Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.0825.080909

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 սեպտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2009 թ. օգոստոսի 22-ի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թ. հուլիսի 3-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակը Պայմանավորվող կողմերի համապատասխան տարածքների միջև և տարածքներից դուրս օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելն է` համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թ. Չիկագոյի կոնվենցիայի:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.

- Հունաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության կողմից միջազգային օդային կանոնավոր հաղորդակցություններ իրականացնելու համար տրամադրել հետևյալ իրավունքները`

ա) առանց վայրէջքի թռչել Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ առևտրային նպատակներով կատարել կանգառներ,

գ) կատարել կանգառներ Հայաստանի Հանրապետության տարածքում համաձայնագրին կից հավելվածի Երթուղիների ցանկում սահմանված երթուղու (երթուղիների) կետերում` միջազգային փոխադրումներում ուղևորներ, բեռ և փոստ` առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով,

- Հունաստանի Հանրապետության կողմից սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման նպատակով մեկ կամ մի քանի ավիաընկերություններ նշանակելու մասին տեղեկություն ստանալուն պես` Հունաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերություններին տրամադրել համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու համապատասխան թույլտվություններ` ընթացակարգային նվազագույն հետաձգումներով,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունները պահպանեն Հունաստանի Հանրապետության օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը, Եվրոպական համայնքի իրավունքը, որոնք վերաբերում են միջազգային աերոնավիգացիայում ներգրավված օդանավի` պետության տարածք մուտք գործելուն, այնտեղ գտնվելուն կամ այնտեղից մեկնելուն կամ նման օդանավի շահագործմանը և նավիգացիային,

- վավեր ճանաչել Հունաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի, Եվրոպական համայնքի օրենքների և կանոնակարգերի համաձայն տրված կամ վավերացված` վավեր թռիչքային պիտանիության սերտիֆիկատները, օդանավ շահագործողի սերտիֆիկատները և լիցենզիաները` համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու նպատակով,

- վերահաստատել, համաձայն միջազգային իրավունքով նախատեսվող իր իրավունքների և պարտավորությունների, որ անօրինական գործողությունների դեմ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու նպատակով Պայմանավորվող կողմերի փոխադարձ պարտավորությունները կազմում են համաձայնագրի անբաժանելի մասը,

- հնարավորություն ընձեռել Հունաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանելու իր սեփական ներկայացուցչությունը,

- փոխադարձության սկզբունքով Հունաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությանն ազատել ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, այլ հարկումներից, ստուգման վճարներից և այլ ազգային տուրքերից ու վճարումներից` կապված օդանավերի, վառելիքի, քսայուղերի, կիրառվող տեխնիկական ծառայությունների, պահեստամասերի, ներառյալ` շարժիչների, օդանավի հիմնական սարքավորման, օդանավի պաշարների և այլ գույքի հետ, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ բացառապես օգտագործվում են համաձայնեցված օդային հաղորդակցությունները շահագործող` Հունաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության օդանավի շահագործման համար,

- Հունաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերություններին տրամադրել հավասար և արդարացի վերաբերմունք, որպեսզի նրանք սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս կարողանան օգտվել հավասար հնարավորություններից,

- Հունաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցությունների համար գանձվող սակագները սահմանել ողջամիտ մակարդակներով` հաշվի առնելով բոլոր հարակից գործոնները, ներառյալ` շահագործման ծախսը, խելամիտ շահույթը, ծառայությունների բնույթը և, որտեղ դա հնարավոր է, նույն երթուղով կամ դրա մի մասով կանոնավոր փոխադրումներ իրականացնող այլ ավիաընկերությունների սակագները:

3. Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում դրա հավելվածը, որում նախատեսված է երթուղիների ցանկը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի հուլիսի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 սեպտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-825

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.09.2009
N ՍԴՈ-825
Որոշում