Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ԵՄԴ/0183/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0183/02/09                      2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ Ավետյանի և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպության) ընդդեմ Հակոբ Ավետյանի և Ընկերության` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Հակոբ Ավետյանին և Ընկերությանը վերադարձնել «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 604 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2009 թվականի որոշմամբ Հակոբ Ավետյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հակոբ Ավետյանը և Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի 4-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը և 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն Ընկերությանը չի ուղարկել, գործի քննությանը մասնակից չի դարձրել, չի բացատրել դատավարական իրավունքները և չի ապահովել հայցադիմումի պատասխան ներկայացնելու 14-օրյա ժամկետը: Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի 3-59 (ՏԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Կազմակերպության հայցը մերժել:

 

2.1 Հակոբ Ավետյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 604 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան չի գտնվում Հակոբ Ավետյանի տիրապետման ներքո: Հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի 30.03.2009 թվականի որոշմամբ վեճի առարկա ավտոմեքենան հայտնաբերվել է Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում, որը Ընկերության գործունեության հասցեն է: Այսինքն` վեճի առարկա ավտոմեքենան չի գտնվում Հակոբ Ավետյանի տիրապետման ներքո:

Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի 3-54 (ՎԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Կազմակերպության հայցը մերժել:

 

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները

Վճռաբեկ բողոքների պատճառաբանություններն անհիմն են, վճռաբեկ բողոքները բերվել են ձևական առումով, և դրանց հիմնավորումների պատասխանը մանրակրկիտ կերպով շարադրված է Վերաքննիչ դատարանի դատական ակտում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 31.05.2008 թվականին լուծվել է Կազմակերպության և Հակոբ Ավետյանի միջև 06.03.2008 թվականի աշխատանքային պայմանագիրը: Նույն հրամանով հանձնարարվել է Կազմակերպության ավտոհավաքակայանի պետ Վարդան Մելքոնյանին երկու օրվա ընթացքում կազմակերպել և իրականացնել Հակոբ Ավետյանին կցված «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 604 ՏՍ 65 պետհամարանիշի բեռնատար-սառնարան ավտոմեքենայի ընդունում-հանձնումը (գ.թ. 14):

2) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման ավագ հարկադիր կատարողի 27.03.2009 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ակտի և արձանագրության համաձայն` Կազմակերպության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 604 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է Երևանի Ազատ Վշտունի 73 հասցեում` Ընկերության վարչական տարածքում (գ.թ. 53-54):

3) Դատարանն Ընկերությանը չի ուղարկել հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին և Ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու մասին որոշումները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկությունից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տե՛ս հայցը «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության` 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-59 (ՏԴ)):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտել է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Սույն գործի փաստերով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Դատարանն Ընկերությանը պատշաճ կարգով ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 09.03.2009 թվականի որոշումը, Ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու մասին որոշումը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

Փաստորեն, սույն քաղաքացիական գործով Դատարանը, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

Քննելով Հակոբ Ավետյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): ՈՒստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործի փաստերով չի հիմնավորվել «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 604 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Հակոբ Ավետյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:

Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի 30.03.2009 թվականի որոշմամբ վիճելի ավտոմեքենան հայտնաբերվել է Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում: Այսինքն` «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 604 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Հակոբ Ավետյանի տիրապետման ներքո չի գտնվում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Վճռաբեկ բողոքի պատասխաններում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հակոբ Ավետյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և մասնակիորեն փոփոխել` հայցը` Հակոբ Ավետյանի մասով, մերժել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մասով գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ԵՄԴ/0183/02/09
Որոշում