Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 6-ՐԴ, 22 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ3/0390/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0390/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արարատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Պետրոսյանի` 674.449 (վեց հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր քառասունինը) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով Դատարան` Տեսչությունը պահանջել է անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Պետրոսյանից բռնագանձել 674.449 ՀՀ դրամ, որից ավելացված արժեքի հարկ` 63.448 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 41.000 ՀՀ դրամ, տույժ` 22.448 ՀՀ դրամ, սոցիալական ապահովության վճար` 461.001 ՀՀ դրամ, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանք` 150.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ռաֆիկ Պետրոսյանը առարկել է ներկայացված պահանջի դեմ և այդ կապակցությամբ ներկայացրել է վճարման անդորրագրեր:

Ավելին, Դատարանը վերադարձնելով Ռաֆիկ Պետրոսյանի կողմից ներկայացրած 2005-2006 թվականների սոցիալական ապահովության վճարների, ակտի գումարի և հարկերի վճարումը հավաստող կանխիկ մուծման անդորրագրերը և այդ մասին դատական նիստի պարզ թղթային ձևով կազմված արձանագրությունում որևէ նշում չգրառելով, ստեղծել է դատավարական մի իրավիճակ, որի պարագայում գործնականում ստացվել է, որ նման ապացույցներ գոյություն չեն ունեցել:

Դատարանը հաշվի չի առել, որ միակ դատավարական մեխանիզմը, որով դատարանը կարող է չընդունել դատավարության մասնակցի կողմից ներկայացված ապացույցը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` ապացույցի ոչ վերաբերելի լինելն է, մինչդեռ, սույն գործով նման դատավարական կարգ Ռաֆիկ Պետրոսյանի կողմից ներկայացրած ապացույցների նկատմամբ չի կիրառվել:

Բացի այդ, Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները, ճիշտ չի գնահատել նաև Տեսչության կողմից ներկայացված ապացույցները: Մասնավորապես, Դատարանը պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հայցվորի պահանջը բավարարել է` հղում կատարելով 2005-2006 թվականների համար անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրերին, որոնք, ըստ էության, վճարման ենթակա վճարների վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում իրավասու պետական մարմնին, և բավարար ապացույց չեն հարկային պարտավորությունները չկատարելու փաստն արձանագրելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ռաֆիկ Պետրոսյանը Վճռաբեկ դատարանին է ներկայացրել նոր ապացույցներ` 2005-2007 թվականների վճարման անդորրագրեր, որոնք չի ներկայացրել Դատարանին:

Ինչ վերաբերում է բողոքի այն հիմքին, որ այդ ապացույցները դատաքննության ընթացքում ներկայացվել են Դատարանին, սակայն վերջինս չի ընդունել, ապա Դատարանին նշված ապացույցները չեն ներկայացվել, որը հաստատվում է դատական նիստի արձանագրությամբ: Դատարանը հետազոտել և գնահատել է բացառապես գործում առկա գրավոր ապացույցները և վճիռ կայացրել դրանց հիման վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 10.04.1996 թվականի թիվ 01Ա 022576 վկայականի համաձայն` Ռաֆիկ Պետրոսյանը ՀՀ պետական ռեգիստրում գրանցված անհատ ձեռնարկատեր է և որպես հարկ վճարող հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արարատի ՏՀՏ-ում (գ.թ. 7):

2) Արարատի ՏՀՏ պետի 20.11.2008 թվականի դրությամբ մնացորդի վերաբերյալ տեղեկանք-հաշվարկի համաձայն` Ա/Ձ Ռաֆիկ Պետրոսյանը ունի սոցիալական ապահովության վճարների մասով 461.001 ՀՀ դրամի չափով չկատարված հարկային պարտավորություն (գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:

i

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008 թ.) որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Արարատի ՏՀՏ պետի մնացորդի վերաբերյալ տեղեկանք-հաշվարկով Ռաֆիկ Պետրոսյանի սոցիալական ապահովության վճարների մասով պարտքը 20.11.2008 թվականի դրությամբ կազմում է 461.001 ՀՀ դրամ, գործում առկա չէ սոցիալական ապահովության վճարները Ռաֆիկ Պետրոսյանի կողմից վճարելու փաստը պարզված լինելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունի Ռաֆիկ Պետրոսյանի կողմից սոցիալական ապահովության վճարները վճարելու փաստի պարզումը, հետևաբար միայն նշված փաստը պարզելուց հետո դատարանը գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ կարող է հաստատել տվյալ փաստի առկայությունը կամ բացակայությունը:

Մինչդեռ, սույն գործով Դատարանը չպարզելով սոցիալական ապահովության վճարները Ռաֆիկ Պետրոսյանի կողմից վճարված կամ չվճարված լինելը, միայն Արարատի ՏՀՏ պետի մնացորդի վերաբերյալ տեղեկանք-հաշվարկի հիման վրա հաստատված է համարել, որ Ռաֆիկ Պետրոսյանը 20.11.2008 թվականի դրությամբ ունի 461.001 ՀՀ դրամ գումարի չափով հարկային պարտավորություն:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ՎԴ3/0390
Որոշում