040.1436.121110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1436-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 9-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
i
«Թեմա հաստատելու թույլտվություն ստանալու համար մասնագիտական հիմնարկը պետք է դիմի բարձրագույն որակավորման հանձնաժողով` տվյալ մասնագիտությամբ առնվազն գիտությունների 1 դոկտոր և գիտությունների 2 թեկնածու հաստիքային աշխատողների առկայության պայմանով».
i
2) 10-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ պարբերություններով.
«Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առանց համահեղինակների` մեկը: Մենագրության առկայության դեպքում անհրաժեշտ է առնվազն մեկ գիտական հոդված:
Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը` օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում (հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում` երկու): Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգը (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում` երկու): Մենագրության դեպքում (առնվազն 14 տպագրական մամուլ ծավալով) գիտական հոդվածների թիվը կրճատվում է մինչև տասնհինգը:
Գիտական զեկուցումով պաշտպանության դեպքում անհրաժեշտ է առնվազն հիսուն գիտական հոդված».
i
3) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ պարբերություններով.
«Խորհրդում ընդգրկվում են խորհրդի մասնագիտություններով գիտությունների դոկտորներ, որոնք վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 5 գիտական հոդված կամ եղել են պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար: Եթե տվյալ մասնագիտությամբ գիտությունների դոկտորների թիվը չի բավարարում պաշտպանություն կազմակերպելու համար, ապա խորհրդում կարող են ընդգրկվել հարակից բնագավառների կամ մասնագիտությունների գիտությունների դոկտորներ, ովքեր խորհրդի մասնագիտություններով ունեն առնվազն 5 գիտական հոդված, ինչպես նաև տվյալ մասնագիտությամբ գիտության թեկնածուներ, ովքեր վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 10 գիտական հոդված:
Խորհուրդը հաստատվում է մինչև երեք տարի ժամկետով, որից հետո նրա գործունեության ժամկետը կարող է երկարացվել».
4) 18-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
i
«Օտարերկրյա քաղաքացիների ատենախոսության պաշտպանության ծախսերը հատուցվում են վճարովի հիմունքներով:».
i
5) 31-րդ կետում «7-րդ կամ 8-րդ կետի» բառերը փոխարինել «7-րդ կամ 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերի» բառերով.
6) 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36-րդ կետով.
i
«36. Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը` համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումով` լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ: Ներկայացված ատենախոսությունը, սեղմագիրը (կամ դրանց հավասարազորը) բարձրագույն որակավորման հանձնաժողովը կարող է տալ փորձաքննության` սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը պարզելու համար:
Ելնելով գործի ուսումնասիրությունից` Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովն ընդունում է որոշում համապատասխանեցման կամ մերժման մասին»:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` ատենախոսության թեմա հաստատած դոկտորի գիտական աստիճան հայցողները 20 հրատարակված գիտական հոդվածի փոխարեն ներկայացնում են 15 հրատարակված գիտական հոդված:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