Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347-ՐԴ, 777-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/3065/02/08            2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/3065/02/08
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
                   Դատավորներ`  Կ. Չիլինգարյան

                                                  Վ. Ավանեսյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի

                                              

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Սվետլանա Շահազիզյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Սվետլանա Շահազիզյանից 1.276.177 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար և 25.523.5 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 777-րդ, 778-րդ և 779-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա «շրջանառու տեղեկանքը» պատշաճ ապացույց չի համարել` պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում օրենքի պահանջներին, քանի որ բացակայում է տեղեկանքը ստորագրած անձի պաշտոնը, անունը, ազգանունը: Մինչդեռ նշված տեղեկանքը հայցադիմումին կից ներկայացված գումարային պահանջի հաշվարկ է, հետևաբար այդ փաստաթղթին նման պահանջներ չի կարող առաջադրվել:

Բացի այդ, վերոնշյալ փաստը հաստատվում է նաև մեկ այլ փաստաթղթով` «վերծանումներով», որը, «Բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի» (այսուհետ` Պայմանագիր) 6.1.4-րդ կետի համաձայն, համարվում է գաղտնի և կարող է տրամադրվել բաժանորդի խնդրանքով կամ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` դատարանի որոշմամբ: Պատասխանողի դիմումի հիման վրա նրան տրվել են վերծանումները և շրջանառու տեղեկանքը, որը, սակայն, նրա կողմից գործի քննության ժամանակ դատարան չի ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 14.11.2005 թվականին Ընկերության և Սվետլանա Շահազիզյանի միջև կնքվել է բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր (գ.թ. 7):

Ընկերության կողմից ներկայացված «շրջանառու տեղեկանքի» համաձայն` բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար Սվետլանա Շահազիզյանի պարտքը 14.11.2005-28.02.2006 թվականների համար կազմում է 1.276.177 ՀՀ դրամ (գ.թ. 5, 9-11):

3. Ընկերության 20.11.2008 թվականի գրության համաձայն` հեռախոսակապի ծառայությունների մատուցման դիմաց վճարումներ չկատարելու պատճառով հեռախոսահամարը 17.01.2006 թվականին անջատվել է, իսկ դրա հետևանքով գոյացած 1.276.177 ՀՀ դրամ պարտքի վերաբերյալ հեռախոսահամարի ելքային զանգերի վերծանումները և «շրջանառու տեղեկանքը» ներկայացվել է Սվետլանա Շահազիզյանին (գ.թ. 51):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նշված հոդվածը վկայում է, որ յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է հայցապահանջը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը` Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և Սվետլանա Շահազիզյանի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հաստատվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Պայմանագրից բխող պարտավորությունը չկատարելու հետևանքով Սվետլանա Շահազիզյանի պարտքը կազմում է 1.276.177 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, քանի որ «շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Մասնավորապես` վերոնշյալ տեղեկանքում միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N ԵԿԴ/3065/02/08
Որոշում