են պատճառաբանման»:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի լրացումը 2.1-րդ մասով, որում միայն նախատեսում է, որ օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, չի ապահովել սահմանադրական դատարանի ՍԴՈ-691 որոշման ամբողջական կատարումը` գործնականում բացառություն անելով օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանման առնչությամբ:

Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի բովանդակային համարժեքությունը` սահմանադրական դատարանը հենվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի` 08.10.2008թ. ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումների վրա և գտնում է, որ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես վերաբերում են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածին:

i

6. Ինչ վերաբերում է դիմողի կողմից` վիճարկվող դրույթում առկա անորոշության հիմքով դրա սահմանադրականությունը փաստարկելու հանգամանքին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթում որևէ անորոշություն առկա չէ:

Վերահաստատելով 2008թ. նոյեմբերի 25-ի իր ՍԴՈ-780 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է «էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» հասկացությունների և դրանց բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, գործելով ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված իր սահմանադրաիրավական գործառույթի, այն է` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի և այդ գործառույթն իրականացնելիս` իրավունքի զարգացմանը նպաստելու իրավասության շրջանակներում, պարտավոր է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ մեկնաբանել խնդրո առարկա հասկացությունների օրենսդրական բովանդակությունը` հնարավորություն տալով իրավունքի համապատասխան սուբյեկտներին կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետևանքները: Վճռաբեկ դատարանի այս պարտավորությունը շեշտադրված է նաև սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշման 10-րդ կետում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը վերահաստատելով 2009թ. մարտի 17-ի իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները` հարկ է համարում ընդգծել, որ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ իրականացումը պայմանավորված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգային պահանջների հստակ և միակերպ կատարմամբ: Վիճարկվող դրույթում «պատճառաբանված» արտահայտությունն իրավակիրառական պրակտիկայում պետք է ընկալվի իր բառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի նորմատիվ պահանջները, և այնպես, որ չփոփոխվի այդ պահանջների իրավական իմաստը:

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ դիմողի` առանձին դեպքերում, մասնավորապես` դիմողի դեպքում, վճռաբեկ դատարանը ձևական կամ տարբերակված մոտեցում է դրսևորում վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ օրենքով ամրագրված պահանջին և ըստ էության չի բավարարում այդ պահանջը, ապա դա դատական ակտի իրավաչափության և ոչ թե տվյալ պահանջն ամրագրող դրույթի անորոշության և այդ հիմքով` վերջինիս սահմանադրականության հարց է:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ սահմանադրական դատարանն իր` 2007թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ ընդգծել է, որ անհատական դիմումների հիման վրա դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանների կողմից բողոքը վերադարձնելու մասին որոշման ոչ բավարար հիմնավորումը պատճառ է դառնում, որ քաղաքացիները չեն համոզվում իրենց բողոքի ոչ իրավաչափ լինելու հարցում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 101 հոդվածի 6-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 2.1-րդ մասը` օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը պատճառաբանված որոշմամբ վերադարձնելու պահանջը բացառելու մասով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հուլիսի 2009 թվականի

ՍԴՈ-818

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.07.2009
N ՍԴՈ-818
Որոշում