Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2 ...

 

 

050.0362.280110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        01            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2009 թվականի թիվ 362-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին թիվ 241-Ն որոշմամբ հաստատված «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ում` (այսուհետ` Կանոնակարգ 17) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնակարգ 17-ի 6-րդ կետը լրացնել նոր «ը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ը) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված փոստային հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գործունեության լիցենզիան:»:

i

2) Կանոնակարգ 17-ի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«24. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաների գրանցամատյան, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

ա) Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը,

բ) Գրանցման համարը,

գ) Լիցենզիայի համարը,

դ) Լիցենզիան տրամադրելու մասին խորհրդի որոշման ամսաթիվը և համարը,

ե) Լիցենզիայի տրման ամսաթիվը,

զ) Գտնվելու վայրը,

է) Գործունեության իրականացման վայրը,

ը) Գործունեության տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա,

թ) Տեղեկություններ մասնաճյուղի (ներկայացուցչության) անվանման, գտնվելու վայրի, հաշվառման վկայականի համարի, հաշվառման համարի, գործունեության դադարեցման մասին,

ժ) Տեղեկություններ տրամադրված կոդի և այդ կոդի անվավեր ճանաչման հիմքերի մասին,

ժա) Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և գործողության դադարեցման մասին:

Գրանցամատյանի ձևը սահմանվում է` համաձայն հավելված 9-ի:»:

i

3) Կանոնակարգ 17-ի 57-րդ կետի ա) ենթակետում «65-րդ կետով» բառերը փոխարինել «69-րդ կետով» բառերով:

i

4) Կանոնակարգ 17-ի 12-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 

«Գլուխ 12. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության

ղեկավարների թեկնածուների որակավորման, մասնագիտական

համապատասխանության ստուգման կարգը

 

58. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարներ են հանդիսանում գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը (այսուհետ` ղեկավար):

58.1 Ղեկավարների թեկնածուների (այսուհետ` թեկնածուներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է գրավոր քննության (այսուհետ` քննություն) միջոցով, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Թեստավորման ծառայության կողմից (այսուհետ` թեստավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` այլ կազմակերպության կողմից:

58.2 Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության թեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:

59. Թեկնածուները քննությանը մասնակցելու համար պետք է նախապես հերթագրվեն: Թեկնածուները կարող են հերթագրվել ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսով:

1) Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը:

2) Թեկնածուները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի` թողնելով համապատասխան հաղորդագրություն` ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ.

ա. անուն, ազգանուն,

բ. որակավորման տեսակ,

գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

դ. հեռախոսահամար:

3) Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալներից, պետք է հայտնեն նաև անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն:

4) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում թեստավորման ծառայության աշխատակիցը թեկնածուի` Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է նրան քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և (կամ) ժամի մասին:

60. Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

բ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

61. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով:

1) Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից և որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա:

2) Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա չեն հրապարակման:

3) Թեստերը կազմվում են` ստուգելու թեկնածուի իմացությունը Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզավորման, գործունեության, գործունեության կարգավորման ու վերահսկողության, հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության, ընդհանուր տնտեսագիտության ոլորտներում:

62. Թեստը պարունակում է 30 հարց: Թեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

63. Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ:

64. Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր:

65. Հայերեն լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում, Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայերեն լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:

66. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

1) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: ՈՒշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

2) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

3) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

4) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

5) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

67. Թեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ.

ա) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

բ) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված և նրան տրվում է որակավորման վկայական:

68. Թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը:

69. Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված թեկնածուներին` թղթային ձևով (համաձայն Հավելված 8-ի), քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորված անձանց ցուցակը թարմացվում է որակավորված անձանց որակավորման ժամկետը լրանալու կամ որակավորումից զրկվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

70. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:

71. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 5 (հինգ) տարի ժամկետով: Ժամկետի լրանալուն պես որակավորման վկայականը անվավեր է:

71.1 Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները` քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ (համաձայն Հավելված 11-ի) կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

71.2 Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով, իսկ կորցրած վկայականը համարվում է անվավեր:

71.3 Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի և բանկի ու օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել որպես պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավար առանց պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման վկայական ստանալու` ըստ համապատասխան որակավորման:»:

