Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.0873.130410

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118 ԵՎ 118.6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 ապրիլի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող Ա. Նիկողոսյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Անուշավան Նիկողոսյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 118 և 118.6-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Նիկողոսյանի` 26.01.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի վիճարկվող 118 և 118.6-րդ հոդվածներն ամրագրված են օրենսգրքի` «Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ 20-րդ գլխում:

Օրենսգրքի 118-րդ հոդվածը` «Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ, սահմանում է. «Վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը»:

Օրենսգրքի վիճարկվող 118.6-րդ հոդվածը` «Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը» վերտառությամբ, սահմանում է.

«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ

3) առկա է նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը, կամ

4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց»:

i

Օրենսգրքի` «Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ 20-րդ գլուխը փոփոխության է ենթարկվել 2009թ. ապրիլի 7-ին ընդունված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով: Նշված օրենքով օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխություններն ու լրացումները պայմանավորվել են ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը և 118-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվեցին ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը միաժամանակ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ էր սահմանել 2009թ. մարտի 31-ը` ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն տալով օրենսդրական կարգավորումները համալիր ձևով համապատասխանեցնելու դատարանի որոշման պահանջներին:

2009թ. ապրիլի 7-ին ընդունված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով ՀՀ Ազգային ժողովն օրենսգրքի 20-րդ գլխում 118-րդ հոդվածը շարադրեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացրեց 118.1-118.6-րդ հոդվածներով:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: ՀՀ վարչական դատարանն իր` 04.09.2009թ. վճռով մերժել է դիմողի հայցն ընդդեմ Լոռու մարզպետարանի` «Ակտը մասնակի առոչինչ ճանաչելու պահանջի մասին»: Նշված վճիռը դիմողի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ6/0334/05/08 վարչական գործով ըստ հայցի Անուշավան Նիկողոսյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետարանի` «Ակտը մասնակի առոչինչ ճանաչելու պահանջի մասին», իր` 02.12.2009թ. որոշմամբ վերադարձրել է ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ6/0334/05/08 վարչական գործով 04.09.2009թ. վճռի դեմ դիմողի կողմից նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բերված վճռաբեկ բողոքը:

3. Դիմողը` վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում 2009թ. ապրիլի 7-ին ընդունված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններից ու լրացումներից հետո էլ ապահովված չէ վարչական արդարադատության երկաստիճան համակարգում վճռաբեկ դատարանի մատչելիությունն ու արդյունավետությունը: Մասնավորապես, օրենսգրքի 118-րդ հոդվածը շարունակում է հնարավորություն տալ վարչական գործերով վճռաբեկ վարույթի նկատմամբ կիրառել քաղաքացիական դատավարության նորմերը, իսկ 118.6-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները որևէ կերպ չեն ապահովում վճռաբեկ դատարանի մատչելիությունը: Դիմողը խնդրում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118 և 118.6-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող ու անվավեր:

4. Պատասխանողը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշումից հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը լրացվեց վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայումը, վճռաբեկ բողոք բերելու իրավունքը և հիմքերը, վճռաբեկ բողոք բերելու ժամկետները և կարգը, վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմանները սահմանող` 118.1-118.6-րդ հոդվածներով: Արդյունքում, թեև սահմանվեց, որ վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա (mutatis mutandis) տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, այնուամենայնիվ, վճռաբեկության ինստիտուտի իրավակարգավորման հիմնական տարրերը, այդ թվում` նաև վճռաբեկ բողոքի հիմքերն ու ընդունելիության պայմանները, հաշվի առնելով վարչական արդարադատության առանձնահատկությունները, սահմանվեցին վարչական դատավարության օրենսգրքով:

Օրենսդիրը վճռաբեկության կարգով վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը տարածել է այնքանով, որքանով դրանք բխում են երկաստիճան դատական համակարգում վճռաբեկության առանձնահատկություններից և երաշխավորում են վարչական արդարադատության համակարգում վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը:

Ըստ պատասխանողի` օրենսգրքի վիճարկվող 118-րդ հոդվածը 118.1.-118.6-րդ հոդվածների հետ համակցության մեջ գնահատելու դեպքում պարզ է դառնում, որ գործող իրավակարգավորումն էապես տարբերվում է մինչև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքի ընդունումը գործած իրավակարգավորումից:

