Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 95-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 95-ՐԴ, 96-ՐԴ, 109- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/3756/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3756/02/08 2010թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան 
                  Դատավորներ` Ա. Խառատյան
                                               Ա. Պետրոսյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լեոնիդ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լեոնիդ Մարտիրոսյանի ընդդեմ «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 27.10.2008 թվականի թիվ 200-10 հրամանն անվավեր ճանաչելու և որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լեոնիդ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 27.10.2008 թվականի թիվ 200-10 հրամանը և պարտավորեցնել Ընկերությանը 04.02.2002 թվականի թիվ 21-02 աշխատանքային պայմանագիրը վերաձևակերպել որպես անորոշ ժամկետով կնքված:

Գործի քննության ընթացքում Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի դեմ Լեոնիդ Մարտիրոսյանի ներկայացուցիչը ներկայացրել է «Առարկություն», որով վկայակոչելով 01.01.2007 թվականի թիվ 380 որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը` պահանջել է Լեոնիդ Մարտիրոսյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Ընկերության գլխավոր տնօրենի 27.10.2008 թվականի թիվ 200-10 հրամանը և Ընկերությանը պարտադրվել է 04.02.2002 թվականի թիվ 21-02 որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը վերաձևակերպել որպես անորոշ ժամկետով կնքված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.05.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լեոնիդ Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում չի կիրառել «Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության և Լեոնիդ Մարտիրոսյանի միջև աշխատանքային հարաբերությունները ծագել են 04.02.2002 թվականից, այսինքն` այդ հարաբերությունները կրել են մշտական բնույթ, ուստի Ընկերությունն իրավունք չուներ հինգ տարվա անորոշ ժամկետով կնքված աշխատանքային հարաբերություններից հետո կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

Հետևաբար, Ընկերության կողմից աշխատակցի նկատմամբ թույլ է տրվել օրենքի և նրա իրավունքների կոպիտ խախտում: Ակնհայտ է, որ Լեոնիդ Մարտիրոսյանի աշխատանքային ընդունակությունների կամ վարքի հետ կապված որևէ հիմք առկա չէ, աշխատատեղի կամ հաստիքի կրճատում նույնպես չի կատարվել, իսկ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը չերկարացնելը և նրա հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելը չեն բխում թե Ընկերության, թե աշխատակցի շահերից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2009 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման միակ հիմքը ծանուցումն է, և արդարացիորեն գտել է, որ նշված պայմանագիրը լուծվել է իրավաչափ կերպով:

Բացի այդ, Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի որոշմամբ հավանություն է տրվել Ընկերության հավատարմագրային կառավարման ծրագրին: Նշված ծրագրով սահմանվել են այն պայմանները, որոնք հետագայում հիմք են հանդիսացել Ընկերության նախկին կառուցվածքում առկա որոշ պաշտոնների կապակցությամբ այդ ժամանակահատվածում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքելու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված պաշտոնները ապագայում չեն լինելու և Ընկերությունն ունենալու է իրենց գործառույթներով սկզբունքորեն այլ փոստային բաժանմունքների ցանց և կառուցվածք: Վերը նշվածով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Ընկերությունը` որպես գործատու, իրավունք ուներ որոշակի իրավական հանգամանքների ծագման պարագայում փոփոխել իր հարաբերությունները համապատասխան աշխատակիցների հետ և վերջիններիս հետ կնքել այնպիսի պայմանագիր և նրանց առաջարկել այնպիսի աշխատանք, որը համապատասխանում է տվյալ փոփոխված իրադրությանը: Ավելին, Լեոնիդ Մարտիրոսյանը 01.01.2007 թվականի թիվ 380 աշխատանքային պայմանագիրը չի բողոքարկել դրա կնքման պահից օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Լեոնիդ Մարտիրոսյանի աշխատանքային գրքույկի համաձայն` Ընկերության 04.02.2002 թվականի թիվ 21-02 հրամանի հիման վրա Լեոնիդ Մարտիրոսյանը նշանակվել է Ստեփանավանի փոստային մասնաճյուղի տնօրեն (գ.թ. 6-17, հ. 1):

