Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 298-ՐԴ, 345...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 298-ՐԴ, 345-ՐԴ, 347-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0042/02/10

    դատարանի որոշում                                            2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0042/02/10

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի        

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                               

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մելիք Ավետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մելիք Ավետյանի ընդդեմ Անահիտ Ենոքյանի`գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մելիք Ավետյանը պահանջել է բռնագանձել Անահիտ Ենոքյանից 1.250.000 ՀՀ դրամ, դրա նկատմամբ կետանցի օրվանից մինչև 01.01.2010 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվեգրել տոկոսներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության մատուցման համար վճարման ենթակա գումար:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2010 թվականի որոշմամբ Անահիտ Ենոքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Բեկանվել է Դատարանի 26.03.2010 թվականի վճիռը և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելիք Ավետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Ենոքյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 345-րդ, 347-րդ, 430-րդ, 447-րդ, 886-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 878-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մելիք Ավետյանի և Անահիտ Ենոքյանի միջև առկա էր առևտրային պարտավորություն, այն է` Մելիք Ավետյանը վաճառելու նպատակով Անահիտ Ենոքյանին տրամադրել է հագուստ և կոշիկ, ինչը Անահիտ Ենոքյանի կողմից չի վիճարկվել և ընդունվել է: Հետագայում կատարված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ապրանքների վաճառքից Անահիտ Ենոքյանը պարտք է Մելիք Ավետյանին 1.250.000 ՀՀ դրամ: Այդ հիմքով Անահիտ Ենոքյանը 29.10.2008 թվականին տվել է ստացական-պարտավորագիր, որով պարտավորվել է մինչև 10.11.2008 թվականը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ: Այսինքն` Մելիք Ավետյանի և Անահիտ Ենոքյանի միջև առևտրային գործունեությունից ծագած պարտավորությունը փոխարինվել է փոխառության պարտավորությամբ, իսկ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.03.2010 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անահիտ Ենոքյանի և Մելիք Ավետյանի միջև որևէ պայմանագիր չի կնքվել: Հետևաբար, Մելիք Ավետյանի կողմից ներկայացված պարտավորագիրը չի ծագել օրենքով նախատեսված և ոչ մի հիմքից: Այսինքն` վճռաբեկ բողոքում նշված փոխառության պայմանագրին վերաբերող նորմերը տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 29.10.2008 թվականի պարտավորագրով Անահիտ Ենոքյանը պարտավորվել է մինչև 07.11.2008 թվականը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ (գ.թ. 7):

2. 23.01.2010 թվականին ներկայացրած հայցադիմումի դեմ առարկություններով Անահիտ Ենոքյանն ընդունել է Մելիք Ավետյանի հետ առևտրային հարաբերությունների մեջ լինելու փաստը (գ.թ. 14-16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորելու համար պարտավոր է ներկայացնել այդ փաստերը հիմնավորող ապացույցներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Սույն գործով Դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ և 347-րդ հոդվածները, պատճառաբանել է, որ Անահիտ Ենոքյանը 29.10.2008 թվականին կնքել է գրավոր գործարք, որով պարտավորվել է մինչև տվյալ տարվա նոյեմբերի 10-ը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ: Միաժամանակ Դատարանը նշել է, որ պարտավորագրով ստանձնած պարտքը Անահիտ Ենոքյանը չի վերադարձրել, իսկ պարտավորագիր-գործարքն օրենքով սահմանված կարգով չի վիճարկվել: Դատարանը նշել է նաև, որ Անահիտ Ենոքյանը պարտքը վերադարձնելու վերաբերյալ պատճառաբանությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 29.10.2008 թվականի փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանով չի հիմնավորվում Մելիք Ավետյանի կողմից Անահիտ Ենոքյանին 1.250.000 ՀՀ դրամ գումար փոխառությամբ տրամադրելու և այդ հիմքով Անահիտ Ենոքյանի կողմից այն հետ վերադարձնելու պարտավորության ստանձնումը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ կողմերի միջև չկա փոխառություն իրավահարաբերությունը, քանի որ բացակայում է նման իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող փաստական կազմը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածներով նախատեսված փոխառության գործարքը:

Սույն գործի փաստերի համաձայն` 29.10.2008 թվականի պարտավորագրով Անահիտ Ենոքյանը պարտավորվել է մինչև 07.11.2008 թվականը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ: Իսկ 23.01.2010 թվականին ներկայացրած հայցադիմումի դեմ առարկություններով Անահիտ Ենոքյանն ընդունել է Մելիք Ավետյանի հետ առևտրային հարաբերությունների մեջ լինելու փաստը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 29.10.2008 թվականի պարտավորագիրը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 29.10.2008 թվականի պարտավորագրով Անահիտ Ենոքյանն ըստ էության ընդունել է իր պարտավորությունը Մելիք Ավետյանի նկատմամբ, որոնք ծագել են առևտրային հարաբերություններից: Այսինքն` ստացականի առկայությունը պատասխանողի պարտավորությունը հայցվորի նկատմամբ անվիճելի է դարձնում, իսկ պարտավորության գումարը` բռնագանձման ենթակա:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկներին, որ առևտրային գործունեությունից ծագած պարտավորությունը փոխարինվել է փոխառության պարտավորությամբ, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի համաձայն` կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ: Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով (հոդված 878):

Մինչդեռ, սույն գործով չի հիմնավորվել նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով կնքված պայմանագրի առկայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.2010 թվականի վճռին:

2. Անահիտ Ենոքյանից հօգուտ Մելիք Ավետյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք, իսկ հօգուտ Հայաստանի Հանրապետության` 37.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2010 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ԱՎԴ3/0042/02/10
Որոշում