Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ...

 

 

040.1205.281009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 1205-Ն

 

i

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի երրորդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1205-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը (այսուհետ` հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատում) նորմատիվ իրավական ակտի նախագծում (այսուհետ` նախագիծ) կոռուպցիոն գործոնների առկայության բացահայտմանը, դրանց վերացմանը կամ հնարավոր նվազագույնի հասցմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացն է:

2. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման հիմնական նպատակն ընդունվող նորմատիվ իրավական ակտի որակի ու կարգավորման արդյունավետության աստիճանի բարելավումն է հակակոռուպցիոն տեսանկյունից` ապահովելով իրավական կարգավորումների արդյունքների կանխատեսումը:

3. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման հիմնական խնդիրներն են`

1) կոռուպցիոն դրսևորումների հնարավորություն ընձեռող և (կամ) դրանց նպաստող գործոնները (այսուհետ` կոռուպցիոն գործոններ) նախագծի նորմերում բացահայտելը, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի դրսևորմանը.

2) նախագծի նորմերում կոռուպցիոն գործոնների վերացմանը կամ դրանց նվազագույնի հասցմանն ուղղված աշխատանքներին օժանդակելը:

4. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

5. Հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության պարտադիր գնահատման ենթակա են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասում նշված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

 

II. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է պետական իրավական փորձաքննության հետ միաժամանակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

7. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման ժամանակ անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել համապատասխան ոլորտում մասնագիտացված անկախ փորձագետ:

8. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը ներառում է`

1) նախագծի վերլուծությունը կոռուպցիոն գործոնների գնահատման տեսանկյունից` հակակոռուպցիոն վերլուծությունը և դրա վերաբերյալ տվյալ նախագծի հակակոռուպցիոն վերլուծության ամփոփաթերթի պատրաստումը` համաձայն N 1 աղյուսակի.

2) նախագիծ մշակող մարմին ներկայացնելու նպատակով հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության կազմումը:

9. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում բացահայտման ենթակա կոռուպցիոն հիմնական գործոններն են`

1) պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը: Պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը, որպես կոռուպցիոն գործոն, հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձևակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը, որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն.

2) անձին` իր իրավունքների իրականացման համար ներկայացվող պահանջների հիմնավորված չլինելը: Անձին` իր իրավունքների իրականացման համար ներկայացվող պահանջների հիմնավորված չլինելը հիմնականում դրսևորվում է իրավունքները կամ պարտավորություններն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների չափազանց խստությամբ կամ ծանրաբեռնվածությամբ.

3) լիազորությունների հայեցողական լայն շրջանակի առկայությունը, այդ թվում` որոշումների ընդունման ժամկետների և պայմանների, ինչպես նաև այլընտրանքային լիազորությունների դիտարկումը: Լիազորությունների հայեցողական լայն շրջանակի առկայությունը հիմնականում դրսևորվում է որոշակի հանգամանքների առկայության դեպքում պաշտոնատար անձանց սեփական հայեցողությամբ գործելու անհարկի լայն հնարավորություն ընձեռելու միջոցով, այդ թվում` որոշումների ընդունման ժամկետների և պայմանների, ինչպես նաև այլընտրանքային լիազորությունների դիտարկման միջոցով, հետևաբար, նաև` պաշտոնատար անձին հնարավորություն է ընձեռվում սեփական հայեցողությամբ ընտրություն կատարել վարքագծի տարբերակների միջև առանց նախատեսելու, թե որ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է ընտրել վարքագծի այս կամ այն տարբերակը.

4) իրավական-լեզվաբանական կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Իրավական-լեզվաբանական կոռուպցիոն ռիսկերի առկայությունը որոշվում է` ելնելով օրենսդրական տեխնիկայի կանոններից: Կոռուպցիոն գործոններն արտահայտվում են իրավական ակտում երկիմաստ եզրույթների, իրավական ակտի լեզվի ոչ հստակության, պարզության, մատչելիության գնահատողական բնույթի հասկացությունների, միևնույն հասկացությունը տարբեր եզրույթներով արտահայտելու միջոցով.

5) կարգավորման բացերի առկայությունը: Կարգավորման բացերի առկայությունը դրսևորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաև պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով.

6) վարչական ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը: Վարչական ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը հիմնականում արտահայտվում է նյութական նորմերի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային նորմերի, այսինքն` որոշումների ընդունման, գործողությունների իրականացման հստակ կարգի և ժամկետների բացակայությամբ կամ ոչ հստակ կարգավորմամբ.

7) մրցութային (աճուրդային) անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը: Մրցութային (աճուրդային) ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը հիմնականում դրսևորվում է կոնկրետ իրավունք ձեռք բերելուն հավակնող անձանցից հաղթողի ընտրության հատուկ ընթացակարգերի բացակայությամբ ու պաշտոնատար անձի կողմից սուբյեկտիվ մոտեցման հնարավորության ընձեռմամբ.

