Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0026/02/09

    դատարանի որոշում                                                 2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0026/02/09

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մուկուչ Նշանյանի և Արամայիս Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մուկուչ Նշանյանի և Արամայիս Ղազարյանի ընդդեմ Սվետլանա Իսաբաբյանի` փոխառության գումարների և կետանցման ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Մուկուչ Նշանյանը և Արամայիս Ղազարյանը պահանջել են բռնագանձել Սվետլանա Իսաբաբյանից փոխառության գումարը և կետանցման ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 05.05.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մուկուչ Նշանյանը և Արամայիս Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Իսաբաբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, քանի որ Սվետլանա Իսաբաբյանը և նրա ներկայացուցիչը դատական ծանուցագրերով պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստերի ժամանակի և վայրի մասին:

Այսպես, Սվետլանա Իսաբաբյանը և նրա ներկայացուցիչը պատշաճ ձևով տեղեկացվել են 06.04.2009, 14.09.2009 և 21.04.2009 թվականներին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել դատական նիստերին` յուրաքանչյուր անգամ պատասխանողի ներկայացուցչի կողմից «Գործի քննությունը հետաձգելու մասին» միջնորդություն ներկայացնելու հետևանքով:

Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանող կողմը միտումնավոր չի ցանկացել օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով երաշխավորված դատավարական իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.05.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանը ճիշտ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Սվետլանա Իսաբաբյանը և ներկայացուցիչը չեն ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, քանի որ գործում առկա չէ 14.04.2009 թվականի, 21.04.2009 թվականի և 05.05.2009 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Սվետլանա Իսաբաբյանին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Սվետլանա Իսաբաբյանը 08.11.2008 թվականի լիազորագրով փաստաբան Կրոմվել Գրիգորյանին լիազորել է ներկայացնելու իր շահերը Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում և կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, ինչպես նաև լիազորագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ (գ.թ. 58):

2. 06.04.2009 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը Սվետլանա Իսաբաբյանը ստացել է 17.03.2009 թվականին (գ.թ. 97-98):

3. 06.04.2009 թվականին Դատարան մուտքագրված գրավոր միջնորդությամբ Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը հայտնել է, որ «Սվետլանա Իսաբաբյանը ցանկանում է դատարանում գործը վարել իմ միջոցով»: Խնդրել է դատական նիստը հետաձգել` պատճառաբանելով, որ նույն օրը որպես ներկայացուցիչ մասնակցելու է մեկ այլ քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի (գ.թ. 99):

4. Դատարանը բավարարել է միջնորդությունը և 06.04.2009 թվականի դատական նիստը հետաձգել և նշանակել է 14.04.2009 թվականին, որի վերաբերյալ դատական ծանուցագիրը Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը ստացել է 09.04.2009 թվականին (գ.թ. 102-103):

5. 14.04.2009 թվականին Դատարան մուտքագրված գրավոր միջնորդությամբ Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը խնդրել է դատական նիստը հետաձգել` պատճառաբանելով, որ նույն օրը որպես ներկայացուցիչ մասնակցելու է մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի (գ.թ. 109):

6. Դատարանը բավարարել է միջնորդությունը և 14.04.2009 թվականի դատական նիստը հետաձգել և նշանակել է 21.04.2009 թվականին, որի վերաբերյալ դատական ծանուցագիրը Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը ստացել է 17.04.2009 թվականին (գ.թ. 107-108):

7. 21.04.2009 թվականին Դատարան մուտքագրված գրավոր միջնորդությամբ Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը խնդրել է դատական նիստը հետաձգել` պատճառաբանելով, որ նույն օրը որպես ներկայացուցիչ մասնակցելու է մեկ այլ քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի (գ.թ. 5):

8. Դատարանը, քննարկելով 21.04.2009 թվականի միջնորդությունը, այն մերժել է, գործի քննությունն իրականացրել է Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի բացակայությամբ և գործի դատաքննությունը համարելով ավարտված` վճռի հրապարակումը նշանակել է 05.05.2009 թվականին (գ.թ. 113-114):

9. 05.05.2009 թվականին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Սվետլանա Իսաբաբյանին կամ նրա ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանին ծանուցելու փաստը հավաստող ապացույց գործում առկա չէ, սակայն Դատարանի վճիռը 07.05.2009 թվականին ուղարկվել է Կրոմվել Գրիգորյանին, որը վերջինս ստացել է 08.05.2009 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (իրավական հիմնավորումները (տես` Մելանիա Ղազարյան-Հարթոնյանի հայցն ընդդեմ Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանների և Էմմա Թադևոսյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և պատասխանողներին վտարելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/2190/02/08) որոշումը):

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Սվետլանա Իսաբաբյանը Մուկուչ Նշանյանից և Արամայիս Ղազարյանից փոխառությամբ վերցրել է գումարներ, հայցի բավարարման հիմքում դրել է գործում առկա կողմերի միջև կնքված և օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացում ստացած պայմանագրերը և համաձայնագիրը:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ 14.04.2009 թվականին և 21.04.2009 թվականին նշանակված դատական նիստերին պատշաճ կարգով ծանուցվել է պատասխանողի ներկայացուցիչը, իսկ 05.05.2009 թվականին նշանակված վճռի հրապարակմանը պատասխանողը և նրա ներկայացուցիչը չեն ծանուցվել, հանգել է այն հետևության, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 14.04.2009 թվականին և 21.04.2009 թվականին դատական նիստերի նշանակման հիմք են հանդիսացել Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցչի 06.04.2009 և 14.04.2009 թվականների «Գործի քննությունը հետաձգելու մասին» միջնորդությունները, որոնք Դատարանի կողմից բավարարվել են: 14.04.2009 և 21.04.2009 թվականներին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները պատշաճ կարգով ուղարկվել են պատասխանողի ներկայացուցչին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողի ներկայացուցիչը վերը նշված դատական նիստերի վերաբերյալ պատշաճ ծանուցված է եղել, որը բավարար է պատասխանողի ծանուցված լինելու փաստը հաստատված համարելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ 05.05.2009 թվականին նշանակված վճռի հրապարակմանը պատասխանողը և նրա ներկայացուցիչը չեն ծանուցվել, ուստի առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դատական ակտը բեկանելու հիմք չէ հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության ժամանակի և վայրի մասին պատասխանողին պատշաճ ծանուցելու պայմաններում, վճռի հրապարակման օրվա մասին չծանուցելու փաստով, Դատարանը թույլ չի տվել Սվետլանա Իսաբաբյանի դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը 07.05.2009 թվականին ուղարկվել է Կրոմվել Գրիգորյանին, որը վերջինս ստացել է 08.05.2009 թվականին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.05.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ԵՔԴ/0026/02/09
Որոշում