5) Կանոնակարգ 17-ի Հավելված 6-ը ուժը կորցրած ճանաչել:

i

6) Կանոնակարգ 17-ի Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

i

7) Կանոնակարգ 17-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

i

8) Կանոնակարգ 17-ում լրացնել Հավելված 11-ը` համաձայն Հավելված 3-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 8

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային

փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ

իրականացնող կազմակերպությունների

լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը,

ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

._______________________________________________________________.

|                ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N            |

|                                                               |

|                     Սույն վկայականը տրվում է                  |

|   ___________________ -ին      ______________________________ |

|     Անուն, ազգանուն           անձը հաստատող փաստաթղթի տվյալներ|

|                                                               |

| Վճարային գործիքների և  վճարահաշվարկային                       |

| փաստաթղթերի պրոցեսինգ և  քլիրինգ                              |

| իրականացնող կազմակերպության _________________________________ |

|                              պաշտոնի կամ պաշտոնների անվանումը |

| պաշտոնում աշխատելու համար:                                    |

|                                                               |

| Սույն վկայականն ուժի մեջ է մինչև  «___» _______________ 20 թ.:|

|                                                               |

| ՀՀ կենտրոնական                                                |

| բանկի նախագահ` _____________                                  |

|                                                               |

|                                      «___» _____________20  թ.|

._______________________________________________________________.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 9

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային

փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ

իրականացնող կազմակերպությունների

լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը,

ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

 

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և

քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյան

 

.______________________________________________________________________

|Լիցենզա|Գրանց-|Լիցեն-|Լիցեն- |Լիցեն-|Գտնվե-|Գործու|Գործու- |Տեղեկութ-|

|վորված |ման   |զիայի |զիան   |զիայի |լու   |նեութ-|նեության|յուններ  |

|իրավա- |համարը|համարը|տրամադ-|տրման |վայրը |յան   |տեսակը, |լիցեն-   |

|բանական|      |      |րելու  |ամսա- |      |իրակա-|որի     |զիայի    |

|անձի   |      |      |մասին  |թիվը  |      |նացման|իրակա-  |վերաձևա- |

|անվա-  |      |      |խորհրդի|      |      |վայրը |նացման  |կերպման  |

|նումը  |      |      |որոշման|      |      |      |համար   |մասին    |

|       |      |      |ամսա-  |      |      |      |տրվել է |         |

|       |      |      |թիվը և |      |      |      |լիցենզիա|         |

|       |      |      |համարը |      |      |      |        |         |

|_______|______|______|_______|______|______|______|________|_________|

.______________________________________________________________________

______________________________________________________________________.

|Մասնա-   |Մասնա-   |Մասնա-   |Մասնա-   |Մասնաճյուղի |Տեղեկութ|Կո|Կոդի|

|ճյուղի   |ճյուղի   |ճյուղի   |ճյուղի   |(ներկայա-   |յուններ |դը|անվա|

|(ներկայա-|(ներկայա-|(ներկայա-|(ներկա-  |ցուցչության)|լիցեն-  |  |վեր |

|ցուց-    |ցուցչութ-|ցուց-    |յացուց-  |գործունեութ-|զիայի   |  |ճանա|

|չության) |յան)     |չության) |չության) |յան         |գործո-  |  |չե- |

|անվանումը|գտնվելու |հաշվառման|հաշվառման|դադարեցման  |ղության |  |լու |

|         |վայրը    |վկայականի|համարը   |մասին       |կասեց-  |  |հիմ-|

|         |         |համարը   |         |տեղեկութ-   |ման, դա-|  |քը  |

|         |         |         |         |յուններ     |դարեցման|  |    |

|         |         |         |         |            |մասին   |  |    |

|_________|_________|_________|_________|____________|________|__|____|

______________________________________________________________________.

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 11

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային

փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ

իրականացնող կազմակերպությունների

լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը,

ղեկավարների որակավորումը» կանոնակարգ

17-ի

 

ԴԻՄՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

 

Բողոքարկողի անուն, ազգանուն

 

Բողոքարկողի անձնագրային տվյալներ

 

Քննության անցկացման օր, ամիս, տարեթիվ

 

Որակավորման տեսակը

 

Հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում)

 

Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը

 

    Դիմող`                                  «___» _____________20 թ.:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.12.2009
N 362-Ն
Որոշում