Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ԵՎ 137- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/08                                 2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ                Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ     Ե. Սողոմոնյանի

                                                 Վ. Աբելյանի

                                                 Ս. Անտոնյանի

                                                 Մ. Դրմեյանի

                                                 Է. Հայրիյանի

                                                 Ա. Մաթևոսյանի

                                                 Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի` ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն, Երևանի քաղաքապետարանի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումները մասնակի անվավեր ճանաչելու և գնման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն, Երևանի քաղաքապետարանի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումները և ճանաչել Ընկերության գնման նախապատվության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.09.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ և 137-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 19-րդ և 91-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սույն գործը պետք է քններ 5 դատավորի կազմով, այնինչ, գործը քննել և վճիռը կայացրել է մեկ դատավորի կազմով: Դատարանը մեկ դատավորի կազմով նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործ քննելու իրավասություն չունի և չի կարող որպես վարչական դատարան Հայաստանի Հանրապետության անունից իրականացնել արդարադատություն:

i

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը, 318-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 75-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 15.07.2004 թվականի 1043-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 3-րդ կետը, ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1231-Ն որոշման 9-րդ կետը և Երևանի քաղաքապետի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշման 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, մերժելով հայցը, պատճառաբանել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը վեճի լուծման ընթացքում չի կարող կիրառվել, քանի որ ոչ ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1231-Ն և ոչ էլ Երևանի քաղաքապետի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումներով Ընկերության և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը չի լուծվել:

Մինչդեռ ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1231-Ն որոշման 9-րդ կետով Ընկերությանը 50 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրված ու վերջինիս անշարժ գույքով ծանրաբեռնված 6646 քմ հողամասը ներառվել է 19.54 հա հողամասի մեջ և վարձակալության իրավունքով տրվել «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին` այդ հողամասի նկատմամբ ևս ճանաչելով վերջինիս գնման նախապատվության իրավունքը:

Չնայած այն հանգամանքին, որ Ընկերության վարձակալության պայմանագիրը չի լուծվել, ավելին, առկա է 2000 թվականից 6646 քմ հողամասի նկատմամբ 50 տարի վարձակալության իրավունք տվող Երևանի քաղաքապետի վարչական ակտ, այդուհանդերձ վիճարկվող ակտերով նույն այդ հողամասը վարձակալությամբ տրվել է նաև «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ընկերությունն ունի իր վարձակալած հողամասի գնման նախապատվության իրավունք, այդ նախապատվության իրավունքը տրվել է մեկ այլ առևտրային կազմակերպության:

Դատարանը վճռում չի պատճառաբանել, թե իր կիրառած որ օրենքի դրույթն է, որ Կառավարությանն իրավունք է տալիս անշարժ գույքի սեփականատիրոջն արդեն իսկ վարձակալությամբ տրված հողամասը կրկին անգամ վարձակալությամբ տրամադրել մեկ այլ անձի` վերջինիս համար սահմանելով նաև գնման նախապատվության իրավունք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճիռը և այլ փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Սույն գործը քննվել և լուծվել է Դատարանի մեկ դատավորի կազմով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 135-րդ հոդվածով վարչական դատարանի ընդդատությանը վերապահված գործերն ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը` Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ բնույթ ունեցող ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

Սույն գործով բողոք բերած անձը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն նորմատիվ բնույթի որոշումը, Երևանի քաղաքապետարանի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումը և ճանաչել գնման նախապատվության իրավունքը: Այսինքն` սույն գործով ներկայացված պահանջը վերաբերում է նաև նորմատիվ իրավական ակտի համապատասխանությանը ՀՀ հողային օրենսգրքին, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն` պետք է քննվեր 5 դատավորի կազմով: Մինչդեռ Դատարանը սույն գործը քննել և լուծել է մեկ դատավորի կազմով:

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով սահմանված գործերի կոլեգիալ քննության սկզբունքն արդարադատության իրականացման բաղկացուցիչ տարրերից է, որի խախտումը հանգեցնում է նաև արդարադատության` օրենքներին համապատասխան իրականացնելու սահմանադրական հիմնադրույթի խախտմանը:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ օրինական կազմով գործը քննելով` Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդարացի դատաքննության Ընկերության իրավունքը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում բերված փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ գործը Դատարանում քննվել է ոչ օրինական կազմով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2009
N ՎԴ/0676/05/08
Որոշում