Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0124.180210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 124-Ն

 

i

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հեռավար (դիստանցիոն) ձևով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում.

2) քառամսյա ժամկետում հաստատել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 11-ի

N 124-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում և հետբուհական կրթական ծրագիր իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` ուսումնական հաստատություն) հեռավար (դիստանցիոն) կրթական տեխնոլոգիաների (այսուհետ` հեռավար ուսուցում) ներդրման և կիրառման դրույթները: Հեռավար ուսուցումը կարող են կազմակերպել միայն համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները` հիմնական և (կամ) լրացուցիչ մասնագիտական, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրերով:

2. Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ սովորողի և դասախոսի միջև անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար (դիստանցիոն) ուսուցման կիրառման նպատակն ուսումնառողներին բնակության վայրերում կրթական ծրագրերի յուրացման հնարավորություն ընձեռելն է:

3. Հեռավար ուսուցման հիմքը կազմում են փաթեթային (քեյսային), ինտերնետ և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները: Թույլատրվում է տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը:

4. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն (առանց տարիքի սահմանափակման) ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական-տեխնիկական, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի և հետազոտողի, ասպիրանտի որակավորում ունեցող անձինք:

5. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունն ըստ մասնագիտությունների սահմանվում է այդ մասնագիտությունների համար հաստատված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

6. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության` համապատասխան որակավորման աստիճանի պետական կրթական չափորոշիչներով, ուսումնական պլանին համապատասխան: ՈՒսումնական հաստատության որոշմամբ հեռավար (դիստանցիոն) ուսուցման տևողությունը կարող է կրճատվել այն ուսանողների համար, ովքեր ունեն հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն: Կրճատված ժամկետներում կրթական ծրագրի լրիվ յուրացումն իրականացվում է անհատական ժամանակացույցով:

7. Հեռավար (դիստանցիոն) ուսուցման տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, պրակտիկաների (բացառությամբ` արտադրական), ընթացիկ և միջանկյալ ատեստավորումների (բացառությամբ` ամփոփիչ ատեստավորման) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, ուսանող-դասախոս անմիջական հաղորդակցությունը: Հեռավար (դիստանցիոն) ուսուցման դեպքում դասավանդողների և ուսումնառողների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կողմից:

8. ՈՒսումնական հաստատությունն իրավասու է սահմանված կարգով կիրառելու հեռավար (դիստանցիոն) ուսուցման տեխնոլոգիաները` այդ տեխնոլոգիաներին համապատասխան պատրաստվածության աստիճան ունեցող ղեկավար և մանկավարժական, ուսումնաօժանդակ անձնակազմերի և հեռավար (դիստանցիոն) ուսուցման կազմակերպման կիրառման համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներով հագեցած տարածքների և պայմանների առկայության դեպքում: Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և ուսումնական հաստատության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

9. Տվյալ ուսումնական տարվա համար համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով բուհ ընդունված ուսանողները հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ ուսումնառելու դեպքում ներկայացնում են գրավոր դիմում և բուհի հետ կնքում համապատասխան պայմանագիր:

10. Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը կազմակերպվում է` սկսած առաջին կիսամյակից:

11. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունն իրավասու է կրթական գործընթացի արդյունքների հաշվառումը և հաստատության ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացնելու էլեկտրոնային տարբերակով: Ամփոփիչ, ավարտական ատեստավորման փաստաթղթերը և սովորողների անձնական գործերը սահմանված կարգով պահվում են բուհում:

12. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսանողներին, դասախոսներին և ուսումնաօժանդակ անձնակազմերին ապահովում է անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով (ուսումնական պլան, ուսանողի անհատական ուսումնական պլան, քննական թեստեր և այլն): Անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունը կարող է տրամադրել տեղեկատվական հրատարակություններ, բառարաններ, ճյուղային և հասարակական-քաղաքական հրատարակություններ, բազային տվյալների հղումներ, ինտերնետային կայքեր, տեղեկատվական համակարգեր, էլեկտրոնային բառարաններ և ցանցային ռեսուրսներ:

13. ՈՒսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան) կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուսումնական տարվա համար` ուսումնական պլանի հիման վրա: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), մոդուլները, յուրաքանչյուր առարկային հատկացված ժամաքանակը, կրեդիտը, ստուգման և մատուցման ձևը:

14. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրերի իրականացման ժամանակ ուսումնական հաստատությունը սահմանում է հաստատության տեղեկատվական բազայի (ռեսուրսների) օգտագործման կարգն ու ձևը:

15. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունն իր միջոցների հաշվին` օրենքով սահմանված կարգով ապահովում է ղեկավար, մանկավարժական, ուսումնաօժանդակ անձնակազմերի (այդ թվում` մասնաճյուղերում աշխատող) վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 124-Ն
Որոշում