Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱ ...

 

 

040.1505.261110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 1505-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` համապատասխան մարմիններում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման ընթացակարգերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 18-ի

N 1505-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմում (այսուհետ` պետական մարմին) պայմանագրերի նախագծերի մշակման, ստորագրման, ինչպես նաև կնքված պայմանագրերի բնօրինակների հաշվառման և պահպանման ընթացակարգը:

2. Պետական մարմիններում գնումների պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման գործընթացն իրականացնելիս` սույն կարգի դրույթները գործում են այն դեպքում, եթե չեն հակասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի դրույթներին: Սույն կարգը չի տարածվում օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող պայմանագրերի, աշխատանքային, ինչպես նաև միջազգային պայմանագրերի հետ կապված հարաբերությունների վրա:

3. Սույն կարգի իմաստով պայմանագիր են համարվում պետական մարմնի նպատակների, խնդիրների, օրենքներով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի պատշաճ մասնակցության ապահովմանն ուղղված գործարքները, որոնք պետական մարմինը կնքում է որպես պետական կառավարչական հիմնարկ:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

4. Պայմանագրի նախագիծը մշակելու պարտականությունը կրում է պետական մարմնի կառուցվածքային այն ստորաբաժանումը, ում գործառույթների մեջ է մտնում տվյալ պայմանագրի մշակումը, կամ ում համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից տրվել է պայմանագիր մշակելու հանձնարարական (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

5. Պայմանագրի նախագիծը կազմելուց հետո պատասխանատու ստորաբաժանումն այն ներկայացնում է պետական մարմնի իրավաբանական ստորաբաժանմանը (այսուհետ` իրավաբանական ստորաբաժանում)` փորձաքննության: Եթե պայմանագրի նախագիծը նախատեսում է ֆինանսական բնույթի պարտավորություններ կամ իրավունքներ, ապա այն ներկայացնում է նաև պետական մարմնի ֆինանսական ստորաբաժանմանը (այսուհետ` ֆինանսական ստորաբաժանում), անհրաժեշտության դեպքում` պայմանագրին առնչվող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին` համաձայնեցման:

Պատասխանատու ստորաբաժանումը նախագծին կից տրամադրում է նաև պայմանագրին առնչվող, այդ թվում` նաև պայմանագրի մշակման անհրաժեշտության ու հիմնավորվածության վերաբերյալ ամբողջ տեղեկույթը և փաստաթղթերը: Դրանք ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ստորաբաժանումներն իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացնում են պատասխանատու ստորաբաժանմանը:

6. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունները և դիտողություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է պայմանագրի նախագիծը` անհրաժեշտության դեպքում առաջարկությունների հեղինակների հետ կազմակերպելով աշխատանքային քննարկումներ:

7. Պայմանագրի լրամշակված տարբերակը կրկին ներկայացվում է իրավաբանական, իսկ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում նաև ֆինանսական ստորաբաժանման համաձայնությանը: Վերջիններս նախագիծն ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում են պատասխանատու ստորաբաժանմանը`

1) դրական եզրակացությամբ, եթե չկան այլ առաջարկություններ կամ դիտողություններ.

2) բացասական եզրակացությամբ, եթե կան չընդունված կամ չհամաձայնեցված առաջարկություններ ու դիտողություններ:

8. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագիրն իրավասու պաշտոնատար անձին ստորագրման է ներկայացնում սույն կարգի 7-րդ կետում նշված դրական կամ բացասական եզրակացության հետ միասին:

9. Պայմանագիրն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, նախագծի վերաբերյալ բացասական եզրակացության առկայության դեպքում, իրավասու է այն ստորագրել կամ վերադարձնել պատասխանատու ստորաբաժանմանը` հանձնարարելով ներկայացված եզրակացության հիման վրա կատարել փոփոխություններ և մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնել ստորագրման:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

i

10. Ստորագրված պայմանագրերի բնօրինակները պահվում են իրավաբանական ստորաբաժանումում: Հաստատված պայմանագրերը հաշվառվում և գրանցվում են պայմանագրերի հաշվառման գրքում, որի ձևը և վարման կարգը սահմանում է պետական մարմնի ղեկավարը:

11. Պայմանագրի պատճենները տրամադրվում են պետական մարմնի հաշվապահական հաշվառում իրականացնող ստորաբաժանմանը (այսուհետ` հաշվապահական հաշվառում իրականացնող ստորաբաժանում), պատասխանատու ստորաբաժանմանը և այն ստորաբաժանումներին, որոնց աշխատանքին կարող է առնչվել պայմանագիրը: Յուրաքանչյուր ստորաբաժանում, որին տրամադրվում են պայմանագրերի պատճենները, պարտավոր է վարել պայմանագրերի իր ներքին հաշվառումը և պահպանումը:

12. Եթե պետական մարմնի ստորաբաժանմանը կամ աշխատողին անհրաժեշտ է ստանալ պայմանագրի պատճենը կամ ծանոթանալ դրա հետ, ապա վերջինս դիմում է իրավաբանական ստորաբաժանում և պայմանագրերի հաշվառման գրքի վարման մասին հրամանով սահմանված ընթացակարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում համապատասխան փաստաթղթերը:

13. Ստորագրված պայմանագրի մեկ օրինակը իրավաբանական ստորաբաժանումը պատշաճ կարգով ուղարկում է պայմանագրի մյուս կողմին:

14. Պետական մարմինը կարող է ներդնել և օգտագործել պայմանագրերի հաշվառման և պահպանման համապատասխան համակարգչային ծրագիր, որում պարտադիր պետք է մուտքագրվեն պետական մարմնի կողմից կնքված բոլոր պայմանագրերը` նշելով պայմանագրի կնքման ամսաթիվը, առարկան և պարտավորությունների կատարման ժամկետները, անհրաժեշտության դեպքում` պարտավորությունների կատարման վերաբերյալ այլ դրույթներ: Ծրագիրը վարելու պարտականությունը և օգտագործման պատասխանատվությունը կրում է սույն կարգի 10-րդ կետում նշված պայմանագրերի բնօրինակները պահելու համար պատասխանատու ստորաբաժանումը:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

15. Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Այդ նպատակով պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է պայմանագրերի կատարման ընթացքում, գործողության ավարտին և դրանից հետո պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին գրավոր տեղեկացնել իրավաբանական ստորաբաժանմանը:

16. Պայմանագրերով նախատեսված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում իրականացնող ստորաբաժանումը: Պայմանագրերի կատարման ընթացքում` դրանց գործողության ավարտից հետո պետական մարմնի հանդեպ ստանձնված ֆինանսական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ պետական մարմնի ստանձնած ֆինանսական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում` դրա հայտնաբերման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվապահական հաշվառում իրականացնող ստորաբաժանումը դրա մասին գրավոր տեղեկացնում է իրավաբանական ստորաբաժանմանը:

17. Պայմանագրերով նախատեսված ժամկետների նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով իրավաբանական ստորաբաժանումն իրավասու է`

1) պատասխանատու ստորաբաժանումից պահանջելու և ուսումնասիրելու անհրաժեշտ փաստաթղթեր.

2) հարցում կատարելու պատասխանատու ստորաբաժանմանը պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ և ստացված տեղեկությունները համեմատելու իրավաբանական ստորաբաժանումում եղած տվյալների հետ.

3) պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով նախատեսված պարտավորության (պարտավորությունների) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատու ստորաբաժանումից պահանջելու գրավոր կամ բանավոր տեղեկություններ.

4) անհրաժեշտության դեպքում վարելու բանակցություններ պայմանագրի մյուս կողմի հետ:

18. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերում նախատեսված դեպքերում իրավաբանական ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու համար և վերջիններիս մասին զեկուցագիր է ներկայացնում պետական մարմնի ղեկավարին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2010
N 1505-Ն
Որոշում