Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԱՔԴ/1161/02/09
Քաղաքացիական գործ թիվ    2010թ.

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
                    Դատավորներ` Ա. Մկրտչյան
                                                  Ն. Բարսեղյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ` Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ` Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արգինե Կաղինյանի ընդդեմ Կազմակերպության` 22.05.2009 թվականի թիվ ՄՌ-077Ա հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արգինե Կաղինյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության 22.05.2009 թվականի թիվ ՄՌ-077 Ա հրամանը, վերականգնել նախկին պաշտոնում և բռնագանձել միջին աշխատավարձի գումարը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` 25.05.2009 թվականից մինչև աշխատանքում վերականգնելու օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Կազմակերպության 22.05.2009 թվականի թիվ ՄՌ-077 Ա հրամանը, Կազմակերպությունը պարտավորեցվել է Արգինե Կաղինյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ նախկին աշխատանքում վերականգնելու մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.02.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 7-րդ կետը, 122-րդ, 220-րդ և 224-րդ հոդվածները, 221-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, «ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների կանխիկ դրամով կատարվող գործառնությունների» թիվ 21 կանոնակարգի դրույթները, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» Կանոնակարգ 9-ի թիվ 3 կանոնը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կազմակերպության վարորդը չէր կարող ընդունել ընդհանուր վարկին ուղղված դրամական մարումները, այս գործառույթը վերապահված է միայն Կազմակերպության գանձապահին կամ վարկային գործակալին: Կազմակերպության վարորդը, վարկառուներից վերցնելով գումարները, վերջիններիս չի տրամադրել վճարման անդորրագրեր, և հայտնի չի եղել, թե ինչպես է օգտագործել այդ գումարները: Այդ մասին տեղյակ է եղել Արգինե Կաղինյանը, որի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և աշխատանքային պարտականությունների նկարագրի համաձայն վերջինիս վրա էր դրվել կարգազանց աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արգինե Կազինյանն իր լիազորությունների շրջանակում պատշաճ վերահսկողություն չիրականացնելու արդյունքում վտանգի տակ է դրել Կազմակերպության գույքը` դրամական միջոցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Արգինե Կաղինյանը ծառայողական բջջային հեռախոսն օգտագործել է ոչ աշխատանքային ժամերին, այն դեպքում, երբ այն պետք է օգտագործվեր Կազմակերպության աշխատանքները կարգավորելու համար:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Կազմակերպության աշխատակցի աշխատանքային նկարագիրը և ծառայողական նամակները ենթակա չեն հրապարակման, այդ թվում էլեկտրոնային փոստի միջոցով այլ կազմակերպությանն ուղարկելը: Կազմակերպության աշխատակցի կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները Կազմակերպության համար իրական կամ հնարավոր առևտրային արժեք են ներկայացնում, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կազմակերպությունը հնարավորություն չուներ օրենսդրորեն ամրագրել տեղեկատվության գաղտնի լինելու փաստը, այն սահմանել է աշխատանքային պայմանագրով, որով կատարել է ակտիվ գործողություններ, Կազմակերպության տեղեկատվությունները գաղտնի պահելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.02.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 28.04.2006 թվականին Արգինե Կաղինյանի և Կազմակերպության միջև կնքվել է թիվ 62 աշխատանքային պայմանագիրը (հատոր առաջին գ.թ. 36-41):

2) 30.11.2008 թվականին կնքված թիվ 62/4 համաձայնագրի համաձայն` Արգինե Կաղինյանը նշանակվել է Կազմակերպության` Աշտարակի, Ապարանի և Թալինի մասնաճյուղերի կառավարչի պաշտոնում (հատոր առաջին գ.թ 7):

3) Արգինե Կաղինյանի աշխատանքային պարտականությունների նկարագրի համաձայն` կառավարչի պարտականությունն է մասնաճյուղի ներկայացուցչության աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, մասնաճյուղի ներկայացուցչության աշխատակիցների միջև աշխատանքների բաշխումը, տարբեր վարկատեսակների գծով վարկերի տրամադրման և մարման աշխատանքների պլանավորում, կազմակերպում, առաջնորդում և վերահսկում` համաձայն ՀՀ օրենսդրության ու Կազմակերպության վարկային քաղաքականության, վարկային կարգի, վարկավորման գործընթացների և կազմակերպման այլ ներքին իրավական ակտերի, մասնաճյուղի կառավարիչը պատասխանատվություն է կրում մասնաճյուղի ոչ արդյունավետ գործունեության, գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, մասնաճյուղի աշխատանքային և կատարողական ցածր կարգապահության, աշխատանքային մթնոլորտի ապահովման նկատմամբ հսկողություն չիրականացնելու, մասնաճյուղի վերաբերյալ հրամանների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն չիրականացնելու, մասնաճյուղի անբավարար գործունեության, իր գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ծառայողական և առևտրային գաղտնիքի պահպանման մասին Կազմակերպության կողմից սահմանված կարգի պահանջները խախտելու համար:

4) Կազմակերպության 2009 թվականի մայիսի 22-ի թիվ ՄՌ-077Ա հրամանի համաձայն` Արգինե Կաղինյանն ազատվել է աշխատանքից և 2006 թվականի ապրիլի 28-ին կնքված թիվ 62 աշխատանքային պայմանագիրը լուծվել է (հատոր առաջին գ.թ. 6):

5) Կազմակերպության գործադիր վարչության 01.07.2009 թվականի թիվ ՄՌ-10Ա հրամանի համաձայն` Կազմակերպության Աշտարակի, Ապարանի և Թալինի մասնաճյուղերի կառավարիչ է նշանակվել Մկրտիչ Բաբայանը (հատոր առաջին գ.թ. 177):

6) Կազմակերպության գործադիր վարչության 22.05.2009 թվականի նիստի թիվ 004 արձանագրության համաձայն` Արգինե Կաղինյանը նշել է, որ «ս.թ ապրիլի 24-ին կատարված բազմաթիվ զանգերի պատճառը եղել է այն, որ Վարոս Ամիրյանը պետք է մարում ընդուներ և զանգ է կատարվել ոչ թե իր, այլ իր եղբոր կողմից: Ավելացրել է նաև, որ եթե թաքցնելու բան լիներ, ապա ինքը զանգեր կկատարեր իր անձնական հեռախոսից, զանգերը եղել են իր նախկին աշխատակցին ընկերական հարաբերությունների բնույթից ելնելով: Կազմակերպության գործադիր վարչությունը արձանագրել է, որ Կազմակերպության կողմից կառավարչին ծառայողական նպատակով տրված բջջային հեռախոսից զանգեր կատարելու իրավունք ունի միայն այդ կառավարիչը և զանգերը անհրաժեշտ է կատարել աշխատանքի կազմակերպման համար, այլ ոչ ընկերական հարաբերությունների պահպանման: Կառավարչի և այլ աշխատակցի հարաբերությունները չէին հետաքրքրի, եթե դրանք չհանդիսանային մյուս վարորդի հավասար իրավունքի խախտման և խտրական վերաբերմունքի պատճառ: Բացի այդ, Կազմակերպության ներքին իրավական ակտերի և ՀՀ օրենսդրության շատ կոպիտ խախտում է, եթե կազմակերպության վարորդը գումարը հավաքագրում է, որի համար Կազմակերպությունը կարող էր տուգանքի ենթարկվել` ընդհուպ մինչև լիցենզիայի հետ կանչումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Այս առումով փաստ է, որ կառավարիչը ինչպես վտանգել է Կազմակերպության գործունեությունը`պատասխանատվության ենթարկվելու մասով, այնպես էլ վտանգի տակ է դրել կազմակերպության գույքը, քանի որ վարկառուներից վարկերի մարումներ է իրականացրել դրա համար համապատասխան լիազորություն չունեցող անձը» (հատոր առաջին գ.թ. 48-51):

7) Արգինե Կաղինյանի Կազմակերպությանը տված բացատրագրի համաձայն` «Հարց` ինչու է մասնաճյուղում խախտվում Կազմակերպության ներքին իրավական ակտերը (ինչպես, օրինակ` հանձնարարել, որպեսզի մասնաճյուղի վարորդը ոչ աշխատանքային օրերին գումարներ ստանա վարկառուներից): Պատասխան`իրողությանը չի համապատասխանում, քանի որ երբևիցե չեմ հանձնարարել վարորդին գումար վերցնել վարկառուներից ոչ աշխատանքային օրերին: Հաշվի առնելով, որ գյուղական համայնքներում համարյա թե բոլորը բարեկամներ կամ ծանոթներ են, ապա վարկառուն իր նախաձեռնությամբ վարորդին է տվել գումար երկուշաբթի կազմակերպություն փոխանցելու համար, քանի որ երկուշաբթիից մինչև ուրբաթ աշխատում է Երևանում: Աշտարակում է լինում միայն կիրակի կամ շաբաթ օրերին: Վարկառուի կողմից վարորդին գումարը փոխանցելուց հետո միայն վարորդը տեղեկացրել է ինձ կատարվածի մասին (հատոր առաջին գ.թ. 14-15):

8) Միջազգային զանգերի վերաբերյալ տեղեկատվության համաձայն` Կազմակերպության ծառայողական 749-122-0786 հեռախոսահամարով Արգինե Կաղինյանը ոչ աշխատանքային ժամերին զանգեր է կատարել (հատոր առաջին գ.թ. 97-110, 129-148):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը` գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ:

