Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 25-ՐԴ ԵՎ 100-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 25-ՐԴ ԵՎ 100-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ԵՔՐԴ/0350/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0350/01/08

Նախագահող դատավոր` Մ. Ռեհանյան

Դատավորներ` Ա. Դանիելյան

Մ. Արղամանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Կ. Ավանեսյանի

 

    2010 թվականի մայիսի 4-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի փետրվարի 16-ին հարուցվել է թիվ 14104408 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2008 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ Հարություն Շուքուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Հ. Շուքուրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Հ. Շուքուրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի հուլիսի 15-ին Հ. Շուքուրյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 22-ի դատավճռով Հ. Շուքուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով` ազատազրկում` 8 /ութ/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում` 1 /մեկ/ տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Հ. Շուքուրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 /ինը/ տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ս. Գրիգորյանը և Վ. Գալստյանը, որոնց մասով դատական ակտը չի բողոքարկվել:

3. Ամբաստանյալ Հ. Շուքուրյանի պաշտպան Կ. Ավանեսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացրել Հ. Շուքուրյանի նկատմամբ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադրական բուժում նշանակելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին` մինչև Հ. Շուքուրյանի առողջանալը:

Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Հ. Շուքուրյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Հ. Շուքուրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 22-ի դատավճիռը բեկանել է և նրա նկատմամբ նշանակել է հարկադրական բուժում` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը:

2010 թվականի մարտի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Հ. Շուքուրյանի պաշտպան Կ. Ավանեսյանը, որը, գտնելով, որ վճռաբեկ բողոքն անհիմն է, խնդրել է այն վերադարձնել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հ. Շուքուրյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա, դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և խուլիգանություններ կատարելու համար նախկինում դատապարտված լինելով ազատազրկման, դատվածությունները չմարված, կատարել է նոր, դիտավորյալ հանցագործություններ, այն է` 2008 թվականի փետրվարի 15-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցի վրա գտնվող «Պարտեզ» խանութ-սրահի մոտակայքում, ներկա լինելով Վ. Գալստյանի և Ս. Գրիգորյանի միջև գումարի պարտք ու պահանջի շուրջ ծագած վիճաբանությանը և, առանց բժշկի թույլտվության, գտնվելով կանաբիսի խմբին պատկանող թմրամիջոցի ազդեցության տակ, ապօրինաբար իր մոտ կրած թիվ 1299179 գործարանային համարով «ԱԿ-74» տիպի ինքնաձիգից, խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել ընթացքի մեջ գտնվող «Օպել-Վեկտրա» մակնիշի 09 ՍՕ 531 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա` վարորդ Լևոն Սարգսյանի, ուղևորներ Շավարշ Խոցանյանի և Արթուր Աբրահամյանի, ինչպես նաև այդ պահին նշված վայրում գտնվող հետիոտներ Սամվել Մովսիսյանի և Վռամ Գալստյանի ուղղությամբ` փորձելով սպանել նրանց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել: Կրակահերթի հետևանքով բացի ավտովարորդ Լ. Սարգսյանից և հետիոտն Վ. Գալստյանից, Շ. Խոցանյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, Ա. Աբրահամյանի և Ս. Մովսիսյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Լ. Սարգսյանին պատկանող վերը նշված ավտոմեքենային պատճառվել է զգալի չափի` 215.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

6. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 25-ի որոշմամբ Հ. Շուքուրյանի հոգեկան վիճակը պարզելու նպատակով նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: 2009 թվականի մայիսի 12-ին ստացվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության թիվ 50 եզրակացությունն այն մասին, որ «Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի մոտ հայտնաբերվում է «Օրգանական աֆեկտիվ խանգարում /դեպրեսիվ տիպի/ կոգնիտիվ անբավարարությամբ»: (...) Իրավախախտումը կատարելիս, նա կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ներկայումս նրա մոտ առկա «Օրգանական աֆեկտիվ խանգարումը /դեպրեսիվ տիպի/ կոգնիտիվ անբավարարությամբ» զրկում է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Հարություն Շուքուրյանին հարկ է ճանաչել մեղսունակ: Սակայն իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, կարիք ունի հարկադրական բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ վերը նշված հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը»:

Նշված եզրակացության հիման վրա Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Հ. Շուքուրյանի նկատմամբ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադրական բուժում նշանակելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ: Քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև Հ. Շուքուրյանի առողջանալը:

7. 2009 թվականի նոյեմբերի 30-ին ի լրումն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության թիվ 50/09 եզրակացության Վերաքննիչ դատարանում ստացվել է 18.11.09 թ. եզրակացությունն այն մասին, որ «փորձագիտական հանձնաժողովը եզրակացնում է, որ Հարություն Շուքուրյանի մոտ հայտնաբերվում է «Օրգանական /դեպրեսիվ տիպի/ աֆեկտիվ խանգարում կոգնիտիվ անբավարարությամբ»: Չնայած ստացած երկարատև ինտենսիվ բուժման, վերը նշված հոգեախտաբանական երևույթները Հարություն Շուքուրյանի մոտ շարունակվում են: Նշված հոգեախտաբանական երևույթների ձգձգվածությունը, բուժման նվազ էֆեկտիվությունը թույլ են տալիս նշված հոգեկան հիվանդությունը հավասարեցնել խրոնիկական հոգեկան հիվանդության, որը զրկում է ներկայումս նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Հարություն Շուքուրյանն իր ներկա հոգեկան վիճակով սոցիալապես վտանգավոր է ինչպես իր անձի, այնպես էլ շրջապատի համար, չի կարող կանգնել քննության և դատարանի առջև: ՈՒստի, Հարություն Շուքուրյանին, որպես խրոնիկական հոգեկան հիվանդ, խորհուրդ է տրվում հարկադրական բուժում` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»:

8. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է, իսկ 2010 թվականի հունվարի 20-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել. «Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քրեական դատարանի 2009թ. հունվարի 22-ի դատավճիռը բեկանել: Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի նկատմամբ նշանակել հարկադրական բուժում ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»:

9. Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունվարի 20-ի որոշումը կայացնելիս վկայակոչել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածը և ղեկավարվել դրանով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

11. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, անօրինական, կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ, 382-րդ, 385-րդ, 386-րդ, 395-րդ, 427-րդ, 432-րդ, 466-րդ հոդվածների պահանջների խախտումներով:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով օրենքի պահանջները, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` բավարարել է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունն այն դեպքում, երբ այդ միջնորդությունը չի բխել վերաքննիչ բողոքի` Հ. Շուքուրյանին արդարացնելու կամ արարքը վերաորակելու պահանջից: Այնուհետև, դատարանն անտեսել է ինչպես դատահոգեբուժական փորձաքննությունների երկու եզրակացությունների միջև առկա էական հակասությունները, այնպես էլ` դրանց հակասությունը գործող օրենսդրությանը:

12. Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և նշանակել հարկադիր բուժում` դուրս գալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունների շրջանակից: Նրա պնդմամբ Վերաքննիչ դատարանը չի քննարկել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ու պահանջը, չի անդրադարձել վերաքննիչ վերանայման առարկային, չի նշել, թե բողոքարկված դատական ակտն ինչ սխալ է պարունակում, որի պատճառով ենթակա է բեկանման:

13. Բողոքաբերը փաստարկել է, որ իր որոշումը հիմնավորելու համար Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածը` անտեսելով, որ այդ հոդվածը ենթակա է կիրառման օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեպքում, մինչդեռ Հ. Շուքուրյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել:

14. Ըստ բողոք բերած անձի` անհասկանալի է, թե ինչու է Վերաքննիչ դատարանը կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխի 466-րդ հոդվածը, որի համաձայն` տվյալ կատեգորիայի գործերով մինչդատական նախապատրաստումը կատարվում է նախաքննության ձևով այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձի նկատմամբ, և այդ հարցով նախաքննության ձևով մինչդատական նախապատրաստում չի իրականացվել:

15. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Հ. Շուքուրյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 20-ի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` Հ. Շուքուրյանի պաշտպան Կ. Ավանեսյանի վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված կարգով քննելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք Հ. Շուքուրյանի վերաբերյալ կայացված Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելով հանդերձ նրա նկատմամբ հարկադրական բուժում նշանակելու մասին որոշում կայացնել` առանց անդրադառնալու առաջադրված մեղադրանքներում նրա մեղավորության, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու հարցերին:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն` քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:

2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

3. Պատժի ենթակա չէ նաև այն անձը, ով հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթարկվել պատժի»:

18. Շարադրված հոդվածի վերլուծությունից երևում է, որ անձի մեղսունակությունն օրենսդիրը կապում է նրա կողմից իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը, դրա վտանգավորությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու ունակության հետ: Ընդ որում, օրենսդիրը հստակ տարանջատում է երկու խումբ անձանց`

1) հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին անմեղսունակության վիճակում գտնվող անձինք, ովքեր քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէին կարող գիտակցել իրենց գործողությունների (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դրանք:

2) անձինք, ովքեր հանցանքը կատարել են մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել են հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրանց իրենց գործողությունների (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից:

