Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԵՔՐԴ/0632/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0632/01/08

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    Դատավորներ`        Գ. Մելիք-Սարգսյան

                       Մ. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ

    պաշտպան                                   Ա. Շահվերդյանի

 

    12 փետրվարի 2010 թվական                               ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մակար Ռազմիկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 189-րդ հոդվածի 3-րդ մասով և Աշոտ Վաղարշակի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ մեղադրող Ա. Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի փետրվարի 28-ին հարուցվել է թիվ 83151208 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

2008 թվականի մարտի 24-ին հարուցվել է թիվ 83152308 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի և 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2008 թվականի ապրիլի 9-ին հարուցվել է թիվ 83153008 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի և 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2008 թվականի ապրիլի 16-ին հարուցվել է թիվ 83153208 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի և 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2008 թվականի ապրիլի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչ Ա. Գրիգորյանի որոշմամբ թիվ 83151208, 83152308, 83153008, 83153208 քրեական գործերը միացվել են և նախաքննությունը շարունակվել է թիվ 83153208 քրեական գործի վարույթում:

2008 թվականի նոյեմբերի 7-ին Մակար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2008 թվականի դեկտեմբերի 5-ին Աշոտ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2008 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա 2009 թվականի փետրվարի 27-ին Մ. Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ընդդատությանը (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 5-ի դատավճռով Մ. Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով 4 /չորս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 /երկու/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Մ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 /հինգ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ա. Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ պահելու երկու օր ժամկետը և Ա. Մարտիրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 1 /մեկ/ տարի 5 /հինգ/ ամիս 28 /քսանութ/ օր ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Գ.Խաչատրյանը, որի մասով դատական ակտը չի բողոքարկվել:

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Ա. Մարտիրոսյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է նշանակված պատիժը կրելուց:

3. Ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանի պաշտպան Գ. Հակոբյանի և ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի ու նրա պաշտպան Ռ. Թովմասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն. բեկանել է Մ. Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով և Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 5-ի դատավճիռը, ինչպես նաև ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանին համաներման ակտի կիրառմամբ պատժից ազատելու մասով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 2-ի որոշումը և քրեական գործն ուղարկել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա. Խաչատրյանը:

2009 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրող Ա. Խաչատրյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

5. Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանի պաշտպաններ Ա. Շահբազյանը և Գ. Շահվերդյանը, ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանը:

Պաշտպաններ Ա. Շահբազյանը և Գ. Շահվերդյանը ներկայացված պատասխանում նշել են, որ սույն գործի քննության ընթացքում թե՛ նախաքննության մարմինը, թե՛ Առաջին ատյանի դատարանը թույլ են տվել նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Ըստ պաշտպանների` գործով ձեռք չի բերվել Ա.Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը հաստատող որևէ ապացույց: Առաջին ատյանի դատարանի դատավճռում շարադրված հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին և դատարանում հետազոտված ապացույցներին, քանի որ հիմնված են ոչ թույլատրելի ապացույցների և ենթադրությունների վրա: Պաշտպանները խնդրել են մեղադրողի վճռաբեկ բողոքը մերժել և վերադարձնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանը նշել է, որ մեղադրողի բողոքն անհիմն է, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, բացի այդ իր վերաբերյալ կայացված որոշման դեմ բերված բողոքում որևէ առարկություն կամ հիմնավորում չի ներկայացվել: Ինչ վերաբերում է հաշիվ-ապրանքագրերի կեղծ լինելու մասին բողոքի փաստարկումներին, ապա, ըստ ամբաստանյալի, դրանք չեն կարող կեղծ համարվել, քանի որ կազմվել են օրենքով սահմանված կարգով և պարունակում են բոլոր անհրաժեշտ վավերապայմանները: Ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանը ներկայացված պատասխանում խնդրել է իր վերաբերյալ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով կարճել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով իր առարկություններն ու հիմնավորումները կներկայացնի Առաջին ատյանի դատարանում:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ամբաստանյալներ Մակար Հովհաննիսյանը և Աշոտ Մարտիրոսյանը մեղադրվել և Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել են հետևյալ արարքների համար.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի, Արաբկիր-1 և Աշտարակի հարկային տեսչություններում հաշվառված համապատասխանաբար «Նաիսիս», «Ման-Գրին» ու «Թիթեղագործ» ՍՊ ընկերությունների տնօրեն Մ. Հովհաննիսյանը 2006 թվականի մայիս ամսին իր ընկեր Գ. Խաչատրյանի միջոցով Երևանի Գ. Նժդեհի հրապարակում ծանոթացել է Էրեբունու հարկային տեսչությունում հաշվառված «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության տնօրեն Ա. Մարտիրոսյանի հետ և վերջինիս կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու առաջարկի շուրջ ձեռք բերելով պայմանավորվածություն` 2006 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում առանց ապրանքների մատակարարման` գումարի 8,5 տոկոսի վճարման դիմաց, իր երեք ՍՊ ընկերությունների անունից կազմել ու Գ. Խաչատրյանի օժանդակությամբ «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերությանն է տրամադրել թվով 16, ընդհանուր առմամբ 74.993.718 ՀՀ դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր` «Նաիսիս» ՍՊԸ-ով` 71.154.000 ՀՀ դրամի, «Ման-Գրին» ՍՊԸ-ով` 2.319.000 ՀՀ դրամի, «Թիթեղագործ» ՍՊԸ-ով` 1.520.718 ՀՀ դրամի:

Թվով 16 կեղծ հաշիվ-ապրանքագրերը հանձնել, ինչպես նաև «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության կողմից դրանց դիմաց «Նաիսիս», «Ման-Գրին» ու «Թիթեղագործ» ՍՊ ընկերությունների կողմից «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության Մալաթիա մասնաճյուղից կանխիկացված գումարները Երևան քաղաքի տարբեր վայրերում Ա. Մարտիրոսյանին է վերադարձրել Գ. Խաչատրյանը, որի դիմաց Մ. Հովհաննիսյանը վերջինիս տվել է Ա. Մարտիրոսյանի կողմից փաստաթղթերի համար վճարված 8.5 տոկոսից 1 տոկոսը` իրեն պահելով 7 տոկոսը, իսկ 0,5 տոկոսը վճարել է բանկում` գումարները կանխիկացնելու համար: Կեղծ հաշիվ-ապրանքագրերում արտացոլված տվյալները Ա. Մարտիրոսյանը սևագրությունների տեսքով Մ. Հովհաննիսյանին է փոխանցել Գ. Խաչատրյանի միջոցով: «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության տնօրեն Ա. Մարտիրոսյանը, պատասխանատու լինելով իրականությանը համապատասխան, ճիշտ հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու համար, խախտելով «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների համապատասխանաբար 10-րդ և 23-րդ հոդվածների պահանջները, վերոհիշյալ երեք ՍՊ ընկերությունների անունից ձեռք բերված կեղծ հաշիվ-ապրանքագրերում ընդամենը 74.993.718 ՀՀ դրամ գումարը հաշվապահորեն որպես ծախս ձևակերպելով` Էրեբունու հարկային տեսչություն ներկայացված` 2006 թվականի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում որպես ծախս ու ԱԱՀ-ի դեբետ ներառելու, իսկ եկամտահարկի գումարը չներառելու միջոցով նվազեցրել և չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել 26.664.700 ՀՀ դրամի հարկերը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, 2005-2007 թվականների ընթացքում «Նաիսիս», «Ման-Գրին» ու «Թիթեղագործ» ՍՊ ընկերությունների տնօրեն Մ.Հովհաննիսյանը, պատասխանատու լինելով օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվառում վարելու, ընկերությունների գործունեության արդյունքները ԱԱՀ-ի հաշվարկներում և հաշվետվություններում ճիշտ արտացոլելու համար, խախտել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 10-րդ և 46-րդ, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 23-րդ հոդվածների պահանջները և նշված երեք ՍՊ ընկերությունների իրականացրած գործունեության վերաբերյալ Շահումյանի, Արաբկիր-1 և Աշտարակի հարկային տեսչություններ ներկայացրած հաշվետվություններում և ԱԱՀ-ի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` արհեստականորեն մեծացնելով ՀՀ տարածքում ապրանքների ձեռքբերման գումարները, ինչպես նաև իրացման շրջանառությունը /հասույթը/ պակաս ցույց տալու եղանակով չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի` ընդամենը 305.365.054 ՀՀ դրամ ԱԱՀ-ի և շահութահարկի /»Նաիսիս» ՍՊԸ-ով` 74.434.900 դրամ, «Ման-Գրին» ՍՊԸ-ով` 113.348.592 դրամ, «Թիթեղագործ» ՍՊԸ-ով` 117.581.562 դրամ/, որոնց վրա հաշվարկվել են տույժեր և տուգանքներ 263.260.115 ՀՀ դրամի չափով»:

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «Այսպիսով, առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով դատաքննության ընթացքում անմիջականորեն ձեռք բերված ապացույցները /ամբաստանյալներ Մ. Հովհաննիսյանի, Գ. Խաչատրյանի, Ա. Մարտիրոսյանի, վկաներ Ս. Հակոբյանի, Ժ. Կարապետյանի ցուցմունքները և այլն/ և առանց հիմնավոր պատճառաբանության առավելություն տալով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հերքված որոշ ապացույցների /Մ. Հովհաննիսյանի և Գ. Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները/` կայացրել է լիարժեքորեն չհիմնվորված և չպատճառաբանված մեղադրական դատավճիռ»: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հաստատված չեն գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

8. Գտնելով, որ նախաքննության մարմնի կողմից չի կատարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն պարզվել ինչպես ամբաստանյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող բոլոր հանգամանքները, Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության, սահմանելով նոր քննության ծավալ` հարցաքննել վկա Ա. Մարտիրոսյանին, փաստաբանական հարցման ենթարկված անձանց` Ա. Աթոյանին, Ս. Մովսեսյանին, պարզել «Ջերմոքիմիկ» ԲԲԸ-ն պահեստներ, պահեստի նյութական արժեքների շարժի մասին մատյան ունեցել է, թե` ոչ, պարզել, թե Մ. Հովհաննիսյանի ընկերությունների կողմից տրամադրված 16 հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքներն ընդհանրապես ձեռք բերվել են արդյոք «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության կողմից, թե` ոչ, եթե այո, ապա` ումից են ձեռք բերվել և այլն:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, և Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն կայացրել է մեղադրական դատավճիռ, սակայն Վերաքննիչ դատարանը, տուրք տալով դատաքննության ընթացքում ամբաստանյալների հանցանքը հիմնավորող անձանց կողմից իրենց նախաքննական ցուցմունքները փոխելու հանգամանքին և յուրովի մեկնաբանություններ անելով, բեկանել է դատավճիռը և ուղղակի ցուցումներով ու որոշակի համոզմունք հայտնելով` գործը վերադարձրել նոր քննության:

Համաձայն բողոքի` Վերաքննիչ դատարանը օբյեկտիվ և ըստ արժանվույն չի գնահատել ու անտեսել է ամբաստանյալներին մեղսագրված արարքները հաստատող արժանահավատ ապացույցները և դրանք վերլուծության և մեկնաբանության է ենթարկել յուրովի` դրանով իսկ թույլ տալով քրեադատավարական իրավունքի խախտում:

10. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 5-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի պահանջների խախտման մասին Վերաքննիչ դատարանի հետևության իրավաչափությունը.

 

11. Սույն գործով վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալներ Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի մեղադրանքի հիմքում Առաջին ատյանի դատարանի կողմից դրվել են չհետազոտված, ոչ թույլատրելի և ոչ վերաբերելի ապացույցներ և արդյո՞ք այդ ապացույցներից որևէ մեկին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն է տրվել:

12. Ապացույցի հասկացությունը տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասում, այն է` «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրայլի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները»:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որպես ապացույց թույլատրվում են` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի, ամբաստանյալի, դատապարտյալի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրությունները և այլ փաստաթղթերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ապացուցումը` գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

13. Ապացույցն անթույլատրելի համարելու հիմքերը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով:

Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից բխում է, որ քրեադատավարական օրենքով ապացույցներին և ապացուցման գործընթացին ներկայացվող պահանջները հետևյալն են.

ա) ապացույցները պետք է պարունակեն ոչ թե գնահատողական դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ,

բ) այդ փաստական տվյալները պետք է ձեռք բերվեն օրենքով նշված աղբյուրներից և վերաբերվեն կոնկրետ տվյալ գործին և ապացուցման առարկային,

գ) ապացույցները պետք է ձեռք բերվեն, ամրագրվեն և օգտագործվեն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով:

Նշված պահանջների պահպանման հետ է անմիջականորեն կապված ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցի լուծումը, որն իր հերթին կազմում է ապացույցների գնահատման բաղկացուցիչ մասը:

14. Ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է մտավոր, տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

Գնահատման ենթակա են ինչպես ստացված տեղեկությունների բովանդակությունը, այնպես էլ աղբյուրները: Ապացույցների գնահատումը համապատասխան որոշումներում պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների ձևով` հիմնավորելով, թե ինչու որոշ ապացույցներ դրվել են որոշման հիմքում, իսկ մյուսները մերժվել են` ճանաչվելով ոչ հավաստի:

15. Ապացույցների գնահատման քրեադատավարական սկզբունքի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ օրենքը, որպես կանոն, չի նշում, թե հատկապես որ ապացույցներով պետք է հաստատվի այս կամ այն հանգամանքը, ինչպես նաև չի սահմանում ապացույցի որևէ տեսակի գերակայությունը մյուսի նկատմամբ, հետևաբար դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում: Նշված կանոնից միակ բացառությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը կրում է մասնավոր բնույթ և սույն գործին վերաբերելի չէ:

16. Ապացույցները գնահատելիս պետք է ղեկավարվել օրենքով: Քրեադատավարական օրենքը քրեական դատավարության խնդիրների և սկզբունքների միջոցով սահմանում է ապացուցման առարկայի, ապացույցների հատկանիշների, ապացույցների հավաքման, ստուգման կանոնների, դատավարական որոշումներին և դրանց կայացման պայմաններին առաջադրվող պահանջները:

17. Կոնկրետ հանցանքի կատարման մեջ անձի մեղավորության կամ անմեղության մասին եզրահանգումների հիմնավորվածությունը կախված է նաև բացահայտված փաստերի վերաբերելիության ճիշտ գնահատականից: Հետևաբար, օրենսդիրը քիչ կարևոր չի համարում ապացույցի գնահատականը` գործին վերաբերելու կամ չվերաբերելու տեսանկյունից: Վերջին հաշվով, յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիության ճիշտ որոշումը պետք է հանգեցնի օրինական և հիմնավոր որոշում կայացնելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցների հավաքմանը:

18. Ապացույցների ազատ գնահատումն օրենսդիրը հռչակել է որպես քրեադատավարական օրենքի սկզբունք, համաձայն որի` ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

19. Համաձայն նշված սկզբունքի` ապացույցը գնահատող անձը մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տա: Միևնույն ժամանակ, ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով:

Նախապես հաստատված ապացույցի ուժ չունենալու օրենսդրական արգելքը բացառում է որևէ ապացույցի նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելը (մյուս ապացույցների նկատմամբ այդ փաստական տվյալի ապացուցողական արժեքին առավելություն վերագրելը կամ այդ արժեքը նվազեցնելը), քանի դեռ այդ ապացույցը քրեադատավարական օրենսգրքով ամրագրված ընթացակարգով օրինականության, մրցակցության և կողմերի իրավահավասարության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման և այլ սկզբունքների պահպանմամբ չի հետազոտվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:

Այնուհանդերձ, ապացույցների ազատ գնահատման սկզբունքն ապացույցների նկատմամբ կանխակալ մոտեցման արգելքը պայմանավորում է «մինչև դրանց հետազոտումը» բառակապակցությամբ, ուստի նշված նորմը չի կարող մեկնաբանվել այնպես, որ օրենսդիրն ապացույցների հետազոտումից հետո նույնպես արգելում է ապացույցների գնահատման արդյունքում դրանցից մի մասին մյուսների նկատմամբ առավելություն կամ նվազ կարևորություն վերագրելու հնարավորությունը, հակառակ դեպքում, հակասական ապացույցների առկայության պարագայում հնարավոր չէ հիմնավորված հետևության հանգել անձի մեղավորության կամ անմեղության և այլ հարցերի վերաբերյալ:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է այն պատճառաբանությամբ, որ քրեական գործի դատաքննությամբ ձեռք չի բերվել որևէ ապացույց, որով կհաստատվեր ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքները:

Ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված` ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հաստատող միակ ապացույցները Մ. Հովհաննիսյանի և Գ. Խաչատրյանի` նախաքննության ժամանակ տրված և դատարանում հետազոտված ցուցմունքներն են, որոնք վերջիններիս կողմից հերքվել են առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում: Իսկ գործով վկաներ Ս. Հակոբյանի և Ժ. Կարապետյանի ինչպես դատաքննական, այնպես էլ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներով, ինչպես նաև դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ ու փորձագետի ցուցմունքով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները չեն հաստատվում: Դրա հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված վերոնշյալ վկաների սկզբնական բացատրությունները չեն կարող որպես թույլատրելի ապացույց ճանաչվել, քանի որ նախաքննության մարմնի և դատարանի կողմից այլ փաստաթուղթ չեն ճանաչվել, չեն հետազոտվել և հետագայում չեն հաստատվել:

Վերաքննիչ դատարանը Մ. Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ է դրել այն պատճառաբանություններով, որ նախաքննությամբ և դատաքննությամբ հաստատվել է, որ թվով 25 այլ ընկերությունների հետ կատարվել են ապրանքային գործարքներ և փաստացի մատակարարվել են պայմանագրով նախատեսված ապրանքները, ինչպես նաև այն, որ փաստացի կասկածյալի կարգավիճակում գտնվող Մ. Հովհաննիսյանին քննիչն ութ ամիս հարցաքննել է որպես վկա` նախազգուշացնելով սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության մասին, չի պահպանվել նաև պաշտպանության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով դատաքննության ընթացքում անմիջականորեն ձեռք բերված ապացույցները` ամբաստանյալներ Մ. Հովհաննիսյանի, Գ. Խաչատրյանի, Ա. Մարտիրոսյանի, վկաներ Ս. Հակոբյանի, Ժ. Կարապետյանի ցուցմունքները և առանց հիմնավոր պատճառաբանության առավելություն տալով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հերքված Մ. Հովհաննիսյանի և Գ. Խաչատրյանի նախաքննական ցուցմունքներին, կայացրել է լիարժեքորեն չհիմնավորված և չպատճառաբանված մեղադրական դատավճիռ` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

21. Վերաքննիչ դատարանի հիշյալ փաստարկների առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Առաջին ատյանի դատարանի դատավճռի ուսումնասիրությունից երևում է, որ դրա հիմքում որևէ անձի բացատրություն չի դրվել:

Այլ ընկերությունների հետ կատարված գործարքների ապրանքային լինելու հիման վրա «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության հետ կատարված գործարքների վերաբերյալ Մ. Հովհաննիսյանի տված ցուցմունքների հավաստիությունն ու արժանահավատությունը կասկածի տակ դնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ և չի բխում ապացույցների ազատ գնահատման սկզբունքից և ապացույցների գնահատմանը առաջադրվող պահանջներից, քանի որ Մ. Հովհաննիսյանի կողմից «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության և այլ ընկերությունների հետ կատարված գործարքները միմյանց հետ որևէ կապ չեն ունեցել և մեկը մյուսով չեն պայմանավորվել: Այլ ընկերությունների հետ կատարված գործարքների վերաբերյալ գործի փաստական տվյալները ենթակա են եղել գնահատման, ինչն էլ նախաքննության մարմնի և Առաջին ատյանի դատարանի կողմից արվել է:

Ինչ վերաբերում է նրան, որ Մ. Հովհաննիսյանն ութ ամիս շարունակ փաստացի գտնվել է կասկածյալի կարգավիճակում, սակայն հարցաքննվել է որպես վկա, ապա գործի նյութերից երևում է, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի (որոնք միացվել են մեկ վարույթում) շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում կատարվել են համապատասխան քննչական գործողություններ, պահանջվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, նշանակվել են դատահաշվապահական բազմաթիվ փորձաքննություններ, որոնց արդյունքում տրված եզրակացությունները ստանալուց հետո որոշումներ են կայացվել անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՈՒստի Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Մ. Հովհաննիսյանը որպես վկա հարցաքննվելիս, փաստացի գտնվել է կասկածյալի կարգավիճակում: Հետևապես, անհիմն է նաև Մ. Հովհաննիսյանի պաշտպանության իրավունքի խախտման մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

Բացի այդ, լինելով մեղադրյալի կարգավիճակում, ինչպես Մ. Հովհաննիսյանը, այնպես էլ Գ. Խաչատրյանը պնդել են որպես վկա տված ցուցմունքները և տվել ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ:

Գործի նյութերից երևում է նաև, որ դատահաշվապահական փորձագետին են տրամադրվել «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության հարկային գործը և ըստ հարկատեսակների անձնական հաշվի քարտերը: Փորձաքննության ընթացքում փորձագետը ոչ միայն առաջնորդվել է նախաքննության մարմնի ներկայացրած տվյալներով (այդ թվում` կողմերի բացատրություններով), այլև «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում արտացոլված տվյալներով: Այդ մասին է վկայում նաև թիվ 44450709 եզրակացության այն հետևությունը, որ «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերությունում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումը կատարվել է փաստաթղթային ստուգման միջոցով և մասնակիորեն է համապատասխանում նյութերում եղած փաստական տվյալներին և հետազոտվող ժամանակաշրջանում գործող հարկային օրենսդրության պահանջներին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջեր 201-209):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտել է գործով ձեռք բերված ապացույցները` Մ. Հովհաննիսյանի, Ա. Մարտիրոսյանի, Գ. Խաչատրյանի ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական ցուցմունքները, Ա. Մարտիրոսյանի հետ Մ. Հովհաննիսյանի և Գ. Խաչատրյանի առերես հարցաքննությունների արձանագրությունները, վկաներ Ս. Հակոբյանի, Ժ. Կարապետյանի, Ս. Անդրեասյանի, Ա. Մնացականյանի, Ա. Դանիելյանի և մյուսների, փորձագետ Վ. Մարտիրոսյանի ցուցմունքները, առգրավման արձանագրությունները, դատահաշվապահական փորձաքննությունների եզրակացությունները, ստուգման ակտերը, իրեղեն ապացույցներ ճանաչված` թվով 16 կեղծ հաշիվ-ապրանքագրերը, «Նաիսիս», «Ման-Գրին», «Թիթեղագործ» ՍՊ և «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերությունների կողմից հարկային տեսչություններ ներկայացրած հարկման հիմք հանդիսացող 2005-2007 թվականների շահութահարկի տարեկան և ԱԱՀ-ի եռամսյակային ու ամսական հաշվետվությունները, այդ ընկերությունների միջև կնքված պայմանագրերը, բանկային փաստաթղթերը, պատճառված նյութական վնասի մասնակի վերականգնման վճարման հանձնարարագրերը, և դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իր ներքին համոզմամբ հանգել հետևության, որ ձեռք բերված ապացույցներով Մ. Հովհաննիսյանին և Ա. Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքները հաստատվել են:

22. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև վճռաբեկ բողոքի կապակցությամբ ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի ներկայացրած պատասխանում բերված այն փաստարկին, որ թվով 16 հաշիվ-ապրանքագրերը չեն կարող կեղծ համարվել, քանի որ կազմվել են օրենքով սահմանված կարգով և պարունակում են բոլոր անհրաժեշտ վավերապայմանները:

Նշված փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը տվյալ դեպքում դրսևորվել է ոչ թե դրան առաջադրվող վավերապայմանները (կնիք, ստորագրություն և այլն) չպահպանելով, այլ դրանցում նշված ապրանքները փաստացի չմատակարարելով: Հետևաբար, եթե անգամ պահպանվել է այդ հաշիվ-ապրանքագրերի կազմման ձևական կողմը, դրանք իրենց բովանդակությամբ կրում են կեղծ բնույթ, ուստի և հիմնավորված է դրանք կեղծ դիտելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը:

23. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, օրենքով սահմանված կարգով հետազոտել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ ձեռք բերված բոլոր ապացույցները և դրանց գնահատման և վերլուծության արդյունքում եկել է հիմնավորված եզրահանգման: Հետևաբար Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ հաշվի չեն առնվել դատաքննության ընթացքում անմիջականորեն ձեռք բերված ապացույցները, որ առանց հիմնավոր պատճառաբանության առավելություն է տրվել նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հերքված որոշ ապացույցներին, անհիմն են և չեն բխում գործի նյութերից:

Ինչպես նշվեց սույն որոշման 18-19-րդ կետերում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանափակում է նախատեսում մինչև պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ապացույցների հետազոտումը կատարված ապացույցների գնահատման համար: Մինչդեռ, ինչպես երևում է գործի նյութերից, Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճռի հիմքում դրված բոլոր ապացույցները դատաքննության ընթացքում կողմերի մասնակցությամբ, հավասարության, մրցակցության, պաշտպանության ապահովման պայմաններում հետազոտվել են և բոլոր ապացույցները գնահատվել են դրանք հետազոտելուց հետո:

24. Հիմք ընդունելով սույն որոշման 12-23-րդ կետերում բերված դատողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Մ. Հովհաննիսյանի և Ա. Մարտիրոսյանի մեղադրանքի հիմքում չհետազոտված, ինչպես նաև ոչ թույլատրելի և ոչ վերաբերելի ապացույցներ չեն դրվել, մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրանցից որևէ մեկին մյուս ապացույցների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն չի տրվել: Մեղադրական դատավճռի հիմքում դրված բոլոր ապացույցները գնահատվել են վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, և մեղադրանքների հիմնավորվածությունը հաստատվել է հետազոտված ապացույցները վերլուծելու և միմյանց համադրելու միջոցով:

Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս արձանագրելու, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի խախտման մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը գործի նյութերից չի բխում և իրավաչափ չէ:

 

II. Նոր քննության ծավալ սահմանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը.

 

25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու, գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ծավալ սահմանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

26. Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախաքննության մարմնի կողմից չի կատարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն պարզվել ինչպես ամբաստանյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող բոլոր հանգամանքները և բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելով, սահմանել է նոր քննության ծավալ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

27. Գործի նյութերից երևում է, որ Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում պաշտպան Ա. Շահբազյանը միջնորդել է հարցաքննել վկաներ Ս. Հակոբյանին, Ժ. Կարապետյանին, Ա. Մարտիրոսյանին, Ց. Մովսիսյանին, որը Վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել է մասնակիորեն` Ա. Մարտիրոսյանի մասով: Վերջինս հրավիրվել է դատական նիստի և հարցաքննվել (տե՛ս քրեական գործ, հատոր 12, էջեր 64-65, 98-99): Այսինքն, Վերաքննիչ դատարանը հետազոտել է նշված ապացույցը և հետևաբար անհասկանալի է, թե ինչու նշված ապացույցը ապացույցների համակցության մեջ գնահատելու փոխարեն, Վերաքննիչ դատարանն այն սահմանել է նոր քննության ծավալում: Անհասկանալի նաև փաստաբանական հարցման ենթարկված անձանց Առաջին ատյանի դատարանում հարցաքննելու մասին Վերաքննիչ դատարանի պահանջը, քանի որ նշված անձանց Վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու մասին պաշտպանի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը, նշված անձանց հարցաքննելու անհրաժեշտություն տեսնելու դեպքում, իրական հնարավորություն ուներ հետազոտել նշված ապացույցները և անել համապատասխան հետևություններ:

«Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության գլխավոր հաշվապահ Ս. Հակոբյանն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ իր պարտականությունների մեջ է մտնում ընկերություն ներմուծվող և արտահանվող ապրանքների հաշվապահորեն ձևակերպումը, ուստի ինքն է վարում պահեստի շարժի հաշվառումը իր մոտ պահվող պահեստի գրքում: Հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ապրանքները մուտքագրում է պահեստ, սակայն ներմուծվող և արտահանվող ապրանքների հետ փաստացի առնչություն չունի, պահեստ չի մտնում, ապրանքները չի տեսնում, քանի որ իր պարտականությունների մեջ է մտնում միայն դրանց փաստաթղթային ձևակերպումը (տե՛ս քրեական գործ, հատոր 5, էջեր 208-210, հատոր 11, դատական նիստի ձայնագրառում):

Իսկ գործի քննությամբ հաստատվել է, որ մեղադրանքի հիմքում դրված 16 հաշիվ-ապրանքագրերը «Ջերմոքիմիկ» ԲԲԸ-ում ստացել են փաստաթղթային ձևակերպում` հաշվառվել են հաշվապահական փաստաթղթերում և ներառվել հարկային տեսչություն ներկայացվող հաշվետվություններում, ուստի գլխավոր հաշվապահի այդ ցուցմունքների առկայության պայմաններում անհասկանալի է, թե գործով ճիշտ որոշում կայացնելու համար ինչ էական նշանակություն կարող էր ունենալ «Ջերմոքիմիկ» ԲԲԸ-ի նյութական ապրանքների շարժի մասին մատյան ունենալու հանգամանքը ևս մեկ անգամ պարզելու և դրա զննություն կատարելու անհրաժեշտության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը, որն արձանագրվել է նոր քննության ընթացքում պարզաբանման ենթակա հարցերի ծավալում:

Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում նաև Վերաքննիչ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու հիմքում այնպիսի հարցերի պարզաբանման առաջքաշումը, ինչպիսին են, օրինակ. «պարզել, թե Մ. Հովհաննիսյանի ընկերությունների կողմից տրամադրված 16 հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքներն ընդհանրապես ձեռք բերվել են արդյոք «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերության կողմից, թե ոչ, եթե այո, ապա ումից են ձեռք բերվել», կամ «պարզել, թե Մ. Հովհաննիսյանը որտեղից է ձեռք բերել «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերությանը տրամադրած հաշիվ-ապրանքագրերում նշված, ինչպես նաև գործով անցնող մյուս 25 ընկերություններին մատակարարված ապրանքները» և մյուս հարցերը, նկատի ունենալով, որ դրանք քննարկման առարկա են դարձվել նախաքննության ընթացքում և կոնկրետ Մ. Հովհաննիսյանին ու Ա. Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքների հիմնավորվածության և գործով ճիշտ որոշում կայացնելու համար էական նշանակություն ունենալ չեն կարող:

28. Սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար էին գործով որոշում կայացնելու համար, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից իր դատական ակտում նշված հարցերի պարզաբանման հիմնավորմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու, գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ծավալ սահմանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

29. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Մ. Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով կայացված դատական ակտը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությանը:

Վերաքննիչ դատարանի դատական ակտի եզրափակիչ մասից երևում է, որ Վերաքննիչ դատարանն իր 2009 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ բեկանել է ոչ միայն «Ջերմոքիմիկ» ԲԲ ընկերությանն առանց ապրանքների փաստացի մատակարարման կեղծ հաշվապահական փաստաթղթեր տրամադրելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով Մակար Հովհաննիսյանի նկատմամբ կայացված դատական ակտը, այլ նաև նրա կողմից «Նաիսիս», «Ման-Գրին» և «Թիթեղագործ» ՍՊ ընկերությունների գործունեության ընթացքում հարկային տեսչություններ ներկայացրած հաշվետվություններում և ԱԱՀ-ի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերի` 305.365.054 ՀՀ դրամ գումարները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով կայացված դատավճիռը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի որոշման ուսումնասիրությունից երևում է, որ դրա պատճառաբանական մասում որևէ հիմնավորում չի բերվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Առաջին ատյանի դատարանի դատավճռի անհիմն լինելու վերաբերյալ, նշված մեղադրանքով Մ.Հովհաննիսյանին մեղավոր ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունների հիմնավորվածությունը քննարկման առարկա չի դարձվել, ինչպես նաև նշված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները չեն վերլուծվել և գնահատվել` նրա մեղավորությունը հաստատված լինելու հետևությունը կասկածի տակ դնելու առումով: Արդյունքում Վերաքննիչ դատարանն առանց որևէ պատճառաբանության բեկանել է Մ.Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով կայացված Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` գործն ուղարկելով նոր քննության, չնշելով, թե ինչով է պայմանավորված դատական ակտի բեկանումը և նոր քննության ընթացքում մեղադրանքի այդ մասով ինչ գործողություններ պետք է կատարվեն:

Վերոնշյալի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ. Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դատավարական իրավունքի խախտումները, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: ՈՒստի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա Մ. Հովհաննիսյանի և Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը պետք է բեկանել` օրինական ուժ տալով նրանց վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 5-ի դատավճռին և Ա. Մարտիրոսյանին համաներման ակտի կիրառմամբ պատժից ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 2-ի որոշմանը:

31. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Մակար Ռազմիկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 189-րդ հոդվածի 3-րդ մասով և Աշոտ Վաղարշակի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրանց վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 5-ի դատավճռին և Ա. Մարտիրոսյանին համաներման ակտի կիրառմամբ պատժից ազատելու մասին նույն դատարանի 2009 թվականի հուլիսի 2-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.02.2010
N ԵՔՐԴ/0632/01/08
Որոշում