Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ, 10-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ, 10-ՐԴ, 305-ՐԴ, 3 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
 ԼԴ/0777/02/09
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0777/02/09 2011 թ.
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
                  Դատավորներ` Կ. Չիլինգարյան
                                              Ա. Պետրոսյան

                                  

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն, Ալվինա և Նաիրա Մինասյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Մհեր Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյանների` վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյաններից համապարտության կարգով բռնագանձել 1.269.845,30 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդը` 1.263.575,70 ՀՀ դրամ, ժամկետային տոկոս` 5.100,10 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի տոկոս` 1.169,50 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել վճարված 29.396,90 ՀՀ դրամ պետական տուրքը և 1.263.575,70 ՀՀ դրամ վարկի վրա 19.06.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել տոկոսներ` թիվ 141 վարկային պայմանագրի 16 կետով նախատեսված տարեկան 44 տոկոսադրույքով, բռնագանձումը տարածել Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյաններին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված` Վանաձորի Չուխաջյան փողոցի 60 շենքի թիվ 23 հասցեում գտնվող 95,08 քմ մակերեսով բնակարանի և բնակարանի հետ օրենքի ուժով գրավադրված հողամասի և բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնի վրա և պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյաններից համապարտության կարգով հօգուտ Ընկերության, բռնագանձել 1.308.140,20 ՀՀ դրամ, որից 1.207.585.60 ՀՀ դրամ հիմնական վարկի պարտքի գումար, 5.704,30 ՀՀ դրամ` ժամկետային տոկոսների գումար, 30.248,70 ՀՀ դրամ` ժամկետանց տոկոսների գումար, 30.615,80 ՀՀ դրամ` ժամկետանց վարկի տոկոսների գումար, 4.588,90 ՀՀ դրամ` տույժի գումար և 29.396,90 ՀՀ դրամ` հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: 1.207.585,60 ՀՀ դրամ վարկի հիմնական պարտքին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 03.02.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով: Գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկայի` Արամայիս Մինասյանին, Արմեն Մինասյանին և Ալվինա Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող Վանաձոր քաղաքի Չուխաջյան 60 շենքի 23 հասցեում գտնվող 95,08 քմ մակերեսով բնակարանի, բնակարանի հետ միասին օրենքի ուժով գրավ դրված հողամասի և բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնի վրա: Գրավի առարկայի անբավարարության դեպքում բռնագանձումը տարածել նաև համապատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա: Մնացած մասով հայցապահանջը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2010 թվականի որոշմամբ Արմեն և Ալվինա Մինասյանների ու գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.09.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Միաժամանակ, Արմեն, Ալվինա և Նաիրա Մինասյաններից հօգուտ պետական բյուջեի որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք բռնագանձվել է 39.244 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմեն, Ալվինա և Նաիրա Մինասյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը, 346-րդ հոդվածի 2-րդ կետը, 375-րդ, 368-րդ հոդվածները, 437-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, 438-րդ, 450-րդ և 447-րդ հոդվածների 1-ին կետերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 51-րդ հոդվածի 1-ին կետը և 132-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել համակցության մեջ և անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը սխալ է մեկնաբանել կողմերի միջև կնքված վարկային պայմանագիրը և ի ապահովումն ստանձնած պարտավորության կատարման կնքված գրավի պայմանագիրը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ գրավի պայմանագրով նախատեսված չէ համապարտ պարտականություն, հետևաբար գրավի պայմանագիրը դեռևս համապարտ պատասխանատվության ծագման հիմք չէ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն Արմեն, Ալվինա և Նաիրա Մինասյաններից վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքը բռնագանձելիս անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձանց վերաքննիչ բողոքը վերաբերել է ոչ գույքային բնույթի պահանջին, այսինքն` չի վիճարկվել բռնագանձված գումարը, այլ համապարտ պատասխանատվության առկայությունը կամ բացակայությունը:

 

