Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳ ...

 

 

020.0848.181209

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 դեկտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 23-ին` Լյուքսեմբուրգ քաղաքում:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել երկու պետությունների միջև համագործակցությունը մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում, ինչպես նաև նպաստել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, երկու ժողովուրդների առավել լայն ճանաչմանն ու փոխըմբռնմանը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- համաձայնագրի շրջանակներում իրականացնել երկու երկրների միջև մշակույթի, կրթության, գիտության և երիտասարդությանն առնչվող ոլորտներում փոխանակումներ, համատեղ կոնֆերանսներ և սիմպոզիումներ, կրթաթոշակների փոխադարձ տրամադրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար, գրադարանավարների ու թանգարանագետների փոխադարձ այցելություններ, համալսարանների, ինստիտուտների և դպրոցական հաստատությունների կողմից հրատարակված գիտական հրապարակումների, գրքերի, կրթական ձեռնարկների, ինչպես նաև հետազոտական, վիճակագրական և տեղեկատվական այլ նյութերի փոխանակում,

- հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից ստեղծել համատեղ հանձնաժողով, որի նիստերն առնվազն երեք տարին մեկ անգամ` այդ մարմինների միջև դիվանագիտական ուղիներով նախապես համաձայնեցված ժամկետներում, կգումարվեն հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Լյուքսեմբուրգում,

- սեփական միջոցների հաշվին ֆինանսավորել կրթաթոշակի տրամադրումը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից և երաշխիք են մարդու և քաղաքացու սոցիալ-մշակութային բնագավառի հիմնական իրավունքների ու ազատությունների իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 դեկտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-848

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.12.2009
N ՍԴՈ-848
Որոշում