020.0109.090698
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
9 հունիսի 1998 թվական |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագրով Հայաստանի և Գերմանիայի կառավարությունները ստեղծելու են ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ` 1 միլիոն 800.000 գերմանական մարկ գումարով, որի շրջանակներում ֆինանսավորելու են մասնագետների գործուղումները, նրանց կողմից իրականացվող ուսումնասիրությունները, մատուցվող խորհրդատվական ծառայությունները, ընդ որում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուղել մասնագետներ, ֆինանսավորել ծրագրերը և իրականացվող միջոցառումները, իսկ ՀՀ կառավարությունը` օժանդակել գործուղված մասնագետներին, ապահովելով նրանց անձնական և գույքային անվտանգությունը:
Գործուղված մասնագետների աշխատանքի դիմաց տրված վարձատրությունը, ըստ համաձայնագրի, ազատվում է հարկերից և տուրքերից: Նույնպիսի հարկային արտոնություններ են նախատեսվում նաև մասնագետների և նրանց ընտանիքների անդամների անձնական օգտագործման գույքի և համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում առաքվող ապրանքների նկատմամբ:
Համաձայնագրով նախատեսված են դրույթներ` կապված համաձայնագրի գործադրման, ընթացիկ հարցերի լուծման հետ, 10 հոդվածով նախատեսված է նաև համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորություն` ստորագրման պահից, մինչև ուժի մեջ մտնելը: Սակայն, ինչպես պարզվեց գործի քննության ընթացքում, ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի դրույթների անխախտելիությունն ապահովելու շարժառիթներից ելնելով, համաձայնագիրն ստորագրման պահից չի կիրառվել:
ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով, որ համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ 1995 թվականի մայիսի 25-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
9 հունիսի 1998 թվական ՍԴՈ - 109