Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԻՇԿԵԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.0886.250510

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 մայիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 07.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2008 թվականի հոկտեմբերի 10-ին` Բիշկեկում:

Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը (առարկությամբ), Ադրբեջանի Հանրապետությունը (վերապահումով), Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը (վերապահումով), Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, ՈՒզբեկստանի Հանրապետությունը:

2. Նշված համաձայնագրի նպատակն է նպաստել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանը:

Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

- իրականացնել փոխհամագործակցություն և համակարգել գործունեությունը պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության (հոդված 2, ա) կետ), տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական համակարգերի, օպերատիվ հաշվառումների ու արխիվների հավաքման և օգտագործման (հոդված 2, բ) կետ), պահպանության գործունեությունում նյութերի, տեխնիկական և տրանսպորտային միջոցների, հանդերձանքի, զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների, սարքավորումների և կապի միջոցների օգտագործման (հոդված 2, գ) կետ), կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման (հոդված 2, ե) կետ), նորմատիվային իրավական հենքի մշակման ուղղություններով (հոդված 2, զ) կետ),

- պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում` ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգությունը և պաշտպանությունը` պետական պահպանության օբյեկտների գտնվելու վայրում` պահպանական միջոցառումների անցկացման ժամանակ (հոդված 3, ա) կետ), պետական պահպանության օբյեկտների ու պահպանվող օբյեկտների նկատմամբ հակաիրավական ոտնձգությունների կանխարգելման, բացահայտման և կանխման ժամանակ (հոդված 3, բ) կետ), այդ օբյեկտների կենսական կարևորություն ունեցող շահերի համար սպառնալիքի մասին տեղեկություններ ստանալու ժամանակ (հոդված 3, գ) կետ), ի շահ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման` օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ (հոդված 3, դ) կետ),

- ՀՀ-ի տարածքում գտնվելու ժամանակ ապահովել պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 3, 2-րդ պարբերություն),

- ՀՀ-ում ստեղծել տեղեկատվական համակարգ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ (հոդված 4, 1-2 պարբերություն) և այդ տեղեկատվությունը տրամադրել երրորդ կողմի միայն տեղեկատվություն տրամադրած պետության լիազորված պետական մարմնի գրավոր համաձայնությամբ և նրա կողմից սահմանված ծավալով (հոդված 4, 4-րդ պարբերություն),

- ապահովել համատեղ պահպանության միջոցառումների մասնակիցների համար բոլոր քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, ստեղծել անհրաժեշտ պայմաններ ծառայողական պարտականությունների կատարման համար (հոդված 7, 1-ին պարբերություն),

- փոխգործակցել ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, համագործակցության նորմատիվային իրավական բազայի կատարելագործման հարցերի շուրջ` Կողմերի լիազորված պետական մարմինների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով և հօգուտ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ու պահպանվող օբյեկտների պաշտպանության (հոդված 9, 1-ին պարբերություն),

- ազգային օրենսդրությանը համապատասխան, լիազորված պետական մարմինների միջոցով փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվային իրավական ակտեր (հոդված 9, 2-րդ պարբերություն),

- անհրաժեշտության դեպքում ստեղծել համակարգման համատեղ շտաբներ, խորհուրդներ կամ աշխատանքային խմբեր, փոխանակել ներկայացուցիչներ և մշակել համատեղ միջոցառումների ծրագիր (հոդված 10),

- համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը լուծել շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների ու բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերի միջոցով (հոդված 12):

3. Ադրբեջանի Հանրապետությունը վերապահում է կատարել համաձայնագրի 10-րդ հոդվածի վերաբերյալ: «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին» համաձայնագրում շարադրված դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետությունը չի կիրառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Ադրբեջանի Հանրապետության վերապահումը, և նա նույնպես չի կիրառելու սույն համաձայնագրի դրույթները Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:

Մոլդովայի Հանրապետությունը վերապահում է արել համաձայնագրի այն մասի նկատմամբ, որն առնչվում է օրենսդրության ներդաշնակեցմանը, համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմանը, Մոլդովայի Հանրապետության տարածքում համակարգման համատեղ մշտական շտաբների, խորհուրդների կամ աշխատանքային խմբերի ստեղծմանը և 16-րդ հոդվածի ֆինանսական պարտավորություններին առնչվող մասի նկատմամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 մայիսի 2010 թվականի

ՍԴՈ-886

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.05.2010
N ՍԴՈ-886
Որոշում