Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՆԵՐԴՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎՐՈՊԱ ...

 

 

Հայաստանի Հանրապետությունում ՆԵԲ գործունեությունը կառավարող

 

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

 

Լյուքսեմբուրգ, 12 փետրվարի, 2008 թ.

Երևան, 29 փետրվարի, 2008 թ.

 

ԿՆՔՎԱԾ ____________________________

Հայաստանի Հանրապետության` ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, հասցե` Երևան, 0010, Մելիք-Ադամյան փողոց 1` ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար պրն Վարդան Խաչատրյանի կողմից`

 

(այսուհետ` Հայաստան)

 

մի կողմից, և

 

Ներդրումների եվրոպական բանկի միջև, նստավայրը` Քոնրադ Ադենաուերի բուլվար, 100, Լ-2950, Լյուքսեմբուրգ-Կիրշբերգ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, ներկայացված փոխնախագահ տիկին Էվա Շրեյբերի կողմից,

_____________________________

 

(այսուհետ` Բանկ)

 

մյուս կողմից:

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Գործընկերության և համագործակցության մասին` մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` Եվրոպական համայնքների (այսուհետ` ԵՀ) ու դրանց անդամ պետությունների միջև 1996 թ. ապրիլի 22-ին ստորագրված Համաձայնագիրը,

 

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ Եվրոպայի միության խորհրդի և Բանկի կառավարման մարմինների ընդունած որոշումների շրջանակում վարկերի, երաշխիքների կամ այլ մեխանիզմների միջոցով հեշտացնել Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը Բանկի կողմից և այդ նպատակով որոշակի պաշտպանություն հատկացնել նման ծրագրերին և Բանկի համար ապահովել որոշակի իրավունքներ ու արտոնություններ,

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

 

«Շահառու» (կամ հավաքական` «Շահառուներ») նշանակում է` ցանկացած անձ, լինի Հայաստանի Հանրապետությունը, ֆիզիկական անձ կամ անձ` հիմնադրված հանրային կամ մասնավոր իրավունքի հիման վրա, որն օգտվում է վարկով, երաշխիքով կամ այլ միջոցներով որևէ ծրագրի համար Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորումից` ներառյալ, բայց ոչ բացառապես, Բանկի վարկառուն, համավարկառուն, երաշխավորողը, Բանկի կողմից երաշխավորված վարկատուն և նրա վարկառուն կամ ծրագրի սեփականատերը:

 

«Ծրագիր» նշանակում է` ցանկացած ներդրումային ծրագիր, որը Բանկը ֆինանսավորում է ուղղակիորեն կամ միջնորդի միջոցով, կամ որն օգտվում է Բանկի կողմից երաշխավորված վարկից և բավարարում է հետևյալ չափանիշները.

i) տեղակայված է Հայաստանում, կամ Բանկի կողմից դրա ֆինանսավորումն

իրականացվում է Հայաստանի տարածքում կամ վերջինիս միջոցով, և

ii) Հայաստանի Կառավարությունը դրա համար ֆինանսավորում է հայցում կամ

ընդունում է, որ ֆինանսավորումը սույն Համաձայնագրի շրջանակում է.

ընդ որում` Բանկը համաձայնում է ֆինանսավորմանը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո կամ ուղղակիորեն ակնկալում է Համաձայնագրի իրականացումը կամ ուժի մեջ մտնելը:

«Հարկ» նշանակում է` ցանկացած հարկ, հարկում, պարտավորություն, հարկային պարտավորություն, պահում կամ ֆիսկալային վճարում` լինի ազգային, տարածաշրջանային կամ տեղական, ուղղակի կամ անուղղակի:

 

«Բանկ» նշանակում է` Ներդրումների եվրոպական բանկ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Բանկի գործունեությունը

 

Սույն Համաձայնագրին համապատասխան` Բանկը Հայաստանի տարածքում կարող է ազատորեն իրականացնել Բանկի կանոնադրությամբ նախատեսված գործունեություն` ներառյալ, բայց ոչ բացառապես, ծրագրի ֆինանսավորման նպատակով վարկերի և/կամ երաշխիքների տրամադրումը, ավանդների ընդունումը, Հայաստանի օրենքներին և կարգերին համապատասխան` դրանցում թույլատրելի բոլոր միջոցներով, ինչպես, օրինակ` պարտատոմսերի թողարկումը, ինչպես նաև այդ միջոցների տնօրինումը, օգտագործումն ու բաշխումը և հաշիվների վարումը ցանկացած արտարժույթով: Մասնավորապես, Բանկը ծրագրի` իր գնահատման հիման վրա կարող է ազատ կերպով որոշում կայացնել ծրագրին աջակցելու համար ֆինանսավորման տրամադրման և ժամկետների ու պայմանների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Բանկի հարկումը