2) Ընկերության և Լեոնիդ Մարտիրոսյանի միջև 01.01.2007 թվականին կնքված թիվ 380 աշխատանքային պայմանագրի համաձայն` Լեոնիդ Մարտիրոսյանն ընդունվել է աշխատանքի` որպես Ստեփանավանի փոստային մասնաճյուղի տնօրեն մինչև 30.06.2007 թվականը (գ.թ. 83, հ. 1):

3) Վերոհիշյալ պայմանագրի անբաժանելի մասը կազմող 01.07.2007 թվականի, 16.10.2007 թվականի, 01.02.2008 թվականի և 25.07.2008 թվականի լրացուցիչ համաձայնագրերի համաձայն` 01.01.2007 թվականի թիվ 380 աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 31.10.2008 թվականը (գ.թ. 84-87, հ. 1):

4) Ընկերության գլխավոր տնօրենի 21.10.2008 թվականի թիվ 423 հրամանում նշվել է, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով 01.11.2008 թվականից պետք է լուծվի Լեոնիդ Մարտիրոսյանի հետ կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը (գ.թ. 52, հ. 1):

5) Ընկերության գլխավոր տնօրենի 27.10.2008 թվականի թիվ 200-100 հրամանի համաձայն` Ստեփանավանի փոստային մասնաճյուղի տնօրեն Լեոնիդ Մարտիրոսյանի հիվանդության ընթացքում նրա պարտականությունները 20.10.2008 թվականից ժամանակավոր դրվել է մասնաճյուղի առաջատար մասնագետ Կարեն Մելիքսեթյանի վրա: Միաժամանակ սահմանվել է, որ Լեոնիդ Մարտիրոսյանի աշխատանքային պայմանագիրը պետք է լուծվի նրա ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ավարտի հաջորդ օրը (գ.թ. 88, հ. 1):

6) Ի լրումն 27.10.2008 թվականի թիվ 200-100 հրամանի` Ընկերության գլխավոր տնօրենի 24.11.2008 թվականի թիվ 219-02 հրամանով 19.11.2008 թվականից լուծվել է Ընկերության և Լեոնիդ Մարտիրոսյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը` դրա գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (գ.թ. 5, հ. 1):

7) 23.12.2008 թվականի հայցադիմումի համաձայն` Լեոնիդ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 27.10.2008 թվականի թիվ 200-10 հրամանը և պարտադրել Ընկերությանը 04.02.2002 թվականի թիվ 21-02 որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը վերաձևակերպել որպես անորոշ ժամկետով կնքված, իսկ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի դեմ ներկայացված «Առարկության» համաձայն` Լեոնիդ Մարտիրոսյանի ներկայացուցիչը, վկայակոչելով 01.01.2007 թվականի թիվ 380 որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը, պահանջել է Լեոնիդ Մարտիրոսյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված (գ.թ. 3-4, 39-41, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման օրինականության և այդ պայմանագիրը կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքների վերաբերյալ հարցերին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1. անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2. որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

i

Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե Օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով. աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաև, եթե աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ, աշխատանքը կատարում են տնաշխատները, կատարվում է համատեղությամբ աշխատանք, կատարվում են սեզոնային աշխատանքներ, կատարվում է ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով կնքված պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ դրա կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:

«Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատանքից ազատվելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել` աշխատանքից միայն այնպիսի հիմնավոր պատճառներով ազատվելու աշխատողի իրավունքը, որոնք կապված են նրա ընդունակությունների կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` 1) կողմերի համաձայնությամբ, 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, 3) աշխատողի նախաձեռնությամբ, 4) գործատուի նախաձեռնությամբ, 5) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են նույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն:

