Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

020.0935.040211

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 փետրվարի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ` ՀՀ գլխավոր դատախազության` մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ գլխավոր դատախազի 27.09.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը» վերտառությամբ 426.1-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում խարդախության փաստով հարուցված քրեական գործով պարզվել է, որ չորս անգամ հափշտակություններ կատարելու համար դատապարտված Արսեն Երվանդի Սիմոնյանը հինգերորդ անգամ դատապարտվելով 13 տարի ազատազրկման, պատժի կրման վայրից ծանոթություն է հաստատել Անուշ Միքայելի Ներսիսյանի հետ: Վերջինիս վստահությունը չարաշահելով` Ա. Սիմոնյանն իր ընկերուհի Արուսյակ Նշանի Շելելենկյանի միջոցով Ա. Ներսիսյանից խաբեությամբ վերցրել և հափշտակել է 3.050.030 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար: Քրեական գործի քննության ընթացքում 26.01.2010թ. որոշում է կայացվել Արուսյակ Նշանի Շելելենկյանի վերաբերյալ քրեական գործից մաս անջատելու, մասի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

2010թ. փետրվարի 10-ին քրեական գործը, ըստ մեղադրանքի Արսեն Երվանդի Սիմոնյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 2010թ. հունիսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Սիմոնյանը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 2010թ. հունիսի 22-ին գործը քննող դատավորից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի դատաքննությամբ երևան են եկել նոր հանգամանքներ, որոնք հիմնավորում են Ա. Շելելենկյանի կողմից նշված խարդախության կատարմանն օժանդակելու փաստը, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերացնելու նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, գործի մասի վարույթը կարճելու վերաբերյալ 26.01.2010թ. որոշումը և քննարկել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում 24.08.2010թ. որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին և ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնին հանձնարարվել է կատարել քննություն:

3. Վիճարկելով օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 103-րդ հոդվածներին:

Դիմողի կարծիքով` վիճարկվող իրավանորմի նման ձևակերպման պայմաններում, ըստ էության, բացառվում է քրեական հետապնդման մարմնի` գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով: Նման իրավիճակում, ըստ դիմողի, խախտվում են հանցագործություններից տուժած անձանց սահմանադրական իրավունքները, այդ հիմնախնդրի օրենսդրական համակարգային կարգավորումը, դատախազության սահմանադրական լիազորությունների իրացման ծավալներն ու տրամաբանությունը:

Դիմողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած` «...իր խախտված իրավունքները վերականգնելու համար» սահմանադրական ձևակերպումը վերաբերելի է նաև քրեական գործով տուժողին: Հետևաբար, պետք է սահմանվեն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող պետական մարմինների կողմից թույլ տրված խախտումներով կայացված որոշումների վերանայման և վերացման կառուցակարգեր: Ըստ դիմողի` նոր երևան եկած հանգամանքների առումով գործող քրեադատավարական օրենսդրությունը նման կառուցակարգեր սահմանում է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման առումով` դրանով իսկ բացառելով, որ այդպիսիք անհրաժեշտ են նաև մինչդատական վարույթում ընդունված ակտերի համար:

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով մինչդատական և դատական վարույթներում ընդունված ակտերի վերանայման վերաբերյալ նախորդ և ներկա իրավակարգավորումների համեմատական վերլուծության հիման վրա դիմողը գտնում է, որ օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ տեքստի` վիճարկվող իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմերը, մասնավորապես` օրենսգրքի 21-րդ և 408-410-րդ հոդվածները, համակարգային կապի մեջ էին գտնվում, մինչդեռ օրենսգրքի ներկա խմբագրությամբ տեքստի 21-րդ հոդվածը և 12.1-րդ բաժնի դրույթները չեն ապահովում հիմնախնդրի համակարգային և միասնական կարգավորումը: Իր այդ դիրքորոշումը դիմողը փաստարկում է նրանով, որ օրենսգրքի ներկա խմբագրությամբ տեքստի 21-րդ հոդվածի և 12.1-րդ բաժնի նորմերի վերլուծությունը վկայում է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման ենթակա են ինչպես դատական ակտերը, այնպես էլ մինչդատական վարույթում ընդունված` գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումները:

i

Վիճարկվող նորմը դիտարկելով դատախազության սահմանադրական լիազորությունների իրացման ծավալների ու տրամաբանության համատեքստում` դիմողը, վերլուծելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետը, եզրահանգում է, որ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերանայելը, այդ թվում` նոր երևան եկած հանգամանքների հիմքով, դատախազի բացառիկ լիազորությունն է, որպիսի փաստարկը հիմնավորվում է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության և դատական վերահսկողության փոխհարաբերությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 07.12.2009թ. ՍԴՈ-844 որոշմամբ արտահայտած դիրքորոշումներով:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իր այդ դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 12.1-րդ բաժնի նորմերը վերաբերում են միայն դատական ակտերի վերանայմանը: Մինչդեռ «դատախազի կողմից նոր և նոր երևան եկած հանգամանքներով գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների վերացման դատավարական կարգ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում»:

Պատասխանողը պնդում է, որ «Գործող քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում, երբ բացակայում է դատախազի կողմից նոր երևան եկած հանգամանքներով քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը վերացնելու հստակ դատավարական կարգը, ... օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը, կարող է հանգեցնել իրավական անորոշության, կրկին դատվելու անթույլատրելիության սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի խախտման»:

Պատասխանողն արձանագրում է նաև, որ «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում» առաջարկվում է նոր և նոր երևան եկած հանգամանքներով վարույթի կառուցակարգը կիրառել նաև մինչդատական վարույթի ժամանակ ընդունված եզրափակիչ ակտերի նկատմամբ:

5. Սույն գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում վիճարկվող իրավանորմը դիտարկել դատավարական ակտերի վերանայման վերաբերյալ ողջ իրավակարգավորման համատեքստում` հաշվի առնելով, մի կողմից, տուժողի շահերի, մյուս կողմից` կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի` որպես հանրային շահի հավասարակշռման անհրաժեշտությունը:

Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի»:

Օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերի, որոնք սահմանում են համապատասխանաբար` «քրեական գործ», «գործով վարույթ», «քրեական գործով մինչդատական վարույթ» հասկացությունների բովանդակությունը, վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական գործը նորոգելը» բառակապակցությունը հավասարապես կարող է վերաբերել ինչպես դատարանի, այնպես էլ մինչդատական վարույթում գտնվող կամ նշված վարույթներից որևէ մեկի ընթացքում ավարտված քրեական գործերին:

Հիմք ընդունելով այն, որ նոր կամ նոր երևան եկած հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չէին կարող հայտնի լինել հետաքննության կամ նախաքննության մարմնին տվյալ գործով վարույթն իրականացնելիս` սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը օբյեկտիվորեն չի կարող նոր կամ նոր երևան եկած հանգամանքը հաշվի չառնելը դիտարկել որպես հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից տվյալ գործով վարույթն իրականացնելիս թույլ տրված դատավարական սխալ:

Ինչ վերաբերում է օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո մինչդատական վարույթի նկատմամբ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով պայմանավորված դատախազության հսկողական գործառույթներն իրականացնելու հնարավորությանը, դրան վերաբերում է օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, որն էլ, իր հերթին, հղում է կատարում օրենսգրքի 12.1-րդ բաժնի դրույթներին: Այսինքն` օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո մինչդատական վարույթի նկատմամբ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով պայմանավորված դատախազության հսկողական գործառույթներն իրականացնելու հնարավորություն և կանխորոշել է օրենսգրքի 12.1-րդ բաժնի նորմերի միջոցով այդպիսի հնարավորության իրացման համար համապատասխան իրավական երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունը: Ընդ որում, քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում կայացված` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների վերանայումը դատախազի կողմից` հանդիսանում է հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության առանձին տարատեսակ, առնչվում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` քրեական հետապնդում հարուցելու և հանցագործությունը բացահայտելու` դատախազի պարտականության իրականացմանը, հանդիսանում է ինքնուրույն վարույթ և, հետևաբար, ունի որոշակի առանձնահատկություններ:

6. Օրենսգրքի 12.1-րդ բաժնի վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված բաժինը վերաբերում է նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բացառապես դատական ակտերի վերանայման հետ կապված հարաբերություններին: Այդպիսի եզրահանգման համար հիմք են հանդիսանում ոչ միայն օրենսգրքի 12.1-րդ բաժնի նորմերը, այլև նշված բաժնի և այդ բաժնում շարադրված առանձին հոդվածների վերնագրերը: Ընդ որում, իրավակարգավորման առարկայի հստակեցման հարցում օրենսդրական փոփոխությունների ընթացքում հետևողականություն չի դրսևորվել: Օրինակ, վեճի առարկա հոդվածը վերնագրված է «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը», մինչդեռ այդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման առարկան իրավական ակտերի համակարգն է, որոնցից առանձնացվում է «միայն օրինական ուժի մեջ մտած» դատական ակտը: Նման ձևակերպումը նաև իրավական մտածողության իներցիայի դրսևորում է, քանի որ չեն կարող լինել «օրինական ուժի մեջ մտած դատական ակտ» և «անօրինական ուժի մեջ մտած դատական ակտ» հասկացություններ, որպեսզի դրանցից «միայն» սահմանափակման վերաբերական խոսքի մասի միջոցով ընտրություն կատարվի:

Առկա ձևակերպման քերականական վերլուծությունից բխում է, որ օրենսգրքի 426.1-րդ հոդվածի «...միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը» արտահայտությունը չի սահմանափակվում «օրինական» ուժի մեջ մտած դատական ակտի հանգամանքի շեշտմամբ: Այս բառակապակցության մեջ «միայն» արտահայտությունը` որպես խոսքի մաս, որպես սահմանափակման վերաբերական ենթադրում է, որ քրեական վարույթում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով որևէ այլ վերջնական իրավական ակտ վերանայվել չի կարող: Նման բացառությունը և դրա նման ձևով շեշտադրումը պահանջում են սահմանադրաիրավական սկզբունքային դիրքորոշում արտահայտել այն առնչությամբ, թե արդյո՞ք մինչդատական վարույթում նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վերջնական իրավական ակտի վերանայման արգելափակումն անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման հարցում խնդիրներ չի առաջացնի: Այլ հարց է, թե օրենսդիրն ինչ ընթացակարգեր կսահմանի նման ինստիտուտի իրավաչափ ներդրման համար:

Զուտ անհրաժեշտության և նշված խնդիրների հաղթահարման տեսանկյունից հարցին սպառիչ պատասխան է տալիս պատասխանող կողմը, շեշտելով. «...հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հայեցակարգային նշանակությունը, ինչպես նաև գիտակցելով, որ այն արդյունավետ լուծում կարող է ստանալ միայն համակարգային կարգավորման պարագայում..., ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում առաջարկվում է նոր և նոր երևան եկած հանգամանքներով վարույթի կառուցակարգը կիրառել նաև մինչդատական վարույթի ժամանակ ընդունված եզրափակիչ ակտերի նկատմամբ»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործնականում առաջին հերթին հանցագործության հետևանքով տուժած անձի իրավունքների ու արժանապատվության խախտում պետք է դիտարկվի այն, որ օրենսդրության մեջ բացակայում է նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում կայացված` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշումների վերանայման մեխանիզմը:

Գիտակցելով, որ եթե տուժողի համար արդարադատությունը մատչելի չէ, հետևաբար, այն խախտում է դատարանի առջև հավասարության սկզբունքը, դրանով իսկ իմաստազրկում արդարադատության բուն գաղափարը` մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում սահմանվեց պետությունների այն պարտականությունների շրջանակը, որոնք կնպաստեն տուժողի դատավարական իրավունքների արդյունավետ պաշտպանությանը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1985 թվականի նոյեմբերի 29-ի` «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները» A/RES/40/34 հռչակագրում և Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 1985 թվականի հունիսի 28-ի` «Քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում տուժածի կարգավիճակի մասին» R(85)11 հանձնարարականում առաջարկվում է ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկել տուժողների իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես, բարելավել տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման դատական և վարչական կառուցակարգերը, սահմանել քրեական գործի քննության ժամանակ տուժածի կարգավիճակը, նրա իրավունքների երաշխավորման հարցում դատարանի իրավունքների և պարտականությունների բնույթը: Ըստ նշված փաստաթղթերի` քրեական արդարադատության կարևորագույն գործառույթներից է տուժածի պահանջների բավարարումը և շահերի պաշտպանությունը, քրեական արդարադատության նկատմամբ տուժածի վստահության ավելացումը:

7. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քրեական հետապնդման մարմնի վերջնական որոշման` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման հնարավորության համակարգային իրավակարգավորման բացակայությունը պայմանավորված է առաջին հերթին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի առկա ձևակերպմամբ, որի արդյունքում վտանգվում է անձի` իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի «միայն» արտահայտությունը` այնքանով, որքանով բացառում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի օրենքով սահմանված կարգով վերանայումը` դրանով իսկ վտանգելով անձի` մասնավորապես, մինչդատական վարույթում պետական իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 փետրվարի 2011 թվականի

ՍԴՈ-935

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.02.2011
N ՍԴՈ-935
Որոշում