Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ...

 

 

040.0691.090610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2010 թվականի N 691-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) «l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» և «II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության մշակումը և դրանց իրագործման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման համամասնությունների ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը.

ե) Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովումը.

զ) ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի (ՄՏՀ) կազմակերպման, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

է) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող առաջարկությունների ներկայացումը և միջոցառումների իրականացման ապահովումը.

ը) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը.

թ) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման ապահովումը.

ժ) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.

ժա) միգրացիոն քաղաքականության գործընթացների պետական կարգավորման ապահովումը.

ժբ) Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի ներդրման ու հետագա կատարելագործման ապահովումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման ապահովումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակում և դրա իրականացման ընթացքի դիտարկում.

բ) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

գ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան վարչական վարույթի իրականացում.

դ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության ստացում Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում.

զ) Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

է) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաստանի Հանրապետության մարզային և համայնքային նպատակային ծրագրերի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով միջազգային պայմանագրեր ստորագրելու կամ դրանց միանալու վերաբերյալ առաջարկության ներկայացում.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկում.

թ) համայնքային ծառայության բնագավառում պետական քաղաքականության մշակում.

ժ) համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարում և վերահսկում, սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի և համայնքային ծառայողների գրանցամատյանի վարում, համայնքային ծառայողների վերապատրաստման ընթացքի դիտարկում, համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող գործողության և (կամ) անգործության բողոքարկում դատարան.

ժա) մարզպետների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաստատում, ինչպես նաև տալ համաձայնություն այդ ծրագրերում չընդգրկված միջոցառումներին.

ժբ) համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացում.

ժգ) մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը գրավոր համաձայնություն տալը.

ժդ) Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացում.

ժե) Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների կատարման ընթացքի դիտարկում.

ժզ) տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ սահմանված կարգով տալը.

ժէ) մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հսկողության իրականացում և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկությունների ներկայացում.

ժը) մարզպետների գործունեության արդյունքների գնահատման գործընթացում նախարարության իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատում, հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատականների ամփոփում և վերջնական գնահատականի հրապարակում.

ժթ) օրենքով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացում Երևանում.

ի) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

իա) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցելը.

իբ) արխիվային գործի պետական քաղաքականության մշակում, արխիվային գործի սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների սահմանում, դրանց նկատմամբ դիտարկումների իրականացում.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:».

2) 12-րդ կետի «ժզ» ենթակետից հանել «, Երևանի քաղաքապետին» բառերը.

i

3) 12-րդ կետի «ժը» ենթակետից հանել «և թաղային» և «ու թաղային» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1515-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «փորձագիտական» բառը.

i

2) 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2010
N 691-Ն
Որոշում