Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

020.0836.271009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 հոկտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վարչական դատարանի` 30.07.2009թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, դատական գործը, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004թ. փետրվարի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2004թ. մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004թ. դեկտեմբերի 31-ից: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2000թ. մայիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2000թ. հունիսի 12-ին և ուժի մեջ է մտել 2000թ. հուլիսի 1-ից:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում ամրագրված նորմը քննիչին լիազորում է «պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ»:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասում ամրագրված է. «Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ իրականացվող վերստուգումների, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության (բացառությամբ հետբացթողումային հսկողության), հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Սույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա»:

3. Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է: ՀՀ վարչական դատարանն իր` 2008թ. հոկտեմբերի 8-ի վճռով մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը` վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ վարչական դատարանի նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս իր` 13.03.2009թ. ՎԴ/0216/05/08 որոշմամբ բեկանել է ՀՀ վարչական դատարանի բողոքարկված վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը նշված որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները դուրս են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման շրջանակից: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վերոնշյալ օրենքները սույն վեճի լուծման համար կիրառելի չեն»:

4. Դիմող կողմը սահմանադրական դատարանին ուղղված դիմումում խնդրում է քննության առնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 4-րդ մասի` «իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանման, այն է` քրեական դատավարության կարգով նշանակվող ստուգումները դուրս են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»:

Դիմողը` վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ մասը, գտնում է, որ իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգումներ) իրականացնելու պայմանները և կարգը, այդ թվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների իրականացման պայմաններն ու կարգը պետք է սահմանվեն օրենքով: Եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այդ պայմաններն ու կարգը սահմանված չեն, իսկ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը բացառում է նշված օրենքի կանոնակարգումների կիրառելիությունը, ապա ակնհայտ է, որ պետք է լինի օրենք, որպեսզի նշված ստուգումներն իրականացվեն դրան համապատասխան: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը միայն սահմանում է իրավասու պաշտոնատար անձի լիազորությունը պահանջելու «ստուգողական գործողություններ», իսկ այդ ստուգողական գործողությունների իրականացման պայմաններն ու կարգը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չի կանոնակարգվում: ՀՀ քրեական դատավարության շրջանակներում նշանակվող ստուգումները կանոնակարգող հատուկ օրենքի բացակայության պայմաններում, ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առաջացնում է վիճարկվող նորմերի սահմանադրականության հարց` կապված ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ մասի պահանջների հետ:

5. Պատասխանող կողմը նշում է, որ ՀՀ վարչական դատարանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան ոչ թե վիճարկվող դրույթների, այլ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության հարցով:

Պատասխանող կողմը միաժամանակ նշում է, որ քրեական դատավարության ընթացակարգով նշանակված ստուգումների դեպքում անձը զրկված չէ ինչպես իր իրավունքների և շահերի պաշտպանության հնարավորությունից, այնպես էլ ստուգում իրականացնող մարմինների կամայական գործողություններից: Օրենքով սահմանված են նաև այն անձանց իրավունքներն ու պարտականությունները, ում մոտ իրականացվում են ստուգումներ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը հնարավորություն է տալիս բողոքարկել քննիչի համապատասխան որոշումը:

Այն օրենսդրական բացի առնչությամբ, որ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների անցկացման պայմաններն ու կարգը պետք է սահմանվեն օրենքով, պատասխանողը նշում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է խնդրո առարկային վերաբերող «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

6. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի համաձայն դատարանները հանդիսանում են կոնկրետ սահմանադրական վերահսկողության սուբյեկտ: Դատարանների դիմումների հիման վրա կոնկրետ վերահսկողության նպատակն է կանխել դատարանի կողմից կոնկրետ վեճի լուծումը ենթադրյալ հակասահմանադրական օրենքի հիման վրա: Ըստ այդմ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանները կարող են սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված այն իրավական ակտերի սահմանադրականությունը, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով: Այլապես, դատարանների դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը չի ծառայի իր հիմնական նպատակին:

