Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0207/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0207/02/08

Նախագահող դատավոր`  Ա. Մկրտչյան

    Դատավորներ`          Ն. Հովսեփյան

                         Է. Մուրադյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Վ. Աբելյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի օգոստոսի 11-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ Անահիտ Հարությունովայի հայցի ընդ դեմ Հասմիկ Ղազարյանի` առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Հարությունովան պահանջել է լուծել 18.10.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2008 թվականի որոշմամբ Հասմիկ Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 08.08.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին, 40-րդ հոդվածի 1-ին, 78-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 112-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է ոչ թե Հասմիկ Ղազարյանին, այլ Լևոն Սարգսյանին, որպես Հասմիկ Ղազարյանի ներկայացուցիչ: Մինչդեռ, Լևոն Սարգսյանը չի ունեցել Հասմիկ Ղազարյանի անունից դատարանում հանդես գալու և նրա շահերը ներկայացնելու պատշաճ լիազորություններ: Այսինքն` գործը քննվել է Հասմիկ Ղազարյանի բացակայությամբ, վերջինս զրկվել է իր իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունից:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին, 51-րդ հոդվածի 1-ին, 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Անահիտ Հարությունովան պարտավոր էր Դատարանին ներկայացնել իր կողմից վկայակոչված փաստերը հիմնավորող ապացույցներ, մինչդեռ, վերջինս Դատարան է ներկայացրել միայն վիճարկվող պայմանագիրը: Այս պարագայում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող պայմանագրի 6-րդ կետում նշված է տան արժեքի գումարը` գործարքի կնքման պահին Անահիտ Հարությունովային վճարելու մասին: Վերը նշվածը հիմնավորում է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը կատարել է ապացույցների թերի հետազոտում և գնահատում, ինչի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Լևոն Սարգսյանի, որպես Հասմիկ Ղազարյանի ներկայացուցիչ, գործի նյութերին ծանոթանալու մասին 16.07.2008 թվականի դիմումին կից առկա չէ Հասմիկ Ղազարյանի անունից գործը վարելու պատշաճ ձևակերպված Լևոն Սարգսյանի լիազորությունները հաստատող ապացույցը (հատ. 1, գ.թ. 94):

2) 04.08.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հասմիկ Ղազարյանին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

Վճռաբեկ դատարանն այս հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տե՛ս քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ գործի նյութերին ծանոթանալու դիմումով Հասմիկ Ղազարյանի կողմից Լևոն Սարգսյանի անվամբ տրված լիազորագրի հիման վրա Դատարան է ներկայացել Հասմիկ Ղազարյանի ներկայացուցիչը, որն էլ պատշաճ կերպով ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Դատարանը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իր դատավարական պարտականությունը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Հասմիկ Ղազարյանին հնարավորություն է տրվել օգտվելու իր դատավարական իրավունքներից, անտեսել է այն հանգամանքը, որ գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ Լևոն Սարգսյանի 16.07.2008 թվականի դիմումին կից չի ներկայացվել Հասմիկ Ղազարյանի կողմից Լևոն Սարգսյանի անվամբ տրված Դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորությունները հաստատող ապացույցը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 04.08.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հասմիկ Ղազարյանին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ, այսինքն` Հասմիկ Ղազարյանը չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները դատարանի քննության առարկա չեն դարձվել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Վ. Աբելյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.08.2009
N ԵՔԴ/0207/02/08
Որոշում