i

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում կնքված պայմանագիրն առաջացնում է գործատուի կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների և երաշխիքների սահմանափակում, հետևաբար նման պայմանագիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված և դրա նկատմամբ պետք է կիրառվեն անորոշ ժամկետով պայմանագրի նկատմամբ կիրառելի նորմերը (տե՛ս ըստ հայցի Մամիկոն Մանուկյանի ընդդեմ «Հայփոստ» ՓԲԸ-ի, ՓԲԸ-ի արհմիութենական կոմիտեի` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված պայմանագիր համարելու, ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 02.10.2002 թվականի թիվ 287 հրամանը, 14.06.2007 թվականի ծանուցումը, 26.06.2007 թվականի թիվ 110-03 հրամանը, 09.07.2007 թվականի թիվ 255 հրամանն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու և այդ գումարի նկատմամբ տուժանք վճարելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ 3-589 (ՎԴ) որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Լեոնիդ Մարտիրոսյանի պահանջը վերաբերում է ոչ թե 01.01.2007 թվականի թիվ 380 պայմանագրին, այլ «04.02.2002 թվականի որոշակի ժամկետով կնքված թիվ 21-02» պայմանագրին և հաստատված համարելով, որ Լեոնիդ Մարտիրոսյանը Ընկերության կողմից պատշաճ ձևով ծանուցվել է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով դրա վերահաս լուծման մասին, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակված լինելու փաստ չի հաստատվել, հանգել է այն հետևության, որ վիճելի աշխատանքային պայմանագիրը հայցի իրավական հիմքում ընկած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով անորոշ ժամկետով կնքված համարվել չի կարող:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` 23.12.2008 թվականի հայցադիմումով Լեոնիդ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 27.10.2008 թվականի թիվ 200-10 հրամանը և պարտադրել Ընկերությանը 04.02.2002 թվականի թիվ 21-02 որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը վերաձևակերպել որպես անորոշ ժամկետով կնքված, իսկ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի դեմ ներկայացված «Առարկության» համաձայն` Լեոնիդ Մարտիրոսյանի ներկայացուցիչը, վկայակոչելով 01.01.2007 թվականի թիվ 380 որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը, պահանջել է Լեոնիդ Մարտիրոսյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 01.01.2007 թվականի թիվ 380 որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու պահանջ Լեոնիդ Մարտիրոսյանը ներկայացրել է, սակայն Վերաքննիչ դատարանն անհիմն եզրահանգում է արել այն մասին, որ Լեոնիդ Մարտիրոսյանի պահանջը վերաբերում է ոչ թե 01.01.2007 թվականի թիվ 380 պայմանագրին, այլ «04.02.2002 թվականի որոշակի ժամկետով կնքված թիվ 21-02» պայմանագրին:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գնահատել է միայն Լեոնիդ Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու գործընթացի իրավաչափության հարցը, առանց անդրադառնալու սույն քաղաքացիական գործով առկա աշխատանքային իրավահարաբերության բնույթին և նման իրավահարաբերության առկայության պայմաններում` ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման օրինաչափության հարցին:

i

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել այն հանգամանքը, որ Լեոնիդ Մարտիրոսյանը 04.02.2002 թվականից Ընկերությունում աշխատում է որպես Ստեփանավանի փոստային մասնաճյուղի տնօրեն, ինչով հիմնավորվում է, որ Լեոնիդ Մարտիրոսյանի աշխատանքը կրել է մշտական բնույթ:

Ավելին, գործում առկա 01.01.2007 թվականին կնքված թիվ 380 աշխատանքային պայմանագրով չի հաստատվում Լեոնիդ Մարտիրոսյանի կատարվելիք աշխատանքի կամ դրա կատարման պայմանների ոչ մշտական բնույթ կրելու հանգամանքը:

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկին, որ 01.01.2007 թվականի թիվ 380 աշխատանքային պայմանագիրը լուծվել է իրավաչափ կերպով, ապա այն հերքվում է վերոնշյալ պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի պատասխանում վկայակոչված մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը:

i

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան որոշակի հիմքերով, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել այն Վերաքննիչ դատարան (տե՛ս ըստ «Գլուր» ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի` պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԳԴ/0171/02/08 որոշումը):

Սույն գործի փաստերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները Դատարանում չի վկայակոչել, ինչպես նաև այդ փաստարկներով Դատարանի վճիռը չի բողոքարկել Վերաքննիչ դատարան, որի արդյունքում դրանք Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա չեն դարձվել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստարկները չեն կարող քննության առարկա դառնալ նաև Վճռաբեկ դատարանում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ԵԿԴ/3756/02/08
Որոշում