Պատասխանողը նաև փաստում է, որ վարչական դատավարությունում «...նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմնավորումը բավական է վճռաբեկ բողոքն ընդունելու համար»:

5. Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արդյունավետ իրականացման, ինչպես նաև վարչական դատավարության մասնակիցների կողմից վարչական դատարանի ակտը բողոքարկելու իրավունքի երաշխավորման առումով: Սահմանադրական դատարանի այդ իրավական դիրքորոշումներն ամբողջությամբ վերաբերելի են նաև սույն գործով քննության առարկա հարցերին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող իրավանորմերն ընդունվել են ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման արդյունքում` սահմանադրական դատարանը կարևոր է համարում պարզել, թե որքանո՞վ են հաշվի առնվել ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենսդրական փոփոխությունները կատարելիս, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխություններն ու լրացումները որքանո՞վ են նպաստել վարչական արդարադատության երկաստիճան համակարգում վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետության ապահովմանը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ նման գնահատականը պահանջում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի փոխկապակցված բոլոր դրույթների համադրված վերլուծություն` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան քննության առնել վիճարկվող նորմերի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող` օրենսգրքի 20-րդ գլխի բոլոր դրույթների սահմանադրականության հարցը:

6. Վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի` 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ, դրույթների և նույն գլխի` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով փոփոխված դրույթների համեմատական վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ դատարանում վարչական գործերի վարույթի գործող իրավակարգավորմանը, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, հատուկ են հետևյալ հիմնական տարրերը.

նախ. եթե օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը mutatis mutandis վերապահմամբ տարածվում են վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա, ապա վարչական դատարանի ակտերի բողոքարկման հիմքերի վրա, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, քաղաքացիական դատավարության նորմերը չեն տարածվում, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում փոփոխությունների արդյունքում ամրագրվել է «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը» վերտառությամբ 118.3-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական դատարանի ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկման հիմքերը:

Երկրորդ` օրենսգրքի 20-րդ գլուխը (հոդված 118), նոր իրավակարգավորման արդյունքում նախատեսելով վարչական գործերով վճռաբեկ դատարան բողոքարկելու կարգի վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը տարածելու հնարավորություն, միաժամանակ ամրագրել է բողոքարկման կարգի առանձին տարրեր կանոնակարգող նորմեր (բողոքարկման ենթակա դատական ակտերի և բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, վճռաբեկ բողոք բերելու ժամկետները, վճռաբեկ բողոքը ներկայացնելու կարգը):

Երրորդ` օրենսգրքի 20-րդ գլխում ամրագրվել է 118.6-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական դատարանի ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմանները, որոնք տարբերվում են քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմաններից:

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանում վարույթի կարգին, ապա այս առնչությամբ ներկա իրավակարգավորումը «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքի ընդունման արդյունքում էական փոփոխության չի ենթարկվել, և վարչական գործերով վճռաբեկ դատարանում վարույթն հիմնականում իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերով:

Սահմանադրական դատարանը` հաշվի առնելով ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխությունների ու լրացումների բովանդակային վերլուծության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի հետ դրանց համադրման արդյունքում արձանագրում է.

ա) մինչև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքի ընդունումն առկա իրավակարգավորման և գործող իրավակարգավորման միջև հիմնական բովանդակային տարբերությունը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանը փոխարինվել է վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պայմանով,

բ) կատարված փոփոխությունները համակարգային առումով ամբողջական չեն, չեն ապահովում ու երաշխավորում վճռաբեկ դատարանում վարչական վարույթի իրականացման հստակ կարգն ու առանձնահատկությունները (ինչը նախատեսված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածով), չի գտնվել վարչական արդարադատության գործառնական ու կառուցակարգային դատարանակազմական ամբողջականության երաշխավորման արդյունավետ լուծում,

գ) հիմնական բացը, որը հանգեցնում է վարչական դատարանի ակտերի բողոքարկման առկա երկաստիճան համակարգի գործունակության էական թուլացմանը, վերաբերում է բողոքը վերադարձնելու հիմնախնդրի իրավակարգավորմանն ու դրան համապատասխան` կառուցակարգային երաշխիքների ապահովմանը:

7. Վիճարկվող 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում տեղ են գտել քաղաքացիական դատավարության եռաստիճան համակարգին բնորոշ իրավակարգավորումներ, մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական արդարադատության ներկայումս գործող երկաստիճան համակարգում վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Վճռաբեկ դատարանի` որպես ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն մարմնի, կառուցակարգային կարգավիճակը չի կարող խոչընդոտել օրենքով նրան վերապահված իրավասության լիարժեք իրականացմանը և այդ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը, եթե ստեղծվում են դրա համար անհրաժեշտ նաև իրավական ու կառուցակարգային երաշխիքներ: Սահմանադրական դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով: ՈՒստի նրա որևէ կառուցակարգային կարգավիճակ չի կարող լիազորության լիարժեք կատարման խոչընդոտ հանդիսանալ: Միաժամանակ, սահմանադրական իրավակարգավորման առանցքային խնդիրներից մեկը հենց այն է, որպեսզի երաշխավորվի «գործառույթ-ինստիտուտ-լիազորություն» շղթայի օրգանական ամբողջականությունն ու լիարժեքությունը: Եթե օրենսդիրն անհրաժեշտ է համարել Հայաստանում ձևավորել մասնագիտացված վարչական դատարան` միայն դատական մեկ աստիճանով, իսկ վերջինիս ակտերի բողոքարկման իրավասությունը վերապահել վճռաբեկ դատարանին, ապա բողոքարկման համակարգի ամբողջականությունն ու արդյունավետությունը նույնպես պետք է երաշխավորվի այս կառուցակարգային լուծումների շրջանակներում: Մասնավորապես, դա վերաբերում է նաև բողոքների ընդունման ու դրանց ըստ էության քննության առանձնահատկություններին:

Հետևաբար, վիճարկվող դրույթում վճռաբեկ դատարանի կարգավիճակի վկայակոչմամբ բողոքի ընդունելիության այնպիսի պայմաններ չեն կարող սահմանվել, ինչը կարող է արդյունավետ չդարձնել ու սահմանափակել անձի` դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակը, այդ հնարավորության ապահովման անհրաժեշտությունից թելադրված պետք է փնտրվեն ու գտնվեն դատարանակազմական լուծումները:

Մասնավորապես, վարչական դատարանի ակտերի վերաբերյալ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքում պետք է դրվի ոչ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի, այլև` 213-րդ հոդվածի իրավակարգավորման տրամաբանությունը` նախատեսելով դրա իրացման համապատասխան երաշխիքներ:

8. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված նորմի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված նորմի, մասնավորապես, դրանցում համապատասխանաբար` «հանգեցրել է գործի սխալ լուծմանը» և «կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ» բառակապակցությունների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պայմանը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պայմանի, որոշակի առաջընթաց է վճռաբեկ դատարանի մատչելիության ապահովման առումով: Սակայն սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս փաստը դեռևս բավարար պայման չէ նոր իրավակարգավորման արդյունավետությունը գնահատելու համար: Վերջինիս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված` բողոքի ընդունելիության պայմանի բովանդակությունը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ:

Վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածում ամրագրված` վճռաբեկ բողոք բերելու ընդհանուր հիմքում «կարող էր ազդել գործի ելքի վրա» բառակապակցության և 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված` վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանում «հանգեցրել է գործի սխալ լուծմանը» բառակապակցության համեմատական վերլուծությունը վկայում է, որ «կարող էր» բառակապակցությունն արտահայտում է հավանականություն և կրում է դիսպոզիտիվ բնույթ, իսկ 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված` «հանգեցրել է» արտահայտությունը ենթադրում է փաստի հաստատում և կրում է իմպերատիվ բնույթ:

Նման տարբերությունը բովանդակային առումով նշանակում է, որ եթե վճռաբեկ բողոք բերող անձն իր բողոքում պարտավոր է հիմնավորել դատական սխալի` գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ իր ենթադրությունը, ապա վճռաբեկ դատարանը դիմումի ընդունելիության հարցի քննության փուլում պարտավոր է ոչ թե ստուգել դատական սխալի` գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ վճռաբեկ բողոք բերող անձի ենթադրության հիմնավորված լինելու հանգամանքը, այլ հաստատել այն փաստը, որ դատական սխալը հանգեցրել է կամ չի հանգեցրել գործի սխալ լուծմանը: Իրավակիրառական պրակտիկան ևս ձևավորվել է օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված նորմի նման ընկալմամբ: Մասնավորապես, այդ մասին է վկայում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումներում, այդ թվում` դիմողի գործով կայացրած որոշման մեջ վճռաբեկ դատարանի հետևյալ ձևակերպումը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, գնահատելով գործում առկա ապացույցները, պարզելով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և կիրառելով սույն գործով կիրառման ենթակա օրենքները, իրավացիորեն հայցը մերժել է «:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական սխալի` գործի սխալ լուծմանը հանգեցրած լինելու կամ չլինելու փաստի հաստատումն իր բնույթով չի վերաբերում դիմումի ընդունելիության պայմաններին, նման փաստի հաստատումը կարող է տեղի ունենալ դատաքննության փուլում` արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Որպես վճռաբեկ բողոքի ընդունելիության պայման կարող է հանդես գալ գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ վճռաբեկ բողոք բերող անձի ենթադրության ներկայացված լինելու հանգամանքի ստուգումը, այլ ոչ թե այն փաստի հաստատումը, որ դատական սխալը հանգեցրել է կամ չի հանգեցրել գործի սխալ լուծմանը:

Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ի մասը, որի համաձայն` «Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով»: Այս նորմը ևս վկայում է այն մասին, որ դատական սխալի` գործի սխալ լուծմանը հանգեցնելու փաստի հաստատումը հանդիսանալով վճռի բեկանման հիմք` չի հանդիսանում և չի կարող հանդիսանալ բողոքի ընդունելիության պայման: Հետևաբար, այդ հարցը ենթակա է լուծման դատաքննության փուլում, այլ ոչ թե դիմումի ընդունելիության հարցի քննության փուլում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցի քննության փուլում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «առկա է» բառը չի կարող ընկալվել ու մեկնաբանվել որպես բողոքի ընդունման փուլում նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հաստատելու վճռաբեկ դատարանի պարտավորվածություն` դրանով իսկ ընդունելիության հարցի լուծումը կախման մեջ դնելով գործի դատաքննության փուլում ըստ էության լուծման ենթակա հարցից, սահմանափակելով վճռաբեկ դատարանի մատչելիությունը` դատական պաշտպանության միջոցը դարձնելով անարդյունավետ: Վճռաբեկ բողոք բերող անձի պնդումը գործի ելքի վրա ազդող դատական սխալի ենթադրյալ առկայության մասին, եթե այդ պնդումն ակնհայտ անհիմն չէ, թույլատրելիության այլ նախադրյալների հետ մեկտեղ (ժամկետներ, բողոքի ձևին ներկայացվող պահանջներ և այլն), բավարար է գործը քննության ընդունելու համար, և վճռաբեկ դատարանն իրավասու չէ այդ փուլում ստուգելու վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը` այդպիսի սխալի իրական առկայությունը («առկա է», «հանգեցրել է գործի սխալ լուծմանը», «ազդել է գործի լուծման վրա»), քանի որ դրանով փոխարինվում կամ կանխորոշվում է դատաքննությունը, որը և պետք է ապահովի գործի արդարացի քննությունը` համապատասխան երաշխիքների պահպանմամբ:

9. Վարչական դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրությունը վկայում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխություններից և լրացումներից հետո էլ վճռաբեկ դատարանը շարունակում է վարչական գործերով վճռաբեկ վարույթի նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, անկախ նրանից, դրանք դուրս են գալիս դատական համակարգի ընդհանուր սահմանադրական սկզբունքների շրջանակներից, թե` ոչ: Ավելին, վճռաբեկ դատարանը` կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` վճռաբեկ բողոք բերելու հիմքերը սահմանող 118.3-րդ հոդվածը և բողոքի ընդունելիության պայմանները սահմանող 118.6-րդ հոդվածը, զուգահեռաբար կիրառում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համարժեք 226 և 234-րդ հոդվածները, այդ թվում վճռաբեկ բողոքի ընդունելիության այն պայմանները, որոնք սահմանված են 234-րդ հոդվածի 1-ին մասում:

Նման իրավիճակի առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում իրացված չէ սահմանադրական դատարանի այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածում «mutatis mutandis» վերապահումը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ վարչական դատարանի ակտերի բողոքարկման նկատմամբ ամբողջությամբ կիրառվեն քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը:

Ավելին, սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը (նոր խմբագրությամբ)

ընդհանրապես թույլ չի տալիս հղում կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն նորմերին, որոնք սահմանում են վճռաբեկ բողոք բերելու հիմքերը:

Արդարադատության արդյունավետությունը ենթադրում է թույլատրելի ճանաչված վճռաբեկ բողոքների ըստ էության քննություն վճռաբեկ դատարանում` արդարության բոլոր պահանջների պահպանմամբ և վարչական արդարադատության առանձնահատկությունների հաշվառմամբ: Թույլատրելիության հարցի լուծման ժամանակ բուն արդարադատության կանխորոշումն իմաստազրկում է դրա արդյունավետությունը, իսկ բողոքի թույլատրելիության հիմքը շփոթվում է վարչական դատարանի ակտի բեկանման հիմքի հետ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդարադատության նման ձևականացումն անհամատեղելի է դրա սահմանադրական իմաստի հետ:

10. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական դատարանի ակտերի բողոքարկման ինստիտուտի լիարժեքությունն օրենսդրորեն ապահովված չէ: Այս հարցում իրավական անորոշությունը հաղթահարելու և իրավակարգավորման բացը լրացնելու համար էական նշանակություն կարող է ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում վճռաբեկ բողոքը վերադարձնելու հստակ իրավակարգավորումը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշման և սույն որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումները հաշվի առնելով:

Առավել կարևոր է այն հանգամանքը, որ վարչական արդարադատության ներկա երկաստիճան համակարգի պահպանման պարագայում օրենսդրորեն պետք է գտնվեն կառուցակարգային այնպիսի լուծումներ, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ի վիճակի լինի արդյունավետ իրականացնել վարչական դատարանի ակտերի վերաբերյալ բողոքների ընդունման ու դրանց դատաքննության արդարադատական պահանջները:

Լրացուցիչ հստակեցման անհրաժեշտություն ունեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում տեղ գտած մի շարք այլ դրույթներ: Մասնավորապես, 118.1-րդ հոդվածում ի հայտ է գալիս «վարչական դատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքեր» արտահայտությունը, իսկ 118.4-րդ հոդվածի 2-րդ մասում միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելը պայմանավորվում է այլ` հատուկ օրենքով նախատեսված դեպքերով, մինչդեռ հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասն է հիշատակում միջանկյալ ակտերը բողոքարկելու հիմքերը: Նույնը վերաբերում է այդ ակտերը բողոքարկելու համար այլ օրենքով ժամկետ սահմանելու հնարավորությանը, որով վարչական դատավարության համակարգն անհարկի փոխկապակցվում է անորոշ հատուկ օրենքների հետ` առանց որևէ կոնկրետ հղման: Իսկ 118.5-րդ հոդվածի վերնագիրը շատ ավելի լայն է, քան այդ հոդվածի բովանդակությունը, բացի դրանից, որևէ առնչություն չունի դրա 2-րդ և 3-րդ մասերի հետ, որոնք վերաբերում են վճռաբեկ բողոք բերած վարչական մարմնի պարտականությանը և վարչական դատարանի կողմից գործը վճռաբեկ դատարան ուղարկելուն:

Այս բոլորը վկայում են, որ միայն իրավակիրառական պրակտիկայի վերանայմամբ հիմնախնդիրը չի կարող լուծվել: Այն անհրաժեշտ օրենսդրական լուծումներ է պահանջում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը` սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «առկա է» և «հանգեցրել է» բառակապակցությունները` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանության շրջանակներում ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր:

3. Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-17-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ վարչական արդարադատության առկա երկաստիճան համակարգի գործունակության և արդյունավետության անհրաժեշտ մակարդակի ապահովումը կամ հիմնախնդրին համակարգային այլ լուծումներ տալը պահանջում են օրենսդրական համարժեք կարգավորումներ, սույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2010թ. դեկտեմբերի 1-ը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 ապրիլի 2010 թվականի

ՍԴՈ-873

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.04.2010
N ՍԴՈ-873
Որոշում