Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 18-ՐԴ, 19-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 18-ՐԴ, 19-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ԴԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0116/02/09

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0116/02/09

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի         

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վրեժ Վարդապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ Ազատամուտ համայնքի ղեկավարի դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու և համայնքի սեփականությանը հանձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ազատամուտ համայնքի ղեկավարը պահանջել է տիրազուրկ ճանաչել համայնքի վարչական տարածքում գտնվող Ազատամուտ համայնքի 2-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը և այն հանձնել համայնքին ի սեփականություն:

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.05.2009 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2010 թվականի որոշմամբ Վրեժ Վարդապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.05.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վրեժ Վարդապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել համակցության մեջ և անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի վճռով տիրազուրկ ճանաչված և համայնքին ի սեփականություն հանձնված Ազատամուտ համայնքի 2-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը 10 տարի և ավելի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է Վրեժ Վարդապետյանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի վճռով խախտվել են Վրեժ Վարդապետյանի իրավունքները, այսինքն` իրավունքի վերաբերյալ ծագել է վեճ, հետևաբար դիմումը պետք է թողնվեր առանց քննության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2010 թվականի որոշումը և դիմումը թողնել առանց քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի 25.12.2008 թվականի թիվ Ե1-5204 գրության համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի 2-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված չէ (գ.թ. 12):

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման 27.02.2009 թվականի թիվ 98 տեղեկանքի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի 2-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքի նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ (գ.թ. 10):

3. Ազատամուտ համայնքի ղեկավարի 03.03.2009 թվականի թիվ 408 տեղեկանքի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի 2-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը չի գտնվում համայնքի հաշվեկշռում (գ.թ. 9):

4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Աղստև» մասնաճյուղի և Վրեժ Վարդապետյանի միջև 26.03.2003 թվականին կնքվել է ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի 2-րդ շենքում գտնվող Վրեժ Վարդապետյանի «սեփական խանութ»-ի սպասարկման համար էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր, տեղադրվել է էլեկտրական հաշվիչ (գ.թ. 37-45):

5. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզային քննչական բաժնի քննիչի կողմից 21.05.2010 թվականին կազմված վկայի հարցաքննության արձանագրությամբ որպես վկա Ազատամուտ համայնքի աշխատակազմի քարտուղար Սևադա Բալասյանը հայտնել է, որ «տեղյակ եմ այն մասին, որ Վրեժ Վարդապետյանը մոտ տասնհինգ տարի է օգտագործում է Ազատամուտ համայնքի 2-րդ շենքի 1-ին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքը» (գ.թ. 46-49):

6. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզային քննչական բաժնի քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 28.06.2010 թվականի որոշմամբ, պարզելով, որ «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Վրեժ Վարդապետյանը 1995 թվականի ապրիլի 4-ին նույն համայնքի ավանային խորհրդի նախագահ Սարգիս Աղբալյանի հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով իրավունք է ձեռք բերել 25 տարի ժամանակով վարձակալությամբ օգտագործել Ազատամուտ գյուղի թիվ 2-րդ շենքի առաջին հարկում տեղակայված 160 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը: 2009 թվականի մայիսի 11-ին Ազատամուտ համայնքի աշխատակազմի քարտուղար Սևադա Բալասյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հանդես գալով որպես Ազատամուտ համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ, նույն համայնքի 2-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը տիրազուրկ ճանաչելու և համայնքի սեփականությանը հանձնելու պահանջի մասին քաղաքացիական գործով, իրականում գոյություն ունեցող հանգամանքները խեղաթյուրելու միջոցով տվել է սուտ ցուցմունքներ այն մասին, որ հիշյալ տարածքը որևէ մեկի կողմից չի օգտագործվում և համայնքը մշտապես միջոցներ է ձեռնարկել այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու համար, որի հետևանքով դատարանը, հիմք ընդունելով ապացուցման ենթակա և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ հանգամանքը, նույն օրը վճռել է դիմումը բավարարել» որոշվել է կարճել թիվ 38200110/1 քրեական գործով վարույթը և չիրականացնել հետապնդում Սևադա Բալասյանի նկատմամբ` համաներման ակտ ընդունվելու հիմքով (գ.թ. 52-53):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է «վեճ է ծագել իրավունքի մասին» ձևակերպման բովանդակությանը` նշելով, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով` առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:

Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (իրավական հիմնավորումները տե՛ս ըստ «Ֆիրմա-ՄՄ» ՍՊԸ-ի դիմումի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-445 (Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է վեճ իրավունքի մասին: Մասնավորապես, իրավունքի վերաբերյալ վեճի մասին է վկայում գործում առկա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզային քննչական բաժնի քննիչի կողմից 21.05.2010 թվականին կազմված վկայի հարցաքննության արձանագրությամբ որպես վկա Ազատամուտ համայնքի աշխատակազմի քարտուղար Սևադա Բալասյանի կողմից տրված ցուցմունքն այն մասին, որ Վրեժ Վարդապետյանը շուրջ տասնհինգ տարի օգտագործում է Ազատամուտ համայնքի 2-րդ շենքի 1-ին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքը, իսկ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 28.06.2010 թվականի որոշմամբ հիմնավորվել է, որ Վրեժ Վարդապետյանը 1995 թվականի ապրիլի 4-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավանային խորհրդի նախագահ Սարգիս Աղբալյանի հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով իրավունք է ձեռք բերել 25 տարի ժամանակով վարձակալությամբ օգտագործել Ազատամուտ գյուղի թիվ 2-րդ շենքի առաջին հարկում տեղակայված 160 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2010 թվականի որոշումը և Ազատամուտ համայնքի ղեկավարի դիմումը թողնել առանց քննության:

2. Ազատամուտ համայնքից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ՏԴ1/0116/02/09
Որոշում