Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ, 53- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0678/02/08

    դատարանի որոշում                                              2010 թ.

Քաղաքացիական գործ ԵՔԴ/0678/02/08

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Թումանյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի           

                                              Վ. Աբելյանի            

                                              Վ. Ավանեսյանի          

                                              Ա. Բարսեղյանի          

                                              Մ. Դրմեյանի            

                                              Գ. Հակոբյանի           

                                              Է. Հայրիյանի           

                                              Տ. Պետրոսյանի          

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2010 թվականի որոշման դեմ` ըստ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի հայցի ընդդեմ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի /այսուհետ` Ընկերություն/` պայմանագիրը լուծելու, վերջնահաշվարկ կատարելու, սահմանված կարգով աշխատանքային գրքույկը լրացնելու և իրեն հանձնելու, աշխատավարձը և միջին վաստակը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գարեգին-Կիրկ Օդաբաշյանը պահանջել է լուծել Ընկերության նախագահ Վահագն Հովնանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, Ընկերությանը պարտավորեցնել կատարել վերջնահաշվարկ, սահմանված կարգով լրացնել աշխատանքային գրքույկը և հանձնել իրեն, Ընկերությունից բռնագանձել 30 օրվա համար նախատեսված աշխատավարձ և լրացուցիչ 6 ամսվա աշխատավարձ, աշխատանքային գրքույկն ուշացնելու ամբողջ ժամանակի համար վճարել միջին վաստակի չափով, ինչպես նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` սահմանված կարգով աշխատանքային գրքույկը լրացնելու և Գարեգին-Կիրկ Օդաբաշյանին հանձնելու պահանջը բավարարվել է, Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի և Ընկերության նախագահ Վահագն Հովնանյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2010 թվականի որոշմամբ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարեգին-Կիրկ Օդաբաշյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի 18.01.2006 թվականի որոշումը, որի համաձայն` Գարեգին-Կիրկ Օդաբաշյանն ազատվում է «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ում իր զբաղեցրած պաշտոնից աշխատանքային պայմանագիրը լուծելու իր առաջարկի հետևանքով: Մինչդեռ, այդ որոշումը վերաբերում է Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի` «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ից, այլ ոչ թե «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից ազատվելուն: Այն, որ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանը կարող էր առաջարկել լուծել «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի հետ իր աշխատանքային պայմանագիրը, չի նշանակում, որ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից նա ազատվել է սեփական առաջարկով: 18.01.2006 թվականի որոշումն ընդունվել է միանգամայն այլ իրավաբանական անձի` «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից, իսկ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի 19.01.2006 թվականի որոշումը` Ընկերության միակ մասնակցի` Վահագն Հովնանյանի կողմից:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այնպիսի ապացույց, որը վերաբերելի չէ սույն գործին, Դատարանի կողմից գնահատված չէ և տեղ չի գտել Դատարանի վճռի ոչ նկարագրական և ոչ էլ պատճառաբանական մասերում, չի վկայակոչվել պատասխանողի կողմից ո'չ Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ, ո'չ վերաքննիչ բողոքի պատասխանում, ո'չ հայցադիմումի պատասխանում, ո'չ էլ որևէ գրավոր կամ բանավոր բացատրությունում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ, 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Այն, որ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի աշխատանքային պայմանագիրը դադարել է գործատուի նախաձեռնությամբ, միանգամայն ակնհայտ փաստ է, քանի որ Դատարանում գործի ողջ քննության ընթացքում նշվել է, որ պայմանագիրը դադարել է գործատուի նախաձեռնությամբ, ինչի վերաբերյալ պատասխանողը չի առարկել: Վեճը եղել է միայն այն մասին, թե աշխատանքային պայմանագրի լուծումը եղել է պայմանագրի 7C կետի հիմքով` «պատճառով ազատում», թե պայմանագրի 7B կետի հիմքով` «առանց պատճառի ազատում»:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ աշխատանքից ազատման պատճառները պետք է հստակ նշված լինեն ազատելու մասին պատասխանողի որոշման մեջ, որը, սակայն, չի արվել, հետևաբար արձակումը պետք է համարվի առանց պատճառի:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2010 թվականի որոշումը, մասնակի բեկանել Դատարանի 19.11.2009 թվականի վճիռը` 30-օրյա և 6-ամսյա աշխատավարձի և տոկոսների մասով և այն փոփոխել` հայցը բավարարել»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձը նշել է, թե իբր Վերաքննիչ դատարանը հիմնվել է մեկ այլ Ընկերության` «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի կողմից կայացրած որոշման վրա: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացարձակապես նշում չկա «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի 19.01.2006 թվականի որոշման մասին: Այսպես` Վերաքննիչ դատարանը հստակ նշել է Ընկերության 18.01.2006 թվականի որոշման մասին, որը հենց այն որոշումն է, որի հիման վրա դադարեցվել են հայցվորի` Ընկերության տնօրենի լիազորությունները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշման ամսաթիվը նշել է «18.01.2006 թ.», որը Ընկերության որոշման ամսաթիվն է, մինչդեռ «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի որոշման ամսաթիվը 19.01.2006 թվականն է, որի մասին նշում չկա Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 01.12.2003 թվականին Ընկերության և Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր /այսուհետ` Պայմանագիր/, որի 1A և 2A կետերի համաձայն` վերջինս Ընկերությունում նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում և տարեկան հիմնական աշխատավարձը սահմանվել է 60.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 87-97):

