Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻՆ ԿԻՑ` ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻՆ ԿԻՑ` ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅ ...

 

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻՆ ԿԻՑ` ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

 

Սույն Արձանագրության Պայմանավորվող կողմերը,

նկատի ունենալով Եվրոպական էներգետիկ խարտիայի Հաագայի համաժողովի` 1991 թվականի դեկտեմբերի 17-ին Հաագայում ստորագրված Եզրափակիչ փաստաթղթում ընդունված Եվրոպական էներգետիկ խարտիան և հատկապես նրա պարունակած հռչակագիրն այն մասին, որ անհրաժեշտ է համագործակցություն էներգետիկ արդյունավետության և էներգիայի հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության բնագավառում,

նկատի ունենալով նաև Էներգետիկ խարտիայի Պայմանագիրը, որը ստորագրելու համար բաց է 1994 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 1995 թվականի հունիսի 16-ը ներառյալ,

նկատի ունենալով էներգետիկ արդյունավետության և էներգետիկ ցիկլի էկոլոգիական ասպեկտների բնագավառում միջազգային կազմակերպությունների և համաժողովների կողմից կատարվող աշխատանքը,

գիտակցելով էներգաապահովվածության հուսալիության բարելավումը և տնտեսական ու էկոլոգիական զգալի օգուտները, որոնք հանդիսանում են ծախսումների արդյունավետության հիման վրա էներգետիկ արդյունավետության բարձրացման միջոցների իրականացման արդյունք, և գիտակցելով դրանց նշանակությունը տնտեսության կառուցվածքային վերափոխման և կյանքի մակարդակի բարձրացման համար,

ընդունելով, որ էներգետիկ արդյունավետության բարելավումները նվազեցնում են էներգետիկ ցիկլի բացասական հետևանքները շրջակա միջավայրի համար, ներառյալ գլոբալ տաքացումը և թթվեցումը,

համոզված լինելով, որ էներգիայի գները պետք է հնարավորինս մեծ չափով արտացոլեն մրցակցային շուկայի պայմանները` ապահովելով դեպի շուկա կողմնորոշված գնագոյացումը, ներառյալ էկոլոգիական ծախսերի և օգուտների առավել լրիվ արտացոլումը, և ընդունելով, որ այդպիսի գնագոյացումը առաջնային նշանակություն ունի էներգետիկայի արդյունավետության և դրա հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության մեջ առաջադիմության հասնելու համար,

ընդունելով մասնավոր հատվածի, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները, առաջնային դերը էներգետիկայի արդյունավետության բարձրացման միջոցներին աջակցելու և դրանց իրագործման ասպարեզում, ձգտելով էներգետիկ արդյունավետության բարձրացման մեջ տնտեսապես կենսունակ կապիտալ ներդրումների համար ապահովել պայմանների նպաստավոր իրավական շրջանակներ,

ընդունելով, որ կարող է պահանջվել համագործակցության առևտրային ձևերը լրացնել միջկառավարական համագործակցությամբ, հատկապես էներգետիկ քաղաքականության մշակման և վերլուծության բնագավառում, ինչպես նաև ուրիշ այնպիսի բնագավառներում, որոնք հանդիսանում են կենսականորեն կարևոր բնագավառներ էներգետիկ արդյունավետության բարձրացման մեջ, բայց որոնք հարմար չեն մասնավոր ֆինանսավորման համար,

ձգտելով էներգետիկ արդյունավետության բարձրացման և դրա հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ձեռնարկել միակցված ու համաձայնեցված միջոցներ և ընդունել էներգիայի հնարավոր առավել խնայողական ու արդյունավետ օգտագործման շրջանակներ սահմանող Արձանագրություն,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Մաս 1

Նախաբան

 

ՀՈԴՎԱԾ 1

Արձանագրության շրջանակը և նպատակները

 

1) Սույն Արձանագրությունը սահմանում է էներգետիկ արդյունավետության բարձրացումը որպես էներգիայի զգալի աղբյուր և էներգետիկ համակարգերի աննպաստ էկոլոգիական ազդեցության այստեղից բխող նվազեցմանը նպաստող քաղաքականության սկզբունքները: Ավելին, Արձանագրությունը ապահովում է էներգետիկ արդյունավետության ծրագրի զարգացման ղեկավար սկզբունքները, նշում համագործակցության բնագավառները, ինչպես նաև ստեղծում է շրջանակներ համակցված կամ համաձայնեցված գործողությունների զարգացման համար: Այդ գործողությունները կարող են ընդգրկել էներգիայի որոնողական աշխատանքները, հետախուզումը, արտադրության վերափոխումը, պահպանումը, փոխադրումը, բաշխումը և սպառումը և կարող են վերաբերել ցանկացած տնտեսական հատվածի:

2) Սույն արձանագրության նպատակներն են`

ա) քաղաքականության խրախուսումը կայուն զարգացման հետ համատեղվող էներգետիկ արդյունավետության բնագավառում,

բ) այնպիսի շրջանակային պայմանների ստեղծումը, որոնք արտադրողներին և սպառողներին դրդում են էներգիան օգտագործել որքան հնարավոր է խնայողաբար, արդյունավետ և էկոլոգիապես խելամիտ, հատկապես էներգիայի արդյունավետ շուկաների կազմակերպման և էկոլոգիական ծախսումների ու օգուտների առավել լրիվ արտացոլման միջոցով, և

գ) համագործակցության խրախուսումը էներգետիկ արդյունավետության բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 2

Սահմանումներ

 

Սույն Արձանագրության մեջ.

1) «Խարտիա» նշանակում է` Եվրոպական էներգետիկ խարտիայի Հաագայի Կոնֆերանսի` 1991 թվականի դեկտեմբերի 17-ին Հաագայում ստորագրված Եզրափակիչ փաստաթղթում ընդունված Եվրոպական էներգետիկ խարտիա: Եզրափակիչ փաստաթղթի ստորագրումը դիտվում է որպես Խարտիայի ստորագրում:

2) «Պայմանավորվող կողմ» նշանակում է` այն պետությունը կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունը, որոնք համաձայնել են կապված լինել սույն Արձանագրությամբ, և որոնց համար Արձանագրությունը ուժի մեջ է:

3) «Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է` պետությունների կողմից կազմավորված կազմակերպություն, որին նրանք հատկացրել են իրավասություն որոշակի այն հարցերի առթիվ, որոնց մի մասը կարգավորվում է սույն Արձանագրությամբ, ներառյալ այդ հարցերի շուրջ նրանց համար պարտադիր որոշումների ընդունման իրավունքը:

4) «Էներգետիկ ցիկլ» նշանակում է` ամբողջ էներգետիկ շղթան, որը ներառում է էներգիայի զանազան ձևերի որոնողական աշխատանքների, հետախուզման, արտադրության, վերափոխման, պահպանման, փոխադրման, բաշխման և սպառման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև վնասակար էկոլոգիական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով այդպիսի գործունեությունը կանգնեցնելը, դադարեցնելը և փակելը:

5) «Ծախսումների արդյունավետություն» նշանակում է` ամենանվազ ծախսումներով որոշակի նպատակի հասնել կամ տվյալ ծախսումներով առավել մեծ օգուտի հասնել:

6) «Էներգետիկ արդյունավետության բարձրացում» նշանակում է` արտադրանքի (ապրանքի կամ ծառայության) միևնույն միավորի պահպանման գործունեությունը առանց էներգիայի` այդ արտադրանքի արտադրության համար պահանջվող քանակի նվազեցումով արտադրանքի որակը կամ արտադրությունը իջեցնելու:

7) «Էկոլոգիական ազդեցություն» նշանակում է` տվյալ գործունեությամբ ցանկացած ներգործություն շրջակա միջավայրի վրա, ներառյալ մարդու առողջությունը և անվտանգությունը, ֆլորան, ֆաունան, հողը, օդը, ջուրը, կլիման, բնապատկերը և պատմական հուշարձանները կամ մյուս ֆիզիկական շինությունները կամ այդ գործոնների փոխգործողությունները: Այդ հասկացությունը նաև ներառում է ներգործությունը վերը նշված գործոններում փոփոխությունների հետևանքով մշակութային ժառանգության կամ սոցիալ-տնտեսական պայմանների վրա:

 

Մաս 2

Քաղաքական սկզբունքները

 

ՀՈԴՎԱԾ 3

Հիմնական սկզբունքները

 

Պայմանավորվող կողմերը ղեկավարվում են հետևյալ սկզբունքներով.

1) Պայմանավորվող կողմերը համագործակցում են այն դեպքերում, երբ դա նպատակահարմար է, միմյանց աջակցություն են ցույց տալիս էներգետիկ արդյունավետության բարձրացման բնագավառում քաղաքականության, օրենքների և օրենսդրական ակտերի մշակման ու իրագործման ասպարեզում:

2) Պայմանավորվող կողմերը սահմանում են էներգետիկ արդյունավետության բնագավառի քաղաքականությունը և հարկ եղած իրավական և օրենսդրական շրջանակները, որոնք, inter alia, նպաստում են.

ա) շուկայական մեխանիզմների արդյունավետ գործողությանը, ներառյալ դեպի շուկա կողմնորոշված գնագոյացումը ու էկոլոգիական ծախսումների և օգուտների առավել լրիվ արտացոլումը,

բ) էներգետիկ արդյունավետության խոչընդոտների նվազեցմանը` դրանով իսկ խթանելով կապիտալ ներդրումները,

գ) էներգետիկ արդյունավետության ուղղությամբ նախաձեռնությունների ֆինանսավորման մեխանիզմներին,

դ) կրթությանը և լուսավորությանը,

ե) տեխնոլոգիայի տարածմանը և փոխանցմանը,

զ) իրավական և օրենսդրական շրջանակների հրապարակայնությանը:

է) Պայմանավորվող կողմերը ձգտում են ամբողջ էներգետիկ ցիկլի էներգետիկ արդյունավետությունից ստանալ լիակատար օգուտներ: Այդ նպատակով իրենց իրավասության առավելագույն օգտագործմամբ նրանք ձևավորում և իրականացնում են էներգետիկ արդյունավետության բնագավառի քաղաքականությունը, ինչպես նաև ծախսումների արդյունավետության և տնտեսական արդյունավետության հիման վրա համատեղված և համաձայնեցված գործողությունները` էկոլոգիական ասպեկտների պատշաճ հաշվառմամբ:

3) Էներգետիկ արդյունավետության բնագավառի քաղաքականությունը իր մեջ ներառում է ինչպես նախորդող պրակտիկայի շտկման կարճաժամկետ միջոցները, այնպես էլ էներգետիկ արդյունավետության բարձրացման երկարաժամկետ միջոցները էներգետիկ ցիկլի ընթացքում:

4) Սույն Արձանագրության նպատակին հասնելու համար համագործակցություն իրականացնելիս Պայմանավորվող կողմերը ուշադրություն են դարձնում աննպաստ հետևանքների և դրանց նվազեցման ծախսումների տարբերություններին Պայմանավորվող կողմերի միջև:

5) Պայմանավորվող կողմերը ընդունում են մասնավոր հատվածի առաջնային դերը: Նրանք խրախուսում են կոմունալ էներգետիկ ձեռնարկությունների, իշխանության պատասխանատու մարմինների և մասնագիտացած կազմակերպությունների կողմից միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև սերտ համագործակցությունը արդյունաբերության և վարչական մարմինների միջև:

6) Համաձայնեցված կամ համագործակցված գործողությունները հաշվի են առնում այն միջազգային համաձայնագրերում ընդունված համապատասխան սկզբունքները, որոնց մասնակցում են Պայմանավորվող կողմերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը:

7) Պայմանավորվող կողմերը լիովին օգտագործում են իրավասու միջազգային կամ այլ մարմինների աշխատանքն ու փորձառությունը և ձգտում են խուսափել կրկնօրինակումից:

 

ՀՈԴՎԱԾ 4

Պատասխանատվության սահմանազատումը և համաձայնեցումը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձգտում է ապահովել էներգետիկ արդյունավետության բնագավառի քաղաքականության համաձայնեցումը իշխանության իր բոլոր պատասխանատու մարմինների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 5

Ռազմավարությունը և քաղաքականության նպատակները

 

Պայմանավորվող կողմերը ձևավորում են էներգետիկ արդյունավետության բարձրացման նկատմամբ քաղաքականության ռազմավարությունն ու նպատակադրույթները և դրանով իսկ էներգետիկ ցիկլի էկոլոգիական ազդեցության սահմանափակումները` իրենց սեփական կոնկրետ էներգետիկ պայմաններին համապատասխան: Այդ ռազմավարությունը և նպատակադրույթները պետք է մատչելի լինեն բոլոր շահագրգիռ կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

Ֆինանսավորումը և ֆինանսական խթանները

 

1) Պայմանավորվող կողմերը խրախուսում են էներգետիկ արդյունավետության բարձրացման և էներգետիկայի հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ֆինանսավորման նպատակով այնպիսի նոր մոտեցումների և մեթոդների իրագործումը, ինչպես, օրինակ, էներգիայի սպառողների և արտաքին ներդրողների միջև համատեղ միջոցառումների մասին համաձայնություններն են (այսուհետ` ֆինանսավորում երրորդ կողմերի միջոցով):

2) Պայմանավորվող կողմերը ձգտում են օգտագործել մասնավոր կապիտալի շուկաները ու գոյություն ունեցող միջազգային ֆինանսական հաստատությունները և նպաստում են դրանց մատչելիությանը` էներգետիկ արդյունավետության հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ասպարեզում կատարվող կապիտալ ներդրումների դյուրացման նպատակով:

3) Պայմանավորվող կողմերը կարող են, Էներգետիկ խարտիայի Պայմանագրի դրույթներին և իրենց մյուս միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան, էներգիայից օգտվողներին տրամադրել արտոնյալ կամ ֆինանսական խթաններ` էներգապես արդյունավետ տեխնոլոգիաների, արտադրանքի և ծառայությունների մուտքը շուկա դյուրացնելու նպատակով: Նրանք ձգտում են դա անել այն ձևով, որն ապահովում է հրապարակայնությունը և նվազագույնի է հասցնում միջազգային շուկաների հավասարակշռության խախտումը:

 

ՀՈԴՎԱԾ 7

Էներգապես արդյունավետ տեխնոլոգիաների խրախուսումը

 

1) Էներգետիկ խարտիայի Պայմանագրի դրույթներին համապատասխան` Պայմանավորվող կողմերը խրախուսում են կոմերցիոն առևտուրը և համագործակցությունը էներգապես արդյունավետ և էկոլոգիապես խելամիտ այն տեխնոլոգիաների բնագավառում, որոնք վերաբերում են ծառայությունների և կառավարման մեթոդների էներգիային:

2) Պայմանավորվող կողմերն աջակցում են այդպիսի տեխնոլոգիաների, ծառայությունների և կառավարման մեթոդների օգտագործմանը էներգետիկ ամբողջ ցիկլի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 8

Ներքին ծրագրերը

 

1) Այն բանի համար, որ ձեռք բերվեն 5-րդ հոդվածին համապատասխան ձևակերպված քաղաքականության նպատակադրույթները, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մշակում, իրագործում և կանոնավորապես նորացնում է էներգետիկ արդյունավետության բարձրացման` իր պայմաններին առավել համապատասխան ծրագրերը:

2) Այդ ծրագրերը կարող են ընդգրկել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են`

ա) էներգիայի պահանջարկի և առաջարկի երկարաժամկետ այնպիսի գործողությունների մշակումը, որոնցով կարելի կլինի ղեկավարվել որոշում ընդունելիս,

բ) էներգետիկայի, շրջակա միջավայրի և միկրոտնտեսական ցուցանիշների վրա ձեռնարկվող գործողությունների ազդեցության գնահատումը,

գ) էներգիա օգտագործող սարքավորման արդյունավետության բարձրացման համար մշակված նորմերի և միջազգային մակարդակով դրանց համաչափությանն ուղղված ջանքերի սահմանումը` առևտրում աղավաղումներից խուսափելու համար,

դ) մասնավոր նախաձեռնության և արդյունաբերական համագործակցության զարգացումը և խրախուսումը, ներառյալ համատեղ ձեռնարկությունները,

ե) էներգապես առավել արդյունավետ այնպիսի տեխնոլոգիաների օգտագործման խրախուսումը, որոնք հանդիսանում են տնտեսապես կենսունակ և էկոլոգիապես խելամիտ,

զ) էներգետիկ արդյունավետության բարձրացման ասպարեզում կապիտալ ներդրումների նկատմամբ նորարական այնպիսի մոտեցումների խրախուսումը, ինչպես, օրինակ, ֆինանսավորումը երրորդ կողմերի միջոցով և համատեղ ֆինանսավորումն են,

է) համապատասխան էներգետիկ հաշվեկշիռների բալանսների և բազաների մշակումը, օրինակ, բավականաչափ մանրամասն մակարդակով էներգիայի նկատմամբ պահանջարկի տվյալների հետ և էներգետիկ արդյունավետության բարձրացման տեխնոլոգիաների մասին,

ը) խորհրդակցական և խորհրդատվական այնպիսի ծառայությունների ստեղծման խրախուսումը, որոնք կկարողանան գործել արդյունաբերության պետական կամ մասնավոր ձեռնարկությունների կամ կոմունալ ծառայությունների շրջանակներում և տեղեկատվություն կներկայացնեն էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագրերի ու էներգապես արդյունավետ տեխնոլոգիաների մասին և աջակցություն ցույց կտան սպառողներին և ձեռնարկություններին,

թ) էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրության, ինչպես նաև այն միջոցների սատարումը և խրախուսումը, որոնք ուղղված են շենքերի և արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոնական ջեռուցման արտադրական և բաշխիչ համակարգերի արդյունավետության բարձրացմանը,

ժ) համապատասխան մակարդակներում էներգետիկ արդյունավետության մասնագիտացված այնպիսի մարմինների ստեղծումը, որոնք ունեն բավարար ֆինանսավորում և կադրերով համալրվածություն` քաղաքականության մշակման և իրագործման համար:

3) Էներգետիկ արդյունավետության բարձրացման բնագավառում իրենց ծրագրերը իրականացնելիս Պայմանավորվող կողմերը ապահովում են հարկ եղած` համակարգված և իրավական ենթակառուցվածքների առկայությունը:

 

Մաս 3

Միջազգային համագործակցություն

 

ՀՈԴՎԱԾ 9

Համագործակցության բնագավառները

 

Պայմանավորվող կողմերի միջև համագործակցությունը կարող է ընդունել ցանկացած հարմար ձև: Հնարավոր համագործակցության բնագավառները թվարկված են Հավելվածում:

 

Մաս 4

Վարչական և իրավական միջոցները

 

ՀՈԴՎԱԾ 10

Խարտիայի համաժողովի դերը

 

1) Խարտիայի համաժողովի բոլոր որոշումները, սույն Արձանագրությանը համապատասխան, ընդունվում են Էներգետիկ խարտիայի Պայմանագրի միայն այն Պայմանավորվող կողմերի միջոցով, որոնք հանդիսանում են սույն Արձանագրության Պայմանավորվող կողմեր:

2) Խարտիայի համաժողովը ձգտում է սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում Արձանագրության դրույթների կատարման դյուրացման համար որոշում ընդունել ընթացակարգերի մասին, ներառյալ հաշվետվության նկատմամբ պահանջները, ինչպես նաև համագործակցության բնագավառների սահմանումը` 9-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

Քարտուղարությունը և ֆինանսավորումը

 

1) Էներգետիկ խարտիայի Պայմանագրի 35-րդ հոդվածի համաձայն հիմնված Քարտուղարությունը Խարտիայի համաժողովին ցույց է տալիս անհրաժեշտ ամբողջ աջակցությունը սույն Արձանագրությամբ նրա պարտավորությունները կատարելու համար և Արձանագրության իրականացման ապահովման ուղղությամբ մատուցում է այնպիսի ծառայություններ, որոնք կարող են պահանջվել ժամանակ առ ժամանակ` Խարտիայի համաժողովի կողմից հավանության արժանանալու պայմանով:

2) Քարտուղարության և Խարտիայի համաժողովի` սույն Արձանագրությունից բխող ծախսերը ծածկվում են սույն Արձանագրության Պայմանավորվող կողմերի միջոցով վճարման նրանց այն կարողունակությանը համապատասխան, որը սահմանված է էներգետիկ Խարտիային կից Բ Հավելվածում շարադրված բանաձևին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

Քվեարկություն

 

1) Խարտիայի համաժողովի այն նիստում, որտեղ որոշվում են այդպիսի հարցեր, որոնց վերաբերող որոշումներ կայացնելու համար պահանջվում է ներկա և Քվեարկող Պայմանավորվող կողմերի միաձայնությունը` նպատակ ունենալով.

ա) սույն Արձանագրության ուղղումների ընդունումը, և

բ) 16-րդ հոդվածի համաձայն` սույն Արձանագրությանը միանալու հաստատումը:

Պայմանավորվող կողմերը գործադրում են բոլոր ջանքերը` սույն Արձանագրության համաձայն իրենցից որոշում պահանջող ցանկացած այլ հարցի շուրջ կոնսեսուսի հիման վրա համաձայնության հասնելու համար: Եթե համաձայնություն չի կարող ձեռք բերվել կոնսեսուսի հիման վրա, ապա ոչ բյուջետային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Խարտիայի համաժողովի այն նիստում ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ, որտեղ որոշվում են այդպիսի հարցերը:

Բյուջետային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են այն Պայմանավորվող կողմերի որակյալ մեծամասնությամբ, որոնց գնահատված վճարումները, 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ընդհանուր գումարով ներկայացնում են գնահատված վճարումների ընդհանուր գումարի առնվազն երեք քառորդը:

2) Սույն հոդվածի նպատակների համար «ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմեր» նշանակում է` սույն Արձանագրության ներկա և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Պայմանավորվող կողմեր` պայմանով, որ խարտիայի համաժողովը կարող է ընթացակարգի կանոնների վերաբերյալ որոշումներ ընդունել` այն հաշվով, որ այդպիսի որոշումների ընդունումը հնարավոր դարձնի Պայմանավորվող կողմերի գրագրությունը:

3) Բացառությամբ բյուջետային հարցերի վերաբերյալ 1-ին կետում նախատեսվածի` սույն հոդվածում հիշատակված ոչ մի որոշում վավերական չի լինի, եթե չունենա Պայմանավորվող կողմերի պարզ մեծամասնության պաշտպանությունը:

4) Քվեարկության դեպքերում Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունը ունի սույն Արձանագրության Պայմանավորվող կողմեր հանդիսացող նրա անդամ պետությունների թվին հավասար ձայների քանակ` պայմանով, որ այդպիսի Կազմակերպությունը չի օգտագործի ձայնի իր իրավունքը, եթե նրա անդամ պետությունները օգտագործեն ձայնի իրենց իրավունքը և ընդհակառակը:

5) Սույն Արձանագրությամբ Պայմանավորվող կողմի ֆինանսական պարտավորությունների մշտական ուշացումների դեպքում Խարտիայի համաժողովը կարող է քվեարկելիս լրիվ կամ մասնակիորեն առկախել այդ Պայմանավորվող կողմի իրավունքների գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

Առնչությունը Էներգետիկ խարտիայի Պայմանագրին

 

1) Էներգետիկ խարտիայի Պայմանագրի դրույթների հետ սույն Արձանագրության դրույթների անհամապատասխանության դեպքում գերակայության այն մասում, ինչ վերաբերում է այդ անհամապատասխանությանը, ունեն Էներգետիկ խարտիայի Պայմանագրի դրույթները:

2) 10-րդ հոդվածի 1-ին կետը և 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը չեն կիրառվի սույն Արձանագրության ուղղումների վերաբերյալ Խարտիայի համաժողովում քվեարկության նկատմամբ, որոնք պարտավորություններ կամ գործառույթներ են պատվիրակում Խարտիայի համաժողովին կամ Քարտուղարությանը, որի ստեղծումը նախատեսված է Էներգետիկ Խարտիայի Պայմանագրում:

 

Մաս 5

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 14

Ստորագրումը

 

Սույն Արձանագրությունը այն պետությունների և Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստորագրելու համար բաց է Լիսաբոնում` 1994 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 1995 թվականի հունիսի 16-ը ներառյալ, որոնց ներկայացուցիչները ստորագրել են Էներգետիկ խարտիայի Պայմանագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 15

Վավերացումը, ընդունումը կամ հաստատումը

 

Սույն Արձանագրությունը ենթակա է այն ստորագրած կողմերի վավերացմանը, ընդունմանը կամ հաստատմանը: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը Ավանդապահին հանձնվում են ի պահ:

 

ՀՈԴՎԱԾ 16

Միանալը

 

Արձանագրությունը ստորագրման համար փակելու օրվանից հետո սույն Արձանագրությունը բաց է դրան միանալու համար այն պետությունների և Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք ստորագրել են Խարտիան և հանդիսանում են Էներգետիկ խարտիայի Պայմանագրի կողմեր` Խարտիայի համաժողովի կողմից հավանության արժանացած պայմաններով: Միանալու մասին փաստաթղթերը Ավանդապահին հանձնվում են ի պահ:

 

ՀՈԴՎԱԾ 17

ՈՒղղումներ

 

1) Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն Արձանագրությունում ուղղումներ առաջարկել:

2) Սույն Արձանագրությունում առաջարկված ցանկացած ուղղման տեքստ Քարտուղարության կողմից Պայմանավորվող կողմերին է հանձնվում այն թվականից առնվազն երեք ամիս առաջ, երբ նախատեսվում է դրա ընդունումը Խարտիայի համաժողովի կողմից:

3) Սույն Արձանագրության այն ուղղումները, որոնց տեքստերը ընդունվել են Խարտիայի համաժողովի կողմից, Քարտուղարությունը հանձնում է Ավանդապահին, որը դրանք ներկայացնում է բոլոր Պայմանավորվող կողմերին` վավերացման, ընդունման կամ հաստատման համար:

4) Սույն Արձանագրության ուղղումների վավերացման, ընդունման կամ հաստատման մասին ակտերը Ավանդապահին հանձնվում են ի պահ: ՈՒղղումները վավերացրած, ընդունած կամ հաստատած Պայմանավորվող կողմերի միջև դրանք ուժի մեջ են մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին Պայմանավորվող կողմերի առնվազն երեք քառորդի ակտը Ավանդապահի ստանալուց հետո երեսուներորդ օրը: Դրանից հետո ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար ուղղումներն ուժի մեջ են մտնում ուղղումների վավերացման, ընդունման կամ հաստատման մասին այդ Պայմանավորվող կողմի փաստաթղթերը Ավանդապահին ի պահ հանձնվելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 18

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին տասնհինգերորդ կամ` պետության կամ այն Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կողմից դրան միանալու ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը, որը հանդիսանում է Խարտիան ստորագրած կողմ և Էներգետիկ խարտիայի Պայմանագրի Պայմանավորվող կողմ, կամ ուժի մեջ է մտնում այն օրը, երբ ուժի մեջ է մտնում Էներգետիկ խարտիայի Պայմանագիրը` կախված այն բանից, թե որն է ավելի ուշ կատարվում:

2. Յուրաքանչյուր այն Պետության կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության համար, որոնց համար Էներգետիկ Խարտիայի պայմանագիրն ուժի մեջ է մտել, և որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Արձանագրությունը կամ դրան են միանում Արձանագրությունը 1-ին կետին համապատասխան ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթի` այդպիսի պետության կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնվելուց հետո երեսուներորդ օրը:

3. 1-ին կետի նպատակներով Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ տրված ցանկացած փաստաթուղթ չպետք է համարվի ի լրումն այն փաստաթղթերի, որոնք ի պահ են տրված այդպիսի Կազմակերպության անդամ պետությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 19

Վերապահումներ

 

Սույն Պայմանագրի վերաբերյալ չի թույլատրվում ոչ մի վերապահում:

 

ՀՈԴՎԱԾ 20

Արձանագրությունից դուրս գալը

 

1) Պայմանավորվող կողմի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ այդ Պայմանավորվող կողմը կարող է Ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկել սույն Արձանագրությունից իր դուրս գալու մասին:

2) Էներգետիկ խարտիայի Պայմանագրից դուրս եկող ցանկացած Պայմանավորվող կողմ համարվում է նաև սույն Արձանագրությունից դուրս եկած կողմ:

3) 1-ին կետի համաձայն Արձանագրությունից դուրս գալը, ուժի մեջ մտնելու թվականը սկսվում է ծանուցումն Ավանդապահի ստանալուց հետո իննսուն օր անց: Արձանագրությունից 2-րդ կետի համաձայն դուրս գալն ուժի մեջ մտնելու թվականը հանդիսանում է այն նույն թվականը, որը Էներգետիկ խարտիայի Պայմանագրից դուրս գալը ուժի մեջ մտնելու թվականն է:

 

ՀՈԴՎԱԾ 21

Ավանդապահը

 

Պորտուգալիայի Հանրապետությունը հանդիսանում է սույն Արձանագրության Ավանդապահը:

 

ՀՈԴՎԱԾ 22

Նույնական տեքստեր

 

Ի վկայություն որի` ներքոստորագրյալները, լինելով դրա համար պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը մեկ բնօրինակով` անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն. ընդ որում այդ բոլոր տեքստերը հանդիսանում են հավասարազոր, որոնք ի պահ կհանձնվեն Պորտուգալիայի Հանրապետության կառավարությանը:

Կատարված է Լիսաբոն քաղաքում հազար ինը հարյուր իննսունչորս թվականի դեկտեմբերի տասնյոթին:

 

Հավելված

 

9-րդ հոդվածին համապատասխան համագործակցություն

Հնարավոր բնագավառների` ցուցադրական և չսպառող ցանկ

 

Էներգետիկ արդյունավետության բնագավառում ծրագրերի մշակում, ներառյալ էներգետիկ արդյունավետության բնագավառում խոչընդոտների և ներուժային հնարավորությունների բացահայտումը, էներգետիկ մակնիշավորման և արդյունավետության նորմերի մշակումը,

էներգետիկ ցիկլի էկոլոգիական ազդեցության գնահատում,

տնտեսական, օրենսդրական և նորմատիվ միջոցների մշակում,

տեխնոլոգիայի փոխանցում, տեխնիկական աջակցություն և արդյունաբերության այնպիսի համատեղ ձեռնարկություններ, որոնց վրա տարածվում են սեփականության իրավունքի միջազգային ռեժիմը և մյուս գործող միջազգային համաձայնագրերը,

գիտական հետազոտություններ և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ,

ուսուցում, կադրերի պատրաստում, տեղեկատվություն և վիճակագրություն,

այնպիսի միջոցների սահմանում ու գնահատում, ինչպիսիք են արտոնյալ կամ շուկայական սկզբունքների վրա հիմնված այլ միջոցները` ներառյալ արտաքին, հատկապես, էկոլոգիական ծախսերն ու օգուտները հաշվի առնող փոխանակման թույլտվությունները,

Էներգետիկայի հարցերով քաղաքականության վերլուծությունը և մշակումը.

- էներգետիկ արդյունավետության բարձրացման ներուժային հնարավորությունների գնահատում,

- էներգիայի նկատմամբ պահանջարկի վերլուծություն և վիճակագրություն,

- օրենսդրական և նորմատիվ միջոցների մշակում,

- ռեսուրսների համալիր պլանավորում և պահանջարկի կառավարում,

- էկոլոգիական ազդեցության գնահատում, ներառյալ էներգետիկ խոշոր օբյեկտները,

- էներգետիկ արդյունավետության տնտեսական գործոնների և էկոլոգիայի բնագավառում նպատակներին հասնելու գնահատում,

- էներգետիկ արդյունավետության վերլուծություն ածխաջրածինների վերամշակման, վերափոխման և փոխադրման ու բաշխման բնագավառում,

- էներգետիկ արդյունավետության բարձրացում արտադրության մեջ և էլեկտրաէներգիայի բաշխման ասպարեզում,

- էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրություն,

- սարքավորման բաղկացուցիչ տարրեր (կաթսաներ, տուրբիններ, գեներատորներ և այլն),

- ցանցերի միավորում,

Էներգետիկ արդյունավետության բարձրացումը շինարարական հատվածում.

- ջերմամեկուսացման նորմաներ, արեգակնային էներգիայի պասիվ օգտագործում և օդափոխություն,

- շենքերի ջեռուցման և օդի մաքրման համակարգեր,

- ազոտի թթվուկի նվազ արտանետումով բարձր արդյունավետ այրիչներ,

- չափագրման տեխնիկա և անհատական հաշվիչներ,

- կենցաղային սարքեր և լուսավորում,

Քաղաքապետարանների և տեղական համայնքների ծառայությունները.

- կենտրոնացված ջերմամատակարարման համակարգեր,

- գազաբաշխման արդյունավետ համակարգեր,

- պլանավորման տեխնոլոգիաներ էներգետիկայի բնագավառում,

- էներգետիկ տնտեսության կառավարում քաղաքների պետական շենքերում,

- վարվելակերպ թափոնների նկատմամբ և թափոնների օգտագործում էներգետիկ նպատակներով,

Էներգետիկ արդյունավետության բարձրացումը արդյունաբերության հատվածում.

- համատեղ ձեռնարկություններ,

- էներգիայի կասկադային օգտագործում, էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրություն և մնացորդային ջերմության օգտագործում,

- էներգետիկ վերստուգումներ,

Էներգետիկ արդյունավետության բարձրացումը տրանսպորտային հատվածում.

- շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունավետության նորմեր,

- տրանսպորտային արդյունավետ ենթակառուցվածքների մշակում,

Տեղեկատվություն

- լուսավորչական աշխատանք,

- տվյալների բազա, մատչելիություն, տեխնիկական դասակարգում, տեղեկատվական համակարգեր,

- տեխնիկական տեղեկատվության տարածում, հավաքում և համակարգում,

- վարքագծի հետազոտություններ

Պատրաստում և ուսուցում

- կառավարչական կադրերի, պետական ծառայողների, ինժեներների և ուսանողների փոխանակություն էներգետիկայի բնագավառում,

- միջազգային ուսումնական դասընթացների կազմակերպում,

Ֆինանսավորում

- իրավական շրջանակների մշակում,

- ֆինանսավորում երրորդ կողմերի միջոցով,

- համատեղ ձեռնարկություններ,

- համատեղ ֆինանսավորում:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի ապրիլի 19-ից:

 

 

pin
17.12.1994
Միջազգային պայմանագիր