Գործի քննությունը վկայում է, որ վարչական դատարանի կողմից վիճարկվող` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 4-րդ մասի դրույթները վարչական դատարանի կողմից տվյալ գործով նոր քննության վարույթում կիրառման ենթակա օրինադրույթներ չեն: Մասնավորապես, այս հանգամանքը հավաստվում է ՀՀ վճռաբեկ դատարանի` 13.03.2009թ. ՎԴ/0216/05/08 որոշմամբ, որով վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանել է և գործն ուղարկել նոր քննության այն հիմնական հիմնավորմամբ, որ վարչական դատարանի կողմից վիճարկվող վերոհիշյալ օրինադրույթները տվյալ վեճի լուծման համար կիրառելի չեն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122 հոդվածը սահմանում է, որ վարչական դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա` վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով: Վարչական դատավարության օրենսգրքի նշված դրույթը դիտարկելով վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի համատեքստում, ակնհայտ է դառնում, որ վարչական դատարանը գործի նոր քննության ընթացքում ըստ էության կաշկանդված է վճռաբեկ դատարանի` վերոհիշյալ վիճարկվող դրույթների կիրառելիության վերաբերյալ իրավական դիրքորոշմամբ:

Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 5-րդ մասին համապատասխան սահմանադրական դատարանին ուղղված դիմումում դատարանը, ի թիվս այլոց, պետք է հիմնավորի այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ: Տվյալ դեպքում սահմանադրական դատարանին ուղղված դիմումում նշված պահանջը ոչ միայն բավարարված չէ, այլ նաև, ինչպես նշվեց, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը գործի նոր քննության համար կիրառելի չեն, իսկ դիմող կողմի հարցադրումները տվյալ օրենքների առնչությամբ դուրս են գալիս նորմատիվ բնույթ ունեցող իրավական ակտի դրույթի/դրույթների սահմանադրականության գնահատման շրջանակներից:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետին անդրադառնում է ոչ թե վիճարկվող նորմերի բովանդակության սահմանադրականության տեսանկյունից, այլ բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր: Չնայած այն հանգամանքին, որ դիմումում անհրաժեշտ չափով հաշվի չեն առնվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 5-րդ մասի պահանջները, այդուամենայնիվ, դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան բավարար հստակությամբ չի սահմանել քրեական գործի շրջանակներում ստուգումների իրականացման դեպքերը, պայմանները և կարգը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի փաստարկները չեն վկայում վիճարկվող դրույթի անորոշության կամ ոչ իրավաչափ լինելու մասին: Տվյալ դրույթը կոչված է կարգավորելու քննիչի` որպես քրեական դատավարության մասնակցի և քրեական գործի նախաքննության շրջանակներում դրա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված և պատասխանատու պաշտոնատար անձի լիազորությունը` վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողությունների կատարում պահանջելու վերաբերյալ, որպիսիք քննիչի գնահատմամբ կոնկրետ գործով կարող են անհրաժեշտ քննչական գործողություններ հանդիսանալ` քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմամբ պայմանավորված խնդիրներ լուծելու համար (ապացուցման ենթակա հանգամանքների պարզում, ապացույցների ձեռքբերում, դրանց գնահատում և այլն): Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննիչին օրենքով և վիճարկվող վերոհիշյալ նորմով այդպիսի լիազորություն վերապահելն իրավաչափ է, համապատասխանում է նրա գործառույթներին և ինքնին սահմանադրականության խնդիր չի հարուցում:

Արձանագրելով, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում ինչպես քննչական ցանկացած այլ գործողության, այնպես էլ վերստուգումների, գույքագրումների և այլ ստուգողական գործողությունների կատարումն օբյեկտիվորեն կարող է առնչվել անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդրին, սահմանադրական դատարանը գտնում է, որ լրացուցիչ օրենսդրական կարգավորման են ենթակա այդպիսի գործողությունների կատարման պայմանները (հիմքերը, համապատասխան որոշման կայացման կարգն ու պայմանները) և կարգը (այդ թվում` արդյունքների արձանագրման), և այս առումով հիմնավոր են դիմողի հարցադրումները: Սակայն չի կարող ստուգումների` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգը մեխանիկորեն տարածվել քրեադատավարական գործընթացների վրա` առանց հաշվի առնելու դրանց առանձնահատկությունները, անձանց իրավունքների իրացման ու պաշտպանության երաշխիքների ապահովումը, մյուս կողմից` խոչընդոտներ ստեղծել պետական իշխանության մարմինների գործառույթների լիարժեք իրականացման համար: Այս խնդիրը, ինչպես նշվեց, լրացուցիչ իրավակարգավորման առարկա է, այլ ոչ թե Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի հիմքով օրենքի տվյալ կոնկրետ վիճարկվող դրույթի սահմանադրականության խնդիր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 71 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 4-րդ մասի` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանմամբ, մասով, կարճել:

i

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 հոկտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-836

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.10.2009
N ՍԴՈ-836
Որոշում