Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ, Ա. ՍԱՐԳՍՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ, Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Կ. ՌՈՒԲ ...

 

 

020.0844.071209

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ, Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Կ. ՌՈՒԲԻՆՅԱՆԻ, Մ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 դեկտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող),

մասնակցությամբ` դիմողներ Ա. Զեյնալյանի, Մ. Դանիելյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Ա. Զեյնալյանի, Ա. Սարգսյանի և Կ. Ռուբինյանի, Մ. Դանիելյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացիներ` Ա. Զեյնալյանի` 01.06.2009թ., Ա. Սարգսյանի և Կ. Ռուբինյանի` 09.11.2009թ., Մ. Դանիելյանի` 17.11.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով` սահմանադրական դատարանի 17.11.2009թ. ՍԴԱՈ-101 և 24.11.2009թ. ՍԴԱՈ-106 աշխատակարգային որոշումներով վերոհիշյալ դիմումներով գործերը միավորվել են և քննվել դատարանի նույն նիստում:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմողների գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան» վերտառությամբ 290 հոդվածի 1-ին և 5-րդ մասերը սահմանում են.

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

...

i

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին»:

2. Վիճարկելով վերոնշյալ նորմերի սահմանադրականությունը` դիմողները գտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասը ձևակերպված է այնքան անորոշ, «ոչ միանշանակ, ոչ հստակ», որ դատարանները դրանք ընկալում և կիրառում են որպես հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից դրսևորած անգործության դատական կարգով բողոքարկման կարգ: Այդ անորոշությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, «ուստի` վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության իրավական որոշակիության սկզբունքներն ամրագրող` 1-ին, 3-րդ, 6-րդ և 43-րդ հոդվածներին»: Ըստ դիմող Ա. Զեյնալյանի` «Դատարանների` դատական ակտերով վերոգրյալ նորմին տրված մեկնաբանությունից հետևում է, որ անձը կարող է ոստիկանության ոչ իրավաչափ անգործությունից ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված «դատական պաշտպանություն» հայցել միայն այն պայմանով, եթե ոստիկանության ոչ իրավաչափ անգործությունից դատախազության (որպես դատարանից տարբերվող «պետական այլ մարմնի») առջև «իրավական պաշտպանության միջոցը» սպառել է, ու այդ միջոցը եղել է անարդյունավետ: Դատարանի կողմից օրենսգրքի դրույթին տված մեկնաբանությունը կամ, եթե խնդրո առարկա դրույթը հենց այդպես ու այդ նպատակով էլ գրված է, հակասում է ... ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ, Կոնվենցիայի 6, 13-րդ հոդվածներին»: Դիմողի կարծիքով, հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների դրսևորած անգործության դեմ դատական պաշտպանության իրավունքն իրացնելու համար «միջանկյալ օղակ նախատեսելը չի բավարարում` իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքի չափանիշին, ինչը` ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչն է»: Դիմողը եզրակացնում է, որ ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 6, 43-րդ հոդվածներին կամ ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի` «, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, «անգործության» մասով հակասում է ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության վերաբերյալ նույնաբովանդակ փաստարկներ են ներկայացրել նաև դիմողներ Ա. Սարգսյանը, Կ. Ռուբինյանը և Մ. Դանիելյանը: Բացի դրանից, դիմողներ Ա. Սարգսյանը և Կ. Ռուբինյանը գտնում են, որ «ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնատար անձանց գործողություններից և որոշումներից դատական պաշտպանություն հայցելու «սուբսիդիար» սկզբունքի վերացնելու դեպքում ի հայտ կգա շահերի իրական բախում` մրցակցություն, նախաքննության մարմին-դատախազություն-դատարան, որտեղ` պաշտպանության միջոցի արդյունավետության տեսակետից, ընտրությունը կկատարի դիմողը/բողոք բերողը, ինչը անխուսափելիորեն կխթանի էվոլյուցիան ... կբարձրանա թե՛ նախաքննության մարմնի որոշումների, թե՛ դատարանների որոշումների որակը, և վերջապես` դատարանի անկախությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողներ Ա. Սարգսյանը և Կ. Ռուբինյանը գտնում են, որ վերջինիս «... վարույթն իրականացնող մարմնի պարտականության» դրույթի պատճառով, թույլ չի տրվում ապահովել «անձի խախտված իրավունքների լիարժեք ու ամբողջական վերականգնում»: Հետևաբար` այդ դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը երաշխավորող 18 և 19-րդ հոդվածներին:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասում խոսք է գնում միայն գործողությունների և որոշումների բողոքարկման հնարավորության մասին, սակայն դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստարկ առ այն, որ տվյալ նորմի իրավակիրառ պրակտիկայում դատարանները հրաժարվում են քննել հետաքննության մարմինների աշխատակիցների, քննիչների, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից դրսևորված անգործության դեմ բերված բողոքները: Պատասխանող կողմը գտնում է, որ այդ նորմում որոշակիության սկզբունքը չի խախտվել և միանշանակորեն բողոքները կարող են բերվել և պետք է քննության առնվեն ինչպես գործողության, այնպես էլ անգործության դեմ: Հետևաբար, վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության 1, 3, 6 և 43 հոդվածների միջև որևէ հակասության մասին խոսք չի կարող գնալ:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասը սահմանում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների և կայացրած որոշումների բողոքարկման հերթականությունը, և դատախազական հսկողության իրականացումն այդ գործընթացում «պաշտպանության իրավունքն իրականացնելու համար միջանկյալ օղակ» գնահատվել չի կարող, քանի որ «և դատախազական հսկողությունը, և դատական հսկողությունը միմյանց լրացնող ինստիտուտներ են», հետևաբար, ինչպես գտնում է պատասխանողը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության առնչությամբ պատասխանող կողմը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր կատարման ենթակա են ցանկացած սուբյեկտի կողմից և դրանց չկատարման համար օրենքով սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ: Այսինքն` այն դեպքում, երբ դատարանը որոշում է կայացնում պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումը, ապա վարույթն իրականացնող մարմինը չի կարող չկատարել դատարանի որոշումը, հակառակ դեպքում տվյալ պաշտոնատար անձը ենթարկվելու է պատասխանատվության, այդ թվում` քրեաիրավական: Հետևաբար, առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

4. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ.

- մինչդատական վարույթում հետաքննություն և նախաքննություն, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումների և գործողությունների դատական բողոքարկման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը, օրենսդրական կարգավորմանն ու նշանակությանը,

- մինչդատական վարույթում դատական վերահսկողության և դատախազական հսկողության գործառույթների բովանդակությանը, դրանց տարանջատմանը և սահմանադրորեն թույլատրելի շրջանակներին, հաշվի առնելով նաև դատական բողոքարկման ինստիտուտի կիրառման վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները,

- հետաքննություն և նախաքննություն, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումների և գործողությունների դատական բողոքարկման ինստիտուտի կիրառման պրակտիկային` այնքանով, որքանով առնչվում է դիմումի առարկային:

5. Մինչդատական վարույթում հետաքննություն և նախաքննություն, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումների և գործողությունների դատական բողոքարկման ինստիտուտը (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 278 հոդվածի 2-րդ մաս, 290 հոդված) որպես քրեական վարույթում անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջոց կոչված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրության ինչպես 18 և 19 հոդվածներում, այնպես էլ 3, 14, 14.1, 16, 17 և անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական սկզբունքի գերակայությունն արտացոլող բազմաթիվ այլ հոդվածներում ամրագրված նորմերի կենսագործումը: Այն կոչված է ապահովելու անձի ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենքով երաշխավորված այլ իրավունքները, ազատությունները` վերոհիշյալ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց անօրինական (անիրավաչափ) որոշումներից ու գործողություններից և իրացվում է արդարադատական առանձնահատուկ գործառույթի` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության միջոցով: Վերջինս դրսևորվում է նաև քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի միջնորդությունները քննելու միջոցով (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 278 հոդվածի 1-ին մաս, 282 հոդված):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, վերջինիս` «Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ» վերտառությունը կրող 39-րդ գլխի նորմերի, համալիր վերլուծությունը վկայում է, որ հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների քննությունը, որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթ, ունի իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակները, մասնավորապես` բողոքարկվող որոշումների և գործողությունների օրինականությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օրենսդրության այլ ակտերի պահանջներին համապատասխանությունը) ստուգելու արդյունքում պարզել անձի (կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության այլ մասնակցի կամ այլ անձի) իրավունքների և ազատությունների խախտման փաստը և կայացնել համապատասխան որոշում` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության, կամ բողոքը մերժելու վերաբերյալ:

Սույն գործով դիմող կողմի ներկայացրած փաստարկների տեսանկյունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 290 հոդվածի 1-ին և 5-րդ մասերի սահմանադրականությունը գնահատելիս սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կարևորել այդ նորմերով կարգավորվող քրեադատավարական հարաբերությունների ինչպես սուբյեկտների շրջանակը, այնպես էլ` օբյեկտը, ելնելով վերոհիշյալ հոդվածի և օրենսգրքի այլ նորմերի համակարգային բովանդակությունից, ինչպես նաև քրեական գործերով արդարադատություն իրականացնելիս դատարանի ընդհանուր լիազորություններից (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 41 հոդված): Մասնավորապես, վիճարկվող 290 հոդվածի 1-ին մասի համաձայն հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները բողոքարկող սուբյեկտներ են քրեական դատավարության մասնակիցները և այլ անձինք, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով: Հիշյալ հոդվածի նույն մասի համաձայն քրեական գործերով մինչդատական վարույթում որպես դատական բողոքարկման անմիջական օբյեկտ (առարկա) են հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, այսինքն` այնպիսի որոշումներ ու գործողություններ, որպիսիք հատկապես մատնանշված են օրենսգրքի համապատասխան նորմերում: Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը նվիրված 39-րդ գլխի 278 հոդվածը (որը վերաբերում է դատական վերահսկողության ոլորտին) սահմանում է (մաս 2), որ «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

Նշվածին զուգահեռ, օրենսգրքի 290 հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նաև հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի դատական բողոքարկման ենթակա լրացուցիչ այլ գործողություններ ու որոշումներ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ բաժնի («Քրեական գործով մինչդատական վարույթ») հոդվածների, 290 հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համեմատական վերլուծությունը վկայում է, որ օրենսգրքի վիճարկվող 290 հոդվածի 1-ին մասի իմաստով մինչդատական վարույթում դատական բողոքարկման ենթակա են իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց այն որոշումները և գործողությունները, որպիսիք կայացվել են այդ սուբյեկտների` օրենսգրքի 53, 55 և 56 հոդվածներում նախատեսված իրենց ընդհանուր լիազորությունների շրջանակներում: Իսկ օրենսգրքի 290 հոդվածի 2-րդ մասը որպես առանձնահատուկ իրավակարգավորում սահմանում է, որ. «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»:

Այսուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի համաձայն դատարանը, ի թիվս քրեական գործերով ընդհանուր այլ լիազորությունների, իրավասու է «... քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները»: Այսպիսով, մինչդատական վարույթում օրենսդիրը դատարանին լիազորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների օրինականության, այլև` անգործության վերաբերյալ բողոքները, իսկ «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը բացառապես վերաբերում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներին ու գործողություններին, հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակներում չէր կարող վերագրվել նաև հիշյալ մարմինների անգործությանը:

6. Դիմողներն իրենց փաստարկներում առաջ են քաշում իրավակիրառական պրակտիկայում ձևավորված այն մոտեցումը, համաձայն որի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 290 հոդվածի 1-ին մասի դրույթները դատարանների կողմից ընկալվում են որպես նաև քրեական վարույթ իրականացնող մարմինների անգործության դեմ դատական բողոքարկման կարգ, ի հաստատումն որի սահմանադրական դատարան են ներկայացրել ՀՀ ոստիկանության անգործության դեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննված բողոքի վերաբերյալ կայացված որոշումը և այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, ՀՀ վճռաբեկ դատարանում բողոքարկվելու արդյունքում կայացված որոշումները:

Դատական այդ ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ոստիկանության անգործության դեմ բողոքը քննության է առնվել ՀՀ քրեական դատավարության 290 հոդվածի 1-ին մասի հիմքով և մերժվել այդ նորմում նախատեսված դատախազական բողոքարկման կարգը դիմողի կողմից չպահպանվելու պատճառաբանությամբ: Գործում առկա դատական նման այլ ակտերի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ դատարանները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմի դրույթները մեկնաբանել են նույնակերպ` մերժելով անձանց բողոքներն այն դեպքերում, երբ չի պահպանվել քրեական վարույթ իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները և անգործությունը նախօրոք դատախազին բողոքարկելու պահանջը: Գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի առնչությամբ «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը:

7. Ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության վերաբերյալ դիմող կողմի հարցադրումներից` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այդ նորմի իրավական բովանդակությունը բացահայտել նաև ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի 1-ին մասում, 18 և 19 հոդվածներում, 91 հոդվածի 1-ին մասում և 103 հոդվածում ամրագրված նորմատիվ պահանջներին համապատասխանության ու դրանց կատարման համար բավարար երաշխիքներ պարունակելու տեսանկյունից` այնքանով, որքանով ըստ վիճարկվող նորմի տառացի բովանդակության` հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումները և գործողությունները ենթակա են ինչպես դատախազական հսկողության, այնպես էլ դատական վերահսկողության: Այս առումով վիճարկվող նորմի իրավակարգավորումից դուրս է հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց և դատախազի անգործության վերաբերյալ բողոքների քննությունը: Դատարանն իրավասու է այդպիսի բողոքները քննել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով: Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործերով մինչդատական վարույթում բողոքարկման (դատախազական և դատական) ինստիտուտի իրավակիրառման շրջանակներում «գործողություն» և «անգործություն» եզրույթները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական վարույթի իրավակարգավորման շրջանակներում նույնաբովանդակ մեկնաբանվել չեն կարող: Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք (այդ թվում` քրեական վարույթ իրականացնող մարմիններն ու պաշտոնատար անձինք) ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի երկրորդ մասի նորմատիվ պահանջի համաձայն իրավասու են կատարելու միայն գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրական դատարանը գտնում է, որ «անգործություն» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում, սույն գործի առարկայի շրջանակներում, պետք է ընկալվի որպես հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց և դատախազի` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում: Վերջինս նույնպես կարող է առաջացնել իրավական հետևանքներ, պատճառ դառնալ մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման: Հետևաբար, նման անգործության դատական բողոքարկման նպատակը և ոչ իրավաչափ գործողության դատական բողոքարկման նպատակը նույնական են` հետապնդում են իրավունքների պաշտպանության համանման խնդիր: Այլ բան է, որ օրենսդիրը կարող է սահմանել դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր, սակայն մեկը մյուսով կլանելու և նման իրավակիրառական պրակտիկա ձևավորելու հանգամանքը վկայությունն է այն բանի, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի առկա խմբագրությունն իր մեջ անորոշություն է պարունակում և կիրառվում է իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության շրջանակներում:

8. Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասում նախատեսված դատական բողոքարկման կարգին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումները և գործողությունները դատարան բողոքարկելու` անձանց (քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց) իրավունքը կարող է իրացվել հետևյալ նախապայմանների դեպքում.