 

Սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությունից Բանկին հասանելիք շահույթը և բոլոր մնացած վճարումները, ինչպես նաև նման գործունեության հետ կապված Բանկի ակտիվները և եկամուտները ազատվում են հարկից: Սույն Համաձայնագրով սահմանված հարցերին առնչվող Բանկի գործունեությունը Հայաստանի տարածքում ինքնին չի կարող հարկման ենթակա դարձնել Բանկը կամ նրա ակտիվները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Տարադրամի փոխարկելիությունը և միջոցներ փոխանցելը

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն իրականացված ցանկացած ֆինանսական գործառնության տևողության ընթացքում Հայաստանը պետք է.

ա) երաշխավորի` i) որ Շահառուները կարող են Հայաստանի ազգային արժույթով գումարներ փոխանակել ցանկացած լիարժեք փոխարկելի տարադրամով, շուկայում գործող փոխարժեքով` ծրագրին առնչվող վարկերի, երաշխիքների և ձեռնարկությունների կապիտալում մասնաբաժինների մասով Բանկին հասանելիք վճարումները ժամանակին կատարելու համար, և ii) որ այդ գումարները կարող են ազատորեն, անմիջապես ու արդյունավետ կերպով Հայաստանի տարածքից դուրս փոխանցվել, որպեսզի Շահառուները կարողանան կատարել Բանկի առջև ստանձնած պարտավորությունները` պայմանագրի կամ այլ իրավական ակտի դրույթներին համաձայն.

 

բ) երաշխավորի, որ` i) Բանկը կարող է վարկերի, երաշխիքների, մասնաբաժինների կամ ցանկացած այլ գործառնության արդյունքում Բանկի կողմից վճարումների ձևով ստացված Հայաստանի ազգային արժույթով գումարներ փոխանակել ցանկացած լիարժեք փոխարկելի տարադրամով, միջազգային ֆինանսական շուկաներում գործող փոխարժեքով և փոխանակված գումարներն ազատորեն, անմիջապես և արդյունավետ կերպով փոխանցել Հայաստանի տարածքից դուրս գտնվող այն բանկային հաշիվներին, որոնց ընտրության հարցում Բանկն ազատ է, կամ` ըստ Բանկի հայեցողության, ii) նա ազատ է տնօրինելու այդ գումարները Հայաստանի տարածքում.

 

գ) երաշխավորի, որ Բանկը կարող է լիարժեք փոխարկելի ցանկացած տարադրամով ցանկացած գումար փոխանակել Հայաստանի ազգային արժույթով շուկայում գործող փոխարժեքով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ծրագրերին տրամադրվող պայմանները

 

Հայաստանը պետք է երաշխավորի, որ ծրագրերը, ինչպես նաև դրանց իրականացման համար կնքված պայմանագրերը հարկային, մաքսային և այլ հարցերի մասով կօգտվեն ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան այն պայմաններն են, որոնք սահմանված են ցանկացած այլ միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից ֆինանսավորվող և/կամ երաշխավորվող ծրագրերի կամ պայմանագրերի համար, կամ որոնք սահմանված են նման հարցերի վերաբերյալ որևէ երկկողմ համաձայնագրով կամ ազգային օրենսդրությամբ, ընտրելով դրանցից ամենաբարենպաստը:

Հայաստանը չի կարող առանց Բանկի գրավոր համաձայնության բռնագրավում կամ սեփականազրկում կամ ցանկացած այլ միջամտություն իրականացնել ծրագրի ակտիվների կամ եկամուտ ստեղծելու կարողության նկատմամբ, եթե միայն դրանք անհրաժեշտ չեն պահպանելու համար ծրագրի եկամուտ ստեղծելու կարողությունը` ծրագրի առնչությամբ առաջացած պարտքի տոկոսները վճարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հանրային մրցույթ (տենդեր)

 

Բանկն իր կողմից ծրագրերի ֆինանսավորումը կարող է պայմանավորել պայմանագրերի շնորհման մրցույթներին և այլ մրցութային գործընթացներին մասնակցությամբ` Բանկի` ժամանակ առ ժամանակ ուժի մեջ մտնող կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Բանկի կարգավիճակը և Բանկին տրամադրվող պայմանները

 

Բանկը Հայաստանի տարածքում պետք է օգտվի լիարժեք իրավունակությունից, ներառյալ, մասնավորապես, պայմանագրեր կնքելու, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու և տնօրինելու և դատավարություններում որպես կողմ հանդես գալու իրավունքները:

 

Բանկին սույն Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի տարածքում իր գործունեության մասով պետք է տրամադրվեն նման գործունեության համար միջազգային կազմակերպությանը տրամադրվող ամենաբարենպաստ պայմանները կամ նման գործունեությանը վերաբերող ցանկացած միջազգային պայմանագրով տրամադրվող պայմանները, եթե դրանք ավելի բարենպաստ են:

 

Մասնավորապես, ծրագրերի ֆինանսավորման հետ կապված` Բանկն ազատ մուտք պետք է ունենա Հայաստանի ֆինանսական շուկա, Հայաստանում գործող օրենքների համաձայն, և նրա պարտատոմսերը, արժեթղթերը և նմանատիպ այլ ֆինանսական միջոցները պետք է օգտվեն առնվազն նույնքան բարենպաստ պայմաններից, ներառյալ, բայց ոչ բացառապես, հարկման պայմանները, որպիսիք տրամադրվում են Հայաստանի հանրային մարմիններին, ներառյալ պետությունը, ինչպես նաև ամենաբարենպաստ պայմաններից օգտվող միջազգային ֆինանսական հաստատությունները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Բանկի արտոնությունները և անձեռնմխելիությունը

 

1. Բանկի ակտիվները ենթակա չեն.

ա. խուզարկության և սեփականազրկման բոլոր ձևերի կիրառման.

բ. տույժի գանձման և պարտքի դիմաց գույքի բռնագրավման և ցանկացած նման միջոցի կիրառման` նախքան իրավասու դատարանի կողմից Բանկի դեմ անժխտելի և վերջնական որոշում կայացվելը:

 

2. Բանկի պաշտոնյաները և աշխատակիցները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների), որոնք ներգրավված են սույն Համաձայնագրին կամ նրա իրագործմանն առնչվող գործունեության մեջ, պետք է օգտվեն առնվազն հետևյալ անձեռնմխելիությունից և արտոնություններից.

ա. անձեռնմխելիություն պաշտոնական դիրքում կատարած գործողությունների հանդեպ դատական և վարչական գործողություններից` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը հրաժարվում է այդ անձեռնմխելիությունից.

բ. Հայաստանի կողմից տրամադրվող դիվանագիտական արտոնություններ և միջոցներ` պաշտոնական հաղորդակցության, փաստաթղթերի փոխանցման և ճանապարհորդության համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Բանկի գործունեության վերաբերյալ վեճերի լուծում

 

Բանկի և Շահառուի կամ երրորդ կողմի միջև սույն Համաձայնագրով նախատեսված Բանկի գործունեությանը վերաբերող ցանկացած վեճ ծագելու դեպքում Հայաստանը հանձն է առնում երաշխավորել` i) որ Հայաստանի դատարանները իրավասու են ճանաչել համապատասխան ընդդատության դատարանի կամ տրիբունալի` ներառյալ Եվրոպական համայնքների արդարադատության դատարանի կամ ԵՄ անդամ պետության ցանկացած ազգային դատարանի կողմից պատշաճ դատական ընթացակարգով տրված վերջնական որոշումը, ինչպես նշված է համապատասխան իրավական փաստաթղթերում, և ii) ապահովել ցանկացած նման որոշման իրականացումը` ըստ գործող ազգային կանոնների և ընթացակարգերի:

Սույնով Հայաստանը հրաժարվում է իր անձեռնմխելիությունից նման իրավասու դատարանի կամ տրիբունալի, այդ թվում` Եվրոպական համայնքների արդարադատության դատարանի ընդդատությունից և դրա վիճարկման իրավունքից Հայաստանի և Բանկի միջև ծրագրի ֆինանսավորման հետ կապված ցանկացած վեճ ծագելու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Փոխատեղում

 

Սույն Համաձայնագրով Բանկին տրված իրավունքները կարող են կիրառվել` i) Բանկի կողմից` թե՛ իր անունից, թե՛ որպես ԵՀ ներկայացուցիչ, սույն Համաձայնագրի հիման վրա կատարված ցանկացած վարկի, երաշխիքի կամ այլ միջոցի ապահովագրման կամ երաշխավորման մասով` Բանկին ԵՀ վճարումների սահմաններում, կամ ii) հանգամանքների բերումով` հենց ԵՀ կողմից` փոխատեղման իրավունքի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Համագործակցություն

 

Հայաստանը համաձայնում է 30 օրվա ընթացքում գրավոր պատասխանել Բանկի կողմից արված հարցումներին` հաստատելով, որ ծրագրի ֆինանսավորման առաջարկը Համաձայնագրի գործողության ոլորտում է:

Հայաստանը հանձն է առնում Բանկին ժամանակին տեղեկացնել իր կողմից ձեռնարկված կամ առաջարկված ցանկացած միջոցառման, ինչպես, օրինակ` օրենսդրության փոփոխության մասին, կամ ցանկացած այլ հանգամանքի մասին, որոնք տրամաբանորեն հնարավոր է` նյութապես անդրադառնան սույն Համաձայնագրով Բանկին վերապահված իրավունքների և շահերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Վեճերի լուծումը

 

1. Ցանկացած վեճ, տարաձայնություն, հակասություն կամ պահանջ (միասին ձևակերպվող որպես Վեճ), որը կարող է ծագել` կապված սույն Համաձայնագրի առկայության, իրավական ուժի, մեկնաբանության, իրականացման կամ դադարեցման հետ, պետք է հնարավորության սահմաններում լուծվի Հայաստանի և Բանկի համաձայնությամբ:

2. Եթե Վեճը խաղաղ կերպով չի լուծվում Հայաստանի կամ Բանկի միջոցով Վեճի մասին կողմերից որևէ մեկի ծանուցումից հետո 60 օրվա ընթացքում, կողմերից մեկը Վեճը պետք է ներկայացնի Եվրոպական համայնքների արդարադատության դատարան` վերջնական և իրավապարտադիր որոշման համար:

3. Սույնով Հայաստանը հրաժարվում է ցանկացած Վեճի առնչությամբ իր անձեռնմխելիությունից Եվրոպական համայնքների արդարադատության դատարանի ընդդատությունից և դրա վիճարկման իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ՈՒժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող օրը, որով Բանկը Հայաստանի Կառավարությանը հաստատում է վերջինիս վավերագրի կամ Հայաստանի և Բանկի միջև փոխադարձաբար համաձայնեցված այլ փաստաթղթի հավաստագրված պատճենը ստանալը, ինչպես նաև սույն Համաձայնագրի իրավական ուժի վերաբերյալ Բանկի համար ընդունելի իրավաբանական եզրակացություն ստանալը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Ժամկետը

 

Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով:

Բանկը կարող է, վեց ամիս առաջ Հայաստանին գրավոր ծանուցելով, դադարեցնել սույն Համաձայնագիրը կամ ազատել Հայաստանին սույն Համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորություններից կամ դրանցից ցանկացածից: Եթե այլ բան նշված չէ, նման ծանուցման հանձնումը չի անդրադառնում ծանուցման օրվա դրությամբ անավարտ ծրագրերի կամ այլ ֆինանսական գործողությունների նկատմամբ Բանկի ձեռք բերած իրավունքների և շահերի վրա:

Հայաստանը կարող է, վեց ամիս առաջ Բանկին գրավոր ծանուցելով, դադարեցնել սույն Համաձայնագիրը: Նման ծանուցման հանձնումը չի անդրադառնում Հայաստանի տարածքում ծանուցման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անավարտ ծրագրերի կամ այլ ֆինանսական գործողությունների նկատմամբ Բանկի ձեռք բերած իրավունքների և շահերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Հրապարակումը

 

Հայաստանը համաձայնում է, որ սույն Համաձայնագրով ծրագրերին տրամադրվող վարկերի, երաշխիքների կամ այլ միջոցների առնչությամբ սույն Համաձայնագրի հրապարակումը Շահառուներին թույլատրելի է և չի խախտում որևէ իրավասու կառավարման մարմնի գործող կանոնադրությունը կամ որոշումները:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Հաղորդակցման հասցեն

 

Կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ցանկացած տեղեկություն պետք է հասցեագրվի, համապատասխանաբար, հետևյալ հասցեներով.

 

    Հայաստանի համար`       Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

                           էկոնոմիկայի նախարարություն

                           Մելիք-Ադամյան փողոց, 1

                           Երևան, 0010

                           Հայաստան

    Բանկի համար`           Կոնրադ Ադենաուերի բուլվար, 100 L-2950,

                           Լյուքսեմբուրգ

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը անգլերեն, երեք բնօրինակով. յուրաքանչյուր էջը նախաստորագրվել է Հայաստանի անունից` ներքոստորագրյալի կամ նրա ներկայացուցիչների կողմից, Բանկի անունից` պրն Մարտին Վատտերի կողմից, իրավաբանական վարչությունից:

 

Կատարված է Լյուքսեմբուրգ քաղաքում 2008 թ. փետրվարի 12-ին:

Կատարված է Երևան քաղաքում 2008 թ. փետրվարի 29-ին:

 

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2008 թ. դեկտեմբերի 17-ին:

 

 

pin
29.02.2008
Միջազգային պայմանագիր