Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.0894.150610

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 հունիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2010թ. մայիսի 20-ի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մարտի 18-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակը Պայմանավորվող կողմերի համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելն է` համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.

- Սլովակիայի Հանրապետության նշանակած ավիաընկերության կողմից միջազգային օդային կանոնավոր հաղորդակցություններ իրականացնելու համար տրամադրել հետևյալ իրավունքները`

ա) առանց վայրէջքի թռչել Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ առևտրային նպատակներով կատարել կանգառներ,

գ) կատարել կանգառներ Հայաստանի Հանրապետության տարածքում համաձայնագրին կից հավելվածի Երթուղիների ցանկում սահմանված երթուղիների կետերում` միջազգային փոխադրումներում ուղևորներ, բեռ և փոստ` առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով,

- Սլովակիայի Հանրապետության կողմից սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման նպատակով մեկ կամ մի քանի ավիաընկերություններ նշանակելու մասին տեղեկություն ստանալուն պես` Սլովակիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերություններին տրամադրել համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու համապատասխան թույլտվություններ` ընթացակարգային նվազագույն հետաձգումներով,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունները պահպանեն Սլովակիայի Հանրապետության օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը, Եվրոպական համայնքի իրավունքը, որոնք վերաբերում են միջազգային աերոնավիգացիայում ներգրավված օդանավի` պետության տարածք մուտք գործելուն, այնտեղ գտնվելուն կամ այնտեղից մեկնելուն կամ նման օդանավի շահագործմանը և նավիգացիային,

- վավեր ճանաչել Սլովակիայի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի, Եվրոպական համայնքի օրենքների և կանոնակարգերի համաձայն տրված կամ ճանաչված` վավեր թռիչքային պիտանիության սերտիֆիկատները, իրավասության վկայականները և լիցենզիաները` համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու նպատակով,

- վերահաստատել, համաձայն միջազգային իրավունքով նախատեսվող իր իրավունքների և պարտավորությունների, որ անօրինական գործողությունների դեմ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու նպատակով Պայմանավորվող կողմերի փոխադարձ պարտավորությունները կազմում են համաձայնագրի անբաժանելի մասը,

- փոխադարձության սկզբունքով Սլովակիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանն ազատել ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, այլ հարկումներից, տեսչական վճարներից և այլ ազգային տուրքերից ու վճարումներից` կապված օդանավերի, վառելիքի, քսայուղերի, սպառվող տեխնիկական միջոցների, պահեստամասերի, ներառյալ` շարժիչների, օդանավի սովորական սարքավորումների, օդանավի պաշարների և այլ գույքի հետ, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ միմիայն օգտագործվում են համաձայնեցված օդային հաղորդակցությունները շահագործող` Սլովակիայի Հանրապետության նշանակած ավիաընկերության օդանավի շահագործման համար,

- Սլովակիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցությունների համար գանձվող սակագները սահմանել ողջամիտ մակարդակներով` հաշվի առնելով բոլոր հարակից գործոնները:

3. Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում դրա հավելվածը, որում նախատեսված է երթուղիների ցանկը:

4. Համաձայնագրով նախատեսվում է Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունների անցկացում և վեճերի կարգավորում` արբիտրային դատարան դիմելու միջոցով:

5. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` հայերեն, սլովակերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

6. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը միացած լինելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավում կատարված հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին 1963թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին 1970թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին 1971թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի, Պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով նշագրման մասին 1991թ. մարտի 1-ի Մոնրեալի կոնվենցիաներին, որոնց վերաբերյալ սույն համաձայնագրում կան հղումներ, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք` երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:

7. Սույն համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնված պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի մարտի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 հունիսի 2010 թվականի

ՍԴՈ-894

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.06.2010
N ՍԴՈ-894
Որոշում