Վերոհիշյալ հոդվածներից հետևում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե աշխատողը իր պարտականությունները չի կատարել պատշաճ և գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ, և գործատուն կորցրել է աշխատողի նկատմամբ վստահությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Արգինե Կաղինյանի և Կազմակերպության միջև 28.04.2006 թվականին կնքվել է թիվ 62 աշխատանքային պայմանագիրը, իսկ 30.11.2007 թվականի թիվ 62/4 համաձայնագրով Արգինե Կաղինյանը նշանակվել է աշխատանքի Կազմակերպության Աշտարակի, Ապարանի և Թալինի մասնաճյուղերի կառավարչի պաշտոնում և 18.01.2008 թվականին ծանոթացել է աշխատանքային պարտականությունների նկարագրի հետ:

i

22.05.2009 թվականին գործատուն աշխատողի հետ պայմանագիրը լուծել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, 122 հոդվածի 2-րդ կետով, 221-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Այսինքն` Արգինե Կաղինյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, Կազմակերպության գույքի պահպանությունը վտանգի տակ դնելու, ծառայողական գաղտնիք հրապարակելու և աշխատողների հավասար իրավունքները խախտելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ «սույն գործով չի հիմնավորվել, որ հայցվոր Արգինե Կաղինյանի կողմից ինտերնետային հասցեով ուղարկված աշխատանքային գրագրությունն ու վարորդի աշխատանքային պարտականությունները պարունակում են ծառայողական գաղտնիք», «հիմնավոր է համարել Դատարանի` ոչ աշխատանքային ժամերին տեղի ունեցած հայցվորի հեռախոսազանգերը որպես գույք վտանգի տակ չդնելու հանգամանք գնահատելը, հիմք ընդունելով, որ այդ հեռախոսազրույցները տեղի են ունեցել նույն կազմակերպության աշխատակցի հետ», միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատարանը գտել է, որ վարորդի կողմից վարկային գումարների հավաքումը ոչ աշխատանքային օրերին ուղղված է եղել վարկային կազմակերպության հիմնական գործառույթների իրականացմանը և որևէ անբարենպաստ հետևանք չի առաջացրել կազմակերպության համար»: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «սույն իրավահարաբերությունում չի հիմնավորվել այն առավել վտանգը, որն ամբողջականորեն սպառնացել է գործատուի գույքի պահպանությանը և միանշանակ եղել է վարորդի և կառավարչի ոչ իրավաչափ գործողությունների արդյունք»:

i

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Կազմակերպության վարորդը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 13.07.2004 թվականի թիվ 175-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների կանխիկ դրամով կատարվող գործառնությունների» թիվ 21 Կանոնակարգի 3.1 կետի համաձայն` չէր կարող ընդունել վարկերին ուղղված դրամական մարումներ, և այդ գործառույթը վերապահված է միայն Կազմակերպության գանձապահին կամ վարկային գործակալին: Այսինքն` Կազմակերպության վարորդը, վարկառուներից վերցնելով գումարները, չի տրամադրել անդորրագրեր, ինչպես նաև հայտնի չէ` ինչպես է օգտագործել այդ գումարները:

Փաստորեն, Կազմակերպության վարորդի կողմից վարկառուներից գումարների հավաքագրումը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 13.07.2004 թվականի թիվ 175-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների կանխիկ դրամով կատարվող գործառնությունների» Կանոնակարգի պահանջների խախտում է, քանի որ Կանոնակարգի 3.1-րդ կետով այդ իրավունքը վերապահված է Կազմակերպության գանձապահին: Այսինքն` Կազմակերպության վարորդը իրավունք չուներ նման գործառույթ իրականացնելու, իսկ կարգազանց աշխատողի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու պարտականությունը դրված էր Կազմակերպության կառավարիչ Արգինե Կաղինյանի վրա, որի կողմից իր պարտականությունները չիրականացնելու արդյունքում վտանգի տակ է դրել Կազմակերպության գույքը` դրամական միջոցները, ինչի արդյունքում Կազմակերպությունն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցրել է, և Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հիմքով աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծել է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ Արգինե Կաղինյանը ծառայողական բջջային հեռախոսը օգտագործել է ոչ աշխատանքային ժամերին, ապա Պայմանագրի 5.4-րդ կետի համաձայն` աշխատողը չի կարող օգտագործել Գործատուի սեփականությունը, սարքավորումները կամ ծառայությունները իր անձնական կարիքների համար` առանց գործատուի նախնական համաձայնության:

Բացի այդ, աշխատանքային պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն` կողմերը համաձայնվել են, որ գաղտնիության պահպանման պարտականության ցանկացած խախտում կամ գործունեության և արդյունաբերական գաղտնիքների հրապարակում կհամարվի սույն պայմանագրի էական խախտում և կհամարվի պատճառ Գործատուի կողմից առանց նախնական ծանուցման սույն պայմանագիրը լուծելու համար:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ծառայողական բջջային հեռախոսից Արգինե Կաղինյանը կարող էր օգտվեր միայն աշխատանքային ժամերին, Կազմակերպության աշխատանքի կազմակերպման համար: Մինչդեռ միջազգային զանգերի վերաբերյալ տեղեկատվության հաշվի համաձայն` Արգինե Կաղինյանը ոչ աշխատանքային ժամերին ընկերական հարաբերությունները պահպանելու համար զանգեր է կատարել` առանց գործատուի նախնական համաձայնության:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության գույքը վտանգի տակ դնելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու պարտականությունը դրված է եղել Արգինե Կաղինյանի վրա, որի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով Կազմակերպությունը իրավացիորեն լուծել է Արգինե Կաղինյանի հետ 28.04.2006 թվականի աշխատանքային պայմանագիրը:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 04.02.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2010 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այդ մասով այն փոփոխել. Արգինե Կաղինյանի հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2010
N ԵԱՔԴ/1161/02/09
Որոշում