. Պայմանագրի 7A կետի համաձայն` գործադիրը պետք է իրավունք ունենա դադարեցնելու այս աշխատանքը ցանկացած պահին ցանկացած պատճառով կամ առանց պատճառի` 30 օր շուտ Ընկերությանը տրամադրելով գրավոր ծանուցում:

. Պայմանագրի 7B կետի համաձայն` Ընկերությունը պետք է ունենա իրավունք ցանկացած պահին դադարեցնելու գործադրի աշխատանքը` 30 օր շուտ նրան տրամադրելով գրավոր ծանուցում, ցանկացած պատճառով կամ առանց պատճառի: Ընկերությունը կարող է ընտրել դադարեցնել գործադրի աշխատանքը անմիջապես կամ ցանկացած պահին նման ծանուցում տրամադրելուց 30 օրվա ընթացքում, եթե Ընկերությունը շարունակում է վճարել Գործադրին հիմնական աշխատավարձը այդ 30 օրվա համար: Ընկերության իրավունքը դադարեցնելու գործադրի աշխատանքը, համաձայն սույն կետի 7B, լինելու է բացարձակ և առանց որևէ պայմանների և կարող է կիրառվել Ընկերության կողմից ցանկացած պահին:

Այն դեպքում, եթե Ընկերությունը դադարեցնի գործադրի աշխատանքը առանց որևէ պատճառի` համաձայն սույն Պայմանագրի, Ընկերությունը վճարելու է գործադրին առ դադարեցման օրը նրա աշխատանքի ամբողջ ժամանակի համար` գումարած լրացուցիչ 6 ամսվա աշխատավարձ և հետագայում չի ունենալու որևէ այլ պարտականություններ գործադրի նկատմամբ` բացառությամբ սույն Պայմանագրում այլ կերպ նշված լինելու դեպքի:

. Պայմանագրի 7C կետի 3-րդ ենթակետի համաձայն` ի հավելումն Ընկերությանը վերապահվում է իրավունք դադարեցնել գործադրի աշխատանքը որևէ պատճառով անմիջապես և առանց նախնական ծանուցման գործադրի հետ կապված ցանկացած հետևյալ դեպքերում, մասնավորապես, երբ նա կանխատեսված այնպիսի պահվածք է վարում, որը Ընկերության կարծիքով շատ հավանաբար բացասաբար կազդի կամ բացասաբար ազդել է Ընկերության վրա:

2) Ընկերության միակ հիմնադիր և նախագահ Վահագն Հովնանյանը 18.01.2006 թվականի որոշմամբ դադարեցրել է իր և Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի միջև կնքված Պայմանագիրը: Որոշման մեջ նշված է` «Ես` «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միակ հիմնադիր և նախագահ Վահագն Հովնանյանս, ղեկավարվելով «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կանոնադրությամբ և հիմք ընդունելով կանոնադրության 11-րդ հոդվածի բ կետը, որոշում եմ ընկերության տնօրեն Կարեկին-Կիրկ Օդաբաշյանի աշխատանքային պայմանագիրը լուծվելու կապակցությամբ դադարեցնել ընկերության տնօրեն Կարեկին-Կիրկ Օդաբաշյանի լիազորությունները և այդ լիազորությունների կատարումը ժամանակավորապես դնել Լիլիթ Մարտիրոսյանի վրա» (հատոր 1-ին, գ.թ. 12):

3) Ընկերության կանոնադրության 10-րդ կետի համաձայն` Ընկերության միակ մասնակիցն է Վահագն Հովնանյանը, որը տիրապետում է Ընկերության 100 տոկոս ձայներին (հատոր 1-ին, գ.թ. 9):

4) Ըստ «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի հիմնադիր-մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 19.01.2006 թվականի թիվ 2 արձանագրության` «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի հիմնադիր-մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը միաձայն որոշել է դադարեցնել ընկերության տնօրեն Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի լիազորությունները` իր աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վերջինիս առաջարկի համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հաստատած փաստերը կարող է որպես հիմք չընդունել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը, իսկ վերաքննիչ դատարանն էլ հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել (Տես` Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԼԴ/0423/02/08/370/ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության միակ հիմնադիր և նախագահ Վահագն Հովնանյանը 18.01.2006 թվականի որոշմամբ դադարեցրել է Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի հետ կնքված Պայմանագիրը: Վերջինս դիմելով դատարան` հայտնել է, որ իր հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է Պայմանագրի 7B կետի համաձայն` առանց պատճառի և ի թիվս այլ պահանջների` խնդրել է Ընկերությունից բռնագանձել 30 օրվա համար նախատեսված աշխատավարձ և լրացուցիչ 6 ամսվա աշխատավարձ, ինչպես նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Պայմանագիրը լուծվել է 7C կետի հիմքով և արդյունքում գտել է, որ անհիմն են Պայմանագիրը լուծելու հետևանքով հայցվորի գումարային պահանջները:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ, սակայն այլ հիմնավորմամբ, և որոշման հիմքում դրել է «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի հիմնադիր-մասնակիցների ընդհանուր ժողովի 19.01.2006 թվականի որոշումը

/թեև որոշման մեջ Վերաքննիչ դատարանը նշել է 18.01.2006 թվական, սակայն գործի թերթի վրա կատարած հղումից, ինչպես նաև «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի անվանումից ակնհայտ է, որը հարցը վերաբերում է հենց «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի հիմնադիր-մասնակիցների ընդհանուր ժողովի 19.01.2006 թվականի որոշմանը/ և գտել է, որ Պայմանագիրը լուծվել է Գարեգին-Կիրկ

Օդաբաշյանի առաջարկով, այսինքն` պայմանագրի 7A կետի համաձայն:

Մինչդեռ, սույն գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ Դատարանում գործի ողջ քննության ընթացքում կողմերի կողմից չի վիճարկվել այն փաստը, որ Պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ: Վեճը վերաբերել է միայն այն հարցին, թե Պայմանագիրը լուծվել է 7B, թե 7C կետի հիմքով:

Բացի այդ, սույն գործում առկա «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ի հիմնադիր-մասնակիցների ընդհանուր ժողովի 19.01.2006 թվականի, ինչպես նաև Ընկերության 18.01.2006 թվականի որոշումների համեմատական ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ առաջինը սույն գործով վերաբերելի ապացույց չէ, քանի որ «Արարատ Վալի Քանթրի Քլաբ» ՍՊԸ-ում աշխատանքային հարաբերությունները դադարեցնելը որևէ կերպ չի կարող առնչվել Ընկերության հետ կնքած Պայմանագրին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը նշված ապացույցը սույն գործով վերաբերելի չի համարում և գտնում է, որ Դատարանն իրավամբ այն չի դրել վճռի հիմքում:

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, անտեսել է Դատարանի կողմից պարզված, ինչպես նաև վերաքննիչ բողոքում վիճարկվող փաստերը` քննարկման առարկա դարձնելով մի փաստ, որը կողմերը չեն վիճարկել, ու հաստատված է համարել նոր փաստ:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է վերաքննիչ բողոքի շրջանակներում հետազոտել և գնահատել գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել վերաքննիչ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը (Տես Արթուր Ղամբարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` հողամասի մասի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այգեգործական նպատակով հատկացված հողամասի նկատմամբ անհատույց սեփականության իրավունքի ճանաչման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին թիվ ԵԿԴ/1862/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Սույն գործում առկա Պայմանագրի 7B կետը վերաբերում է Պայմանագիրն առանց պատճառի լուծելուն և դրա իրավական հետևանքներին, իսկ 7C կետը` Պայմանագիրը պատճառով լուծելուն և այդ պատճառների սպառիչ ցանկին: Այսինքն` վերոնշյալից հետևում է, որ բոլոր դեպքերում, երբ պայմանագիրը լուծվում է 7C կետի հիման վրա, ապա Ընկերության նախագահի որոշման մեջ պետք է նշվի այդ կետում թվարկված պատճառներից մեկը կամ մի քանիսը, որի հիմքով լուծվում է պայմանագիրը, իսկ նշված պատճառներից որևէ մեկը չնշելու դեպքում պայմանագիրը կհամարվի լուծված 7B կետի հիմքով` առանց պատճառի:

Ընկերության 18.01.2006 թվականի Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի հետ Պայմանագիրը լուծելու մասին որոշման մեջ մասնավորապես նշված է` «Ես` «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միակ հիմնադիր և նախագահ Վահագն Հովնանյանս, ղեկավարվելով «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կանոնադրությամբ և հիմք ընդունելով կանոնադրության 11-րդ հոդվածի բ կետը, որոշում եմ ընկերության տնօրեն Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի աշխատանքային պայմանագիրը լուծվելու կապակցությամբ դադարեցնել ընկերության տնօրեն Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի լիազորությունները և այդ լիազորությունների կատարումը ժամանակավորապես դնել Լիլիթ Մարտիրոսյանի վրա»:

Վերոնշյալ որոշման մեջ նշված չէ Պայմանագրի այն կետը, որի հիմքով լուծվել է Պայմանագիրը, ինչպես նաև Պայմանագիրը լուծելու պատճառը, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պայմանագիրը լուծվել է առանց պատճառի, այն է` պայմանագրի 7B կետի հիմքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պարագայում պետք է կիրառել նաև Պայմանագիրը 7B կետով լուծելու դեպքում այդ կետով ամրագրված իրավական հետևանքները. Պայմանագրի 7B կետի համաձայն` «Ընկերությունը կարող է ընտրել դադարեցնել գործադրի աշխատանքը անմիջապես կամ ցանկացած պահին գործադրի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ գրավոր ծանուցում տրամադրելուց 30 օրվա ընթացքում, եթե Ընկերությունը շարունակում է վճարել Գործադրին հիմնական աշխատավարձը այդ 30 օրվա համար»:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը դադարեցրել է Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի հետ կնքած Պայմանագիրը` առանց գրավոր ծանուցման, ուստի Ընկերությունը պարտավոր է վճարել ծանուցման համար նախատեսված 30 օրվա, ինչպես նաև լրացուցիչ 6 ամսվա աշխատավարձ: Նշվածի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը բավարարման ենթակա է համարում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու պահանջը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2010 թվականի որոշման` «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հօգուտ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի 30 օրվա համար նախատեսված աշխատավարձ և լրացուցիչ 6 ամսվա աշխատավարձ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու պահանջները մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2010
N ԵՔԴ/0678/02/08
Որոշում