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ, 170-րդ, 225-րդ հոդվածները, 276-րդ հոդվածի 3-րդ կետը, 278-րդ հոդվածը, 346-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 4-րդ, 5-րդ հոդվածները, 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 7-րդ, 26-րդ, 32-րդ, 43-րդ, 52-րդ հոդվածները, 53-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 35-րդ, 78-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գրավադրված գույքը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում, հետևաբար այն համատեղ սեփականություն է, մինչդեռ գրավի պայմանագիրը կնքվել է առանց Նաիրա Մինասյանի համաձայնության և ի խախտումն անչափահաս զավակների շահերի: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը Նաիրա Մինասյանին մասնակից չի դարձրել գործի քննությանը, ինչի արդյունքում զրկվել է արդար դատաքննության իրավունքի իրականացման հնարավորությունից:

Բացի այդ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գրավադրված գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքը ժառանգությունն է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 10.04.2008 թվականի թիվ 141 վարկային պայմանագրով Ընկերությունն Արամայիս Մինասյանին տրամադրել է 2.000.000 ՀՀ դրամ սպառողական վարկ տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով` մինչև 10.04.2010 թվականը վճարելու պայմանով

(հատոր 1-ին, գ.թ.11):

2. Նոտարական կարգով վավերացված 10.04.2008 թվականի ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 141 պայմանագրով Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյանները գրավադրել են սեփականության իրավունքով պատկանող Վանաձորի Չուխաջյան 60-րդ շենքի թիվ 23 հասցեում գտնվող 95,08 քմ մակերեսով բնակարանը, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ.14-17):

3. Արմեն Մինասյանը և Նաիրա Մինասյանն ամուսնացել են 24.08.1996 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 15), ունեն երկու զավակ` 1996 թվականին և 1999 թվականին ծնված (հատոր 2-րդ, գ.թ. 13-14):

4. Վանաձորի Չուխաջյան փողոցի 60-րդ շենքի թիվ 23 հասցեի գրավադրված անշարժ գույքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու վերաբերյալ Նաիրա Մինասյանը որևէ պատշաճ ապացույց չի ներկայացրել: Դատարան չի ներկայացվել նաև անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքը հիմնավորող ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

i

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-րդ և 447-րդ հոդվածները, Արմեն և Ալվինա Մինասյանների վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Ընկերության և Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյանների միջև 10.04.2008 թվականին կնքվել է ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 141 պայմանագիրը և ըստ այդ պայմանագրի` Վանաձորի Չուխաջյան փողոցի 60-րդ շենքի թիվ 23 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյաններն ի ապահովումն Արամայիս Մինասյանի ստանձնած պարտավորության գրավադրել են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Ընդ որում, 10.04.2008 թվականի ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 141 պայմանագրի 14-րդ կետով գրավատուն և/կամ պարտապանը համապարտության կարգով պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզ դրանք տեղի են ունեցել իր/իրենց կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն): Այսպիսով, բողոք բերած անձինք` Արմեն և Ալվինա Մինասյանները, պարտավորվել են համապարտության կարգով կատարել Ընկերության հանդեպ Արամայիս Մինասյանի ստանձնած պարտավորությունը, հետևաբար, Դատարանը 10.04.2008 թվականին կնքված ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 141 պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի պահպանմամբ մեկնաբանել է տառացի և վճիռը կայացնելիս իրավամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-րդ հոդվածը:

i

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս` գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 261-րդ հոդվածի համաձայն` հիփոթեքի պայմանագրով մի կողմը` գրավառուն, որը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրով կամ այլ պարտավորությամբ (հիմնական պարտավորությամբ) պարտատերն է, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը և դրա կատարման ժամկետը: Եթե պարտավորությունը հիմնված է որևէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ գրավը հիմնական պարտավորության կատարման ապահովման միջոց է, որը համարվում է լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն: Ընդ որում, պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց համար: Տվյալ դեպքում գրավատուն գրավով ապահովված հիմնական պայմանագրով պարտապան չէ, հետևաբար, նրա մոտ բացակայում է նաև հիմնական պարտավորությունը կատարելու պարտականությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

Սույն գործի փաստերի համաձայն` 10.04.2008 թվականի ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 141 պայմանագրի ներածական մասում նշվել է, որ Կողմերը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, կնքեցին սույն պայմանագիրը, այսուհետ` «Պայմանագիր», իսկ 14-րդ կետով սահմանվել է, որ գրավատուն և/կամ պարտապանը համապարտության կարգով պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար:

