Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 23-ՐԴ ԵՎ 24-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/7196/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/7196/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.02.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գագիկ Ալեքսանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսի` Երևանի Սայաթ-Նովա թիվ 3 շենքի տանիքի բռնազավթումը դադարեցնելու և 02.10.2007 թվականի թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Ալեքսանյանը պահանջել է դադարեցնել Երևանի Սայաթ-Նովա թիվ 3 շենքի տանիքի բռնազավթումը և անվավեր ճանաչել Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսին 02.10.2007 թվականին տրված թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Ալեքսանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ և 24-րդ հոդվածները, չի կիրառել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, չկիրառելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, վճռի հիմքում դրել է ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «ՀՀ շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու վերաբերյալ» թիվ 91 որոշումը` հաշվի չառնելով, որ խախտվել են բազմաբնակարան շենքի համասեփականատերերի իրավունքներն ու շահերը:

Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործով ձեռք բերված ապացույցները և վճիռը կայացրել է հակառակ դրանց: Մասնավորապես, հաշվի չի առել, որ գործում առկա «Համասեփականատերերի համաձայնություն» փաստաթղթում նշված վեց սեփականատերերից երեքը նույն բնակարանի (թիվ 4բ) համասեփականատերեր են, նրանցից մեկը` Դ. Խաչատրյանը, շենքում ընդհանրապես սեփականություն չունի:

Ավելին, Դատարանը վերը նշված փաստաթուղթը գնահատել է որպես բազմաբնակարան շենքի բոլոր սեփականատերերի համաձայնություն այն դեպքում, երբ շենքն ունի տասնինը համասեփականատեր:

Բացի այդ, շինարարության թույլտվությունը Քաղաքապետարանի կողմից տրվել է 02.10.2007 թվականին, իսկ «Համասեփականատերերի համաձայնություն» փաստաթուղթը` 09.06.2008 թվականին, այսինքն` դատարան դիմելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 16.02.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12.03.2004 թվականի թիվ 2289608 սեփականության վկայականի համաձայն` Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 15 արվեստանոցը սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Ալեքսանյանին (գ.թ. 11-12):

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 16.03.2006 թվականի թիվ 1988859 սեփականության վկայականի համաձայն` Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 11 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսին (գ.թ. 37-39):

3. Քաղաքապետարանի 02.10.2007 թվականի թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվությամբ Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսին թույլատրվել է Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 11 բնակարանի մանսարդային հարկ կառուցելու համար (գ.թ. 13):

4. Դատարանի 25.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Հրաչյա Գրիգորյանի հայցն ընդդեմ Քաղաքապետարանի` Սայաթ-Նովա 3 շենքի տանիքի վերաբերյալ 02.10.2007 թվականին Հենրիկա Ֆյուցֆելդին տրված թիվ 18-Մ-3024-974 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին (գ.թ. 72-76):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական գործի քննության ընթացքում ապացուցման կարիք չունեն միայն միևնույն կողմերի մասնակցությամբ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ մեկ այլ վարչական գործով ըստ հայցի Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի տեղակալի 02.10.2007 թվականի թիվ 18-Մ-3024-974 շինարարական թույլտվությունը` Սայաթ-Նովա 3 շենքի տանիքի վերաբերյալ` տրված Հենրիկա Ֆյուցֆելդին, անվավեր ճանաչելու պահանջի մասին, առկա է Դատարանի 25.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով Հրաչյա Գրիգորյանի հայցը մերժվել է:

Քննարկվող գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով կողմեր են` Գագիկ Ալեքսանյանը և Քաղաքապետարանը, մինչդեռ Դատարանի 25.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով կողմեր են` Հրաչյա Գրիգորյանը և Քաղաքապետարանը: Այսինքն` Դատարանի` 25.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով կողմերը միևնույն անձինք չեն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն հետևությունը, որ չնայած այն հանգամանքին, որ սույն գործով հայցվոր է Գագիկ Ալեքսանյանը, այնուամենայնիվ Դատարանի 25.11.2008 թվականի վճռով անուղղակի հաստատված է համարվել, որ 02.10.2007 թվականի թիվ թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվությունը իրավաչափ վարչական ակտ է:

Միաժամանակ սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք իրավաչափ է վիճարկվող վարչական ակտը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում և օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի կողմից սահմանված կարգով:

Նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք նույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ բազմաբնակարան շենքի շինությունների շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ (բնակարաններ, շինություններ) սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակներն ու տարածքները, որոնք սեփականության իրավունքով այլ անձանց չեն պատկանում` տիրապետում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Հետևաբար, բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը շենքի վերը նշված գույքի նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, բազմաբնակարան շենքի սեփականատերերն ունեն ընդհանուր համաձայնությամբ ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և կառավարելու իրավունք, որն իրականացվում է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի` շինությունների սեփականատերերի ժողովի միջոցով, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 15 արվեստանոցը սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Ալեքսանյանին: Նույն շենքի թիվ 11 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսին, որին 02.10.2007 թվականին տրվել է թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվություն` Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 11 բնակարանի մանսարդային հարկ կառուցելու համար: Սույն վարչական գործում առկա չէ Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 11 բնակարանի մանսարդային հարկ կառուցելու համար տվյալ բազմաբնակարան շենքի բոլոր համասեփականատերերի համաձայնության փաստը հավաստող որևէ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի 02.10.2007 թվականի թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվությունը տրվել է բազմաբնակարան շենքի բոլոր համասեփականատերերի համաձայնության բացակայության պայմաններում, հետևաբար, վիճակվող վարչական ակտն ընդունվել է վերը նշված նորմերի խախտմամբ և այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի ուժով ոչ իրավաչափ է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությանը, որ Դատարանը` պատշաճ գնահատման չի ենթարկել 09.06.2008 թվականի «Համասեփականատերերի համաձայնություն» փաստաթուղթը, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում Դատարանում տվյալ փաստաթուղթը քննարկման առարկա չլինելու պատճառով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 16.02.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2009
N ՎԴ/7196/05/08
Որոշում