Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.0909.100910

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 սեպտեմբերի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մայիսի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2010 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մայիսի 17-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակը երկու պետությունների համապատասխան տարածքների միջև ու դրանցից դուրս օդային հաղորդակցությունները զարգացնելն է:

Պայմանավորվող կողմերն ստանձնել են հետևյալ իրավունքները և պարտականությունները. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաընկերություն կամ ավիաընկերություններ` տվյալ Պայմանավորվող կողմի կողմից համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով, և հետ վերցնելու ցանկացած ավիաընկերության նշանակումը կամ փոխարինելու նախկինում նշանակված ավիաընկերությունը մեկ այլ ավիաընկերությամբ: Նման նշանակումը կատարվում է դիվանագիտական ուղիներով` գրավոր ծանուցմամբ: Կողմերը միմյանց տրամադրում են համաձայնագրում սահմանված իրավունքները` համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելվածի համապատասխան բաժնում սահմանված երթուղիներով նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման և շահագործման նպատակով:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելիս օգտվում են, ի թիվս այլնի, հետևյալ իրավունքներից.

- մյուս Պայմանավորվող կողմի տարածքով անվայրէջք թռիչք կատարելու իրավունք,

- մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք,

- մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` հավելվածում սահմանված կետերում առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետեր մեկնող կամ այդ կետերից ժամանող ուղևորներ, ուղեբեռ և բեռ, ներառյալ` փոստ, առանձին կամ համակցված ձևով, օդանավ վերցնելու և իջեցնելու իրավունք և այլն:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.

- ապահովել, որպեսզի ըստ համաձայնագրի նշանակման մասին ծանուցում ստացած ավիացիոն իշխանությունները, պահպանելով համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների դրույթները, անհապաղ անհրաժեշտ շահագործման թույլտվություն տրամադրեն Չեխիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը,

- ապահովել, որպեսզի Չեխիայի Հանրապետության տարածք մուտք գործելիս, տարածքում գտնվելիս կամ տարածքից մեկնելիս օդանավերի շահագործմանը և օդագնացությանը վերաբերող` նրա տարածքում գործող օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը կատարվեն Հայաստանի Հանրապետության ավիաընկերությունների կողմից,

- իր մաքսային, միգրացիոն, համաճարակային և համանման կանոնակարգերը կիրարկելիս արտոնություն չտրամադրել համանման միջազգային օդային հաղորդակցությունների մեջ ներգրավված իր սեփական կամ ցանկացած այլ ավիաընկերության` մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության նկատմամբ,

- պաշտպանել, միջազգային իրավունքից բխող իր իրավունքներին և պարտավորություններին համապատասխան, անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը,

- Չեխիայի Հանրապետության կողմից հարցման դեպքում ցուցաբերել անհրաժեշտ օգնություն քաղաքացիական օդանավի անօրինական զավթման գործողությունները և այլ անօրինական գործողությունները կանխելու համար` ուղղված նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների ու օդագնացության միջոցների թռիչքային անվտանգության և քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված որևէ այլ սպառնալիքի դեմ,

- ապահովել, որ համարժեք միջոցներ ձեռնարկվեն իր տարածքում` օդանավը պաշտպանելու և ուղևորների, նրանց ձեռքի իրերը զննելու և անձնակազմի, ուղեբեռի, բեռի ու օդանավի պահուստային մասի համապատասխան ստուգումներն իրականացնելու համար,

- դրական լուծում գտնել նաև բոլոր այն հարցումներին, որոնք ներկայացվել են մյուս Պայմանավորվող կողմի կողմից և վերաբերում են անվտանգության հիմնավորված միջոցների կիրառմանը` որոշակի սպառնալիք կանխելու համար,

- ազատել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, անուղղակի հարկերից, տեսչական գանձումներից և այլ ազգային և տեղական տուրքերից և վճարումներից:

Համաձայնագրով հանգամանալից նախատեսված են նաև ավիաընկերության նշանակման և շահագործման թույլտվության, շահագործման թույլտվությունը չեղյալ հայտարարելու և կասեցնելու պայմաններն ու կարգը, թռիչքային պիտանիության սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչման կարգը, թռիչքային անվտանգության ապահովման կարգն ու պայմանները, մաքսային դրույթները, տուրքերը և հարկերը, օդանավակայանների և ավիացիոն միջոցների օգտագործման, ինչպես նաև տարանցման կարգն ու պայմանները և այլն:

Համաձայնագիրն ունի հավելված, որը կազմում է համաձայնագրի անբաժանելի մասը: Հավելվածում նախատեսված են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի մայիսի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 սեպտեմբերի 2010 թվականի

ՍԴՈ-909

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.09.2010
N ՍԴՈ-909
Որոշում