Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 219 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                     Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ՀՅՔԴ2/0106/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ2/0106/02/08                      2010 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյան

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահագն Սաքանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Հարությունյանի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նինա Փանոյանի ընդդեմ Վահագն Սաքանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Հարությունյանը պահանջել է բռնագանձել Վահագն Սաքանյանից 36.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.04.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Սաքանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սամվել Հարությունյանը և Նինա Փանոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները:

Դատարանի 29.04.2009 թվականի վճիռը բեկանելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի գնահատել այն փաստը, որ տարածքի արժեքի մի մասի վճարման առարկա հանդիսացող ավտոմեքենան գործի դատաքննության ժամանակ այդպես էլ մնացել է Վահագն Սաքանյանի սեփականությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել Սամվել Հարությունյանի ներկայացուցչի ցուցմունքը, ըստ որի` Սամվել Հարությունյանը հանցանք կատարելու համար գտնվում է կալանավայրում, և կատարված արարքի համար կալանք է դրվել սեփականության իրավունքով Սամվել Հարությունյանին պատկանող գույքի, այդ թվում` ավտոմեքենայի վրա, որը գտնվել է նրա ավտոտնակում, այսինքն` Սամվել Հարությունյանի տնօրինության ներքո:

Բացի այդ, ավտոմեքենան Սամվել Հարությունյանին որպես սեփականություն հանձնելու հանգամանքը հաստատվել է նաև նոտար Արուսյակ Ազարյանի հայտարարությամբ, թիվ 19129808 քրեական գործով վկաներ Միքայել Իսահակյանի և Վահագն Սաքանյանի ցուցմունքներով, նույն քրեական գործով «Ակուռա» մակնիշի ավտոմեքենան կալանքի վերցնելու մասին քննիչի որոշմամբ, որոնք նույնպես պատշաճ չեն գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից ու վերաքննիչ բողոքը բավարարել է առանց վերաքննիչ բողոքի հիմքերին անդրադառնալու:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.04.2009 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը դատավարական նորմերի խախտում թույլ չի տվել: Վահագն Սաքանյանը տվել է կեղծ ցուցմունք այն մասին, որ առուվաճառքի գումարն ամբողջությամբ պայմանագրի կնքման պահին տվել է նոտարի ներկայությամբ: Սակայն նոտարը հայտնել է, որ իր ներկայությամբ գումար չի վճարվել: Իսկ ավտոմեքենան չեն գնել և չեն էլ փոխանակել պարտք մնացած գումարի դիմաց, և ըստ էության Դատարանն անհիմն կերպով համարել է, որ տեղի է ունեցել համարժեք փոխանակում` չվճարված գումարի դիմաց: Հետևաբար, անհիմն է վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը:

 

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 04.07.2008 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Սամվել Հարությունյանը վաճառել, իսկ Վահագն Սաքանյանը 15.000.000 ՀՀ դրամ արժեքով գնել է Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 12 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 8):

2. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, թիվ 19129808 քրեական գործով որպես վկա հարցաքննված Վահագն Սաքանյանի 26.11.2008 թվականի և 03.04.2009 թվականի ցուցմունքների համաձայն` Վահագն Սաքանյանը Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 12 հասցեի անշարժ գույքի դիմաց Սամվել Հարությունյանին վճարել է 13.800 ԱՄՆ դոլար, 1.000 ԱՄՆ դոլար ծախսվել է ճարտարապետական խնդիրների լուծման համար, իսկ տարբերությունը կազմող 35.000 ԱՄՆ դոլարի դիմաց Սամվել Հարությունյանի տնօրինմանն է հանձնել 2001 թվականի արտադրության «Ակուռա» մակնիշի, 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի անվանափոխություն չի կատարվել, քանի որ Սամվել Հարությունյանը ցանկացել է այն վաճառել, իսկ անվանափոխությունը կպահանջեր լրացուցիչ ծախսեր: Համաձայնվել է Սամվելի հետ, որ ավտոմեքենան վաճառելու ժամանակ կկատարի փաստաթղթային ձևակերպումները (հատոր 2-րդ, գ.թ. 24-25, 28-29):

3. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, թիվ 19129808 քրեական գործով որպես վկա հարցաքննված Միքայել Իսահակյանի 26.11.2008 թվականի ցուցմունքների համաձայն` Սամվել Հարությունյանը խանութը վաճառել է 50.000 ԱՄՆ դոլարով Վահագն անունով մի տղայի, որից 35.000 ԱՄՆ դոլարի դիմաց վերցրել է «Ակուռա» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Քանի որ Սամվելն ավտոմեքենա վարել չգիտի, վարորդական իրավունքի վկայական չունի, ցանկանում էր այն վաճառել: Սամվել Հարությունյանն այդ ավտոմեքենան հանձնել էր ինձ, որպեսզի օգնեմ վաճառեմ և դրա հետ կապված անհրաժեշտ վայր տանեմ: Սակայն ավտոմեքենան մինչ օրս չի վաճառվել: Ավտոմեքենան Սամվել Հարությունյանի սեփականությունն է (հատոր 2-րդ, գ.թ. 26-27):

4. ՀՀ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Դոլմազյանի 26.11.2008 թվականի որոշմամբ նշվել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Հարությունյանը սեփականության իրավունքով ունի «Ակուռա» մակնիշի 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենա: Տվյալ որոշմամբ որոշվել է կալանք դնել Սամվել Հարությունյանին պատկանող գույքի` «Ակուռա» մակնիշի, 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (հատոր 1-ին, գ.թ. 66):

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ գնորդ Վահագն Սաքանյանի կողմից վճարված գումարը և տրված ավտոմեքենայի արժեքը կազմել են վաճառվող տարածքի գինը, հանգել է այն հետևության, որ կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով և գործում առկա գրավոր փաստաթղթերով հաստատում է պարտավորության պատշաճ կատարումը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն եզրահանգումը, որ «Դատարանը չի գնահատել այն փաստը, որ իբրև տարածքի արժեքի մի մասի վճարման առարկա հանդիսացող Պատասխանողին սեփականությամբ պատկանող ավտոմեքենան գործի դատաքննության ժամանակ այդպես էլ մնացել է Պատասխանողի սեփականությունը, այսինքն` Դատարանում Պատասխանողը չի հիմնավորել իր կողմից վկայակոչած այն փաստը, որ վճարել է հայցվորից ձեռք բերված անշարժ գույքի համար` վերջինիս առձեռն տալով 13.800 ԱՄՆ դոլար և մնացած գումարի փոխարեն նրան տալով սեփականությամբ իրեն պատկանող ավտոմեքենան»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել թիվ 19129808 քրեական գործով որպես վկա հարցաքննված Վահագն Սաքանյանի և Միքայել Իսահակյանի տված ցուցմունքները, ՀՀ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Դոլմազյանի 26.11.2008 թվականի որոշումը, որով կալանք է դրվել Սամվել Հարությունյանին պատկանող գույքի` «Ակուռա» մակնիշի, 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա և չի պատճառաբանել, թե ինչո՞ւ են նշված ապացույցները մերժվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Սույն գործի փաստերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ «Ակուռա» մակնիշի ավտոմեքենան Վահագն Սաքանյանը Սամվել Հարությունյանին է հանձնել իրենց միջև կնքված առուվաճառքի պայմանագրով նախատեսված, պակաս վճարված գումարի փոխարեն: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ Սամվել Հարությունյանի կողմից չի հիմնավորվել վերոնշյալ ավտոմեքենան այլ նպատակով իրեն հանձնված լինելու հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2010
N ՀՅՔԴ2/0106/02/08
Որոշում