Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ...

 

 

104.0763.250111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10411037

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի թիվ 2/763-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 13-ի «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» թիվ 15 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի վարիչի վրա:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը վերապահել հյուպատոսական ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Հավելված

ՀՀ արտաքին գործերի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 2/763-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի (այսուհետ` Հաագայի կոնվենցիա) համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը Հաագայի կոնվենցիայի մասնակից պետություն ներկայացնելու համար դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման փոխարեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի հյուպատոսական վարչության (այսուհետ` հյուպատոսական վարչություն) կողմից վավերացվում են հատուկ դրոշմակնիքով` «Ապոստիլով» (այսուհետ` ապոստիլ), որով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

2. Հյուպատոսական վարչության կողմից ապոստիլով վավերացվում են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները:

2) Նախարարության կողմից տրված դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները:

3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրված այլ պաշտոնական փաստաթղթերը և ակտերը, որոնք ենթակա չեն ապոստիլով վավերացման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

3. Ապոստիլով չեն վավերացվում`

1) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված փաստաթղթերը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող փաստաթղթերը:

4. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումն ընդունվում է նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում (այսուհետ` ընդունելության սրահ)` երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին (բացառությամբ տոնական կամ այլ պատճառով ոչ աշխատանքային հայտարարված օրերը) հյուպատոսական վարչության կողմից` ժամը 10:00-ից 12:00-ն:

5. Ապոստիլով վավերացված փաստաթուղթը դիվանագիտական կամ հյուպատոսական հետագա վավերացման ենթակա չէ:

6. Հաագայի կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկը փակցվում է ընդունելության սրահի տեսանելի մասում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքի «Հյուպատոսական ծառայություն» բաժնում և թարմացվում է, ըստ Հաագայի կոնվենցիայի ավանդապահից ստացված ծանուցումների, մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

II. ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար կարող է դիմել յուրաքանչյուր ոք (այսուհետ` դիմող):

8. Ապոստիլով վավերացման համար դիմողը նախարարություն է ներկայացնում`

1) դիմում (որը դիմողին է տրամադրվում տեղում), որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրի սերիան և համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթ(եր)ի ցանկը և այն պետության անվանումը, ուր ներկայացվելու է փաստաթուղթը (Ձև N 1),

2) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը,

3) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը,

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը` ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միասնական փաստաթղթով:

Սույն կետի դրույթները չեն տարածվում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա:

9. Եթե ապոստիլով վավերացման ենթակա փաստաթուղթը կազմված է մեկից ավելի էջերից, ապա տվյալ փաստաթուղթն այն տրամադրած մարմնի կողմից պետք է կարվի, իսկ էջերը համարակալվեն այնպես, որ վավերացնելուց հետո հնարավոր չլինի փոփոխել փաստաթղթի ամբողջականությունը` առանց կարված մասը և դրված կնիքը խախտելու:

Եթե փաստաթուղթը չի բավարարում սույն կետում նշված պահանջներին, ապա այն տեղում վերադարձվում է դիմողին` փաստաթուղթը տրամադրած մարմնին կամ դրա իրավահաջորդին ներկայացնելու և փաստաթուղթը նշված պահանջներին համապատասխան ձևով պատրաստելու նպատակով, որից հետո փաստաթուղթը ներկայացվում է նախարարություն:

10. Վավերացման համար պետական տուրքը վճարվում է պետական բյուջե` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:

1) Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը և ապոստիլով վավերացված փաստաթղթի լուսապատճենը կցվում են դիմումին:

11. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար ստացված դիմումն ուսումնասիրվում է հյուպատոսական վարչության կողմից:

Դիմումի ուսումնասիրման ժամանակ պարզվում են`

1) ներկայացված փաստաթղթի` ապոստիլով վավերացման ենթակա լինելը,

2) ներկայացված փաստաթղթի համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,

3) ներկայացված փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

Դիմումների նախնական ուսումնասիրությունը կատարվում է դիմումը ներկայացնելու պահին, դիմողի ներկայությամբ, դրանց համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին ստուգելու նպատակով:

12. Ներկայացված փաստաթղթում առկա ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը պարզելու համար դրանք համեմատվում են հյուպատոսական վարչության տրամադրության տակ եղած (պաշտոնապես ստացված) ստորագրությունների, կնիքների ու դրոշմակնիքների համապատասխան նմուշների հետ` դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ներկայացված փաստաթղթում առկա ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների նմուշների բացակայության դեպքում իրականացվում են լրացուցիչ ստուգումներ: Նախարարությունը դիմում է համապատասխան մարմին դրանց նմուշները ստանալու նպատակով: Նմուշները պաշտոնապես ստանալուց հետո դիմողի կողմից ներկայացված փաստաթղթում առկա ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը պարզելու համար համեմատությունը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Փաստաթղթի վաղեմության կամ այլ պատճառներով փաստաթղթում առկա ստորագրության, կնիքի կամ դրոշմակնիքի իսկության ստուգման անհնարինության դեպքում փաստաթղթի ապոստիլով վավերացումը կատարվում է տվյալ փաստաթուղթը տրամադրած մարմնի պաշտոնավարող ղեկավարի կամ վերադաս մարմնի, կամ, եթե փաստաթուղթը տրամադրած մարմինը լուծարվել է և իրավահաջորդ չկա` դրա փաստաթղթերը պահպանող արխիվի ղեկավարի հաստատումից հետո: Այս դեպքում ներկայացված փաստաթուղթը տեղում վերադարձվում է դիմողին` անհրաժեշտ գործողությունները կատարելու նպատակով համապատասխան մարմին ներկայացնելու համար:

14. Ապոստիլով վավերացնելու համար ներկայացված փաստաթղթում կնիք և դրոշմակնիք դնելու համար բավարար տեղ չլինելու դեպքում դիմումը և կից փաստաթուղթը տեղում վերադարձվում է դիմողին: Դիմողը փաստաթուղթը ներկայացնում է այն տրամադրած մարմին` լրացուցիչ ազատ էջ ավելացնելու նպատակով: Նոր էջը կարվում է փաստաթղթին այնպես, որ հնարավոր լինի այդտեղ սոսնձել սպիտակ ամուր թուղթ: Սոսնձվող թղթի վրա նշվում են հետևյալ բառերը. «Փաստաթուղթը բաղկացած է ___ էջից»: Կարն ամրագրվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով: Եթե փաստաթուղթը տրամադրած մարմինը լուծարվել է և իրավահաջորդ չկա, նշված գործողություններն իրականացնում է դրա փաստաթղթերը պահպանող արխիվը:

15. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթի ապոստիլով վավերացումը չի բխում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, գործող օրենսդրության և սույն կարգի պահանջներից,

2) դիմումի մեջ նշված պետությունը, ուր պետք է ներկայացվի տվյալ փաստաթուղթը, չի հանդիսանում Հաագայի կոնվենցիայի մասնակից,

3) փաստաթղթում առկա են չհաստատված ջնջումներ, փոփոխություններ, սխալ տվյալներ և (կամ) այլ անհամապատասխանություններ,

4) տվյալ տեսակի փաստաթղթի ապոստիլով վավերացնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:

Սույն կետում նշված հիմքերի առկայության դեպքում փաստաթղթի վավերացման դիմումը համապատասխան պաշտոնատար անձի կողմից կարող է մերժվել տեղում` դիմումը ներկայացնելու պահին` բանավոր հայտնելով պատճառը:

Փաստաթղթի մերժման հիմքը դիմումն ընդունելուց հետո հայտնի դառնալու դեպքում մերժման մասին գրավոր ծանուցումը (ձև N 2) դիմողին է ուղարկվում դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում` հյուպատոսական վարչության պետի անունից:

Դիմողի նախնական համաձայնության հիման վրա մերժման մասին ծանուցումը իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

16. Մերժման մասին ծանուցման մեջ հստակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթն առձեռն դիմողին են վերադարձվում ընդունելության սրահում` ընդունելության համար նախատեսված օրերին և ժամերին: Դիմողի պահանջով տրվում է նաև տեղեկանք` վճարված պետական տուրքի դիմաց ծառայություն չմատուցելու մասին` վճարված գումարը համապատասխան ֆինանսական մարմնից հետ ստանալու համար:

Դիմումի մերժումն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Փաստաթուղթը ապոստիլով վավերացվում է դիմումն ընդունելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգով սահմանված լրացուցիչ ստուգումներ կատարելու դեպքերի:

18. Լրացուցիչ ստուգումներ կատարելու դեպքում` հյուպատոսական վարչության պետը երկարաձգում է ներկայացված փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու ժամկետը` առավելագույնը տասը աշխատանքային օրով: Այս դեպքում հյուպատոսական վարչության պետը դիմումի վրա կատարում է համապատասխան մակագրություն:

19. Փաստաթղթի ապոստիլով վավերացման ժամկետի երկարաձգման մասին գրավոր ծանուցումը (Ձև N 3) դիմողին է ուղարկվում դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ծանուցման մեջ նշվում է ապոստիլով վավերացման ժամկետի երկարաձգման պատճառը:

1) Դիմողի նախնական համաձայնության դեպքում ապոստիլով վավերացման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ծանուցումը իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

 

IV. ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Նախարարության կողմից դրվող ապոստիլը 9x9 սմ չափերի դրոշմակնիք է (Ձև N 4):

Ապոստիլը դրվում է ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի ազատ էջի վրա:

Ապոստիլը պետք է դրվի այնպես, որ այն չծածկի փաստաթղթի տեքստը և չխախտի տեքստի ընթեռնելիությունը:

21. Ապոստիլի բոլոր տողերը լրացվում են անգլերեն:

22. Եթե ապոստիլով վավերացման ներկայացված փաստաթուղթը ստորագրված է այնպիսի պաշտոնատար անձի կողմից, որի ազգանունն անընթեռնելի է և վաղեմության պատճառով հնարավոր չէ պարզել (օրինակ` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ), ապա ապոստիլի 2-րդ տողում նշվում է «պաշտոնատար անձի կողմից (an official)» բառերը, իսկ ապոստիլի 3-րդ տողում նշվում է այդ անձի պաշտոնը (օրինակ` «դպրոցի տնօրեն (Principal of tհe Scհool)», այնուհետև` 4-րդ տողում` «Երևանի թիվ 3 միջնակարգ դպրոց (3rd Secondary Scհool of Yerevan)»):

23. Ապոստիլը ստորագրվում է հյուպատոսական վարչության պետի, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից:

24. Փաստաթուղթը ապոստիլով վավերացնելիս որևէ սխալ նշում կատարելու կամ որևէ պատճառով վավերացումն անվավեր ճանաչելու դեպքում ապոստիլի դրոշմակնիքի վրա դրվում է 1,7x4,3 սմ չափսերի «Անվավեր է / Cancelled» դրոշմակնիք (Ձև N 5):

25. Ապոստիլի 9-րդ տողում դրվում է հյուպատոսական վարչության անվանումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը պարունակող կլոր կնիք այնպես, որ կնիքի մի մասը դրոշմվի ապոստիլի, իսկ մյուս մասը դրանից դուրս` փաստաթղթի էջի վրա:

26. Ապոստիլով վավերացման գործընթացը հաշվառվում է էլեկտրոնային գրանցամատյանում (Ձև N 6), որտեղ նշվում է`

1) դիմումն ընդունելու օրը, ամիսը և տարեթիվը,

2) դիմումն ընդունող պաշտոնատար անձի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը (հայրանունը),

4) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի անվանումը,

5) ապոստիլ դնելու ժամանակը և ապոստիլը հաստատող անձի ազգանունն ու անունը, որը պետք է համապատասխանի ապոստիլի 6-րդ և 7-րդ տողերին,

6) ապոստիլի հերթական համարը, որը համապատասխանում է ապոստիլի 8-րդ տողին,

7) ապոստիլով վավերացման դիմումը մերժելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը (եթե դիմումը մերժվում է):

27. Ընդունված դիմումներն Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցվում են դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

28. Ապոստիլով վավերացնելու համար ներկայացված փաստաթղթի լուսապատճենի վերևի աջ անկյունում նշվում է այդ փաստաթղթի բնօրինակի կամ կրկնօրինակի վրա դրված ապոստիլի համարը, տարին, ամիսը և ամսաթիվը:

29. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար ներկայացված դիմումը, փաստաթղթի լուսապատճենը և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը պահպանվում են առանձին թղթապանակներում` դասակարգված ըստ տարիների և ամիսների: Պահպանման ժամկետն է երեք տարի, որից հետո դրանք արխիվացման նպատակով փոխանցվում են նախարարության աշխատակազմի քարտուղարության պատմադիվանագիտական բաժին:

30. Էլեկտրոնային գրանցամատյանը յուրաքանչյուր ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում տպվում է հաշվետու ամսվա կտրվածքով` հաշվետվության տեսքով, ստորագրվում է գրանցամատյանը վարող պաշտոնատար անձի և հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից, որից հետո պահպանվում է առանձին թղթապանակներում` դասակարգված ըստ տարիների և ամիսների: Պահպանման ժամկետն է երեք տարի, որից հետո դրանք արխիվացման նպատակով փոխանցվում են նախարարության աշխատակազմի քարտուղարության պատմադիվանագիտական բաժին:

31. Ապոստիլով վավերացված փաստաթուղթը հյուպատոսական վարչության համապատասխան աշխատակիցներն ընդունելության ժամերին, ընդունելության սրահում հանձնում են դիմողին:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Քաղ. ____________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

Անձնագրի սերիա և համար _________________

Հասցե ___________________________________

Հեռախոս _________________________________

Էլ. փոստ ________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ կից ներկայացվող փաստաթուղթը (փաստաթղթերը) վավերացնել ապոստիլով` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

 

Փաստաթղթերը ներկայացվելու են __________________________________:

(պետության անվանումը)

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը.

1. ________________________________________________________________ 2. ________________________________________________________________ 3. ________________________________________________________________ 4. ________________________________________________________________

 

Պետական տուրքը ______________ ՀՀ դրամի չափով վճարված է:

 

Համաձայն եմ ______, որ հնարավոր մերժման կամ ժամկետի երկարաձգման մասին ծանուցումը ստանամ էլ. փոստով:

Դիմող`______________________ (_____________________________________)

            (ստորագրություն)             (անուն, ազգանուն)

«_____»__________________________ 20___ թ.

 

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

 

Ծառայողական նշումներ

Ընդունելու օրը «____» __________________ 201__ թ.

Գրանցման համար _________________________

Հանձնելու օրը «____» __________________ 201__ թ.

______________________________

(աշխատակցի ստորագրություն)

 

Ձև N 2

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ N_____/Մ

 

Քաղ. _______________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

Հասցե _______________________________

_____________________________________

 

Հարգելի __________________________________,

 

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան հետևյալ փաստաթուղթը (փաստաթղթերը)

1. _______________________________________________________________ 2. _______________________________________________________________ 3. _______________________________________________________________ 4. _______________________________________________________________ ապոստիլով վավերացնելու նպատակով «____»___________________201___թ. Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն ներկայացված դիմումը մերժվում է:

 

Հիմք` _____________________________________________________________

 

Դուք կարող եք վերը նշված փաստաթղթերը և պետական տուրքի վճարման անդորրագիրը հետ ստանալ ընդունելության ժամերին (___________________)_______________ հասցեից:

 

օրերը և ժամերը

 

Տեղեկացնում ենք, որ Ձեր դիմումի մերժումը կարող եք բողոքարկել դատական կարգով:

 

ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«____»___________________201___թ.

 

Ձև N 3

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ N_____/Ե

 

Քաղ. _______________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

Հասցե _______________________________

_____________________________________

 

Հարգելի __________________________________,

 

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան ապոստիլով վավերացնելու նպատակով Ձեր կողմից «____»___________________201___թ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն ներկայացված հետևյալ փաստաթղթի (փաստաթղթերի)

 

1. _______________________________________________________________ 2. _______________________________________________________________ 3. _______________________________________________________________ 4. _______________________________________________________________

 

վավերացման ժամկետը երկարաձգվում է մինչև «___»__________________201__թ. _______________ __________________________________________ պատճառով:

 

ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«____»___________________201__թ.

 

Ձև N 4

 

Նմուշ

 

Ապոստիլի դրոշմակնիքի

 

APOSTILLE

 

(Convention de La Haye dս 5 octobre 1961)

 

1. Coսntry: Repսblic of Armenia

 

Tհis pսblic docսment

 

2. հas been signed by _________________________

 

3. acting in tհe capacity of __________________

 

4. bears tհe seal of __________________________

 

_______________________________________________

 

CERTIFIED

 

5. at Yerevan

6. on _______________ 20___

7. by _______________________, Head of tհe

Consսlar Department of tհe Ministry of

Foreign Affairs of tհe Repսblic of Armenia

8. No ______________

9. Seal

10. Signatսre ______________

 

Ձև N 5

 

Նմուշ անվավերության

.________________.

|                |

|    ԱՆՎԱՎԵՐ Է   |

|    CANCELLED   |

|                |

.________________.

Ձև N 6

 

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու

 

Գրանցամատյան

._________________________________________________________________.

|Դիմումն|Դիմումն|Դիմողի |Ապոս- |Ապոստիլ|Ապոստիլը|Ապոստիլի|Ապոս-   |

|ընդու- |ընդու- |անունը,|տիլով |դնելու |հաստատող|հերթական|տիլով   |

|նելու  |նող    |ազգա-  |վավե- |օրը,   |պաշտո-  |համարը  |վավե-   |

|օրը,   |պաշտո- |նունը  |րացման|ամիսը, |նատար   |        |րացման  |

|ամիսը, |նատար  |(հայրա-|ենթակա|տարե-  |անձի    |        |դիմումը |

|տարե-  |անձի   |նունը) |փաստա-|թիվը   |անունը  |        |մերժելու|

|թիվը   |անունը |       |թղթի  |       |և  ազգա-|        |պատճառը,|

|       |և      |       |անվա- |       |նունը   |        |օրը,    |

|       |ազգա-  |       |նումը |       |        |        |ամիսը,  |

|       |նունը  |       |      |       |        |        |տարեթիվը|

|       |       |       |      |       |        |        |(եթե    |

|       |       |       |      |       |        |        |դիմումը |

|       |       |       |      |       |        |        |մերժվում|

|       |       |       |      |       |        |        |է)      |

|_______|_______|_______|______|_______|________|________|________|

|  1    |  2    |  3    |  4   |   5   |   6    |   7    |   8    |

._________________________________________________________________.

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
30.12.2010
N 2/763-Ն
Հրաման