Տվյալ դեպքում «Պայմանագիր» արտահայտությունը վերաբերում է գրավի պայմանագրին, այսինքն` գրավի պայմանագրով են Արմեն և Ալվինա Մինասյաններն Արամայիս Մինասյանի հետ ստանձնել համապարտ պատասխանատվություն` գրավի պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել 10.04.2008 թվականի ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 141 պայմանագրի պայմանները, որի արդյունքում 10.04.2008 թվականի թիվ 141 վարկային պայմանագրով կողմ չմասնակցող անձանց` Արմեն և Ալվինա Մինասյանների համար սահմանել է պարտավորություններ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել պարտավորության ծագման հիմքերը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը Արմեն և Ալվինա Մինասյանների մասով վերաբերում է դատական ակտի` Արմեն և Ալվինա Մինասյաններից համապարտության կարգով հօգուտ Ընկերության 1.308.140,20 ՀՀ դրամ բռնագանձելու և գրավի առարկայի անբավարարության դեպքում բռնագանձումը Արմեն և Ալվինա Մինասյաններին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա տարածելու, ինչպես նաև Արմեն, Ալվինա և Նաիրա Մինասյաններից հօգուտ պետական բյուջեի որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք 39.244 ՀՀ դրամ բռնագանձելու մասին, հետևաբար դատական ակտն այդ մասերով ենթակա է բեկանման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն Արմեն, Ալվինա և Նաիրա Մինասյաններից վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքը բռնագանձելիս անտեսել է, որ բողոք բերած անձանց վերաքննիչ բողոքը վերաբերել է ոչ գույքային բնույթի պահանջին, այսինքն` չի վիճարկվել բռնագանձված գումարը, այլ համապարտ պատասխանատվության առկայությունը կամ բացակայությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն, հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`գույքային պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով:

Սույն քաղաքացիական գործով Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է Արամայիս, Արմեն և Ալվինա Մինասյաններից համապարտության կարգով բռնագանձել գումար, որը Դատարանի կողմից բավարարվել է:

Արմեն և Ալվինա Մինասյանները վերաքննիչ բողոքով վիճարկել են գումարի` համապարտության կարգով բռնագանձումը` հիմք ընդունելով համապարտ պատասխանատվության իրավահարաբերության բացակայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքով վիճարկվել է հայցվող գումարի համապարտության կարգով բռնագանձումը, այսինքն` գումարային պահանջը, իսկ համապարտ պատասխանատվության իրավահարաբերության բացակայությունը դատական սխալի հիմնավորումն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձ Նաիրա Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժելիս իրավացիորեն նշել է, որ Նաիրա Մինասյանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի ներկայացրել որևէ պատշաճ ապացույց գրավի առարկա Վանաձորի Չուխաջյան փողոցի 60-րդ շենքի թիվ 23 հասցեի անշարժ գույքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու մասին, հետևաբար, Դատարանը գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մինասյանի իրավունքների վերաբերյալ վճիռ չի կայացրել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոք բերած անձ Նաիրա Մինասյանի մասով հիմնավոր է, իսկ վճռաբեկ բողոքը` անհիմն:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել պետական տուրքի վճարումից ազատման տեսքով արտոնությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները` հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն էլ ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:

Սույն գործով հաշվի առնելով Նաիրա Մինասյանի գույքային դրությունը, այն հանգամանքը, որ Նաիրա Մինասյանի խնամքին են անչափահաս զավակները, ինչպես նաև այն, որ Նաիրա Մինասյանը ստանում է սոցիալական նպաստ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրան անհրաժեշտ է ազատել պետական տուրքի վճարումից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Նաիրա Մինասյանի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Արմեն և Ալվինա Մինասյանների վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2010 թվականի որոշման` Արմեն և Ալվինա Մինասյաններից համապարտության կարգով հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության 1.308.140,20 ՀՀ դրամ, ինչպես նաև 1.207.585,60 ՀՀ դրամ վարկի հիմնական պարտքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու և գրավի առարկայի անբավարարության դեպքում բռնագանձումը Արմեն և Ալվինա Մինասյաններին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա տարածելու, ու Արմեն և Ալվինա Մինասյաններից հօգուտ Հայաստանի Հանրապետության 39.244 ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասերը և այդ մասերով այն փոփոխել` հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2010 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 39.244 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար և 39.244 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Նաիրա Մինասյանին ազատել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքը վճարելու պարտականությունից:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ԼԴ/0777/02/09
Որոշում