ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ3 /0092/05/10
Վարչական գործ թիվ ՎԴ3/0092/05/10 2010 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի, երրորդ անձինք Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի` գործարքը վավերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարդան Պետրոսյանը պահանջել է պարտավորեցնել «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանին վավերացնել գրավառու Վարդան Պետրոսյանի կողմից գրավի առարկան` ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283 հա հասարակական կառուցապատման հողամասը և 14,60 քմ մակերեսով շինությունը գրավատուի անունից օտարելու գործարքը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սպարտակ Խաչատրյանը և Լաուրա Գասպարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, 8-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր լիներ ապացուցել, որ Սպարտակ Խաչատրյանը գրավի առարկայի բռնագանձման մասին գրավոր իրազեկվել և տեղեկացվել է, այնինչ 29.01.2010 թվականի ուղարկված փոստային առաքանին նամակատարը հանձնել է ոչ թե հասցեատիրոջը, այլ վերջինիս կնոջը` Լաուրա Գասպարյանին, իսկ վերջինս էլ հրաժարվել է այն ստանալուց այն դեպքում, երբ առաքանին ուղարկվել է առանց ծանուցագրի /ձև CN7/: Ինչ վերաբերում է մյուս երկու փոստային առաքանիներին, ապա 04.02.2010 թվականի առաքանին ստացել է ոչ թե հասցեատերը, այլ նրա կինը, իսկ 25.03.2010 թվականի առաքանու դեպքում ակնհայտ է, որ Սպարտակ Խաչատրյանը պարզապես չէր կարող ստանալ առաքանին, քանի որ 14.02.2010 թվականից մինչև 09.04.2010 թվականը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 18.05.2010 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 22.12.2006 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03004-4-15 մատյանի 000130 համարի տակ Սպարտակ Սողոմոնի Խաչատրյանի անվամբ գրանցվել է սեփականության իրավունք` ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283 հա հասարակական կառուցապատման հողամասի և 14,60 քմ մակերեսով շինության նկատմամբ, և տրվել է թիվ 2218689 վկայականը (գ.թ. 12-14):
2) 15.04.2008 թվականին Սպարտակ Խաչատրյանի և Վարդան Պետրոսյանի միջև ստորագրվել և նոտարական կարգով վավերացվել է գրավի պայմանագիր, որի 2-րդ կետի համաձայն` փոխառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում գրավառուն իր պահանջները բավարարում է սույն պայմանագրում նշված գույքով: Համաձայն նույն պայմանագրի 3.1-րդ կետի` գրավի առարկան իրենից ներկայացնում է շինություն, որի ընդհանուր մակերեսն է 14,6 քմ, որը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում` 0,0283 հեկտար հողատարածքի վրա (գ.թ. 9-10):
3) 15.04.2008 թվականին Լաուրա Գասպարյանի կողմից տրվել է համաձայնություն, որ իր ամուսին Սպարտակ Խաչատրյանը գրավ դնի իրենց պատկանող` ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283 հա հասարակական կառուցապատման հողամասը և 14,60 քմ մակերեսով շինությունը (գ.թ. 15):
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման կողմից 09.04.2010 թվականին տրված թիվ 0212029 միասնական տեղեկանքի համաձայն` թիվ 937 գրավի պայմանագրի հիման վրա գրանցված է Վարդան Պետրոսյանի գրավի իրավունքը ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283 հա հասարակական կառուցապատման հողամասի և 14,60 քմ մակերեսով շինության նկատմամբ (գ.թ. 11):
5) Վարդան Պետրոսյանի կողմից փոստային ծառայության միջոցով 27.01.2010, 01.02.2010 և 24.03.2010 թվականներին Սպարտակ Խաչատրյանին ուղարկվել են գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրեր (գ.թ. 19-24):
6) «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի 10.04.2010 թվականի գրության համաձայն` Վարդան Պետրոսյանի կողմից Սպարտակ Խաչատրյանին ուղարկված ծանուցագիրն ստացվել է 25.03.2010 թվականին, իսկ մյուս նամակներն ուղարկվել են առանց ծանուցագրի, և հնարավոր է, որ Սպարտակ Խաչատրյանի ընտանիքի անդամները ստացած լինեն և չտեղեկացնեն նրան (գ.թ. 16):
7) Գործում առկա չէ Սպարտակ Խաչատրյանի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրերն ստանալու փաստը հավաստող որևէ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Մասնավորապես, նույն հոդվածով սահմանվում է, որ գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու նույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ծանուցման վերոնշյալ պահանջը կոչված է ապահովելու գրավատուի մեկ այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածով սահմանված իրավունքը: Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն` պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է: Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետը պետք է կիրառվի` վերոնշյալ նորմերով նախատեսված գրավատուի իրավունքների ապահովման համատեքստում, հակառակ դեպքում օրենսդրությամբ գրավատուին ընձեռված բռնագանձման օրինականությունը վիճարկելու կամ բռնագանձումը դադարեցնելու իրավունքների իրականացումն արդյունավետ չի լինի:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը ենթադրում է գրավառուի կողմից գրավատուին` վերջինիս կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին իրազեկելու (ծանուցելու) կապակցությամբ գրավառուի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն պատշաճ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի` առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ: Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկանալու հնարավորություն: Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը:
Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Պետրոսյանի կողմից փոստային ծառայության միջոցով 27.01.2010, 01.02.2010 և 24.03.2010 թվականներին Սպարտակ Խաչատրյանին ուղարկվել են գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրեր: «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանը 10.04.2010 թվականի գրությամբ Վարդան Պետրոսյանին հայտնել է, որ վերջինիս կողմից Սպարտակ Խաչատրյանին ուղարկված ծանուցագիրը ստացվել է 25.03.2010 թվականին, իսկ մյուս նամակներն ուղարկվել են առանց ծանուցագրի և հնարավոր է, որ Սպարտակ Խաչատրյանի ընտանիքի անդամները ստացած լինեն և չտեղեկացնեն նրան:
Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ տվյալ պարագայում գրավառու Վարդան Պետրոսյանը գրավատու Սպարտակ Խաչատրյանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավոր իրազեկելու իր իրավունքն իրացրել է պատշաճ:
Մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ Վարդան Պետրոսյանի կողմից փոստային ծառայության միջոցով 27.01.2010, 01.02.2010 և 24.03.2010 թվականներին գրավի առարկայի բռնագանձման մասին Սպարտակ Խաչատրյանին ուղարկված ծանուցումները վերջինս չի ստացել: Այսինքն` սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Սպարտակ Խաչատրյանն ստացել է վերոհիշյալ բռնագանձման ծանուցումներից որևէ մեկը:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Վարդան Պետրոսյանի հայցը մերժել:
2. Վարդան Պետրոսյանից հօգուտ Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան