Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ/3280/05/09   

    Վարչական գործ թիվ ՎԴ/3280/05/09                              2010 թ.  

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի       

                                              Վ. Աբելյանի     

                                              Ս. Անտոնյանի    

                                              Վ. Ավանեսյանի        

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Մ. Դրմեյանի     

                                              Գ. Հակոբյանի    

                                              Է. Հայրիյանի    

                                              Տ. Պետրոսյանի   

 

2010 թվականի դեկտեմբերի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մհեր Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.03.2010 թվականի վճռի դեմ` ըստ Մհեր Հայրապետյանի հայցի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի սոցիալական ծառայությունների Հրազդանի տարածքային գործակալության (այսուհետ` Գործակալություն) պետ Վարդան Միրզոյանի (այսուհետ` Գործակալության պետ)` Գործակալության պետի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով Մհեր Հայրապետյանի իրավունքը խախտված ճանաչելու, որպես վնասի փոխհատուցում` անհրաժեշտ իրավական ակտերի օրինակները տրամադրելուն և Գործակալության պետին 240 ՀՀ դրամ հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մհեր Հայրապետյանը պահանջել է «ճանաչել իր խախտված իրավունքը վերականգնելու իրավունքը և Գործակալության պետից բռնագանձել հօգուտ իրեն փոստային առաքման համար վճարված 240 ՀՀ դրամը` հաստատելով այդ հարցով Գործակալության պետի օրենքին ոչ համապատասխան գործողությունները, որով կրել է վնաս, և որպես հատուցում Գործակալությունից պահանջել նրան ուղղված դիմումում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նշված դիմումում դրույթով իրեն անհրաժեշտ իրավական ակտերի կրկնապատճենները` կրկին հաշվի առնելով իր սոցիալական կարգավիճակը»:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ճանաչվել է Մհեր Հայրապետյանի` պետական մարմիններից ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը, իսկ որպես վնասի փոխհատուցում` անհրաժեշտ իրավական ակտերի օրինակները տրամադրելուն և Գործակալության պետին 240 ՀՀ դրամ հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «ա» ենթակետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի 29.12.2004 թվականի թիվ 152 և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 09.11.2004 թվականի թիվ 133-Ն/1 «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» համատեղ հրամանի 1-ին կետով հաստատված օրինակելի կանոնադրության 8-րդ կետի «թ» ենթակետը, 9-րդ կետի 3-րդ պարբերությունը (ուժը կորցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 05.04.2006 թվականի թիվ 3-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 13.03.2006 թվականի թիվ 34-Ն «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» համատեղ հրամանի 2-րդ կետով), որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածները, 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի վարույթը կարճելու մասով վճռել է Մհեր Հայրապետյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ պետական տուրք: Մինչդեռ, Դատարանն անտեսել է, որ գույքային պահանջով պետական տուրքը կազմում է հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ տվյալ դեպքում Գործակալությունից պահանջված իրավական ակտերի գները կազմում են կամ կարող են կազմել 3.000 ՀՀ դրամից 5.000 ՀՀ դրամ: Հետևաբար, նշված մասով պետական տուրքը կազմում է 1.500 ՀՀ դրամ:

Բացի այդ, Գործակալության պետի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված գործողությունները չկատարելու դեպքում Դատարանը չէր կարող գործի վարույթը կարճելու վճիռ կայացնել` դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը հիմնականում դնելով Մհեր Հայրապետյանի վրա:

Դատարանն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում գործի վարույթը կարճելու մասով վեճն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, քանի որ այդ մասով Մհեր Հայրապետյանի հայցը պարտավորեցման հայց է: Մինչդեռ, Դատարանը Մհեր Հայրապետյանի կողմից պահանջվող իրավական ակտերը չտրամադրելը դիտել է որպես հետևանք, այլ ոչ թե որպես չբավարարված պահանջ այն դեպքում, երբ Մհեր Հայրապետյանը վիճարկել է նշված իրավական ակտերը չստանալու հետևանքով իր` իրազեկված լինելու իրավունքի ուղղակի խախտումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 16.03.2010 թվականի վճռի` գործի վարույթը կարճելու մասը և այդ մասով այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մհեր Հայրապետյանը 08.04.2009 թվականին ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով 01.04.2009 թվականի դիմումով Գործակալության պետին խնդրել է իրեն տրամադրել նույն դիմումում նշված իրավական ակտերի կրկնօրինակները (գ.թ. 9-10):

2) Գործակալության պետը 29.05.2009 թվականի թիվ 871 գրությամբ, ի պատասխան Մհեր Հայրապետյանի 01.04.2009 թվականի դիմումի, հայտնել է, որ անհրաժեշտ իրավական ակտերը ստանալու համար պետք է դիմել ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ (գ.թ. 12):

3) Դատարանը, Մհեր Հայրապետյանի հայցի` որպես վնասի փոխհատուցում` անհրաժեշտ իրավական ակտերի օրինակները տրամադրելուն և Գործակալության պետին 240 ՀՀ դրամ հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասով կարճելով գործի վարույթը, վճռել է Մհեր Հայրապետյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ պետական տուրք:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ գործի վարույթը կարճելու դեպքում հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման, որպիսի կանոնակարգումից էլ հետևում է, որ այդ մասով հայցադիմումի համար նախապես չվճարված պետական տուրքի հարցն օրենքի ուժով համարվում է լուծված, և այն վճռով չի կարող բռնագանձվել:

Սույն գործով Դատարանը, Մհեր Հայրապետյանի հայցի` որպես վնասի փոխհատուցում` անհրաժեշտ իրավական ակտերի օրինակները տրամադրելուն և Գործակալության պետին 240 ՀՀ դրամ հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասով կարճելով գործի վարույթը, վճռել է Մհեր Հայրապետյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ այն դեպքում, երբ գործի վարույթը կարճվում է վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ, այդ մասով հայցադիմումի համար նախապես չվճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» ենթակետի ուժով համարվում է լուծված:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթը կարճելու մասով Մհեր Հայրապետյանի հայցադիմումի համար նախապես չվճարված պետական տուրքի հարցն օրենքի ուժով համարվում է լուծված, և այդ մասով Դատարանի վճիռը ենթակա է բեկանման:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մնացած մասով վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` նույն բաժնի դրույթներին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության, իսկ նույն բաժնով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է համապատասխան համայնքը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված վարչական մարմինների դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ և 97-րդ հոդվածների համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:

Վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:

Վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:

Սույն գործով Դատարանը գործի վարույթը կարճելու մասով վճռի հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Մհեր Հայրապետյանը պետք է դիմի վարչական այն մարմնին, որի վարչարարության հետևանքով իրեն պատճառվել է վնաս: Հետևաբար, որպես վնասի փոխհատուցում` անհրաժեշտ իրավական ակտերի օրինակները տրամադրելուն և Գործակալության պետին 240 ՀՀ դրամ հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասով վարչական գործի վարույթը ենթակա է կարճման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մհեր Հայրապետյանը չի պահպանել վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացնի վնասը պատճառած պետական մարմնին, իսկ այն հատուցելու մերժում ստանալու դեպքում համապատասխան վարչական ակտը կամ անգործությունը վիճարկելու պահանջներով հայց ներկայացնի դատարան:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժով վնասի հատուցման պահանջն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասով վարչական գործի վարույթի կարճումը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 16.03.2010 թվականի վճռի` Մհեր Հայրապետյանից հօգուտ պետական բյուջեի 8.000 ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել. գործի վարույթը կարճելու մասով պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.12.2010
N ՎԴ/3280/05/09
Որոշում