Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 29.08.2002 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 29.08.2002 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1473-Ն, 02 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Քաղաքացիական գործ թիվ 3-20(ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                         2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ1-66/2006 թ.

Նախագահող դատավոր` Էդ. Նահապետյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` դատարան) 26.06.2006 թվականի վճռի դեմ ըստ հայցի «Գյումրի-հաց» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ Տ1-66 քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Գյումրու քաղաքապետարանի օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչել:

Տնտեսական դատարանի 26.06.2006 թվականի վճռով հայցը բավարարել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյումրու քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն, 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետը, 6-րդ մասի «է» կետը, նույն օրենքի 17-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, և կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Սույն պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի համաձայն` կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` շինարարության թույլտվության հիման վրա: Իսկ ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման համար տվյալ համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:

Փաստորեն դատարանը հաշվի չառնելով դիմողի կողմից վիճելի տարածքում ավտոգազալցակայանի շինարարության համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և դրա հիման վրա կազմված նախագծային փաստաթղթեր չունենալու հանգամանքը, վճռով պարտավորեցրել է դատարանին ընկերության տրամադրել շինարարության թույլտվություն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ քաղաքապետարանը ղեկավարվել է օրենսդրության պահանջներով:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 221.2-րդ հոդվածների պահանջները:

Սույն պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքարկվող վճռում սխալ և թերի են ներկայացվել պատասխանող կողմի առարկությունները և բացատրությունները, իսկ որպես ապացույց ներկայացված և քաղաքացիական գործին կցված մի շարք գրավոր փաստաթղթեր պատշաճ գնահատման չեն արժանացել: Մասնավորապես, դատարանը չի պարզել այն հանգամանքը, թե արդյո՞ք կառուցապատողը մինչև շինարարական թույլտվություն պահանջելը ունեցել է ճարտարապետաշինարարական առաջադրանք և դրա հիման վրա համաձայնեցված նախագծային փաստաթղթեր:

Դատարանի կողմից խախտվել է օրենքով նախատեսված տնտեսական գործերով գործի քննության համար սահմանված մեկամսյա ժամկետը:

Այս դատավարական խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 25.05.2005 թվականին Ընկերությունը դիմել է պատասխանողին` Գյումրի քաղաքի Երկաթուղայինների 51 հասցեում գտնվող տարածքում ավտոգազալցակայան կառուցելու շինարարական թույլտվություն տալու խնդրանքով, որին քաղաքապետարանն իր 03.06.2005 թվականի պատասխան գրությամբ չի առարկել, սակայն տեղեկացրել է, որ շինարարական թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է Գյումրու քաղաքապետարան ներկայացնել ՀՀ կառավարության 02.02.200 թվականի թիվ 91 որոշումով նախատեսված փաստաթղթային փաթեթը:

2) Ընկերության կողմից քաղաքապետարան է ներկայացվել հողամասի վարձակալության պայմանագիրը, տարածքում տեղադրված գազալցման կայանի սխեման, շինթույլտվության համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնուհետև ապահովվել է ավտոճանապարհի 15 մետրանոց հակահրդեհային գոտին:

3) Ընկերությունը նշված տարածքում ավտոգազալցակայան կառուցելու համար ստացել է Շիրակի մարզպետարանի շինարարության բաժնի համաձայնությունը:

4) Նշված տարածքը Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գոտում:

5) Գյումրու քաղաքապետարանն իր 05.12.2005 թվականի և 27.12.2005 թվականի գրություններով մերժել է շինարարական թույլտվության տրամադրումը` նշված տարածքում քաղաքի գլխավոր հատակագծով ավտոգազալցակայանի կառուցում նախատեսված չլինելու և քաղաքաշինական տեսակետից ոչ նպատակահարմար լինելու հիմքով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1)բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա, քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան, քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից:

ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշմամբ հաստատվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը, որի 2-4-րդ կետերի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը փաստաթուղթ է, որը ՀՀ իրավական ակտերով, տարածական պլանավորման փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման պարտադիր պայմաններ, պահանջներ ու սահմանափակումներ: Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Համայնքի վարչական սահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը:

 

Առաջադրանքը ներառում է սահմանված կառուցապատմանն առնչվող պահանջներն ու սահմանափակումները, նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը:

Նույն Կարգի 16-րդ և 20-րդ կետերի համաձայն` անշարժ գույքի (հողամաս, շենքեր ու շինություններ) սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու, այդ թվում` շենքերի ու շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ, եթե նախատեսվող աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 91 որոշմամբ սահմանված կարգով պահանջվում է շինարարության թույլտվություն: Ընդ որում, եթե կառույցի գործառնական նշանակության նախատեսվող փոփոխությունը հանգեցնում է հողամասի գործառնական կամ նպատակային նշանակության փոփոխության, ապա կառույցի գործառնական նշանակության փոփոխությանն առնչվող առաջադրանքի նախագիծն ուժի մեջ է մտնում հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:

Հայտը կարող է մերժվել, եթե կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը», որի 2-րդ, 5-րդ, 11-րդ և 16-րդ կետերի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատման նպատակով սահմանված կարգով տրամադրված հողամասում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:

Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես ճարտարապետահատակագծային առաջադրանքով ամրագրված պարտադիր պայմանների, պահանջների ու սահմանափակումների հիման վրա մշակված և սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին, ՀՀ օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան` տվյալ օբյեկտի համար տրամադրված հողամասի սահմաններում:

Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ` ՀՀ կառավարության 21.12.1998 թվականի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» թիվ 812 որոշմամբ սահմանված դիմումի հիման վրա, ընդ որում, նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:

Իրավասու մարմնի կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորված անձը, բացառությամբ քաղաքացիների սեփական կարիքների համար մշակված նախագծային փաստաթղթերի, որոնք` սահմանված կարգով համաձայնեցումից հետո, օրենքով համարվում են հաստատված:

Կառուցապատողը, սահմանված կարգով նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, կարող է դիմել իրավասու մարմին` համաձայն թիվ 1 ձևի դիմումին կցելով օբյեկտի` սահմանված կարգով համաձայնեցված և իր կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը (ներառյալ շինարարության տևողության ժամկետը): Կառուցապատողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով վճարել շինարարության թույլտվության տուրքը և շինարարությունն իրականացնել սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերին համապատասխան:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությամբ պարզ է դառնում, որ կառուցապատողը մինչև համայնքի վարչական տարածքում շինարարության իրականացման համար շինարարական թույլտվություն պահանջելը, պարտավոր է նախապես սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմնին դիմել և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ, տարածական պլանավորման փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:

Հետևաբար, առանց նշված առաջադրանքի առկայության ընկերությունը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն:

Այս եզրակացությունը հիմնավորվում է նաև ՀՀ կառավարության 21.12.1998 թվականի թիվ 812 որոշմամբ, որով հաստատված` «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի» 13-րդ կետի համաձայն` պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման մասին դիմումով ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետին:

Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտ չի ներկայացրել Գյումրու քաղաքապետարան, սահմանված կարգով չի ստացել նշված առաջադրանքը, վերջինիս որևէ նախագիծ չի ներկայացրել համաձայնեցման: Նշանակում է` նման պայմաններում Գյումրու քաղաքապետարանի կողմից Ընկերությանը գազալցման կայանի շինարարության թույլտվություն չէր կարող տրվել:

Հետևաբար, սույն վեճի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերվում են վարչական մարմինների կողմից անձի իրավունքների նկատմամբ կամայականություն դրսևորելու դեպքերին:

Նշված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր է:

 

2) Բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, դատարանը պատշաճ կերպով չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` ընկերության կողմից քաղաքապետարան ներկայացված վարձակալության պայմանագիրը, գազալցման կայանի սխեման, շինթույլտվության համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, ավտոճանապարհի 15 մետրանոց հակահրդեհային գոտին ապահովելը, նշված տարածքում ավտոգազալցակայան կառուցելու համար Շիրակի մարզպետարանի շինարարության բաժնի համաձայնությունը, տարածքը Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գոտում գտնվելը, ինքնակամ կառույցի հանդիսացող գազալցման կայանի վերաբերյալ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացությունը, Գյումրիի ՊԱՏ բաժանմունքի, պետական հրդեհային տեսչության, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից գազալցակայանի կառուցմանը չառարկելը և «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի` էլեկտրամատակարարման և գազամատակարարման թույլտվություններ տալը բավարար հիմք է համարել քաղաքապետարանի գործողությունները օրենքին հակասող ճանաչելու համար: Մինչդեռ պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված ապացույցներն այն մասին, որ վիճելի կառույցն ինքնակամ է` այսինքն իրականացվել է այդ նպատակի համար չհատկացված հողամասում և առանց համապատասխան թույլտվության, իսկ վերը հիշատակված համաձայնեցումները կատարվել են ինքնակամ շինարարության իրականացումից հետո` դատարանի կողմից պատշաճ չեն գնահատվել, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Բողոքի սույն հիմքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ նշված հոդվածում ամրագրված` տնտեսական գործերի քննության մեկամսյա ժամկետը օրենսդրի կողմից չի սահմանվել որպես իմպերատիվ պահանջ, հետևաբար այդ ժամկետի խախտման վերաբերյալ հիմքը վճռաբեկ բողոքի բավարարման հիմք չի կարող հանդիսանալ: Նշված հոդվածի մեկնաբանությունը Վճռաբեկ դատարանը տվել է 17.11.2006 թվականի թիվ 3-1894(ՏԴ) որոշմամբ, կայացված` ըստ հայցի «Արդիմպեքս» ՍՊԸ-ի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար հիմք է համարում ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006 թվականի թիվ Տ1-66 քաղաքացիական գործով կայացված վճիռը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-20 (ՏԴ)
Որոշում