Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1424/02/09

    դատարանի որոշում                                               2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1424/02/09

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

Դատավորներ` Ա. Խառատյան

Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի   

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2010 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ «Սաղդայմոնդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և պատասխանողի գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 336.714.460,57 ՀՀ դրամ` որպես չմարված վարկային պարտավորության, հաշվարկված տոկոսների և տույժերի գումար, 6.740.000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար. բռնագանձումը տարածել Ընկերության վարկային պարտավորությունների ապահովման համար գրավադրված, «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան 3 հասցեի 1.220,2 քմ մակերեսով արտադրա-վարչական տարածքների, 21,0 քմ մակերեսով ավտոտնակի և 0,17139 հա մակերեսով հողի, ինչպես նաև Ընկերության այլ գույքի և դրամական միջոցների վրա:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 03.12.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերությունը և «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները և գտել է, որ Ընկերությունը պատշաճ չի ծանուցվել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, քանի որ պետական գրանցման վկայականում, պայմանագրերում և կանոնադրության մեջ նշված վերջինիս հասցեն ունի տարիների վաղեմություն և հնարավոր է, որ այն փոխված լիներ, քանի որ կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրերից երևում է, որ Ընկերությունը գտնվում է այլ հասցեում: Սակայն Ընկերությունը պարտավոր էր ապացուցել ոչ թե այլ հասցեում իր այս կամ այն հետաքրքրությունները, այլ այն, որ նա որևէ առնչություն չունի «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» հասցեի հետ: Միևնույն իրավաբանական անձը կարող է գործունեություն իրականացնել մի քանի հասցեներում, սակայն նրա իրավաբանական հասցեն համարվում է պետական ռեգիստրում նշված հասցեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.12.2009 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Սույն գործով էական նշանակություն ունի ոչ թե ծանուցագրերի` պետական գրանցման վկայականում նշված հասցեով ուղարկվելու հանգամանքը, այլ այն, թե արդյոք դրանք հասել են հասցեատիրոջը և արդյոք Ընկերությունը ծանուցվել է: Նշվածի վերաբերյալ Դատարանն իրավացիորեն պատճառաբանել է, որ Ընկերության ծանուցված լինելու փաստը չի հաստատվում, քանի որ բոլոր ծանուցագրերն ուղարկվել են միևնույն հասցեով, որոնք ստորագրել և ստացել է մեկ անձ, մինչդեռ Ընկերության գտնվելու վայրի հասցեն է «ք. Երևան, Սուրենյան 7»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 24.02.2006 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքվել է թիվ 009 ՀԳ/Վ վարկային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որով Բանկը վարկառուին տրամադրել է 280.000.000 ՀՀ դրամ վարկ 5 ամիս մարման ժամկետով, տարեկան 18% դրույքաչափով: Պայմանագրում որպես Ընկերության գտնվելու վայրի հասցե նշվել է «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» (հատոր 1-ին, գ.թ. 18):

2. Ի ապահովումն Պայմանագրի` մի կողմից Բանկի և մյուս կողմից «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 24.02.2006 թվականին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի մասին (հիփոթեք) թիվ 009 Հ/Գ պայմանագիր, որով գրավ է դրվել «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան 3 հասցեի 1.220,2 քմ մակերեսով արտադրա-վարչական տարածքները, 21,0 քմ մակերեսով ավտոտնակը և 0,17139 հա մակերեսով հողը (հատոր 1-ին, գ.թ. 21):

3. Ընկերության 23.08.1999 թվականի պետական գրանցման թիվ 001 վկայականում որպես Ընկերության գտնվելու վայրի հասցե նշված է «375033, Երևան, Հակոբյան 3» (հատոր 1-ին, գ.թ. 26):

4. «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», «Հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին» որոշումները, 17.09.2009 թվականին, 09.10.2009 թվականին նշանակված գործի նախապատրաստական փուլի, ինչպես նաև 18.11.2009 թվականին նշանակված դատաքննության դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերությանն ուղղված ծանուցագրերն ուղարկվել են միևնույն` «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 10, 11, 98, 101, 111, 114, 124, 125, 141, 142):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

Վերոգրյալը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տես` «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի` 10.748.853,03 ՀՀ դրամի պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, իրավաբանական անձի կառավարման կարգը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավաբանական անձի գտնվելու վայր է համարվում իրավաբանական անձի կանոնադրությամբ նշված և պետական գրանցման համար որպես պարտադիր տվյալ ներկայացված նրա մշտական գործող մարմնի հասցեն:

Սույն գործով Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», «Հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին» որոշումները, 17.09.2009 թվականին, 09.10.2009 թվականին նշանակված գործի նախապատրաստական փուլի, ինչպես նաև 18.11.2009 թվականին նշանակված դատաքննության դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերությանն ուղղված ծանուցագրերն ուղարկել է միևնույն` «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» հասցեով:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Ընկերության հետ «ք. Երևան, Սուրենյան փողոց 7» հասցեում կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերը, գտել է, որ ծանուցագրերն ուղարկվել են սխալ հասցեով, քանի որ Ընկերությունը գտնվում է «ք. Երևան, Սուրենյան փողոց 7» հասցեում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության գտնվելու վայրի հասցեն, Ընկերության 23.08.1999 թվականի պետական գրանցման թիվ 001 վկայականում արված գրառման համաձայն, «ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3» է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ծանուցագրերը Ընկերության գտնվելու վայրի հասցեով ուղարկված լինելու պայմաններում, Ընկերությունը համարվում է պատշաճ ծանուցված:

Բացի այդ, սույն գործով հաստատված փաստերից հետևում է, որ Ընկերության հասցեով դատարանի կողմից ուղարկվել է ծանուցագիր պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ: Հետադարձ ծանուցման թերթիկը ստորագրվել է և փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել դատարան: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձը չի հիմնավորել փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքը: Այս փաստի ապացուցման բեռը կրում է Ընկերությունը, քանի որ հետադարձ ծանուցման թերթիկի ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Ընկերության կողմից այս փաստի ապացուցումն էական նշանակություն ունի դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման փաստը հիմնավորելու համար:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի ելել այն կանխավարկածից, որ փոստային կապի ազգային օպերատորի կողմից իր պայմանագրային և օրենքով նախատեսված պարտականությունները կատարվել են պատշաճ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է Վերաքննիչ դատարանում նոր քննության, քանի որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության, քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի խախտման փաստարկներին` պատճառաբանելով, որ դրանք կհետազոտվեն Դատարանի կողմից գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2010
N ԵԱՔԴ/1424/02/09
Որոշում