- եթե խախտվել են այդ անձանց իրավունքները և օրինական շահերը,

- եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Վերջինիս դեպքում հետևում է, որ անձը դատախազի որոշումը կամ գործողությունը բողոքարկելիս պետք է դիմի նաև վերադաս դատախազին: Իսկ իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ նախապայմանի առաջադրումը վիճարկվող նորմի իրավակարգավորման շրջանակներում խոչընդոտ չի կարող հանդիսանալ անձի բողոքն ըստ էության քննելու համար:

Այսպիսով, ինչպես վկայում է վիճարկվող նորմի իրավական բովանդակությունը, անձն իր իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության` ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված իրավունքն իրացնելիս նախ պարտավոր է դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում, այսինքն` արդարադատության մատչելիության իր իրավունքն իրականացնել իրավական պաշտպանության մեկ այլ միջոցի նախապես գործադրման պայմանով:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով, մասնավորապես` ՍԴՈ-652, ՍԴՈ-665 և ՍԴՈ-690, բազմիցս անդրադառնալով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին, կարևորելով անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար նորմատիվ իրավական բավարար նախադրյալների ստեղծումն ու զարգացումը` միաժամանակ կարևորել է միջազգային պարտավորություններից բխող ներպետական հայեցողական որոշակի ազատությունն արդարադատության մատչելիության և, հատկապես` դատական բողոքարկման իրավունքի օրենսդրական սահմանափակումների հարցում: Այդ կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների (այդ թվում` ձևական), կարող է իրավաչափորեն ներառել նաև օրենքով սահմանված` իրավունքների պաշտպանության արտադատարանական միջոցն սպառելու պայման:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմի դատական պրակտիկայի կողմից տրված մեկնաբանության շրջանակներում այդպիսի պարտադիր պայմանի առկայությունը, երբ քրեական վարույթ իրականացնող մարմնի, պաշտոնատար անձի անգործությամբ խախտվել են քրեական դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, և նա չի կարող առանց նախապայմանների իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը, չի բխում ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից: Այդ հոդվածի առաջին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա այդպիսի համարժեք միջոցների նախատեսումն ու մատչելիության ապահովումը պետության պարտականությունն է:

ՀՀ Սահմանադրության 5, 91 և 103 հոդվածների նորմերին համապատասխան ՀՀ-ում դատական իշխանությունն ու դատախազությունը սահմանադրաիրավական ինստիտուցիոնալ անկախ համակարգեր են` բաժանված պետական իշխանության այլ (օրենսդիր, գործադիր) մարմիններից, և գործում են Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

ՀՀ դատական իշխանության սահմանադրաիրավական դերի և բովանդակության բացահայտման ու գնահատման խնդիրներին սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում:

ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ: Քրեական գործերով մինչդատական վարույթում դատախազի լիազորությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53 հոդվածում, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածում, որոնցում պարունակվող դրույթների վերլուծությունը վկայում է, որ, ի ապահովումն սահմանադրական վերոհիշյալ պարտականության կատարման, մինչդատական վարույթում հսկողություն իրականացնելիս դատախազը պատասխանատու է հետաքննության և նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 3-րդ մաս), օժտված է այնպիսի լիազորություններով, որոնք կոչված են ղեկավարելու (ուղղորդելու) հետաքննության մարմնի, քննիչի դատավարական գործունեությունը, ինչպես նաև լուծելու վերջիններիս որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, «բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին» (օրենսգրքի 53 հոդվածի 9-րդ կետ): Վերոթվարկյալ գործառույթները դատախազն իրականացնում է հիշյալ հոդվածում նախատեսված իր լիազորությունների շրջանակներում` բողոքում հիմնավորված օրինախախտումները վերացնելու նպատակով ղեկավար ցուցումներ և այլ հանձնարարություններ տալով հետաքննության մարմնին, քննիչին կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին` անհրաժեշտության դեպքում վերացնելով նաև վերջիններիս որոշումները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 290 հոդվածի 1-ին մասի համաձայն` ինչպես դատախազը, այնպես էլ դատարանն իրավասու են քննելու վերոհիշյալ մարմինների, այդ թվում` նաև դատախազի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր լինելու դեմ բերված բողոքները: Սակայն տարբեր են այդ բողոքների քննության արդյունքում խախտված իրավունքի վերականգնման եղանակները, ձևերը և իրավական հետևանքները, մասնավորապես, դատական վերահսկողությունն իրականացվում է անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականության մասին որոշման կայացմամբ: Հետևաբար, դրանով է պայմանավորված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի` սույն գործով վիճարկվող 5-րդ մասի նորմատիվ պահանջը, որին համապատասխան բողոք քննելու արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե հետաքննության մարմնին, քննիչին և օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես տեղի ունի դատախազական հսկողության դեպքում, այլ այդ մարմինների ու պաշտոնատար անձի կողմից թույլ տրված օրինախախտումը վերացնելը և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելը պարտավորեցնելով, որը բխում է դատական իշխանության սահմանադրաիրավական բովանդակությունից և դրան համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատարանի լիազորություններից: Սույն գործում առկա ԵԿԴ/007/11/09 գործով, վերոհիշյալ նորմի իրավական բովանդակությանն այդպիսի մեկնաբանում է տվել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 08.05.2009թ. որոշմամբ: Այսպիսով, սահմանադրական դատարանը ոչ թե ժխտում է հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց որոշումների ու գործողությունների օրինականությունը վիճարկելու արտադատարանական (տվյալ դեպքում` դատախազին բողոքարկելու) կարգը` որպես ՀՀ Սահմանադրության 18 հոդվածով երաշխավորված իրավունքի իրացման միջոց, այլ կարևորում է վերջինիս և վիճարկման դատական միջոցի` իրավական բովանդակության, դրանց կիրառման հիմքերի (դեպքերի), օրենքով այնպիսի հստակեցումը, որը սույն գործի առարկայի շրջանակներում լինի միակերպ ընկալելի ինչպես դիմող, այնպես էլ իրավակիրառող սուբյեկտների համար, ընդգրկելով նաև սույն որոշմամբ կարևորված այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են դատախազական հսկողությանն ու դատական վերահսկողությանը: Իրավակարգավորման այսպիսի եղանակը կկողմնորոշի քրեական դատավարության մասնակիցներին և շահագրգիռ այլ անձանց առավել արդյունավետ ձևով իրականացնել Սահմանադրության 18 հոդվածում երաշխավորված իրենց իրավունքը:

i

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև ՀՀ օրենսդրական զարգացումների ընդհանուր տրամաբանությունը (մասնավորապես` արտահայտված ՀՀ սահմանադրական դատարանի 16 հունվարի 2007թ. ՍԴՈ-673 որոշման մեջ, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի 3-րդ մասում), գտնում է, որ այն դեպքում, երբ պետական մարմինը (տվյալ դեպքում քրեական վարույթ իրականացնող) կամ պաշտոնատար անձն իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, դատարանը ստուգում է, թե արդյո՞ք տվյալ մարմնի կողմից ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողությունը կատարելը կամ անգործություն դրսևորելն իրականացվել են օրենսդրությանը համապատասխան:

Այսպիսով, քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության և դատական վերահսկողության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող, այդ թվում` սույն գործով վիճարկվող, իրավանորմերի համալիր վերլուծությունը միանշանակ վկայում է այդ գործառույթների ընդհանուր նպատակի (որպես իրավապահ գործունեություն), սակայն տարբեր առանձնահատկությունների մասին, հետևաբար, պատասխանող կողմի փաստարկն այն մասին, թե «... և դատախազական հսկողությունը, և դատական հսկողությունը միմյանց լրացնող ինստիտուտներ են», չի բխում սույն գործով վեճի առարկայից և այդ գործառույթների սահմանադրաիրավական բովանդակությունից: Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործերով մինչդատական վարույթի շրջանակներում քրեական վարույթ իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների ու անգործության դատական բողոքարկման ինստիտուտի կիրառման պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` այդ բնագավառը կարգավորող նորմերի դրույթները պետք է ընկալվեն նաև որպես համակարգային ամբողջություն, որը պայմանավորված է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանադրաիրավական բովանդակությամբ և երաշխիք է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածով նախատեսված անձանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի «... և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

i

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 դեկտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-844

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.12.2009
N ՍԴՈ-844
Որոշում