Վերը նշված անձանց նկատմամբ կիրառվում են տարբեր իրավական հետևանքներ` եթե առաջին դեպքում անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության, ապա երկրորդ դեպքում անձինք չեն ազատվում քրեական պատասխանատվությունից: Նրանց նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո նրանք կարող են ենթարկվել պատժի, եթե չեն լրացել համապատասխան վաղեմության ժամկետները:

19. Սույն որոշման նախորդ կետում նշված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթները ևս տարբեր են: Այսպես, անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում առկա իրավադրույթներով, իսկ դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ իրականացվող վարույթի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխում:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխում զետեղված` 471-րդ հոդվածի համաձայն` «1. Գործը դատարանում քննելիս դատախազի և պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Դատական նիստին կարող է հրավիրվել փորձագետ:

2. Դատաքննությունն սկսվում է քննիչի որոշումը հրապարակելով, որից հետո դատարանն անցնում է ապացույցների հետազոտմանը:

3. Դատաքննությունն ավարտվելիս ճառով հանդես է գալիս դատախազը, լսվում է պաշտպանի կարծիքը:

4. Այնուհետև դատարանը որոշում կայացնելու համար հեռանում է խորհրդակցական սենյակ, որտեղ պետք է լուծվեն հետևյալ հարցերը`

1) կատարվել է արդյոք արարքը.

2) արարքը պարունակում է արդյոք հանցակազմ.

3) այդ արարքը կատարել է արդյոք մեղադրյալը.

4) հիվանդացել է արդյոք անձը հոգեկան հիվանդությամբ, ինչպիսին է դրա բնույթը, երբ է սկսվել հիվանդագին վիճակը.

5) կարիք ունի արդյոք անձը բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ինչպիսի միջոցների:

5. Եթե հոգեկան հիվանդությունը վրա է հասել դատական քննության փուլում, դատարանը պետք է լուծի նաև քրեական գործով վարույթը կասեցնելու մասին հարցը»:

Շարադրված դրույթի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացություն անել այն մասին, որ դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ գործի դատաքննության ավարտից հետո դատարանի կողմից կայացվող որոշման մեջ պետք է արտացոլվեն անձի կողմից արարքի կատարման, դրանում հանցակազմի առկայության և այդ արարքը մեղադրյալի կողմից կատարված լինելու վերաբերյալ հարցերի պատասխանները:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 18-րդ կետում առկա հիմնավորումն այն մասին, որ դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո նրանք կարող են ենթարկվել պատժի, եթե չեն լրացել համապատասխան վաղեմության ժամկետները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 471-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնելիս դատարանը պետք է քննարկի նաև անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, նրա նկատմամբ պատիժ նշանակելու հարցերը:

Բացի այդ, հաշվի առնելով այն, որ անձի մոտ առկա հոգեկան հիվանդության մասին փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման գործի բոլոր հանգամանքների համակցության մեջ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 471-րդ հոդվածի 5-րդ մասը դատարանին պարտավորեցնում է նման բնույթի յուրաքանչյուր գործով քննարկման առարկա դարձնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին հարցը` հաշվի առնելով անձի մոտ արձանագրված հիվանդության բնույթը, դրա ընթացքը և անձի հնարավոր առողջացումը:

22. Սույն գործի նյութերից երևում է, որ Հ. Շուքուրյանը նրան մեղսագրված հանցավոր արարքները կատարելու պահին գտնվել է մեղսունակության վիճակում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Հ. Շուքուրյանի մոտ առկա հոգեկան հիվանդությունը, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից, ի հայտ է եկել Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում, երբ արդեն առկա է եղել նրա նկատմամբ կայացված, սակայն օրինական ուժի մեջ չմտած մեղադրական դատավճիռ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր 2010 թվականի հունվարի 20-ի որոշմամբ բեկանել է Հ. Շուքուրյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 22-ին կայացված մեղադրական դատավճիռը և Հ. Շուքուրյանի նկատմամբ նշանակել է հարկադրական բուժում ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման ուսումնասիրությունից երևում է, որ վերջինս որևէ վերաբերմունք չի ցուցաբերել Հ. Շուքուրյանին առաջադրված մեղադրանքներին, որևէ որոշում չի կայացրել, որից հնարավոր կլիներ հետևության հանգել առաջադրված մեղադրանքներում Հ. Շուքուրյանի մեղավորության կամ անմեղության մասին: Վերաքննիչ դատարանի որոշումից պարզ չէ նաև, թե ինչպես են լուծվել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, պատիժ նշանակելու հարցերը:

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի պահանջներով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Մինչդեռ «Դատական որոշումների կատարումը» վերտառությունը կրող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում զետեղված տվյալ հոդվածը սահմանում է, որ`

«1. Այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին:

2. Պատիժը հետագայում կրելու խրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին ազատելիս դատարանն իրավունք ունի նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կամ նրան խնամակալության համար հանձնել առողջապահության մարմիններին կամ ազգականներին:

(...) «:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ իրավանորմը կարգավորում է այն դեպքերը, երբ դատական որոշման ի կատար ածելու ընթացքում` ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն: Հետևապես, նշված նորմը սույն գործի շրջանակներում կիրառելի չէ:

24. Սույն որոշման 22-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 17-21-րդ կետերում առկա իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ. Շուքուրյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ, քանի որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Հ. Շուքուրյանի նկատմամբ հարկադրական բուժում նշանակելու մասին որոշում կայացնել` առանց անդրադառնալու առաջադրված մեղադրանքներում նրա մեղավորության, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու հարցերին:

25. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից չբխող, չհիմնավորված և չպատճառաբանված որոշում, որից ըստ էության պարզ չէ, թե ինչ իրավական կարգավիճակ է տրվել ամբաստանյալ Հ. Շուքուրյանին:

 

II. Հ. Շուքուրյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժման պայմանները

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Հ. Շուքուրյանի նկատմամբ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադրական բուժում նշանակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

27. ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն` «1. Հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով:

2. Հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն»:

28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության 2009 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 50/09 եզրակացությամբ սահմանվել է, որ Հ. Շուքուրյանն իր ներկա հոգեկան վիճակով սոցիալապես վտանգավոր է ինչպես իր անձի, այնպես էլ շրջապատի համար, չի կարող կանգնել քննության և դատարանի առջև:

Չնայած դրան, փորձագետները խորհուրդ են տվել Հ. Շուքուրյանի հարկադրական բուժումն իրականացնել ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

29. Հիմք ընդունելով սույն որոշման 27-րդ կետում շարադրված օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև 25-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես այն, որ իր և այլ անձանց համար հոգեկան վիճակով վտանգավոր և մշտական հսկողության կարիք ունեցող անձի նկատմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում, Հ. Շուքուրյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելով հանդերձ, սահմանել է որ Հ. Շուքուրյանի նկատմամբ հարկադրական բուժում պետք է իրականացվի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ փորձագետները խորհուրդ են տվել Հ. Շուքուրյանի հարկադրական բուժումն իրականացնել ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեբուժական բաժանմունքի տեսակի ընտրության հարցում փորձագետների առաջարկությունները կրում են խորհրդատվական բնույթ, կարող են հաշվի առնվել, սակայն դատարանի համար պարտադիր չեն:

30. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ. Շուքուրյանի նկատմամբ հարկադրական բուժումն ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում նշանակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ, այն է` հոգեբուժական բաժանմունքի տեսակը որոշելու հարցում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում` կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա էր կիրառման:

31. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով օրենքի պահանջները, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` բավարարել է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունն այն դեպքում, երբ այդ միջնորդությունը չի բխել վերաքննիչ բողոքի` Հ. Շուքուրյանին արդարացնելու կամ արարքը վերաորակելու պահանջից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավորված չէ, քանի որ փորձաքննություն նշանակելու իրավասությամբ Վերաքննիչ դատարանն օժտված է և տվյալ պարագայում փորձաքննություն նշանակելով` Վերաքննիչ դատարանը քրեադատավարական օրենքի խախտում թույլ չի տվել:

Անդրադառնալով տարբեր փորձաքննությունների միջև առկա հակասությունների մասին բողոքի փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 25-ի որոշմամբ Հ. Շուքուրյանի հոգեկան վիճակը պարզելու նպատակով նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն ու դրա արդյունքներով 2009 թվականի մայիսի 12-ին ստացել է թիվ 50 եզրակացությունը: Այդ եզրակացության հիման վրա 2009 թվականի մայիսի 20-ին կայացրել է Հ. Շուքուրյանի նկատմամբ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադրական բուժում նշանակելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում, որն օրենքով սահմանված կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար, այդ որոշման համար հիմք հանդիսացող փորձաքննության հավաստիությանը տվյալ բողոքի շրջանակներում հնարավոր չէ անդրադառնալ:

32. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: ՈՒստի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Հ. Շուքուրյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 20-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

33. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 22-ի դատավճիռը բեկանելու և Հ. Շուքուրյանի նկատմամբ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադրական բուժում նշանակելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 20-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.05.2010
N ԵՔՐԴ/0350
Որոշում