8) պետական կամ հանրային ծառայողի պատասխանատվության բացակայությունը թույլ տրված իրավախախտման համար: Պետական ծառայողի պատասխանատվության բացակայությունը թույլ տրված իրավախախտման համար` որպես կոռուպցիոն գործոնի առկայությունը որոշելու համար անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք գոյություն ունի տվյալ նախագծում կամ այն իրավական ակտում, որին հղում է կատարվել, պատասխանատվության միջոցներ ծառայողական պարտականությունների, հատուկ սահմանափակումների և արգելքների խախտման համար: Պատասխանատվության միջոցները պետք է համապատասխանեն պետական ծառայողի կողմից իրականացվող լիազորություններին և նրան ներկայացվող սահմանափակումներին ու արգելքներին.

9) վերահսկողության, այդ թվում` նաև հանրային վերահսկողության բացակայությունը պետական մարմինների կամ պետական կամ հանրային ծառայողների նկատմամբ: Պետական մարմինների կամ պետական ծառայողների նկատմամբ վերահսկողության բացակայությունը հիմնականում կարող է դրսևորվել գանգատարկման կամ վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ կամ դրանց ոչ հստակ կարգավորմամբ.

10) կեղծ նպատակների կամ գերակայությունների առկայությունը: Կեղծ նպատակների կամ գերակայությունների առկայության գործոնի գոյությունը փաստելու համար անհրաժեշտ է կիրառել համակարգային մոտեցում և գնահատել ոչ թե նորմատիվ իրավական ակտի առանձին նորմերը, այլ նրա ամբողջ տեքստը և առաքելությունը` ելնելով նրա առջև դրված նպատակներից և առաջնայնություններից, քանի որ նորմատիվ իրավական ակտի ընդունման իրական նպատակները կարող են լինել ոչ ակնհայտ կամ տարբերվել ամրագրվածներից.

11) օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությունը: Օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությունը հիմնականում արտահայտվում է հարաբերությունների օրենքով կարգավորելու փոխարեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջոցով կարգավորմամբ, ինչպես նաև` օրենքով` գերատեսչություններին տրամադրվող իրավաստեղծ գործունեությանը վերաբերող ենթաօրենսդրական կարգավորման չափանիշների և պայմանների բացակայությամբ.

12) իրավական կարգավորման այնպիսի ձևի առկայությունը, որի դեպքում անհրաժեշտ օրենսդրական փոփոխության փոխարեն, տվյալ հարաբերությունները կարգավորվում են ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի ընդունմամբ: Իրավական կարգավորման տվյալ ձևի առկայությունը կարող է դրսևորվել ենթաօրենսդրական կարգավորման միջոցով նոր պարտադիր վարքագծի կանոնների սահմանմամբ, նույնիսկ այնպիսի հարաբերությունների պարագայում, որոնք կարող են հանդիսանալ միայն օրենքի, այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա:

10. Սույն կարգի 9-րդ կետում սահմանված կոռուպցիոն գործոնների ցանկը սպառիչ չէ: Հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում կարող են ի հայտ բերվել կոռուպցիայի առաջացմանը նպաստող կոռուպցիոն այլ գործոններ:

11. Նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում նախագծի կոռուպցիոն գործոնների գնահատման տեսանկյունից վերլուծությունը կատարվում է հակակոռուպցիոն վերլուծության ամփոփաթերթի կազմմամբ:

12. Հակակոռուպցիոն վերլուծության ամփոփաթերթում ներառվում են նաև կոռուպցիայի դրսևորումը կանխարգելող նորմերի բացակայության դեպքերը, ընդ որում` այդ դեպքում «Նախագծի հոդվածը (մասը, կետը)» և «Նորմի բովանդակությունը» սյունակները չեն լրացվում:

13. Հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը պետք է բավարարի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները: Իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը կազմվում է համաձայն N 2 աղյուսակի:

 

Աղյուսակ N 1

 

Ամփոփաթերթ

(իրավական ակտի անվանումը)

նախագծի հակակոռուպցիոն վերլուծության

 

.__________________________________________________________________.

|NN |Նախագծի|Նորմի բովան-|Կոռուպցիոն |Հնարավոր       |Հնարավոր     |

|ը/կ|հոդվածը|դակությունը |գործոնի    |կոռուպցիայի    |կոռուպցիայի  |

|   |(մասը, |            |նկարագրու- |վերացմանը կամ  |վերացմանը կամ|

|   |կետը)  |            |թյունը     |նվազագույնի    |նվազագույնի  |

|   |       |            |           |հասցմանն       |հասցմանն     |

|   |       |            |           |ուղղված        |ուղղված      |

|   |       |            |           |առաջարկությունը|առաջարկության|

|   |       |            |           |               |հիմնավորումը |

|___|_______|____________|___________|_______________|_____________|

|   |       |            |           |               |             |

.__________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

Ժամանակացույց

(իրավական ակտի անվանումը)

կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու

 

.__________________________________________________________.

|NN |Գնահատման առարկան|Գնահատման |Գնահատման|Այլ            |

|ը/կ|                 |չափորոշիչը|ժամկետը  |տեղեկատվություն|

|___|_________________|__________|_________|_______________|

|   |                 |          |         |               |

.__________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 1205-Ն
Որոշում